Պետրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պետրա (այլ կիրառումներ)
WorldHeritageBlanc.svg
Պետրա
Petra*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Petra Jordan BW 21.JPG
Երկիր Հորդանան
Տիպ Մշակութային
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1985  (9-րդ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

Պետրա (արաբ․՝ البتراء‎‎‎‎), հին քաղաք, Եդոմի մայրաքաղաքը, ավելի ուշ՝ Նաբաթեայի մայրաքաղաքը[1]: Գտնվում է ժամանակակից Հորդանանի տարածքում՝ ծովի մակարդակից 900 մ և շրջակայքից 660 մ բարձրության վրա՝ Սիկ անունով նեղ կանիոնում:

Դեպի հարթավայր ելքն անցնում է հյուսիսում և հարավում ընկած նեղ կիրճերով, մինչդեռ արևելքում և արևմուտքում ժայռերը միանգամից կտրատվում են՝ առաջացնելով 60 մ բարձրությամբ բնական պատեր։ Պետրայից ոչ հեռու գտնվում են Ադ-դեյր տաճարը և Ահարոնի դամբարանը։

2005 թվականին Պետրան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրան ընկած է առևտրական երկու կարևոր ճանապարհների խաչմերուկում, որոնցից մեկը միացնում էր Կարմիր ծովը Դամասկոսին, մյուսը Միջերկրական ծովի մոտ Պարսից ծոցը կապում է Ղազային: Պարսից ծոցից ուղևորվող քարավանները՝ բարձված թանկարժեք համեմունքներով, ստիպված էին շաբաթներ շարունակ հերոսաբար դիմակայել Արաբական անապատի դաժան պայմաններին, մինչ կհասնեին բավական նեղ Սիկ կանիոնի զովությանը. այնտեղից մոտ էր երկար սպասված Պետրան։ Այնտեղ ճանապարհորդները գտնում էին կերակուր, ծածկ և սառը, կենարար ջուր:

Հարյուրավոր տարիներ առևտուրը Պետրային մեծ հարստություն է բերել։ Սակայն երբ հռոմեացիները բացահայտեցին արևելք տանող ծովային ճանապարհը, համեմունքների առևտրի ցամաքային առևտուրը անկում ապրեց, և Պետրան աստիճանաբար դատարկվեց՝ կորչելով ավազների մեջ։ Պետրայի շատ շինություններ կառուցվել են տարբեր դարաշրջաններում և տարբեր տիրակալների օրոք, այդ թվում՝ իդումեացիների (XVIII-II դարեր մ.թ.ա.), նաբաթեացիների (II դար մ.թ.ա. - 106 թվական մ.թ.), հռոմեացիների (106-395 թվականներ մ.թ.), բյուզանդացիների և արաբների: 12-րդ դարում այն տիրել են խաչակիրները:

Ժամանակակից եվրոպացիներից առաջինը Պետրան տեսել և նկարագրել է շվեյցարացի ճանապարհորդ Յոհան Լյուդվիգ Բուրկհարդը։ Անտիկ թատրոնի հետ այստեղ կարելի է տեսնել նաբաթեացիների շրջանի շինություններ։ Մ. թ. 6-րդ դարից հետո կառուցված շինություններ գրեթե չկան, քանի որ այդ ժամանակ քաղաքն արդեն կորցրել էր իր նշանակությունը։ 20-րդ դարի վերջին Պետրան Հորդանանի՝ ամենից մեծ հռչակ վայելող տեսարժան վայրն էր։ 2007 թվականին այն ընդգրկվել է աշխարհի նոր յոթ հրաշալիքների ցանկում։

