Խաչակրաց երկրորդ արշավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչակրաց երկրորդ արշավանք
Խաչակրաց արշավանքներ
Մերձավոր Արևելքի՝ ձեռքով նկարված քարտեզ: Վերևում Բյուզանդական կայսրությունն է, որը շրջապատված է սելջուկ-թյուրքերով արևմուտքից և հարավից: Այս երկու երկների ներքևում Կիլիկիայի հայկական թագավորությունն է՝ որևմուտքում և Եդեսիայի կոմսությունն արևելքում: Քարտեզի ներքևում Ֆաթիմյան խալիֆայությունն է:
Թվական 1147-1149
Վայր Պիրենեյան թերակղզի, Մերձավոր Արևելք (Անատոլիա, Լևանտ, Պաղեստին), Եգիպտոս
Արդյունք Մուսուլմանների հաղթանակ
  • Խաչակիրների հաղթանակ
    Պիրենեյան թերակղզում
    և Մերձբալթիկայում
  • Եդեսիայի վերականգման անհաջողություն
  • Խաղաղության պայմանագիր
    Բյուզանդական կայսրության
    և Սելջուկ թյուրքերի միջև
  • Եգիպտոսի խաչակրաց արշավանքի սկիզբ
Հակառակորդներ
* Երուսաղեմի
թագավորություն

* Իկոնիայի սուլթանություն

Արևմտյան ռազմաճակատ


Վենդեր

Խաչակրաց երկրորդ արշավանք, ռազմական հակամարտություն Մերձավոր Արևելքում խաչակրաց պետությունների և Զանգիների ամիրայության միջև՝ 1147-1149 թվականներին։ Պատերազմի կոչով հանդես էր եկել Հռոմի Եվգենեոս III (1145-1153) պապը։ Արշավանքի նպատակն էր մուսուլմաններից հետ գրավել Եդեսիան ու վերականգնել տեղի խաչակրաց կոմսությունը։

Խաչակիրների զորքերը ղեկավարել են Բալդուին III (Երուսաղեմ), Լուի VII (Ֆրանսիա), Ալֆոնսո VII (Կաստիլիա), Կոնրադ III (Գերմանիա), Ստեֆեն (Անգլիա) արքաները և իրենց հպատակ ազնվականները։ 1148 թվականին արշավանքին միացան դանիական, ֆլանդրիական, իտալական, չեխական ու լեհական ջոկատները։

Անցնելով Բյուզանդիայի տարածքով դեպի Փոքր Ասիա` ֆրանսիական ու գերմանական բանակները պարտություն կրեցին սելջուկներից։ Համաձայն հիմնական արևմտյան քրիստոնեական աղբյուրի` Օդո Դեյլացու և Սիրիակ Կրիստիանսի, Բյուզանդիայի կայսր Մանուիլ I Կոմնենոսը գաղտնի խոչընդոտել է խաչակիրների առաջխաղացմանը հատկապես Անատոլիայում և հրամայել է սելջուկներին գրոհել նրանց վրա։ Լուիի և Կոնրադի մնացած բանակները մեկնում են Երուսաղեմ և նախապատրաստվում են 1148 թվականին չկազմակերպված գրոհին Դամասկոսի վրա։ Արևելքում խաչակիրները ջախջախիչ պարտություն կրեցին մուսուլմաններից։ 13.000-անոց միացյալ խաչակրաց բանակը, որը պետք է Անգլիայից նավերով ուղևորվեր Սրբազան երկիր, կանգնեցվեց՝ 7.000-անոց պորտուգալական բանակին Լիսաբոնը գրավելու և մուսուլմաններին վտարելու համար։

Խաչակրաց երկրորդ արշավանքը չկարողացավ իրականացնել եվրոպացի միապետների նպատակը՝ ազատագրել Եդեսիան անհավատներից։ Խաչակիր ասպետներն ու միապետները դրա փոխարեն միացան Երուսաղեմի թագավորի զորքերին՝ Դամասկոսի անհաջող գրոհի ժամանակ։

Եդեսիայի անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչակրաց առաջին արշավանքից և փոքր Խաչակրաց արշավանքից հետո արևելքում հիմնադրվեցին երեք Խաչակրաց պետություններ` Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը և Եդեսիայի կոմսությունը։ Չորրորդը` Տրիպոլիի կոմսությունը հիմնադրվեց 1109 թվականին։ Եդեսիան գտնվում էր բոլորից հյուսիս և ամենաթույլն էր ու ամենաքիչ բնակեցվածը և դառնում էր հաճախակի հարձակումների թիրախ մուսուլմանական ժողովուրդների կողմից, այդ թվում Արտուքիների, Դանեշմանդների և Սելջուկների[1]։ Կոմս Բալդվին II-ը և ապագա կոմս Ժոսլեն I-ը գերի ընկան Հառանի ճակատամարտից հետո՝ 1104 թվականին։ Բալդուինը և Ժոսլենը երկրորդ անգամ գերի ընկան 1122 թվականին, և չնայած Եդեսիան քիչ վերականգնվեց 1125 թվականի Ազազի ճակատամարտից հետո, Ժոսլենը սպանվեց մարտի դաշտում 1131 թվականին։ Նրան փոխարինած Ժոսլեն II-ը դաշինք կնքեց Բյուզանդական կայսրության հետ, սակայն 1143 թվականին Բյուզանդիայի կայսր Հովհաննես II Կոմնենոսը և Երուսաղեմի թագավոր Ֆուլկը մահացան։ Ժոսլենը նաև հարաբերությունները խզեց Անտիոքի արքայազնի և Տրիպոլիի կոմսի հետ՝ թողնելով Եդեսիան առանց ուժեղ դաշնակցի[2]։

Մինչդեռ սելջուկ Իմադ ալ-Դին Զանգին, ով Մոսուլից Աթաբեկ էր, իր տիրապետությունը հաստատեց Հալեպում 1128 թվականին՝ իր ձեռքը վերցնելով Սիրիայի հիմնական իշխանությունը։ Զանգին և Բալդվին II-ը ցանկանում էին տիրանալ Դամասկոսին։ Բալդվինը պարտվեց Դամասկոսի մոտակայքում 1129 թվականին[2]։ Դամասկոսը պատկանում էր Բուրիների տոհմին, ավելի ուշ դաշնություն կնքեց Ֆուլկ արքայի հետ, երբ Զանգին պաշարեց քաղաքը 1139 և 1140 թվականներին[3][4]։

1144 թվականի վերջին Ժոսլեն II-ը դաշնությունկնքեց արտոքիդների հետ և շարժվեց դեպի հարավ, որպեսզի օգնի արտքիդներին ընդդեմ Հալեպի։ Զանգին Ֆուլկի մահվանից հետո 1143, օգտվելով առավելությունից շարժվեց դեպի հյուսիս և պաշարեց Եդեսիան, որը ընկավ մեկ ամիս անց 1144 թվականի դեկտեմբերի 24-ին։ Երուսաղեմից օգնության ուղարկվեց զորք օգնության, սակայն արդեն ուշ էր։ Ժոսլեն II-ը շարունակեց կառավեարել երկիրը Տուրբեսելից, սակայն կամաց կամաց մնացած տարածքները անցան մուսուլմաններին կամ վաճառվեցին Բյուզանդիային։ Զանգին իրեն հռչակեց «կրոնի պաշտպան» և ալ-Մալիք ալ-Մանսուր, «հաղթանակող արքա»։ Նա չշարունակեց գրոհը Եդեսիայի մնացած տարածքների կամ Անտիոքի դքսության վրա, քանի որ վախեցած էր։ Մոսուլում տեղի ունեցած իրադարձությունները ստիպեցին նրան վերադառնալ տուն և նա ցանկանում էր ևս մեկ անգամ փորձել նվաճել Դամասկոսը։ Սակայն նա սպանվեց ստրուկի կողմից 1146 թվականին և նրան փոխարինեց իր որդին՝ Նուր ալ-Դինը[5]։

Արշավանքի որոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եդեսիայի անկման վերաբերյալ առաջին հրովարտակը լուրը բերեց Եվրոպա 1145 թվականին Անտիոքից, Երուսաղեմից և Հայաստանից։ Հռոմի պապ Եվգենեոս III-ը գումարեց պապական ժողով նույն տարվա դեկտեմբերի 1-ին և կոչ արեց երկրորդ խաչակրաց արշավանքի[6]։ Եվգենեոսը չէր վերահսկում Հռոմը և ապրում էր Վիտերբոյում[7], սակայն չնայած դրան, նա որոշեց, որ Խաչակրաց երկրորդ արշավանքը պետք է լինի ավելի կազմակերպված և բանակները պետք է գլխավորեն Եվրոպայի ուժեղագույն արքաները, իսկ ուղղությունը պետք է նախապես ծրագրավորված լինի։[8]:

