Jump to content

Ուզբեկստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուզբեկստանի Հանրապետություն
O‘zbekiston Respublikasi
Ўзбекистон Республикаси
Ուզբեկստանի դրոշ
Դրոշ
Ուզբեկստանի Coat of Arms
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Ուզբեկստանի Հանրապետության ազգային հիմնը
Ուզբեկստանի դիրքը
Ուզբեկստանի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Տաշքենդ
41°16′N, 69°13′E
Պետական լեզուներ Ուզբեկերեն
Կառավարում
 -  Նախագահ Շավկաթ Միրզիյոև
 -  Վարչապետ Աբդուլա Արիպով
Անկախություն ԽՍՀՄ-ից 
 -  Հայտարարված սեպտեմբերի 1 1991 
 -  Ամբողջված դեկտեմբեր 25, 1991 
Տարածք
 -  Ընդհանուր 487,487 կմ²  (52-րդ)
 -  Ջրային (%) 4.9
Բնակչություն
 -  2007 նախահաշիվը 33,372,000  (42 -րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2007 գնահատում
 -  Ընդհանուր $64.201 բիլիոն 
 -  Մեկ շնչի հաշվով $2,389 (159-րդ)
Ջինի (2003) 26.8 (միջին
ՄՆԶԻ (2004) 0.652 (միջին) (122-րդ)
Արժույթ Ուզբեկական սում (O'zbekiston so'mi) (UZS)
Ժամային գոտի UZT (ՀԿԺ+5)
Ազգային դոմեն .uz
Հեռախոսային կոդ +998

Ուզբեկստան, Ուզբեկստանի Հանրապետություն (ուզբեկերեն՝ O‘zbekiston, O'zbekiston Respublikasi), պետություն է Միջին Ասիայի կենտրոնական մասում։ Սահմանակցում է Ղազախստանին հյուսիսում և հյուսիս-արևելքում, Ղրղզստանին՝ հյուսիս-արևելքում, Թուրքմենստանին՝ արևմուտքում և Տաջիկստանին ու Աֆղանստանին՝ հարավում։ Մայրաքաղաքը Տաշքենդն է։ Մեծ քաղաքները՝ Տաշքենդ, Սամարղանդ, Անդիջան, Թերմեզ, Բուխարա, Նուկուս, Ֆերգանա։ Պետական լեզուն՝ ուզբեկերենն է։ Ուզբեկստանի ազգաբնակչության (մոտ 27.372.000) մեծ մասը ուզբեկներ են։ Կան նաև տաջիկներ, ղազախներ, ղրղզներ, թուրքմեններ, ռուսներ, ուկրաինացիներ, հայեր, վրացիներ, հույներ, ադրբեջանցիներ, թուրքեր։ Մուսուլմաններ՝ 88%, քրիստոնյաներ՝ 10%։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային տարազով ուզբեկ մեծահասակ տղամարդ

Բնակչության թվով Ուզբեկստանը գերազանցում է Թուրքմենստանին, Ղրղզստանին ու Տաջիկստանին՝ միասին վերցրած։ Ուզբեկներն ալթայական լեզվաընտանիքի թուրքական լեզվախմբին պատկանող հին ժողովուրդ են։ Նրանք կազմում են երկրի բնակչության մոտ 3/4-ը։ Բնակվում են նաև ռուսներ (նրանց թիվն անկախության տարիների, արտագաղթի հետևանքով, նվազել է), թաթարներ, ղազախներ, տաջիկներ և այլ ազգեր։ Արալյան ծովի շրջանում բնակվոմ են կարակալպակներ։

Երկիրը անհավասարաչափ է բնակեցված։ Որպես չորային երկիր՝ բնորոշ է օազիսային տարաբնակեցումը։ Առավել խտաբնակ են Ֆերգանայի, Զերավշանի և Ամուդարյայի հովիտները։

Բնակչության բնական աճը բարձր է՝ 2.3%։ Քաղաքային բնակչությունն աճում է, սակայն դրա բաժինը դեռևս մեծ չէ (41%)։

