Վառնա (բուլղար․՝ Варна, լատ.՝ Odessus, 1949 թվականի դեկտեմբերից 20-ից մինչև 1956 թվականի հոկտեմբերի 20-ը՝ Ստալին), նավահանգստային և առողջարանային քաղաք Բուլղարիայում։ Բնակչությամբ քաղաքը զբաղեցնում է երկրում երրորդ տեղը, Բուլղարիայի խոշոր մշակութային և ֆինանսական կենտրոն է, ինչպես նաև երկրի կարևոր տրանսպորտային հանգույց։
Վառնան Բուլղարիայի խոշորագույն նավահանգիստն է, կա լաստանավային հաղորդակցություն Օդեսայի, Պորտ Կովկասի, Փոթիի, Բաթումի և Ստամբուլի հետ։ Ըստ 2010 թվականի պաշտոնական տվյալների՝ Վառնայի բնակչությունը կազմում է 366 837 մարդ, սակայն իրականում քաղաքում ապրում է մոտավորապես 600 000[2] մարդ։
Գտնվելով Վառնայի ծոցի ափին և գրավելով ռազմավարական դիրք՝ քաղաքը տնտեսական, հասարակական, մշակութային խոշոր կենտրոնի դեր է խաղացել
շուրջ երեք հազարամյակ[3]։ Պատմական Օդեսոսը[4][5][6][7] (հին հունարեն՝ Ὀδησσός) թրակիական ծովափնյա փոքրիկ բնակավայրից վերածվել է ծովային խոշոր նավահանգստի։
Վառնան այսօր գործարարության, տրանսպորտային, կրթական, զբոսաշրջային, ժամանցային և առողջարանային կարևոր կենտրոն է։ Համարվում է Բուլղարիայի ծովային մայրաքաղաքը. այստեղ են գտնվում երկրի ռազմածովային նավատորմի և առևտրային նավագնացության վարչությունները։ 2008 թվականին, Եվրոպայի խորհրդի որոշմամբ, Վառնան դարձել է Սևծովյան տարածաշրջանի համագործակցության ղեկավար մարմնի նստավայրը[8]։ 2014 թվականին Վառնային է շնորհվել Եվրոպայի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը[9]։
Աշխարհի ամենահին ոսկեղենի գանձարանը, որ թվագրվում է մեր թվականությունից առաջ 4200–4600 թվականներով, հայտնաբերվել է Վառնայի Նեկրոպոլիսում[10]։
Բյուզանդացի պատմիչ Թեոփանես Խոստովանողն առաջին անգամ հիշատակել է Վառնա քաղաքի անունը՝ 6-7-րդ դարերում սլավոնական ցեղերի կողմից Բալկանները նվաճելու առնչությամբ։ Ենթադրվում է, որ այդ անվանումը կարող է վարյագական ծագում ունենալ. վարյագները վաղ միջնադարում կտրում-անցնում էին Սև ծովը՝ հասնելով Կոստանդնուպոլիս։ Շվեդերենում värn նշանակում է "վահան, պաշտպանություն" , այստեղից էլ՝ Վառնա կարող էր նշանակել "պաշտպանված, ամրացված վայր"[11]: Բայց անվանումը կարող է նաև ավելի հին լինել՝ ծագելով նախահնդեվրոպական *u̯er- արմատից, որ նշանակել է "թաց, ջուր, գետ"[12][13] (cf. Varuna), կամ գուցե նախասլավոնական varn («սև») արմատից, կամ էլ՝ իրանական bar - var-ից՝ «ճամբար, բերդ» նշանակությամբ։
↑Grande Lance (2009)։ Gems and gemstones: Timeless natural beauty of the mineral world։ The University of Chicago Press։ էջ 292։ ISBN978-0-226-30511-0։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20։ «The oldest known gold jewelry in the world is from an archaeological site in Varna Necropolis, Bulgaria, and is over 6,000 years old (radiocarbon dated between 4,600BC and 4,200BC).»