Նոր խաչակրաց արշավանքի կոչի վերաբերյալ արձագանքը թույլ էր, չնայած մինչ այդ պարզ էր, որ Լուի VII Երիտասարդը պետք է իր վրա վերցնի արշավանքի մի մասը։ Լուի VII-ը հայտարարվել էր նոր արշավանքի մասնակից Պապից անկախ իր Բուրգոսի կոմսի կողմից 1145 թվականին։ Դեռևս քննարկելի է այն հանգամանքը, էե Լուին ինքնուրույն է որոշել գնալ արշավանքի, թե նա կատարել է իր եղբոր՝ Ֆիլիպի խոստումը արշավել Սրբազան երկիր։ Հնարավոր է՝ Լուին որոշումը ընդունել է ինքնուրույն՝ իմանալով Պապի կոչի մասին։ Ամեն դեպքում Ֆրանսիայի ազնվականներից շատերը չէին ողջունում Լուիի որոշումը, քանի որ նա թողնում է թագավորությունը մի քանի տարով։ Իմանալով Լուիի ցանկության մասին՝ Եվգենը խանդավառությամբ աջակցեց նրա որոշմանը։

Սուրբ Բեռնար դը Կլերվո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապը պատվիրեց Բեռնար դը Կլերվոյին օրհնել Երկրորդ խաչակրաց արշավանքները, ինչպես դա արել էր Ուրբանոս II Պապը Խաչակրաց առաջին արշավանքից առաջ[9]։ Խորհուրդը հրավիրվեց Բուրգունդիայի Վազլեյ քաղաքում և Բեռնարը քարոզեց այդ մասին մինչ այդ մարտի 31-ին։ Լուի VII Երիտասարդը, նրա կինը՝ Էլեանորը, և լորդերը ընկան Բեռնարի ոտքերը, որպեսզի ստանան ուխտագնացի խաչը։ Այնուհետև Բեռնարը մեկնեց Գերմանիա և հայտարարեց, որտեղ նա ուխտավորի խաչը հանձնեց նաև Գերմանիայի արքա Կոնրադ III-ին և նրա զարմիկ Սրբազան հռոմի կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսին[10]։ Հռոմի պապ Եվգենեոսը անձամբ մեկնեց Ֆրանսիա, որպեսզի խրախուսի ձեռնարկած գործընթացը[11]։

Իր ամբողջ նախանձախնդրությամբ հանդերձ Բեռնարը էությամբ ոչ մոլեռանդ էր, ոչ էլ հալածող։ Ինչպես և առաջին արշավանքներից առաջ քարոզարշավին հետևեցին հարձակումները հրեաների վրա։ Ռուդոլֆ անունով ֆրանսիացի մոլեռանդ մի քահանա կազմակերպեց հրեաների ջարդեր Հռենոսի շրջանում, Քյոլնում, Մայնցում, Վորմսում և Սփեյերում, քանի որ ըստ Ռուդոլֆի հրեաները չէին ֆինանսավորում արշավանքները։ Այս հարձակումներին դեմ էին Քյոլնի արքեպիսկոպոսը և Մայնցի արքեպիսկոպոսը, իսկ Բեռնարը Ֆլանդերից մեկնեց Գերմանիա, որպեսզի կանգնեցնի ջարդերը։ Բեռնարը գտավ Ռուդոլֆին Մայնցում և ուղարկեց նրան իր մենաստան[12]։

Սլավոնական խաչակրաց արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Խաչակրաց երկրորդ արշավանքի կոչը եղավ, բազմաթիվ հարավգերմանացիներ կամավորագրվեցին արշավանքին դեպի Սրբազան երկիր։ Հյուսիսգերամանացի սաքսոնները չցանկացան միանալ արշավանքին։ Նրանք Բեռնարին հայտնեցին իրենց մտադրությունների մասին արշավել սլավոնների դեմ և հանդիպեցին Ֆրանկֆուրտում 1147 թվականի մարտի 13-ին։ Հռոմի պապ Եվգենեոսը հավանություն տվեց սաքսոնների նախագծին ապրիլի 13-ին։ Պապի հայտարարության մեջ ասվեց, որ խաչակրաց արշավանքների մեջ ոչ մի հոգևոր տարբերություն չի կարող լինել։ Սլավոնների դեմ խաչակրաց արշավանքներին կամավորագվեցին դաները, սաքսոնները և լեհերը[13], ինչպես նաև շատ բոհեմիացիներ[14]։ Պապական լեգատ Անսլամ Հավելբերգցին նշանակվեց գլխավոր հրամանատար։ Արշավանքը ղեկավարեցին այնպիսի սաքսոնական ընտանիքներ, ինչպիսիք էին ասկանիացիները, Վեթինները և Շաունբերգերները[15]։

Զայրանալով գերմանացիների կողմից խաչակրաց արշավանքներին մասնակցությունից՝ օբոդրիտները ներխուժեցին Հոլշտայնի Վագրիա քաղաք 1147 թվականի հունիսին, ստիպելով խաչակիրներին սկսել արշավանքը 1147 թվականի ամռան վերջին։ Դուրս քշելով օբոդրիտներին քրիստոնեական տարածքներից, խաչակիրները նշանառության տակ առան նրանց նավահանգիստ Դոբինը և Լյուտիչիական նավահանգիստ Դեմմինը։ Դոբինի վրա հարձակվող զորքերի մեջ էին դանիացի Կնուդ V-ը և Սվեն III-ը, Բրեմենի արքեպիսկոպոս Աբելբերտ II-ը և դուքս Հենրի Լիոնեացին։ Երբ շատ խաչակիրներ ավերում էին երկիրը, մյուսները իրենց հարց էին տալիս,-«Արդյոք այն հողերը, որ մենք ավերում ենք, մեր հողերը չեն, իսկ ժողովրդին, որ կոտորում ենք, մեր ժողովուրդը չէ»[16]։ Հենրիի գլխավորությամբ սաքսոնական բանակը նահանջեց, երբ հեթանոսների առաջնորդ Նիկլոտը համաձայնվեց, որ Դոբինի կայազորը կդառնա քրիստոնյա։

Դեմմինի անհաջող պաշարումից հետո խաչակիրները որոշեցին հարձակվել Պոմերանիայի ուղղությամբ։ Նրանք արդեն հասել էին քրիստոնեական Ցեցին քաղաքը, մտափոխվեցին՝ հանդիպելով Եպիսկոպոս Աբալբերտ Պոմերանացունև արքայազն Ռատիբոր I-ին։ Ըստ Բեռնարի խաչակրաց արշավանքի նպատակն էր կամ կրոնափոխել սլավոններին կամ ոչնչացնել նրանց[17]։

Խաչակրաց արշավանքների արդյունքում չհաջողվեց կրոնափոխել սլավոնների մեծ մասին։ Սաքսոնները կարողացան կրոնափոխել հիմնականում Դոբինի ժողովուրդներին, սլավոնները վերադառնում էին իրենց կրոնին երբ խաչակիրները նահանջում էին։ Ալբերտ Պոմերանացին բացատրեց, որ քրիստոնեությունը չպետք է տարածվի բռնի ուժով[18]։

Արշավանքի վերջում Մեկլենբուրգի և Պոմերանիայի տարածքները թալանվեցին և ավերվեցին, խաղաղ բնակչությունը կոտորվեց հիմնականում Հենրի Լիոնեցու զինվորների կողմից[19]։ Սա օգնեց քրիստոնյաներին նոր հաղթանակներ տանել ապագայում, քանի որ սլավոնական բնակչությունը կորցրեց իր մարդկային և նյութական ռեսուրսների մեծ մասը և դժվարությամբ կարողացան այն վերականգնել[20]։

Ռեկոնկիստա և Լիսաբոնի անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիսաբոնի պաշարումը Դ. Աֆոնսո Հենրիկեսի կողմից նկարված Ժոակիմ Ռոդրիգեսի կողմից (1840):

1147 թվականի գարնանը Պապը թույլատրեց խաչակիրների արշավանքը դեպի Պիրենեյան թերակղզի, որպես Ռեկոնկիստայի մաս։ Նա նաև թույլատրեց Կաստիլիա և Լեոնի արքա Ալֆոնսո VII-ին մուսուլմանների դեմ արշավանքը համարել Խաչակրաց երկրորդ արշավանքի մաս[10]։ 1147 թվականին խաչակիրների առաջին զորախումբը դուրս եկավ Դարտմութից և ուղևորվեց դեպի Սրբազան երկիր։ Վատ եղանակի պատճառով նրանց նավերը ստիպված էին իջևանել Պորտուգալիայի ափին գտնվող Պորտու քաղաքում 1147 թվականի հունիսի 16-ին։ Նրանք այնտեղ հանդիպեցին Պոտուգալիայի թագավոր Աֆոնսո I-ին[21]։

