Բուլղարիայի հայոց թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդանիստ Սոֆիայի սուրբ Աստվածածին եկեղեցին

Բուլղարիայի հայոց թեմ[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Բալկանյան թերակղզու տարածքում գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող երեք թեմերից մեկը՝ Ռումինիայի և Հունաստանի թեմերի հետ միասին։ Ներկայացնում է բուլղարահայության հոգևոր կյանքը։

Թեմի ենթակայությամբ գործում է տասը եկեղեցի և երկու մատուռ։ Թեմի առաջնորդն է գերաշնորհ տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1877-1878 թվականների պատերազմից հետո Բուլղարիայի իշխանությունները կառավարությունը տվեց իր համաձայնությունը Բուլղարիայում ստեղծելու հայկական թեմ և առաջնորդարան, որի առաջնորդանիստն այժմ մայրաքաղաք Սոֆիայի սուրբ Աստվածածին եկեղեցին է (1936)[3]։

Ուշ միջնադարում որոշ հայկական եկեղեցիներ ունեցել են գրչության կենտրոններ, որտեղ ստեղծվել են հայական ձեռագրեր։ Եկեղեցիներին կից գործել են դպրոցներ (Պլովդիվի Թյությունջյան, Շումենի Վարդանյան, Վառնայի Սիսակյան և այլն) և տպագրատներ։ Եկեղեցին նպաստել է հայկական մշակութային և լուսավորական ընկերությունների գործունեությանը։ 19-րդ դարի վերջին՝ 1894-1896 թվականների կոտորածներից հետո և, հատկապես՝ 1920-ական թվականներին՝ հայոց ցեղասպանությունից հետո Բուլղարիայի թեմը զգալի աշխատանք է կատարել երկրում ապաստանած արևմտահայերին օգնություն ցույց տալու համար։ Հայության ընդհանուր թվաքանակը հասել էր 50 հազարի, որը տարիների ընթացքում նորսրացել էր։ 2021 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով հայերի թիվը եղել է 5.306 անձ, որից առաքելական՝ 5.002-ը[4]։

Բուլղարահայ հոգևորականության առաջին կառույցը 12-րդ դարի Ֆիլիպպոպոլիսի (այժմ՝ Պլովդիվ) հայկական վանքն էր՝ Հովհաննես Ութմանի վանահայրությամբ[3]։ Այս ժամանակաշրջանում է հիշատակվում նաև Ֆիլիպպոպոլիսի հոգևոր առաջնորդ Գրիգոր եպիսկոպոսը, որին Գրիգոր Դ Տղա կաթողիկոսը նշանակել էր Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական բանագնաց։ 1675 թվականին կառուցվել և 1828 թվականին վերակառուցվել է Պլովդիվի սուրբ Գևորգ եկեղեցին, որը գործում է ցայսօր։ Սոֆիայում հայկական առաջին եկեղեցին կառուցվել է 1673 թվականին՝ հայ վաճառական Աբրահամ Չելեպիի միջոցներով։ Թեմի ամենանոր եկեղեցին Յամբոլի սուրբ Հակոբ եկեղեցին է (2017)[5]։

Սուրբ Գևորգ եկեղեցի, Պլովդիվ

18-րդ դարի վերջին ծովափնյա Բուրգաս քաղաքում կառուցվել է սուրբ Աստվածածին եկեղեցին, 1850-ական թվականներին՝ սուրբ Խաչը[3]։ Ռուսչուկ (Ռուսե) քաղաքում կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցին գործել է 19-րդ դարի սկզբից։ 1842 թվականին Վառնայում կառուցվել է սուրբ Սարգիս եկեղեցին։ Բուլղարիայում 19-րդ դարում գործող հայկական եկեղեցիների թիվը 15-ից ավելի էր։ Բուլղարիայի թեմը մինչև 20-րդ դարի սկիզբը գլխավորել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության առաջադրած առաջնորդական տեղապահը։ 1903 թվականին Բուլղարիայի թեմի առաջնորդ է ընտրվել Վահան վարդապետ Տեր-Հակոբյանը։ Առաջին համաշխարհային (1914–18) և հույն-թուրքական (1919–22) պատերազմների տարիներին երկրում գործել է ժամանակավոր թեմական խորհուրդ։ 1922 թվականին թեմի առաջնորդ է ընտրվել Ստեփանոս արքեպիսկոպոս Հովակիմյանը։ 1954-56 թվականներին թեմը գլխավորել է Վազգեն (Լևոն-Կարապետ) եպիսկոպոս Պալճյանը, որը միաժամանակ Ռումինիայի թեմի առաջնորդն էր (1955–94 թվականներին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյան)[3]։

Բուլղարիայի ժողովրդական հանրապետության տարիներին սահմանափակվել է հայ կրոնական համայնքի գործունեությունը, փակվել են մի շարք եկեղեցիներ։ 1980 թվականի վերջին գործել է ընդամենը 5 հայկական եկեղեցի։ 1990-ական թվականներից համայնքն ազգային զարթոնք է ապրել։ 1994 թվականից գործում է Բուլղարիայի թեմի խորհուրդը (ատենապետ՝ Օնիկ Քիրազյան), որը միջոցներ է ձեռնարկել հայկական եկեղեցիները վերաբացելու, նորերը կառուցելու ուղղությամբ։ Պազարջիկ և Ստարա Զագորա քաղաքների իշխանությունները տեղի հայ համայնքներին եկեղեցաշինության համար հողամասեր են հատկացրել։

Եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի վերոնշյալ կառույցներից՝ Բուլղարիայում կա նաև մեկ ավերված եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (Վելիկո Տիռնովո), որը չի պատկանում թեմին։ Տարբեր ժամանակներում Սոֆիայում, Պլովդիվում, Վառնայում և այլ քաղաքներում ևս եղել են եկեղեցիներ, որոնք չեն պահպանվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. «Բուլղարիայի հայոց թեմ». Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Զոհրաբ Ղասաբյան. «Բուլղարիայի հայոց թեմ». www.armenianreligion-am.armin.am. Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտ.
  4. National Statistical Institute (2022 թ․ նոյեմբերի 24). «Ethno-Cultural Characteristics of the Bulgarian Population as at 7 September 2021» (PDF) (բուլղարերեն).
  5. «Բուլղարիայի Յամբոլ քաղաքում օծվեց հայկական եկեղեցի». www.shoghakat.am. «Շողակաթ» հոգևոր-մշակութային հեռուստաընկերություն.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: