Տաջիկերեն (забони Тоҷикӣ, երբեմն անվանվում է պարսկերենի տաջիկական բարբառ, պարս.՝ فارسی تاجیکی - ֆարսի-տոջիկի), Տաջիկիստանի պետական լեզուն, Աֆղանստանի տարածաշրջանային լեզուներից մեկը, տարածված է նաև Ուզբեկստանի որոշ շրջաններում։ Տաջիկերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական ճյուղավորման իրանական խմբին։
Դասական պարսկերենից առանձնացումը տեղի է ունեցել մոտավորապես 15-րդ դարում։ Ներկայումս տաջիկերենը զգալիորեն տարբերվում է պարսկերենից, իսկ 1940 թվականին կյուրեղյան գրերի հիման վրա այբուբենի ընդունումն էլ ավելի է ամրապնդել այդ տարբերությունը։ Բացի դրանից տաջիկերենի բառապաշարը պարսկերենի համեմատությամբ ավելի արխայիկ է, նրանում նաև մեծ է ռուսերենից փոխառված բառերի թիվը։