Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակություն
Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակություն | |
---|---|
Տեսակ | Հայ առաքելական եկեղեցու թեմ |
Մասն է | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին |
Հիմնադրման թվական | 1938 |
Ավարտի թվական | 1983 |
Երկիր | Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ և Չիլի |
Գլխամաս | Բուենոս Այրես, Արգենտինա |
Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակություն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկինում գոյություն ունեցած պատվիրակություն, որը կազմավորվել է 1938 թվականին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա-ի կոնդակով։ Հայրապետական պատվիրակներ են եղել Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանը (1938-51), Սիոն արքեպիսկոպոս Մանուկյանը (1952-1957), Բաբկեն արքեպիսկոպոս Ապատյանը (1959-1978), Արգենտինայի Կորդովա քաղաքի հոգևոր հովիվ Տաթև ծայրագույն վարդապետ Ղարիբյանը (1978-1983)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային Ամերիկա մայրցամաքում հայերի առաջին խմբերը հաստատվել են դեռ 19-րդ դարում, իսկ Բրազիլիայի[1], Արգենտինայի[2] և Ուրուգվայի[3] համայնքները ստվարացել են հիմնականում հայոց ցեղասպանության արդյունքում և Կիլիկիայի հայկական հանրապետության անկումից հետո։
Ամերիկահայոց թեմի (հետագայում՝ ԱՄՆ-ի հայոց արևելյան թեմ) առաջնորդ Ղևոնդ Դուրյանի սպանությունից հետո Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալները բաժանվեցին այն ժամանակ Խորհրդային Հայաստանի տարածքում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոսության (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) և Լիբանանում գտնվող Կիլիկիայի կաթողիկոսության (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն) հետ կապված եկեղեցիների միջև։ Դրանից որոշ ժամանակ անց որոշվում է հիմնադրել Հարավային Ամերիկայի հայկական պատվիրակությունը, որի մեջ ներառվում են ոչ միայն Բրազիլիայի, Արգենտինայի և Ուրուգվայի, այլև հետագայում Չիլիի[4] հայ առաքելական համայնքները և 1920-30-ական թվականներին հիմնված եկեղեցիները՝ իրենց կից հոգևոր-մշակութային կառույցներով։ Բուենոս Այրեսը դառնում է կենտրոն, սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարն՝ առաջնորդանիստ։ Նոր թափ է ստանում եկեղեցաշինությունը, որը կանգ է առնում երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման արդյունքում նորակառույց կրոնական շինությունները վերջնական տեսք էին ստանում Էջմիածնի կաթողիկոսի օրհնությամբ. Ուրուգվայում կառուցված Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու ճարտարապետական հատակագծումը հանձնվում է Ռաֆայել Իսրայելյանին[5]։
1983 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Վազզեն Ա-ի կոնդակով Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակությունը բաժանվել է երեք առանձին՝ Արգենտինայի և Չիլիի, Ուրուգվայի, Բրազիլիայի թեմերի։ Վերջին պատվիրակ Տաթև ծայրագույն վարդապետ Ղարիբյանը դարձել է Բրազիլիայի թեմի առաջնորդ և պաշտոնավարել է մինչև կյանքի վերջ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Համայնքի մասին». brazil.mfa.am. Բրազիլիայում Հայաստանի դեսպանություն.
- ↑ «Համայնքի մասին». argentina.mfa.am. Արգենտինայում Հայաստանի դեսպանություն.
- ↑ «Հայերը Ուրուգվայում». Հայկական սփյուռքի վիրտուալ թանգարան. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Անի Պողոսյան (6 դեկտեմբերի, 2019 թվական). ««Չիլիի հայ համայնքը մեծ չէ, բայց շատ կարևոր է» - ՀՀ-ում Չիլիի Հանրապետության դեսպան». ysu.am.
- ↑ «Մոնտեվիդեոյի Հայոց եկեղեցու նախագիծը | Ռաֆայել Իսրայելյանի կենսագրական կայք». www.rafaelisraelyan.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |