Ալեքսանդր Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Հարությունյան
Ալեքսանդր Գրիգորի Հարությունյան
Ալեքսանդր Հարությունյան.jpg
Ծնվել է Սեպտեմբերի 23, 1920
Ծննդավայր Երևան (Հայաստան)
Մահացել է Մարտի 28, 2012
Մահվան վայր Երևան (Հայաստան)
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություն երգահան և դաշնակահար
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ, Հոկտեմբերյան Հեղափոխության շքանշան և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Անդամություն ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Alexander Arutunian Վիքիպահեստում

Ալեքսանդր Գրիգորի Հարությունյանը (ծն. 23 սեպտեմբեր, 1920, Երևան - մարտի 28, 2012, Երևան) Սովետական և հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1977), աշխարհահռչակ հատկապես իր շեփորի կոնցերտով, որը Նյու Յորք Թայմսը նկարագրել է որպես հնչեղ։ [1]։

Կենսագրություն[խմբագրել]

Հարությունյանը ծնվել է Երևանում Գրիգոր և Ելեոնորա Հարությունյանների ընտանիքում։ Նրա հայրը զինվորական էր։ Վաղ հասակում Ալեքսանդրը հանդիպում է հռչակավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հետ։ 1927 թվականին Հարությունյանը դառնում է Երևանի պետական կոնսերվատորիայի մանկական խմբի անդամ, ապա, տասնչորս տարեկանում նրան թույլատրում են ուսանել կոնսերվատորիայի ստուդիայում՝ Օ. Բաբասյան (դաշնամուր) և Ս. Բարխուդարյան և Վ Տալյան (կոմպոզիցիա)։ Նա ավարտում է Երևանի երաժշտական կոնսերվատորիան Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին։ Ալեքսանդր Հարությունյանը 1941 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական և դաշնամուրի բաժինները, 1946–1948 թվականներին կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան ստուդիայում։ 1954–1991 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար։ 1970–2008 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1977 թվականից՝ պրոֆեսոր)։ Ալեքսանդր Հարությունյանը Սովետական Միության և Հայաստանի հանրապետության կոմպոզիտորների միությունների անդամ էր։

