Ֆերգանայի հովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ferghana Valley UZB.JPG

Ֆերգանայի հովիտ, (ուզբ.՝ Farg‘ona vodiysi, տաջիկերեն՝ водии Фарғона, ղրղզ.՝ Фергана өрөөнү), Ֆերգանայի գոգավորություն, Ֆերգանա, միջլեռնային գոգավորություն Տյան Շանի և Հիսարա-Ալայան լեռնային համակարգերի միջև, Միջին Ասիայում, Ուզբեկստանում, Կիրգիզստանում և Տաջիկստանում։

Արևմուտքում նեղ անցումով միանում է Սովյալ տափաստանին։ Ունի եռանկյունու ձև, մոտ 300 կմ երկարություն, մինչև 170 կմ լայնություն։ Տարածությունը 22000 Կմ² է։ Տեկտոնական ճկվածք է լցված ալյուվիալ ու պրոլյուվիալ նետվածքներով։ Հատակի բարձրությունը 330—1000 մ է։ Հարավ-արևելքում ձգվում են բլրաթմբավոր նախալեռները (ադրներ), հյուսիս-արևմուտքում՝ ցածրալեռնային թմբերը։

Ֆերգանայի հովիտը բարձր սեյսմիկության շրջան է։ Կան նավթի, գազի, ածխի, պղնձի, բազմամետաղների և այլ հանքավայրեր։ Կլիման ցամաքային է, չոր։ Գլխավոր գետը Սիրդարյան է, որի ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Կառուցվել են Մեծ Ֆերգանայի և Հարավային Ֆերգանայի ջրանցքները, Կայրակկումի ջրամբարը։ Կան ավազային անապատների և աղուտային տեղամասեր։ Հատակի եզրամասերով ձգվում է օազիսների շերտը (Ֆերգանայի օազիս)։

Ֆերգանայի հովիտը բամբակագործության, շերամապահության և գինեգործության կարևոր շրջան է։ Խոշոր քաղաքներն են Խուդջանդը, Կոկանդը, Ֆերգանան, Նամանգանը, Անդիժանը, Օշը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png