Խրիստո Դանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խրիստո Դանով
բուլղար․՝ Христо Груев Данов
Hristogdanov.jpg
Ծնվել էօգոստոսի 27, 1828(1828-08-27)
ԾննդավայրԿլիսուրա, Karlovo Municipality, Պլովդիվի մարզ, Բուլղարիա
Մահացել էդեկտեմբերի 11, 1911(1911-12-11) (83 տարեկանում)
Մահվան վայրՊլովդիվ, Բուլղարիա
ՔաղաքացիությունԲուլղարիա
Մասնագիտությունհրատարակիչ և ուսուցիչ
ԱնդամությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
Hristo G. Danov Վիքիպահեստում

Խրիստո Գրուև Դանով (բուլղար․՝ Христо Груев Данов, 27 օգոստոսի, 1828, Կլիսուրա - 11 դեկտեմբերի, 1911, Պլովդիվ), բուլղարացի լուսավորական, ուսուցիչ և գրահրատարակիչ, համարվում է Բուլղարիայի կազմակերպված գրահրատարակության հիմնադիրը և կոչվում «բուլղարացի Գուտենբերգ»[1]: 1878 թվականին Բուլղարիայի անկախացումից հետո զբաղվել է նաև քաղաքականությամբ և եղել է Պլովդիվի քաղաքապետը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրիստո Դանովը ծնվել է 1828 թվականի օգոստոսի 27-ին Կլիսուրա քաղաքում, որտեղ սովորել է եկեղեցական դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Պանագրյուիշտեում՝ Սավա Ռադուլովի դաարանային[Ն. 1] դպրոցում։ Դրանից հետո նա սովորել է Կոպրիոշտիցայում՝ Նայդեն Գերովի ու Իոակիմ Գրուևի մոտ։

Կրթությունն ավարտելուց հետո՝ 1849 թվականին, Խրիստո Դանովը Պլովդիվում աշխատել է որպես ուսուցչի օգնական, այնուհետև եղել է ուսուցիչ Ստրելչայում (1851-1852) և Պերուշտիցայում (1852–1853)։ Ղրիմի պատերազմի ժամանակ (1853-1856) որպես ուսուցիչ աշխատել է Պլովդիվում[2]՝ Նայդեն Գերովի դպրոցում։ 1856 թվականին Խրիստո Դանովը վերադարձել է Կլիսուրա, որտեղ հիմնադրել է քաղաքի առաջին դասարանային դպրոցը։

Խրիստո Դանովը՝ որպես հրատարակիչ, իր գործունեությունն սկսել է Բելգրադում, որտեղ նա տպագրել է «Բալկանյան լեռների տղան. օրացույց 1856 նահանջ տարվա համար»: 1857 թվականին նա Պլովդիվում ուսուցիչ Յաչո (Յոակիմ) Տրուվչևի ու կազմարար Նյագուլ Բոյաջիսկու հետ հիմնադրել է «Դրուժեստվենա կնիգովեզնիցա» (Дружествена книговезница)[3] կազմարարական արհեստանոցը, որն աստիճանաբար ընդարձակվել է, վերածվել գրախանութի, իսկ հետագայում դարձել է Բուլղարիայի ամենամեծ հրատարակչատունը[4]: 1862 թվականին հրատարակչատունն արդեն կոչվում էր Խրիստո Գ. Դանովի հրատարակչատուն, և Յոակիմ Գրուևը նրան է միացել որպես գործընկեր։ 1862 թվականին հրատարակչատունն իր մասնաճյուղերն ուներ Ռուսեում և Վելեսում: 1874 թվականին Խրիստո Դանովի հրատարակչատունն իր գրասենյակն է բացել Վիեննայում՝ Ավստրո-Հունգարիայի մայրաքաղաքում[2]:

1869-1876 թվականներին Խրիստո Դանովը հրատարակել է «Летоструй или домашен календар» ամսագիրը, իսկ 1878 թվականից՝ «Марица» առաջին համաբուլղարական ամսագիրը։ Նրա հրատարակչտանն են Բուլղարիայում առաջին անգամ տպագրվել պատին փակցվող աշխարհագրական քարտեզները[5]:

1882 թվականին Խրիստ Դանովն ընտրվել է ժողովրդական ներկայացուցիչ ինքնավար Արևելյան Ռումելիայի մարզային խորհրդում։ 1896 թվականի նոյեմբերից մինչև 1899 թվականի ապրիլը Խրիստո Դանովը եղել է Պլովդիվի կմետ (քաղաքապետ)[6]: Այդ պաշտոնն զբաղեցնելու ժամանակ նա հրաժարվել է աշխատավարձից։ Նրա կառավարման տարիներին մշակվել է Պլովդիվի առաջին գլխավոր հատակագիծը (ճարտարապետ՝ Իոսիֆ Շնիտեր)։

Խրիստո Դանովը մահացել է 1911 թվականի դեկտեմբերի 11-ին Պլովդիվում։ Թաղվել է քաղաքի Սուրբ Աստվածամոր եկեղեցում[7]:

Պլովդիվի Հին քաղաքում գործում է Խրիստո Դանովի տուն-թանգարանը։

Մաթեմատիկայի դասագիրք «Теоретическа и практическа Числителница», 1868 թվական
Խրիստո Դանովի տպագրատունը Պլովդիվում, 1905 թվական
Խրիստո Դանովն իր գրահրատարակչական գործունեության 50-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, Պլովդիվ, 1905 թվական

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դասարանային էին կոչվում աշխարհիկ դպրոցները, որոնցում տարբեր դասարանների երեխաները սովորում էին առանձին՝ ի տարբերություն փոխադարձ դպրոցների, որտեղ ավագ աշակերտները սովորեցնում էին փոքրերին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Възрожденските къщи» (Bulgarian)։ Plovdiv Guide։ Վերցված է 2009-11-15 
  2. 2,0 2,1 Бакалов Георги, Милен Куманов (2003)։ «Данов, Христо Груев (27.VII.1828-11.XII. 1911)»։ Електронно издание "История на България" (Bulgarian)։ София: Труд, Сирма։ ISBN 954528613X 
  3. Райчевски Георги (1999)։ Пловдивска енциклопедия (Bulgarian)։ СМ։ OCLC 45659167 
  4. Watkins Richard, Deliso, Christopher (2008)։ «Bulgarian Thrace»։ Bulgaria (3rd ed.)։ Lonely Planet։ էջ 139։ ISBN 978-1-74104-474-4 
  5. Енциклопедия България. — Т. 5. — София: Издателство на БАН, 2012. — С. 1679—1680. — ISBN 978-954-8104-27-2, ISBN 978-954-398-140-3.
  6. Райчевски, Георги, Петков, Петко З. Пловдивските кметове. — Пловдив: изд. «Агенция Седем Д» ООД, 2005. — С. 36.
  7. Българската възрожденска интелигенция (енциклопедия). — София: ДИ «Д-р Петър Берон», 1988. — С. 179—181.