Խաչակիրները համաձայնվեցին օգնել թագավորին հարձակվել Լիսաբոնի վրա, պայմանով որ խաչակիրներին կանցի քաղաքի բարիքները և գերիների փրկագնեի համար վճարված գումարները։ Լիսաբոնի պաշարումը տևեց 1147 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը։ Չորս ամիս անց մուսուլման կառավարիչները համաձայնվեցին հանձնվել՝ չդիմանալով սովին։ Խաչակիրներից շատերը բնակեցվեցին նոր նվաճված քաղաքում, բայց շատերը որոշեցին շարունակել ճանապարհը դեպի Սրբազան երկիր[21]։ Նրանց մի մասը լքել էր ավելի շուտ, որպեսզի գրավեին Սանտարեմը։ Ավելի ուշ նրանք օգնեցին նվաճել Սինտրան, Ալմադան, Պալմելան և Սետուբալը և նրանց թույլատրվեց մնալ նվաճված տարածքներում, որտեղ նրանք բնակություն հաստատեցին և ժառանգներ ունեցան։

Պիրենեյան թերակղզում մյուս մասում Ալֆոնսո VII-ը, Բարսելոնայի կոմս Ռամոն Բերենգեր IV-ը և կատալոնա-ֆրանսիական միավորված բանակը արշավեցին դեպի հարուստ նավահանգիստ Ալմերիա։ Ջենովայի և Պիզայի նավատորմի օգնությամբ քաղաքը գրավեցին 1147 թվականին[10]։

Ռամոն Բերենգերը այնուհետև ներխուժեց Ալ-Մորավիների գերիշխանության տակ գտնվող Վալենսիա և Մուրսիայի թագավորություններ (տայֆա)։ 1148 թվականին նա ֆրանսիացի, անգոլ-նորման և ջենովացի խաչակիրների օգնությամբ նվաճեց Տորտոսան, հինգ ամիս պաշարելուց հետ[10]։ Մյուս տարի Ֆրագան, Լլեյդան և Մեկինենսան նույնպես ընկան նրա տիրապետության տակ[22]։

Զորքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձավոր արևելքը 1135 թվականին: Խաչակիրների պետությունները նշված են կարմիր խաչով

Մուսուլմանական զորքերը այս շրջանում կազմված էին փոքր մարմին ունեցող արհեստավարժ զինվորներից, որոնք հիմնականում կամավոր էին կամ պատերազմական շրջանի զորակոչիկներ։ Այս շրջանի ամենամեծ մուսուլմանական երկիրը Սելջուկյան սուլթանությունն էր, որի տիրապետության տակ էին ներկայիս Իրանի և Իրաքի մեծ մասը և ուներ 10.000-անոց մշտական բանակ։ Սիրիայի մուսուլմանական երկների զորքերը շատ ավելի քիչ էին։ Արհեստավարժ զորքի հիմքը հանդիսանում էին ղուլամները կամ մամլուքները, ովքեր վարժվում էին մանկության տարիներից։ Մամլուքների վարժեցումը արժենում էր մոտ 30 դինար (համեմատության համար Սիրիայում մեկ լավ ձին արժեր 100 դինար

Սակավաքանակ զորք ունեցող մուսուլմանական երկրները աշխատում էին որակյալ դարձնել այն։ Մուսուլմանական երկրների արհեստավարժ զինվորները, որոնք հիմնականում ազգությամբ թուրք էին, որպես կանոն լավ վարժեցված և զինված էին։ Միջին արևելքում իսլամական ռազմական համակարգի հիմքը հանդիսանում էր իկտան, որը համալրվում էր ամեն շրջանից համապատասխան քանակության զինվորներով։ Ռազմական դրության դեպքում քաղաքներում հիմնվում էին ահդաթ ռազմաջոկատներ, որոնց հրամանատարներն էին ռաիսները (պետ), ովքեր հիմնականում էթնիկ արաբներ էին, որոնց նպատակներ հավաքագրել զինվորներ։ Ահդաթ զորաջոկատները ավելի քիչ պատրաստված էին քան թուրքական արհեստավարժ զինվորները և հաճախ ոգեշնչվում էին կրոնով, հատկապես ջիհադի սկզբունքով։ Հետագայում նրանց օգնության եկան թուրքմենական և քրդական զորաջոկատները, ովքեր հավաքագրվում էին պատերազմական ժամանակ, չնայած նրանք հակված էին անկազմակերվածությանը[23]։

