Jump to content

Շվեյցարիայի հայոց թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
սուրբ Հակոբ եկեղեցի, Ժնև

Շվեյցարիայի հայոց թեմ[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է շվեյցարիահայության հոգևոր կյանքը։ Կազմավորվել է 1992 թվականին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Առաջնորդանիստը՝ Ժնևի սուրբ Հակոբ եկեղեցի։

Հայկական աղբյուրներում Շվեյցարիան առաջին անգամ հիշատակվել է Մարտիրոս եպիսկոպոս Երզնկացու (15-րդ դար-ի 2-րդ կես) ճանապարհորդական նոթերում (Հակոբյան Վ. , «Մարտիրոս Երզընկացու ճանապարհորդական նոթերը», «Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտություններ», 1957 թ. )։

Շվեյցարահայ հոգևոր համայնքի ձևավորումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարահայ հոգևոր համայնքը ձևավորվել է 1960-ական թթ.։ 1969 թ.-ին ստեղծվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Շվեյցարիայի հովվությունը։ Նույն թվականին Ժնևում կառուցվել է Սուրբ Հակոբ եկեղեցին (ազգային բարերարներ Հակոբ Թոփալյանի, Շառլ Փիլիպոսյանի, Ժակ Գաբրալի նախաձեռնությամբ ու միջոցներով), կից գործում են մեկօրյա դպրոց, Հայ մշակութային կենտրոն և տիկնանց հանձնախումբ։ 1992 թ.-ին Շվեյցարիայի թեմի առաջնորդ է նշանակվել Վիգեն եպիսկոպոս Այքազյանը։ Սակայն Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակը չի իրականացվել։ Համայնքում ներկայումս, փաստորեն, գործում են երկու հոգևոր հովվություններ (հոգևոր խորհուրդներ). մեկը՝ երկրի ֆրանսախոս հատվածում (կենտրոն՝ Ժնև), Աբել քահանա Օղլուզյանի գլխավորությամբ, մյուսը՝ գերմանախոս մասում, 1992 թ.-ից Ցյուրիխում հաստատված Շնորհք վարապետ Չեքիջյանի գլխավորությամբ։ Հոգևոր վարչատարածքային այս երկու միավորները գտնվում են Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության (կենտրոնը՝ Փարիզ) իրավասության ներքո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: