Անձևացիներ
Անձևացիներ, Անձավացիներ, նախարարական տոհմ Հին Մեծ Հայքի համանուն գավառում։ Ըստ Մովսես Խորենացու, Անձևացիների նախարարությունը հաստատել Է Հայոց ավանդական Վաղարշակ թագավորը։ Ըստ Ղ. Ինճիճյանի, նախարարությունը իր անունն ստացել է Անձևացիք գավառից։ Հայաստանի հոգևոր և քաղաքական կյանքում մեծ դեր ուներ այս տոհմը։ 4-րդ դարի Գրիգոր Լուսավորչին համագործակցում էր Անձևացի մի իշխան՝ կռվելով Արձան քրմապետի դեմ։ Գահնամակում կարևոր տեղ է հատկացված Անձևացիների նախարարությանը, որն ուներ 2 ճյուղ և հայ զորքին տալիս էր 500 զինվոր։ Պապ թագավորի հավատարիմ զինակիցներից էր Գնել Անձևացին։ Անձևացիները մասնակցել են 451- 484 թվականների ազատագրական շարժումներին՝ զորավիգելով հայրենասեր ուժերին։ Ղևոնդ պատմիչը 8-րդ դարի կեսերին հիշում է նշանավոր զորավար, հայ իշխան Տաճատ Անձևացուն (մահացել ՝ 784 թվականին)։ 9-10- րդ դարերում Թովմա Արծրունին Անձևացիներին հիշում է որպես հայրենիքի հավատարիմ պաշտպանների, որոնք ետ են վանել իսլամադավան տիրողների հարձակումները։ 9-րդ դարի վերջից Անձևացիների տոհմը, որ առանձիև իշխանություն Էր, ենթարկվեց Արծրունիներին՝ պահպանելով կիսանկախ վիճակը։ 9-10-րդ դարերի դարերի քաղաքական գործիչ և մատենագիր էր Ատոմ Անձևացին։ 10-րդ դարում գավառի եպիսկոպոսն էր Գրիգոր Նարեկացու հայրը` Խոսրով Անձևացին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968 թվական
- Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, ԱՊԲ, 1887 թվական
- Ոսկյան Ուսումնասիրություններ հայ նախարարություններու մասին, Վնն., 1955 թվական
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 426)։ |