Jump to content

Հայերը Ղզլարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ղզլարի թեմից)

Հայերը Ղզլարում հաստատվել են քաղաքի հիմնադրումից (1735) անմիջապես հետո: 1736 թվականից Ղզլարի ամրոցում տեղավորվել են ռուսական բանակի հայկական և վրացական հեծելավաշտեր: Ռուսական կառավարության որոշմամբ կայազորը ծառայողների համար առանձնացվել են տնատեղ և վարելահողեր: Այսպես աստիճանաբար ձևավորվել է հայկական թաղամասը:

Ղզլարի հայերը աշխույժ կապեր ունեին ժամանակակից Դաղստանի Դերբենդ, Նյուգդի, ինչպես նաև Չեչնիայի Գրոզնի բնակավայրերի հայ համայնքների հետ, որտեղ ևս կային հայկական եկեղեցիներ (սուրբ Ամենափրկիչ, Սուրբ Գրիգորիս և սրբոց Առաքելոց

Ղզլար ամրոցն ու քաղաքը

Կովկասյան նահանգապետի գրասենյակի կողմից հրատարակված 1849 թվականի կովկասյան օրացույցում (Թիֆլիս, 1848) ասվում է. «Ղզլարի բնակիչները բաղկացած են հայերից, վրացիներից, թաթարներից (ժամանակակից ադրբեջանցիներ) և ռուսներից, այդ թվում՝ պաշտոնյաներից։ Բնակիչների թիվը հասնում է շուրջ 12 հազարի, որից 6933-ը՝ արական սեռի, 5076-ը՝ իգական սեռի։ 1735 թվականին Ղզլարում 8 հայ ընտանիք (10 ծուխ) ապրում էր «Կուլացկայա սլոբոդա»-ում, իսկ 55 ընտանիք (55 ծուխ)՝ «Արմենսկայա սլոբոդա»-ում; 1798 թվականին քաղաքում ապրել է 2779 հայ, 1824 թվականին՝ 5245, 1843 թվականին՝ 5154, 1863 թվականին՝ 5540, 1883 թվականին՝ 4986 (2558 տղամարդ և 2428 կին) հայ բնակիչ։ Առաջին հայերն Արցախից էին։

19-րդ դարի կեսի դրությամբ քաղաքում կար 10 եկեղեցի, որից 4-ը՝ ուղղափառ, 6-ը՝ հայ առաքելան, ճարտարապետական ​​առումով ուշագրավ էր սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ կառուցված հայոց եպիսկոպոսի նստավայրով, եղել են չորս մզկիթներ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ բնակչությունը զբաղվել է հիմնականում գինեգործությամբ (նաև կոնյակի արտադրությամբ), շերամապահությամբ (հայերը եղել են կոնյակագործության և շերամապահության հիմնադիրները Ռուսաստանում) և առևտրով (Ղզլարում եղել է Հայկական շուկա): 1798 թվականին Ղզլարում բնակվել է 2779 հայ: 1799 թվականին Պավել I-ի հրովարտակով հայերին շնորհվել են նույնպիսի արտոնություններ, ինչպիսիք տրվել են Ռուսաստան հրավիրված օտարերկրացիներին: 18-րդ դարի երկրորդ կեսին Ղզլարում հիմնվել է հայկական դատարան՝ վարչական և իրավական գործերը վարելու, ինչպես նաև հարկերի և պարհակների գործը տնօրինելու համար (գոյատևել է մինչև 1840 թվականը): 19-րդ դարի վերջին հայերի թիվը 6 հազար էր (քաղաքի բնակչության 2/3-ից ավելին): Ղզլարում գործել են կովկասահայ մշակութային և հասարակական ընկերությունների բաժանմունքներ: Հայերը մասնակցել են տեղի սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունների գործունեությանը:

Գործնականում հայերին են պատկանել քաղաքի բոլոր օղու գործարանները, կաշվի, ներկարարական ֆաբրիկաները, արհեստագործական շատ արհեստանոցներ: Մինչև 20-րդ դարը հայերը պահպանել են իրենց հիմնական զբաղմունքները՝ այգեգործություն, խաղողագործություն, գինեգործություն, արհեստագործություն, առևտուր: Որոշ հայեր խանութներ են ունեցել Մոսկվայում և Պետերբուրգում: Ղզլարի հայերը հետագայում ևս ազդեցիկ դեր են ունեցել իշխանության քաղաքային մարմիններում: Երկար տարիներ Ղզլարի քաղաքապետն էր խոշոր հայ վաճառական Գասպար Մամաջանյանը:

սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Ղզլար

1817 թվականին աչքի ընկնող հասարակական գործիչ Գևորգ Խուբյանի նախաձեռնությամբ բացվել է առաջին հայկական դպրոցը: 1840 թվականին հիմնվել է հոգևոր դպրոցը, 1872 թվականին՝ Մարիամյան իգական դպրոցը: 1880 թվականին կազմակերպվել է բարեգործական ընկերություն՝ բժիշկ Ռոմանոս Սեշվելյանի գլխավորությամբ:

Դպրոցի սաների և Մոսկվայի Լազարյան ճեմարանի ու համալսարանում ուսանած տեղի հայ երիտասարդների ջանքերով ստեղծվել են թատերախմբեր: Առաջին ներկայացումը կազմակերպվել է 1859 թվականին: 1867 թվականին տեղի են ունեցել նաև առաջին պրոֆեսիոնալ բեմադրությունները՝ Կոստանդնուպոլսից ժամանած ճանաչված հայ դերասաններ Ֆասուլաճյան ամուսինների ուժերով: Քաղաքի մշակութային կյանքում մեծ ներդրում է կատարել Ղզլարում ծնված անվանի կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը, որը 1905 թվականին հայրենի քաղաքում կազմակերպել է հայկական քառաձայն երգչախումբ: Ղզլարում են ծնվել նաև հայ մտավորականության աչքի ընկնող ներկայացուցիչներ, ճանաչված հայագետ, Մոսկվայի Լազարյան ճեմարանի տեսուչ Գևորգ Քանանյանը, ՌՍԴԲԿ գործիչ Իսահակ Լալայանցը, գինեգործ Գեորգի Աղաբալյանցը և ուրիշներ:

Ղզլարում գործել են սուրբ Աստվածածին (18-րդ դարի երկրորդ կես), սուրբ Գրիգոր Լուսավորիչ և սուրբ Սարգիս (19-րդ դարի սկիզբ) հայկական եկեղեցիները: Ներկայումս գործում է միայն մեկ մատուռ՝ հիմնադրված 2005 թվականին։ Այդ տարվա դրությամբ հայ բնակչությունը հասնում էր ութ հազարի։

Սուրբ Աստվածածին եկեղեցին ի սկզբանե եղել է փայտաշեն, ապա դրա տարածքում առանձնացել է քարաշեն եկեղեցի։ Սուրբ Գևորգ Զորավարի գերեզմանատան եկեղեցին 1819 թվականին գտնվում էր քաղաքի ծայրամասում և չուներ մշտական ​​քահանա։ 1842-1843 թվականների ընթացքում գործարար Զախար Գրիգորիևիչ Արեշևը (Արեշյանց), օգտագործելով ծխականների նվիրատվությունները, հիմնանորոգել է եկեղեցին, խուց կառուցել զանգահարի համար և ցանկապատել գերեզմանատունը։

Ժամանակի ընթացքում 1717 թվականին ստեղծված Աստրախանի թեմից առանձնանում է Ղզլարի թեմը, որը համակարգում էր Ռուսական կայսրության Դաղստանի մարզի և հարակից հայկական քառասուն համայնքները, ուներ տասներկու եկեղեցի։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Марина Мирзоян, Гамлет Мирзоян (Սեպտեմբերի 30, 2019). «Армянский Кизляр в «Кавказском календаре» (1845–1860 гг.)». https://regnum.ru (ռուսերեն). {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  • Б. Т. Оганесов (2008). «Возникновение армянской общины в г. Кизляр в 18 - 19 вв». https://armeniansite.ru (ռուսերեն). {{cite web}}: External link in |website= (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։