ՀԲԸՄ Սոֆիայի կամերային նվագախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀԲԸՄ Սոֆիայի կամերային նվագախումբ
ՏեսակԿամերային նվագախումբ
Երկիր Բուլղարիա
Հիմնադրված2006
Կայքsco.agbubg.org/index.php

Հայկական բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի կամերային նվագախումբ (բուլղար․՝ Камерен оркестър на Общоарменския благотворителен съюз), սիմֆոնիկ կամերային նվագախումբ է, որի նպատակը հայկական և բուլղարական մշակույթների և դասական և ժամանակակից երաժշտության ժողովրդականացումն է։ Դիրիժորը և գեղարվեստական ղեկավարը մինչև 2017 թվականը Բեդրոս Փափազյանն էր[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամերային նվագախումբը ստեղծվել է 2006 թվականին՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության ստեղծման 100-ամյակին։ Նվագախմբի ստեղծման գաղափարի հեղինակը ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի նախագահ՝ Սոնյա Բեդրոսյան Ավակյանն է։ Նվագախումբը հանդես է գալիս համերգներով և շրջագայություններով, կատարում և ձայնագրում է դասական և ժամանակակից երաժշտություն։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվագախմբի խաղացանկը ներառում է դասական երաժշտության գլուխգործոցներ, բուլղարական և հայկական երաժշտություն, ժամանակակից համաշխարհային երաժշտության օրինակներ։ Նվագախումբը կատարել է Վելիսլավ Զաիմովի «Մեդիտատիվ երաժշտություն» ստեղծագործությունը, Գեորգի Անդրեևի «Փյունիկ» կամերային սիմֆոնիան, Արթին Պոտուրլիանի «Ծիրանի շնչով» ստեղծագործությունը, Գրիգոր Պալիկարովի «Էլեգիան», Սիմեոն Շերևի «Հայկական սյուիտը», Վլադիմիր Ջամբազովի նվագախմբի համար հարմարեցված հայկական ժողովրդական «Հինգալա», «Ով սիրուն», «Հոյ նազան» երգերը, Թեոդոսի Սպասովի «Հայկական մոտիվներով սյուիտը», Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ[1]։

Կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվագախմբի համերգներին մասնակցել են միջազգային ճանաչում ունեցող կատարողներ, դաշնակահարներ՝ Մեծ Բրիտանիայից Սարգիս Զաքարյանը, Իսպանիայից Սոֆյա Մելիքյանը, ԱՄՆ-ից Հայկ Արսենյանը և Սիլվի Զաքարյանը, Գերմանիայից Մաքրուհի Հագելը և Վեսելին Պարաշկևովը, Ֆրանսիայից Բոժիդար Բրատոևը, Ավստրիայից Իվան Դիմիտրովը, թավջութակահարներ՝ Ավստրիայից Թորգոմ Պարսամյանը, Հայաստանից Վաչե Հովեյանը, երգչուհի Լուսինե Դանիելյանը, Լիբանանից՝ իտառահար և ուդահար Ֆադի Ռաշիդը։ Համատեղ ելույթ են ունեցել նաև «Բելտանգո» համույթը Սերբիայից, Մակեդոնիայից ջազմեն Դավիթյան եղբայրները, Երևանի երաժշտական ավագ դպրոցի սաները, Սիլվա Մխիկյանի գլխավորությամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Нашата биография». sco.agbubg.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.(չաշխատող հղում)