Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակություն
Հնդկաստանի և ծայրագույն արևելքի հայրապետական պատվիրակություն, հայաստանյան առաքելաց եկեղեցու, կազմավորվել է 1958 թվականին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Պատվիրակության կենտրոններն են Կալկաթա և Սիդնեյ քաղաքները։
Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայ համայնքները XVI դարից եղել են Իրանահնդկաստանի թեմի կազմում, 1958 թվականին անջատվել են թեմից և անմիջականորեն ենթարկվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին։ 1958 թվականին Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանը նշանակվել է Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի (Չինաստան, Ինդոնեզիա, Սինգապուր, Բանգլադեշ, Բիրմա (1989 թվականից՝ Մյանմա), Ավստրալիա և Նոր Զելանդիա] հայրապետական պատվիրակ։ 1968 թվականին Ավստրալիան և Նոր Զելանդիան անջատվել են և հռչակվել առանձին թեմ։ 1980 թվականին Վազգեն Ա Պալճյանի կոնդակով Հնդկաստանի և ծայրագույն արևելքի հայրապետական պատվիրակություն հանձնվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց առաջնորդարանի (Սիդնեյ) իրավասությանը՝ մինչև նոր տնօրինություն։ Հնդկաստանի առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 1547 թվականին, Մադրասում, Սուրբ Թովմայի բլրի վրա, 1562 թվականին եկեղեցի է կառուցվել Ագրայում։ Ագրայի գերեզմանատանը պահպանվել են հայագիր տապանաքարեր, ցայսօր կանգուն է Սուրբ Մարտիրոսի մատուռը։ 1695–1697 թվականներին Չինսուրահում կառուցվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (կանգուն էր մինչև XIX դարի կեսը)։ Մադրասում 1712 թվականին կառուցվել է Սուրբ Աստվածածինը։ Եկեղեցու բակում է թաղված հայ առաջին պարբերականի՝ «Ազդարարի» խմբագիր, հրատարակիչ Հարություն քահանա Շմավոնյանը։ Բոմբեյում 1796 թվականին կառուցվել է Սուրբ Պետրոս Առաքյալ եկեղեցին։
Կալկաթայի հայկական հովվություն, կազմավորվել է XVII դարում։ Կենտրոնը՝ Սուրբ Նազարեթ եկեղեցի։ Կալկաթայում պահպանվել են հայերեն գրություններով տապանաքարեր (թվագրվում է 1630, 1646)։ 1724 թվականին կառուցվել է Սուրբ Նազարեթ եկեղեցին (1734 թվականին եկեղեցուն կից ավելացել է զանգակատուն), 1909 թվականին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, 1821–1823 թվականին՝ Սուրբ Երրորդություն մատուռը։ Հայ համայնքը ղեկավարել է եկեղեցական վարչությունը (ընտրվել է 4 տարին մեկ), որն առաջնորդվել է իր կանոնադրությամբ։ 1821 թվականին եկեղեցական վարչության հովանավորությամբ բացվել է Հայոց մարդասիրական ճեմարանը (գործում է ցայսօր)։ 1928 թվականին ճեմարանին կից բացվել է Արարատյան գրադարանը (ունի հայերեն ձեռագրեր, հայագիտական գրքեր, պարբերական մամուլի հարուստ հավաքածու)։ Կալկաթայի հոգևոր հովիվն է Ղևոնդ աբեղա Ղևոնդյանը (2000 թվականից)։
Ծայրագույն արևելքի (Չինաստան, Ինդոնեզիա, Սինգապուր, Բանգլադեշ, Մյանմա) հայ համայնքները կազմավորվել են XVII դարում։ Չինաստանի Խարբին քաղաքում 1920-ական թվականներին կառուցվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Շանհայում՝ մատուռ։ Ջակարտայում (Ինդոնեզիա) կառուցվել է Սուրբ Հովհաննես (1852) եկեղեցին, Սուրաբայայում՝ Սուրբ Գևորգը (1927)։ Հայ համայնք չլինելու պատճառով Չինաստանի և Ինդոնեզիայի եկեղեցիներն այլևս հայկական չեն։ Դաքայում (Բանգլադեշ) կառուցվել է Սուրբ Հարություն (1781), Յանգոնում (Մյանմա)՝ Ս. Հովհաննես (1862), Սինգապուրում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (1885, չգործող) եկեղեցիները։ Հարուստ անցյալ ունեցող այս գաղութներում այսօր հատուկենտ հայեր են բնակվում։ Մնացել են անցյալի փառքի խոսուն վկաներ եկեղեցիները և շիրմաքարերը։ Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետ. պատվիրակն է Ավստրալիայի և ՆորԶելանդիայի թեմի առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը (1981 թվականից)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: ![]() |