Ընկած լինելով Բալկանյան թերակղզու կենտրոնում՝ քաղաքը գտնվում է Սև ծովից Ադրիատիկ ծով տանող ճանապարհի մեջտեղում և բավականին մոտ է Էգեյան ծովին[4][5]:
Այստեղ առաջին բնակավայրը հիմնվել է մեր թվականությունից առնվազն 7 հազար տարի առաջ[6]: Իսկ քաղաքի՝ արձանագրություններով վկայված պատմությունն սկսվում է մ. թ. ա. 29 թվականից, երբ Հռոմեական հանրապետությունը նվաճել է կելտական սերդի ցեղի կողմից այստեղ կառուցված Սերդիկա բնակավայրը, որի վրա հետագայում արշավել են հոնները (343-347 թվականներ և 447 թվական), վեստգոթերը (376-382 թթ.), ավարներն ու սլավոնները (617 թ.): 809 թվականի ապրիլի 9-ին էլ Սերդիկան պաշարել են բուլղար խան Կրում զորքերը[7]: 1018-ի Բյուզանդական կայսրությունը 22 տարով այստեղ վերջ է տվել բուլղարների տիրապետությանը, որը կարճ ժամանակով վերականգնվելուց հետո դարձյալ զիջել է քաղաքը, այս անգամ արդեն՝ պեչենեգներին (1048 և 1078 թթ.): Հետագայում Սերդիկային տիրել են հունգարները (1183 թ.), խաչակիրները (1095 և 1190 թթ.)[8]: Բուլղարական երկրորդ թագավորության իշխանությունն այստեղ ձգվել է 1194-ից մինչև 1382 թվականը, երբ քաղաքը նվաճել են օսմանցիները [7]: 1520-ից 1836 թթ. Սոֆիան եղել է Եվրոպայում օսմանյան կայսրության առանցքային մարզի՝ Ռումելիա էյալաթի կենտրոնը: Բուլղարացիների տիրապետությունն այստեղ վերահաստատվել է 1878 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական օդուժն ու ամերիկյան ռազմական ավիացիան ռմբակոծել են քաղաքը: Պատերազմի ավարտին մոտ՝ խորհրդային զորքերը գրավել են Սոֆիան, որը դեռ 19-րդ դարի վերջերից հռչակվել էր թուրքական լծից ազատագրված, անկախություն նվաճած Բուլղարիայի մայրաքաղաք:
Ներկայումս Սոֆիան Բուլղարիայի տնտեսական, առևտրային, մշակութային, կրթական կենտրոնն է, որտեղ գործում են երկրի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունները, առևտրական ընկերությունները, մշակութային օջախները, համալսարանները[9]: Այն տեղ է գրավել ձեռնարկատիրական գործունեություն (հատկապես տեղեկատվական տեծնոլոգիաների բնագավառում) սկսելու համար աշխարհում լավագույն պայմաններ տրամադրող քաղաքների առաջին տասնյակի մեջ[10]: Սոֆիան համարվում է նաև Եվրոպայի առավել հյուրընկալ քաղաքը[11]:
Քաղաքի բնակչության թիվը 18-րդ դարի վերջերին եղել է մոտավորապես 70 հազար, 1870 թվականին նվազել մինչև 19,000, 1878-ին ավելի նվազելով՝ հասել 11,649-ի և անկախության նվաճումից որոշ ժամանակ անց սկսել է աճել[7]: Ներկայումս այստեղ 482 քառակուսի կիլոմետր տարածքի վրա ապրում է 1.23 միլիոն մարդ[12], այսինքն՝ Բուլղարիայի ողջ բնակչության 17.5 տոկոսը:
«Sofia in Figures» (Bulgarian, English)։ National Statistical Institute of Bulgaria։ 2016։ Վերցված է հոկտեմբերի 26, 2018
Gigova Irina (March 2011)։ «The City and the Nation: Sofia’s Trajectory from Glory to Rubble in WWII»։ Journal of Urban History37 (2): 155–175The 110 footnotes provide a guide to the literature on the city
↑Bulgarian Guide Book։ University of Michigan: Medizina i Fiskultura։ էջ 98։ «The town was conquered in turn by the Pe- chenegs in 1048 and 1078, by the Serbs and Magyars in 1183, and by the crusaders in 1095, and 1190. After the restoration of the Second Bulgarian Kingdom it became a part of the latter's territory (1194) until its conquest by the Ottomans in 1382»