Ժամանակակից վիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրան գիշերը

Մեր օրերում տարեկան մեկուկես միլիոն զբոսաշրջիկ է այցելում Հորդանան՝ տեսնելու Պետրան, որի շինությունները խոսում են նրա երբեմնի փառքի մասին։ Քաղաքը դարձել է Հորդանանի խորհրդանիշը[3]: Երբ զբոսաշրջիկները մոտ մեկ կիլոմետր քայլում են Սիկ կանիոնով, շրջադարձին բացվում է Էլ-Քազնեի՝ հսկայական ժայռում քանդակված տաճարի դիմային մասը։ Սա 1-ին դարից համեմատաբար լավ պահպանված շինություն է։ Շենքը պսակում է քարե մեծ խորշը, որում իբր պահվել են թանկարժեք քարեր և ոսկի. այստեղից էլ ծագում է անունը (արաբերենից թարգմանած՝ գանձարան)։ Կանիոնը աստիճանաբար լայնանում է, և զբոսաշրջիկները հայտնվում են բնական ամֆիթատրոնում, որի ավազե պատերում շատ քարանձավեր կան։ Առաջին բանը, որ աչքի է ընկնում, ժայռափոր նկուղներն են։ Ամֆիթատրոնն ու սյունաշարերը վկայում են, որ 1-2-րդ դարերում այստեղ եղել են հռոմեացիները։

Բեդվինները հոգնած զբոսաշրջիկներին առաջարկում են երթևեկել ուղտերով, վաճառում են հուշանվերներ։

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորելով վարպետորեն հավաքել ջուրը՝ Պետրայի բնակիչները հրաշալի տիրապետել են նաև քարով աշխատելու կարողությանը։ «Պետրա» անվանումը հունարեն նշանակում է քար (հունարեն՝ πετρα)։ Եվ, իսկապես, Պետրան քարից քաղաք է. նրա նմանը չի եղել Հռոմեական կայսրությունում: Քաղաքը կառուցող նաբաթեացիները համբերությամբ ապառաժներից կառուցել են տներ, տաճարներ։ Պետրան լավագույնս համադրվել է ավազուտներին, որ հրաշալի նյութ են ծառայել շինարարության համար։ Այդպիսով, մ.թ. 1-ին դարում անապատի սրտում խոյանում է հոյակերտ քաղաք։ Թրծակավե խողովակների շնորհիվ՝ քաղաքի ճարտարապետները ստեղծել են ջրամատակարարման բարդ համակարգ և չնայած չոր կլիմային՝ քաղաքի բնակիչները ջրի կարիք չեն ունեցել։ Ամբողջ քաղաքում եղել է մոտ 200 ջրահորեր, որ ամբարել ու պահպանել են անձրևաջրերը։ Թրծակավե խողովակներով էլ հնարավոր բոլոր աղբյուրներից հավաքվել է ջուրը 25կմ տրամագծով։

Նշանավոր Էլ-Քազնե տաճար-դամբարանի կառուցումը ճարտարապետները նախագծել են գետի ցամաքած հունի մեջ։ Տաճարի կառուցման նպատակով փոխվել է գետի հունը, ինչը ժամանակի համար ցնցող նախագիծ էր։ Ժայռի մեջ փորվել է թունել, որով հեռացվում էր ջուրը, և կառուցվել են պատնեշներ։

Էլ-Քազնե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրայի բազմաթիվ դամբարաններից մեկը

Նշանավոր Էլ-Քազնե տաճար-դամբարանը արաբներն անվանում են փարավոնի գանձարան։ Մինչև օրս լիովին բացահայտված չէ շինության նշանակությունը։ Կա ենթադրություն, որ այն սկզբնական շրջանում եղել է Իսիդային նվիրված տաճար։ Ամեն դեպքում, տաճարի շատ գծեր վկայում են, որ այն կարող էին կառուցել եգիպտական Ալեքսանդրիայի ճարտարապետությանը քաջատեղյակ վարպետները։

Էլ-Քազնեի դամբարանը հին ճարտարապետների և քարագործների մտքի թռիչքի արդյունք է։ Զարմանալ կարելի է, թե ինչ հաշվարկներով, եղանակներով է ժայռը հատվել տաճարի դիմային մասի համար։ Չկան պատասխաններ. կան միայն ենթադրություններ։