Իսլամական հիմնական հրամանատարներից էր Մուին ալ-Դին Ունուրը, ով եղել է Դամասկոսի աթաբեկը 1138-1149 թվականներին։ Դամասկոսը այդ ժամանակ կառավարում էին Բուրիդները, սակայն Անուրը ով զորքի հրամանատարն էր, համարվում էր քաղաքի իրական կառավարիչը։ Պատմաբան Դեյվիդ Նիկոլը բնորոշում էր Անուրին որպես լավ գեներալ և դիվանագետ, նաև հայտնի որպես արվեստի հովանավոր։ Քանի որ Բարիներին 1154 թվականին փոխարինեց Զանգիների տոհմը, Անուրի դերը Խաչակրաց երկրորդ արշավանքում ջնջվեց Զանգիներին հպատակ պատմաբանների և ժամանակագիրների կողմից՝ ավելի մեծ դեր տալով Նուր ալ-Դին Զանգիին, ով Հալեպի ամիրն էր[24]։

Խաչակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական անձնակազմը ընդգրկում էր 2.000 ասպետ, ֆրանսիականը՝ մոտ 700 ասպետ թագավորի հողերից և ավելի քիչ ասպետ ազնվականների հողերից, Երուսաղեմի թագավորությունը ուներ 550 ասպետ և 6.000 հետևակ[25]։

Ֆրանսիական և գերմանական անձնակազմները ունեին մեծ թվով ուղեկցող անձնակազմ, որոնցից շատերը չէին ծառայում խաչակիրներին։

Ֆրանսիացի ասպետները գերադասում էին կռվել ձիու վրա, մինչդեռ գերմանացիները կռվում էին ոտքի վրա։ Հռոմեացի ժամանակագիր Ջոն Կիննամոսը գրել է, որ ֆրանսիացիները կռվում էին ձիու վրա, լավ տիրապետում էին գեղարդին և արագությամբ գերազանցում էին գերմանացիներին, իսկ գերմանացիները լավ կռվում էին ոտքի վրա և լավ օգտագործում էին մեծ սուրը[26]։

Կոնրադ III-ը համարվում էր խիզախ ասպետ, չնայած ճգնաժամային պահերին դրսևորում էր անվճռականություն[27]։ Լուի VII-ը մոլի քրիստոնյա էր, և իր ժամանակիցների կողմից կշտամբվում էր նրա համար, որ իր կնոջը ավելի շատ էր սիրում քան պատերազմել կամ քաղաքականությամբ զբաղվել[28]։

Խաչակրաց արշավանքը դեպի արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգիի սպանությունից հետո Ժոսլենը փորձեց հետ նվաճել Եդեսիան, բայց պարտություն կրեց Նուր ալ-Դինից 1146 թվականի նոյեմբերին։ 1147 թվականի փետրվարի 16-ին ֆրանսիացի խաչակիրները հանդիպեցին Էտամպում, որպեսզի քննարկեն իրենց ուղղությունը։ Գերմանացիները արդեն որոշել էին ուղևորվել Հունգարիայով, քանի որ ծովային ճանապարհը վտանգավոր էր, որովհետև Սիցիլիայի թագավոր Ռոժեր II-ը Կոնրադի թշնամին էր։ Շատ ֆրանսիացի ազնվականներ չէին ցանկանում ճանապարհորդվել ցամաքով, քանի որ նրանք պետք է անցնեին Բյուզանդական կայսրության տարածքով, որը վատ հեղինակություն ուներ դեռևս Խաչակրաց առաջին արշավանքից հետո։ Այնուամենայնիվ որոշվեց հետևել Կոնրադին և որոշվեց սկսել արշավանքը հունիսի 15-ին։ Ռոջեր II-ը վիրավորվեց և խոստացավ այլևս չմասնակցել արշավանքներին։ Ֆրանսիայում Սուգերիոսը և կոմս Վիլիամ II-ը ընտրվեցին թագավորի տեղապահ նրա բացակայության ժամանակ։ Գերմանիայում լրացուցիչ օրհնություն եղավ և Ադամ Էբրախը և Օտտո Ֆրեյզինգը նույնպես ընդունեցին խաչը։ Գերմանացիները որոշեցին սկսել արշավանքը Զատիկին, սակայն հետաձգեցին մինչև մայիս[29]։

