Սուրբ Գևորգ եկեղեցի (Պլովդիվ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՏեղագրությունՊլովդիվ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԲուլղարիայի հայոց թեմ
Հիմնական ամսաթվերը1828
Ժառանգության կարգավիճակԲուլղարիայի մշակութային ժառագության հուշարձան
Հիմնադրված1828
Քարտեզ
Քարտեզ
 Surp Kevork Church, Plovdiv Վիքիպահեստում
surpkevork.com/index.php?lang=en

Սուրբ Գևորգ եկեղեցի (բուլղար․՝ Свети Георги), հայկական առաքելական եկեղեցի Բուլղարիայի խոշոր քաղաքներից Պլովդիվում։ Հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Բուլղարիայի հայոց թեմի՝ չափսերով ամենամեծ եկեղեցին[1]։ Գտնվում է քաղաքի հին հատվածում՝ Նեբեթ Թեփեի արևմտյան լանջին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Բուլղարիայի տարածքում հայերը հաստատվել են դեռ վաղ միջնադարում՝ նախքան բուլղարական պետականության հաստատումը։ Զարգացած միջնադարում Փիլիպպիկոս ամրոցը (Պլովդիվ) դարձել էր հայ զինվորականության կենտրոնը[2]։ 5-րդ դարի սկզբին տեղի կրոնական կառուցվել է որպես Սուրբ Գեորգի ուղղափառ եկեղեցի, սակայն արդեն 447 թվականին այն ավերվել է հոների բարբարոսական արշավանքի ժամանակ, որը հանգեցրել է Տրիմոնտիումի այրմանը։ Եկեղեցին հետագայում վերակառուցվել է վերապրած քաղաքաբնակների կողմից[3]։

9-րդ դարում բյուզանդական բանակում ծառայող հայ զորավարներից (Մամիկոնյաններ, Անձևացիներ, Կամսարականներ), բուլղարների դեմ պատերազմներում հայտնի էր Տաճատ Անձևացին[4]։ 12-րդ դարում Ֆիլիպոպոլսում (Պլովդիվ) գործել է հայկական վանք՝ Հովհաննես Ութմանի վանահայրությամբ[5]։ 1149 թվականին եկեղեցու բակում թաղվել է Ալվիսիոս Արասացին՝ ֆրանսիացի կաթոլիկ եպիսկոպոս, որն ուղարկվել էր Լյուդովիկոս VII թագավորի կողմից Բյուզանդիայի կայսր Մանուիլ I Կոմնենոսի մոտ առաքելությամբ Կոստանդնուպոլսում՝ Խաչակրաց երկրորդ արշավանքի ժամանակ։

եկեղեցու մուտքը

Վաճառաշահ և բազմազգ Պլովդիվում հայերը եկեղեցի են հիմնում 1828 թվականին։ Մինչ այդ՝ 1657 թվականին եկեղեցին ավերվել է օսմանցիների կողմից, սակայն 1767 թվականին աճող հայկական գաղութի արդյունքում սուլթան Մուստաֆա III-ի հրամանով տեղի հույները Պլովդիվի ութ եկեղեցիներից մեկը հանձնեցին հայերին։ Հետագա տասնամյակներում գումարներ են հավաքվել քաղաքի հայ համայնքի նշանավոր բարերարներից, իսկ 1828 թվականին սկսվել են նոր եկեղեցու կառուցման շինարարական աշխատանքները։ Հին շենքը քանդվել է, տեղանքն ընդարձակվել և 1828 թվականի հոկտեմբերի 26-ին ավարտվել է սրբատաշ ուղղանկյուն քարե բլոկներով շինարարությունը։ 1828 թվականի դեկտեմբերի 8-ին եկեղեցին օծվել է Ադրիանապոլսի արքեպիսկոպոսի ձեռամբ։ 1850 թվականին եկեղեցու բակում կանգնեցվել է զանգակատուն, որը 1930 թվականին վերամշակվել է հայկական ոճով։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կենտրոնական նավի երկու կողմերում ունի հատվածներ, որոնք նախատեսված են համապատասխանաբար տղամարդկանց և կանանց համար։ Մատուռի ավելացումից և ևս մի քանի վերակառուցումից հետո այն ստացել է իր ժամանակակից տեսքը։ Աբսիդը երեսպատված է 18-19-րդ դարերի հախճապակով՝ ներկայիս Թուրքիայի Քյութահյա քաղաքից, որը հայկական արվեստների և արհեստների կենտրոն էր։ Երեսպատումը հանդիպում է միայն Երուսաղեմի և Պլովդիվի հայկական երկու տաճարներում։ Հին սրբապատկերները արժեքավոր են տաճարի համար՝ «Սուրբ Աստվածածին», 18-րդ դարի վերջի անհայտ հայ վարպետի ստեղծագործությունը, և «Կույսն ու մանուկը»՝ ոսկեզօծ փորագրված շրջանակով սրբապատկերը[1]։

Եկեղեցու բակը ընդարձակ ուղղանկյուն տարածություն է, որի մի մասը ծառայում է որպես 19-րդ դարի առաջին 30 տարիներին կառուցված հայկական դպրոցի՝ այսօրվա Վիկտորյա և Գրիգոր Թիթունջյան նախակրթարանի դպրոցի բակը, որում կանգնեցված է նաև Հայոց ցեղասպանության հուշարձանը։

Եկեղեցու դամբարանում պահվում են 1915 թվականին ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի կողմից փրկված կրոնական իրերի թանգարանային ցուցանմուշներ, բերված Ռոդոսթոյից, Չորլուից, Ադրիանապոլսից։ Սեղանի և կրծքավանդակի խաչերի, մասունքների, բաժակների, ձեռագիր Աստվածաշնչերի և մասունքների ցուցադրությունը բացվել է 2001 թվականին՝ 301 թվականին Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի կապակցությամբ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Զոհրաբ Ղասաբյան. «Բուլղարիայի հայոց թեմ». www.armenianreligion-am.armin.am. Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտ.
  2. «Բուլղարիայի հայ համայնքը». bulgaria.mfa.am. Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն.
  3. «Հայաստանյայց առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցի». www.surpkevork.com.
  4. Վահե Անթանեսյան (9 նոյեմբերի 2016 թվական). «Հայերը Բուլղարիայում». ankakh.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. Զոհրաբ Զոհրաբյան. «Բուլղարիայի թեմ». ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան.