Մեծությամբ Բուլղարիայի երկրորդ քաղաքն է։ 2018 թվականի պաշտոնական տվյալներով ունեցել է 346 893 բնակիչ։ Երկրի տնտեսական, տրանսպորտային, մշակութային ու կրթական կարևոր կենտրոններից է։ Վկայություններ կան, որ այս քաղաքի տեղում բնակավայր է եղել դեռևս մեր թվականությունից առաջ վեցերորդ հազարամյակում, երբ քարեդարյան առաջին բնակավայրերն են ի հայտ եկել աշխարհում։ Ենթադրվում է, որ աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է հիմնադրվել այստեղ[1]։
Արձանագրված պատմական տվյալների համաձայն՝ Պլովդիվն Արևմուտքում սկզբնապես հայտնի է եղել Ֆիլիպոպոլիս Philippopolis (հուն․՝ Φιλιππούπολις; թուրքերեն՝ Filibe; "Philip's Town") անվանումով, որ նշանակում է Ֆիլիպի քաղաք (Ֆիլիպ Երկրորդ Մակեդոնացու անունով, որը մ. թ. ա. 4-րդ դարում նվաճել էր քաղաքը)։ Սկզբնապես եղել է թրակիական բնակավայր, ապա հաջորդաբար գրավվել է Աքեմենյան Պարսկաստանի, հին հույների, կելտերի, հռոմեացիների, գոթերի, հոների, բուլղարների, սլավոնների, ռուսների, խաչակիրների, թուրքերի կողմից։ 1878 թվականի հունվարի 4-ին՝ ռոս-թուրքական 1877–1878 թթ. պատերազմի ավարտին, Պլովդիվը թուրքական լծից ազատագրվել է ռուսական կայսրության զորքերի օգնությամբ։ Այդ նույն տարվա հուլիսին թուրքերը վերագրավել են քաղաքը և դարձրել Արևելյան Ռումելիա ինքնավար մարզի կենտրոնը։ 1885 թվականին թե՛ քաղաքը և թե՛ մարզը միացել են Բուլղարիային։
Պլովդիվը գտնվում է բարեբեր տարածաշրջանում՝ Բուլղարիայի հարավ-արևելքում՝ Մարիցա գետի երկու ափերին։ Պատմականորեն զարգացել է սիենիտային յոթ բլուրների վրա (դրանցից մի քանիսի բարձրությունն անցնում է 250 մետրից), և այդ պատճառով էլ հաճախ անվանվում է «յոթ բլուրների քաղաք»։
Պլովդիվը հյուրընկալում է բազմաթիվ ու բազմազան միջազգային մշակութային իրադարձություններ, որոնցից են միջազգային հայտնի տոնավաճառը, «Բեմ՝ խաչմերուկում» միջազգային թատերական փառատոնը, «Ոսկե սնդուկ» հեռուստատեսային փառատոնը, «Գիշերային Պլովդիվ»-ը, Kapana Fest-ը, Opera Open-ը... 2014 թվականի սեպտեմբերի 5-ին Պլովդիվը, իտալական Մատերա քաղաքի հետ համատեղ, ընտրվել է Եվրոպայի 2019 թվականի մշակութային մայրաքաղաք։ Դա իրողություն է դարձել Municipal Foundation "Plovdiv 2019″ ոչ կառավարական կազմակերպության աջակցության շնորհիվ։
Քաղաքի տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են հին հռոմեական թատրոն, Օդեոն, ակվեդուկ, մարզադաշտ և այլ հնավայրեր՝ ավերված կամ կիսավեր վիճակում։