1948թ. Հայրենիք կանտատի համար նա պարգևատրվել է Ստալինյան մրցանակով, որի վերջին հատվածը գրել էր դեռ Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանող եղած ժամանակ։ Առաջին անգամ այն կատարեց ԽՍՀՄ Ռադիոյի երգչախումբը և նվագախումբը 1948 թվականի նոյեմբերին։ 1949թ. Հարությունյանը գրում է «Տոնական նախերգանք»ը, որը առաջին անգամ կատարվում է Լենինգրադի ֆիլհարմոնիկի մեծ դահլիճում, Եվգենի Մռավինսկու ղեկավարությամբ։ Մոսկվայի երաժշտական կոնգրեսի ընթացքում Արամ Խաչատրյանը ներկայացնում է նրան որպես խոստումնալից սովետական կոմպոզիտոր։ [2] Նա շարունակում է իր ստեղծագործությունների հաղթական երթը հայրենիքում և արտերկրում, որոնցից շատերի համար ոգեշնչման աղբյուր էին հանդիսանում հայկական երաժշտության ազգագարական ավանդույթները։ Հարությունյանի առաջին ծավալուն երկերից են «Հանդիսավոր ձոն և քայլերգ»-ը սիմֆոնիկ նվագախմբի համար և Դաշնամուրի կոնցերտը։ 1940–50-ական թվականներին նրա ստեղծած խոշոր կտավի ստեղծագործություններից են «Հայրենիք» կանտատը, որտեղ սերտորեն միահյուսված են ազգային դասական երաժշտությունը և գեղջկական ու գուսանական երգը, «Տոնական նախերգանքը»՝ նվագախմբի, Կոնցերտը՝ շեփորի և նվագախմբի, «Հայկական ռապսոդիան» (համահեղինակ՝ Առնո Բաբաջանյան)՝ երկու դաշնամուրի, «Մեր հին երգերը» ռապսոդիան՝ դաշնամուրի և նվագախմբի համար, «Հայաստանի պարերը» սիմֆոնիկ սյուիտը և այլն։ Դրամատիզմով հագեցած «Ասք հայ ժողովրդի մասին» քառամաս վոկալ-սիմֆոնիկ պոեմը ժամանակակից հայ երաժշտության արժեքավոր ձեռքբերումներից է։ Հայկական սիմֆոնիզմի զարգացման համար կարևոր նշանակություն է ունեցել Հարությունյանի մոնումենտալ և դրամատիզմով հագեցած Սիմֆոնիան։ Նրա գործերը կատարել են Եվգենի Մռավինսկին, Վալերի Գերգիևը, Օհան Դուրյանը և այլք։ «Սայաթ-Նովա» քնարական-դրամատիկական օպերայում հեղինակն ստեղծագործաբար օգտագործել է մեծ աշուղի մի քանի երգ։ Օպերային բնորոշ են գունագեղ զանգվածային տեսարանները, երաժշտական լեզվի պարզությունը։ Փոքր կտավի երկերից են «Հայրենիքիս հետ» (ըստ Հովհաննես Թումանյանի) երգ-կանտատը, «Հուշարձան մայրիկիս» (ըստ Հովհաննես Շիրազի) վոկալ շարքը, դաշնամուրային մանրանվագներ և այլն։ Հարությունյանի ստեղծագործության մեջ առանձնանում են կոնցերտները. գրել է 13 կոնցերտ՝ տարբեր գործիքների (դաշնամուր, գալարափող, տուբա, տրոմբոն, ֆլեյտա և այլն) համար։ Լավագույն գործերից են նաև Սիմֆոնիան՝ երգչախմբի և հարվածային գործիքների, Սիմֆոնիետը՝ լարային նվագախմբի, Թեմա և վարիացիաները՝ շեփորի ու նվագախմբի, Պոեմ՝ թավջութակի և նվագախմբի, Սյուիտը՝ ջութակի, կլառնետի և դաշնամուրի, «Քարավան» պիեսը՝ կլառնետի և էստրադային նվագախմբի համար, գործիքային սոնատները և այլն։ Գրել է նաև խմբերգեր, երգեր։ 1988 թվականին կոմպոզիտորն ստեղծել է հանրահայտ Ջութակի կոնցերտը՝ նվիրված Սպիտակի երկրաշարժին։ Նրա ստեղծագործություններին բնորոշ են մեղեդայնությունը, ճկուն և յուրահատուկ ռիթմը, ազգային վառ կոլորիտը, կառուցվածքի հստակությունը, ինքնատիպ արտահայտչամիջոցները։ Հարությունյանը գրել է երաժշտություն թատրոնի և կինոյի [«Ուրվականները հեռանում են լեռներից» (1955), «Սիրտն է երգում» (համահեղինակ՝ Կոնստանտին Օրբելյան, 1956), «Իմ ընկերոջ մասին» (1958), «Նահապետ» (1977), բոլորը՝ Հայֆիլմ] համար։ Հարությունյանն արժանացել է ԽՍՀՄ (1949 թ.), ՀՀ (1973), Պետական, ՀԽՍՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան (1986) մրցանակների, Ալեքսանդր Ալեքսանդրովի անվան Ոսկե մեդալի (1977, Ռուսաստան), «Օրփեոս» դիպլոմի (1983, ԱՄՆ), ՀՀ Մովսես Խորենացու մեդալի (1998) և ՀՀ Սբ Մեսրոպ Մաշտոցի (2001), Հայ եկեղեցու Սբ Սահակ – Սբ Մեսրոպի (2004) շքանշանների, «Կոմիտաս» հուշամեդալի (2008)։ Գրել է «Հուշեր» (2000) գիրքը։

Ալեքսանդր Հարությունյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Ստեղծագործություններ[խմբագրել]

  • 1948թ «Հայրենիք» կանտատ
  • 1949թ «Տոնական նախերգանք»
  • 1950թ «Շեփորի կոնցերտ»
  • 1950թ «Հայկական ռապսոդիա»
  • 1951թ Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտ
  • 1957թ Սիմֆոնիա
  • 1961թ «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆ. պոեմ
  • 1966թ Սիմֆոնիետ
  • 1968թ «Սայաթ-Նովա» օպերա
  • 1969թ «Հայրենիքիս հետ» երգ-կանտատ (Հ. Թումանյանի տեքստերով)
  • 1969թ «Հուշարձան մայրիկիս» վոկալ շարք (Հ. Շիրազի տեքստերով)
  • 1974թ «Թեմա և վարիացիաներ շեփորի և նվագախմբի համար»
  • 1974թ Թավջութակի և նվագախմբի պոեմ
  • 1986թ «Սասունցիների պարը»
  • 1989թ Ջութակի և կամերային նվագախմբի կոնցերտ
  • 1990թ Շեփորի և նվագախմբի ռապսոդիա
  • 1991թ Տրոմբոնի և նվագախմբի կոնցերտ
  • 1992թ Տուբայի և նվագախմբի կոնցերտ
  • 1998թ Սյուիտ հոբոյի, եղջերափողի և դաշնամուրի համար

Պարգևներ[խմբագրել]

Ալեքսանդր Հարությունյանի հուշատախտակը Երևանում
  • Ստալինի մրցանակ (1949)
  • Հայաստանի Պետական մրցանակ (1970)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970)
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1964)
  • Արամ Խաչատրյան պատվավոր մրցանակի դափնեկիր(1986)[3]
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոց մեդալ
  • Մովսես Խորենացու մեդալ
  • «Ալեքսանդրովի» ոսկե մեդալ (1976)
  • Օրֆեյ մրցանակով (Կենտուկի, ԱՄՆ)[4]
  • «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» եկեղեցական պարգև, Էջմիածին (2004)
  • Պատվո շքանշան (2011)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել]