Մեռած լեզուներ
Մեռած լեզուներ, որպես կենդանի հաղորդակցման միջոց այլևս չգործածվող լեզուներ։ Տարբերում են չորս կարգի մեռած լեզուներ՝
- Իրենց կրող ժողովուրդների հետ մեկտեղ պատմական ասպարեզից անհետացած լեզուներ, որոնց երբեմնի գոյության մասին կարելի է ենթադրել հարևան ժողովուրդների լեզուների վրա թողած ազդեցությամբ (իրանական որոշ լեզուներ կամ բարբառներ, որոնցից կատարված փոխառությունները պահպանվել են հայերենում)։
- Լեզուներ, որոնց անվանումները և որոշ բառեր՝ հիմնականում անձնանուններ և տեղանուններ, պահպանվել են այլ ժողովուրդների գրավոր աղբյուրներում (սկյութերեն, հայասերեն, թրակերեն են)։
- Լեզուներ, որոնց կրողները ոչնչացել կամ ձուլվել են այլ ժողովուրդների հետ, բայց իրենք ավանդված են բավական հարուստ գրավոր հուշարձաններով (ուրարտերեն, խեթերեն, շումերերեն, եգիպտերեն են)։
- Ներկայումս գոյություն ունեցող կենդանի լեզուների՝ գրավոր աղբյուրներով ավանդված ավելի հին վիճակը ներկայացնող լեզուներ, որոնք, կենդանի գործածությունից դուրս գալուց հետո, երկար ժամանակ պահպանվել են իբրև գրական լեզու (լատիներեն, սանսկրիտ, գրաբար, եկեղեցասլավոներեն են)։
Սովորաբար լեզվի գործածական վիճակից մեռած վիճակի անցումը տեղի է ունենում, երբ որևէ լեզու ուղղակիորեն փոխարինվում է մեկ այլով։ Օրինակ գաղութացման հետևանքով որոշ ամերիկյան բնիկ լեզուներ փոխարինվել են անգլերենով, ֆրանսերենով, պորտուգալերենով, իսպաներենով կամ հոլանդերենով։ Երբեմն լեզուն այնքան շատ փոփոխությունների է ենթարկվում, որ լեզվաբաններն այն պարզապես ուրիշ լեզու են համարում (կամ լեզուն ուրիշ մակարդակում)․ այդպիսի օրինակ է հին անգլերենը, որը ժամանակակից անգլերենի նախահիմքն է եղել։ Նման դեպքերում լեզուն չի դադարում գործածվել, և քանի որ լեզվաբանների՝ մեռած լեզունների դասակարգումը խիստ կամայական է, այսպիսի նախնական լեզուները ամբողջովին մեռած չեն համարվում[1]։ Ենթադրվում է, որ աշխարհի մոտ 7000 գործածական լեզուների 90%-ը կվերանա մինչև 2050 թվականը, քանի որ աշխարհի լեզվային համակարգը հասել է լճացման և նկատելի կերպով վերակազմավորվում է[2][3]։
Գլոբալիզացիա, զարգացում, լեզվի վերացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսական և մշակութային գլոբալացումն ու զարգացումը շարունակվում են մեծ քայլերով առաջ ընթանալ, շատ լեզուներ կվտանգվեն և վերջապես կվերանան։ Տարածաշրջանային և ազգային աճող տնտեսական ներգրավվածության շնորհիվ, մարդկանց համար ավելի հեշտ է հաղորդակցվել և գործարքներ իրականացնել աշխարհում գերիշխող լինգվա ֆրանկայի միջոցով, ինչպիսիք են անգլերենը, չինարենը, իսպաներենը և ֆրանսերենը[4]։ Ամերիկացի լեզվաբան Սառա Գրեյ Թոմասոնը և Թերենս Կոֆմանը իրենց՝ հաղորդակցմանը խթանող լեզվային փոփոխությունների ուսումնասիրության մեջ պնդում են, որ մշակութային ճնշման պայմաններում (երբ մարդկությունը պետք է խոսի գերիշխող լեզվով), կարող են առաջանալ երեք լեզվաբանական հետևանքներ․ առաջինը և ամենատարածվածը այն է, երբ ստորադաս բնակչությունը կտրուկ կերպով կարող է սկսել գերիշխող լեզվով խոսել, մայրենի լեզուն ենթարկելով հանկարծակի մահի։ Երկրորդը, երբ լեզուն մահանում է սերնդեսերունդ փոխանցվելով։ Եվ երրորդ ամենահազվադեպ հետևանքը․ երբ այդ լեզվով խոսողները ինչքան հնարավոր է փորձում են պահել իրենց լեզուն, միևնույն ժամանակ գերիշխող լեզվի քերականական համակարգից փոխառելով որոշ տարրեր (փոխելով ամբողջը, կամ որոշ մասեր)[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ethnologue». Ethnologue. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Study by language researcher, David Graddol». MSNBC. 2004 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին.
- ↑ Ian on Friday, January 16, 2009 61 comments (2009 թ․ հունվարի 16). «Research by Southwest University for Nationalities College of Liberal Arts». Chinasmack.com. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Malone, Elizabeth (2008 թ․ հուլիսի 28). «Language and Linguistics: Endangered Language». National Science Foundation. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Thomason, Sarah Grey & Kaufman, Terrence. Language Contact, Creolization, and Genetic Linguistics, University of California Press (1991) p. 100.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 466)։ |