Ժայռի հսկայական մակերևույթը քերվել է։ Դրա համար անհրաժեշտ կլինեին անտառներ, բայց այդ տարածքում չկան ծառեր։ Ուրեմն մակերևույթը միանգամից չի փորվել, այլ ժայռի անհարթությունները ծառայել են աստիճաններ։ Այդ դեպքում քարհատները իրենց աշխատանքը սկսել են վերևից և աստիճանաբար իջել ներքև՝ քանդելով ստեղծած աստիճանները։ Մի բան է, երբ կառույցը բարձրանում է գետնից, և կառուցողներն էլ ապահով հարմարանքների վրա են, և մի այլ բան, երբ հսկայական շինությունը կառուցում ես անդունդի վրա կախված։

Պետրա քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրա

Պետրայի տարածքը մեծ մակերևույթ է ընդգրկում։ Կենտրոնից, ուր լավ պահպանվել են արդեն ոչ ժայռափոր շատ շինությունների փլատակներ, այն ձգվում է մի քանի կիլոմետր։

Ամբողջ քաղաքի տարածքով արևելքից արևմուտք ձգվող գլխավոր փողոցը նախագծվել է հռոմեացիների տիրապետության շրջանում։ Նրա երկու կողմերում կան սյունաշարեր։ Փողոցի արևմտյան ծայրը վերջանում էր մեծ տաճարի մոտ, իսկ արևելյանը ավարտվում էր եռաթռիչ հաղթակամարով:

Ժայռափոր Էդ-Դեյր վանքը հսկայական շինություն է՝ 50 մ լայնությամբ և 45 մ բարձրությամբ։ Հաշվի առնելով, որ նրա պատերին խաչեր են քանդակված, կարելի է ենթադրել, որ այն ինչ-որ ժամանակ եղել է քրիստոնեական եկեղեցի։ Եկեղեցու շուրջ կատարված պեղումների ընթացքում հայտնաբերվել է նաբաթեացի թագավորի դամբարան։

Պետրայի տարածք

Ջուրն անապատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրայի տարածքում տարեկան տեղումների քանակը ընդամենը 15 սմ է։ Որպեսզի պահպանեն ջուրը, տեղացիները հենց ժայռերում փորել են ջրանցքներ և ջրահորեր։

Մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրայի բնական և ճարտարապետական ինքնատիպությունը բազմիցս գրավել է կինեմատոգրաֆիստներին։ Այստեղ նկարահանվել են հետևյալ ֆիլմերը.

Համակարգչային խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրան արտացոլված է համակարգչային մի քանի խաղերում.

  • King's Quest V: Absence Makes the Heart Go Yonder!(1990)
  • Praetorians (2003)
  • Lego Indiana Jones: The Original Adventures (2008)
  • Sonic Unleashed (2008)
  • Knights Of The Temple (2004)
  • Civilization V: Gods & Kings (2012)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրայի ավերակներում են կատարվում Ագաթա Քրիստիի «Հանդիպում մահվանը» վեպի գործողությունները։

Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտը հիշատակում է Պետրան «Անմտության լեռնաշղթաներ» վեպում։

«Կարմիր ժայռ» երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին գրվել է Իսրայելում այդ ժամանակների ամենահայտնի երգերից մեկը՝ «Կարմիր ժայռը»: Դրա հիմքը ընկած է 1953 թվականին հրեա հայտնի կապիտան Մեյր Հար-Ցիոնի անօրինական այցը Պետրա. դրանով հրեա զինծառայողների մոտ վտանգավոր սովորույթ դարձավ այդ ուղերթը[4]: 1958 թվականին Իսրայելում երգն արգելվեց. կարմիր ժայռին հասնելու ճանապարհին մահացել էր 12 իսրայելցի[5][6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]