Խոշորագույն քաղաքը Տաշքենդն է, որն ունի հազարամյա պատմություն։ Տաշքենդի ագլոմերացիայի բնակչության թիվն անցել է 3 միլիոնը։ Արդյունաբերական, տրանսպորտային, գիտական և տարածաշրջանային քաղաքական, նաև՝ տեքստիլ, գյուղատնտեսական մեքենաշինության (բամբակահավաք կոմբայններ, տրակտորներ), ինքնաթիռաշինության խոշոր կենտրոն է։ Քաղաքը հիմնովին ավերվել է 1966 թ. ուժեղ երկրաշարժից, սակայն շատ կարճ ժամանակում վերակառուցվել է։

Ուզբեկստանի կազմում է Կարակալպակական Ինքնավար Հանրապետությունը՝ Նուկուս մայրաքաղաքով։ Բնակչության թվով երկրորդ քաղաքը Սամարղանդն է, որը գտնվում է Զերավշան գետի հովտում։ Քաղաքն ունի ավելի քան 2 500 տարվա պատմություն։ Մեքենաշինության, քիմիական, թեթև ու սննդի արդյունաբերության և պատմամշակութային խոշոր կենտրոն է։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուզբեկստանը Միջին Ասիայի առավել հզոր տնտեսական ներուժ ու հարուստ մշակույթ ունեցող երկիր է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արագ զարգացավ արդյունաբերությունը, և ագրարային երկիրը դարձավ ինդուստրիալ-ագրարային։

Ուզբեկստանը ԽՍՀՄ-ում առանձնանում էր որպես բամբակ, մետաքսաթել, դրանցից պատրաստված գործվածքներ, բամբակի մշակման ու զտման մեքենաներ և սարքավորումեր, ինքնաթիռներ, բնական գազ, գունավոր մետաղներ, չոր մրգեր մատակարարող հանրապետություն։ Ներկայումս արտադրության ծավալներն զգալիորեն կրճատվել են։ Երկրի էներգետիկան հենվում է սեփական վառելիքային ու գետերի ջրաէներգետիկական պաշարների օգտագործման վրա։ Բնական գազի օգտագործմամբ գործում են մի շարք ջերմային էլեկտրակայաններ՝ Սիրդարյայի, Տաշքենդի, իսկ Անգրենի ջէկ-ները (համապատասխանաբար Սիրդարյա ու Չիրշիկ գետերի վրա)։

Ուզբեկստանում զարգացել է գունավոր մետաղաձուլությունը, որը ներառում է պղնձի, ոսկու, ցինկի, մոլիբդենի արդյունահանումն ու ձուլումը, և որի գլխավոր կենտրոնն Ալմալիկն է։ Սև մետաղաձուլական ոչ մեծ գործարան կա Բեկաբադ քաղաքում։ Մեքենաշինական խոշոր ձեռնարկությունները տեղաբաշխված են Տաշքենդ, Անդիժան, Սամարղանդ և Չիրշիկ քաղաքներում։

Ուզբեկստանում զարգացած է քիմիական արդյունաբերությունը, որը հատկապես սպասարկում է գյուղատնտեսությանը՝ պարարտանյութեր, բազմազան թունաքիմիկատներ արտադրելով, իսկ տեքստիլ արդյունաբերությանը մատակակարում է ներկեր։ Օգտագործվում են սեփական նավթը, բնական գազը, Ղազախստանի Կարաթաու հանքավայրերից ներկրվող ֆոսֆորիտն ու գունավոր մետաղներ ձուլելիս անջատվող արտադրական թափոնները։

Տաշքենդում և Ֆերգանայի հովտի քաղաքներում զարգացած է թեթև արդյունաբերությունը՝ բամբակաթելի, բամբակյա ու մետաքսե գործվածքների արտադրությունը։ Խոշոր կենտրոններն են Սամարղանդը, Մարգիլանը, Տաշքենդը։

Գյուղատնտեսության հիմքը ոռոգովի հողագործությունն է։ Ուզբեկստանի տարածքում է գտնվում Միջին Ասիայի ոռոգովի հողերի 60%-ը։

Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը բամբակագործությունն է։ Բամբակի համախառն բերքով Ուզբեկստանն աշխարհի առաջատար երկրներից է (արտադրվում է ավելի քան 1,5 միլիոն տ)։ Բամբակի բերքով այն գերազանցում էր նախկին ԽՍՀՄ-ի բամբագործության մյուս 5 հանրապետություններին միասին վերցրած։ Բամբակագործությունը զարգացած է հիմնականում Ֆերգանայի հովտում ու վերջին տասնամյակներին յուրացված՝ Սվյալ, Կարիշի, Ջիզակի տափաստաններում։ Մշակում են նաև բրինձ, ցորեն, բանջարեղեն, բոստանային բույսեր (հատկապես՝ հանրահայտ տեղական սեխը)։ Աճեցնում են թթենի, որի տերևներն օգտագործվում են շերամապահության (բնական մետաքսագործության) մեջ՝ որպես թրթուրների կեր։

Անասնապահության գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն է, որը մասնագիտացել է երկու ուղղությամբ՝ կարակուլատու ու մսաճարպատու։ Կարակուլային ոչխարները հատուկ ցեղի են, որոնք լավ հարմարվել են անապատային պայմաններին և բուծվում են Կենտրոնական Ասիայում ու Մերձավոր Արևելքում։ Դրանց յուրահատկությունն այն է, որ մինչև 4 ամսական գառների բուրդը գանգուր է լինում։ Վերջիններիս մորթին մշակելով՝ կարում են գլխարկներ, մուշտակներ։ Բուծում են նաև ուղտեր ու ձիեր։

Որպես անապատային երկիր՝ Ուզբեկստանում առավել զարգացած է երկաթուղային տրասպորտը, որով կապ է հաստատվում և՛ հարևան, և՛ հեռավոր երկրների հետ։ Գլխավոր մայրուղիներն են Տաշքենդ-Օրենբուրգ-Մոսկվա և Տաշքենդ-Թուրքմենբաշի (Կասպից ծովի ափին)։ Այս երկաթուղիները կառուցել է ցարական Ռուսաստանն իր հարավային սահմաներն ամրապնդելու ու Միջին Ասիայի բնական հարստությունները շահագործելու նպատակով։

Ուզբեկստանից գազամուղներ են ձգվում մինչև Ուրալ և Մոսկվա։ Երկրում զարգացած է նաև օդային տրանսպորտը։ Միջազգային նշանակության օդային հանգույցը Տաշքենդն է։ Երկրի արտաքին տնտեսական կապերը վերջին տարիներին էականորեն փոխվել են, սակայն, առևտրական գլխավոր գլխավոր գործընկերները՝ Միջին Ասիայի երկրները, Ռուսաստանն ու Ղազախստանը, մնացել են անփոփոխ։ Նոր կապեր են հաստատվել Ճապոնիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ։

Ուզբեկստանն արտահանում է բամբակ, գործվածքներ, բամբակի մշակության ու զտման մեքենաներ, ներկրում տարբեր տեսակի մեքենաներ և պարենամթերքի որոշ տեսակներ։

Վարչատարածքային բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուզբեկստանի վարչատարածքային բաժանման քարտեզը
  • Անդիջանի վիլոյաթ
  • Բուխարայի վիլոյաթ
  • Ֆերգանայի վիլոյաթ
  • Ջիզակի վիլոյաթ
  • Նամանգանի վիլոյաթ
  • Նավոիի վիլոյաթ
  • Կաշկադարյայի վիլոյաթ
  • Սամարղանդի վիլոյաթ
  • Սիրդարյայի վիլոյաթ
  • Սուրխանդարինյան վիլոյաթ
  • Տաշքենդի վիլոյաթ
  • Խորեզմի վիլոյաթ
  • Կարակալպակստանի Հանրապետություն

Ուզբեկստանը դեպի ծով ելք չունի։ Աշխարհում միայն Լիխտենշթայնը և Ուզբեկստանն են, որ ծով դուրս գալու համար պետք է հատեն երկու պետության տարածք[1]։

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուզբեկստան» հոդվածին։
Ընթերցե՛ք «Ուզբեկստան» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 184