Գերմանական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացի խաչակիրներին ուղեկցում էր պապական լեգատ և կարդինալ Տեոդվինը և նախատեսվում էր հանդիպել ֆրանսիացիներին Կոստանդնուպոլսում։ Շտիրայի կոմս Օտտոկար III-ը միացավ Կոնրադին Վիեննայում։ Կոնրադի թշնամի՝ հունգարիայի թագավոր Գեզա II-ը թույլատրեց նրանց անցնել իր տարածքով։ Երբ գերմանական 20.000 բանակը հասավ Բյուզանդիայի տարածք, կայսր Մանուիլ I Կոմնենոսը վախեցավ, որ նրանք կհարձակվեն իր վրա և հրամայեց Բյուզանդիայի զորքերին հավաստիանալ, որ նրանք վտանգ չեն սպառնում։ Եղան փոքր ընդհարումներ Ֆիլիպպոլիսի և Ադրիանապոլսի մոտակայքում, որտեղ բյուզանդացի գեներալ Պրոսոչը ընդհարվեց Կոնրադի զարմիկ Ֆրեդերիկի հետ, ով ապագայում դարձավ Սրբազան Հռոմի կայսր։ Բացի այդ որոշ գերմանացի զինվորներ սպանվեցին սեպտեմբերի սկզբին։ Այնուամենայնից սեպտեմբերի 10-ին նրանք ժամանեցին Կոստանդնուպոլիս, որտեղ Մանուելի հետ հարաբերությունները սրվեցին, որդյունքում տեղի ունեցավ ճակատամարտ, որից հետո գերմանացիները շուտափույտ որոշեցին շարունակել ճանապարհը դեպի Փոքր Ասիա[30]։ Մանուելը ցանկացավ, որպեսզի Կոնրադը զորքի մի մասին թողնի իր մոտ, քանի որ շատ հունական քաղաքների վրա հարձակվում էր Ռոջեր II-ը, սակայն Կոնրադը հրաժարվեց, չնայած Կոնրադը նրա թշնամին էր[31]։

Փոքր Ասիայում Կոնրադը որոշեց չսպասել ֆրանսիացիներին և գրոհեց Կոնիայի ուղղությամբ, որը Փոքր Ասիայի սելջուկյան սուլթանության մայրաքաղաքն էր։ Կոնրադը իր բանակը բաժանեց երկու մասի։ Բյուզանդական կայսրության՝ Փոքր Ասիայի արևելյան հատվածները հիմնականում անմարդաբնակ էին, որոնք անցել էին թուրք քոչվորների ձեռքը[32]։ Կոնրադը իր ասպետների լավագույն զինվորների հետ ուղևորվեց ցամաքային ճանապարհով, մինչդեռ նրա ուղեկցող խումբը ուղևորվեց ափամերձ հատվածներով[33] Թագավորի բանակը գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց 1147 թվականի հոկտեմբերի 25-ին սելջուկների կողմից Դորիլեի ճակատամարտում[34]։

Ճակատամարտում թուրքերը օգտագործեցին իրենց տիպիկ մարտավարությունը, համաձայն որի նրանք նահանջում էին, ապա վերադառնում և գրոհում գերմանական հեծելազորին, որը պոկվել էր հիմնական զորքին որպեսզի հետևի իրենց։ Կոնրադը սկսեց դանդաղորեն նահանջել Կոստանդնուպոլիս, իսկ թուրքերը փոքր ջոկատներով շարունակեցին արյունաքամ անել նրա մնացած զորքին[35]։ Անգամ Կոնրադը վրավորվեց նրանց հետ ընդարման ժամանակ։ Բանակի մյուս մասը նրա եղբայր Օտտո Ֆրեյզինգի գլխավորությամբ արշավեց Միջերկրական ծովի ափային հատվածով և նույնպես պարտվեց սելջուկներին 1148 թվականի սկզբին[36]։ Նրա բանակը ընկավ սելջուկների ծուղակը Լաոդիկեայի մոտակայքում։ Նրանց մեծ մասը սպանվեց կամ գերի ընկավ, իսկ գերիները վաճառվեցին ստրկության[33]։

Ֆրանսիական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի VII

Ֆրանսիական խաչալիրները մեկնարկեցին Մեցից 1147 թվականի հունիսին։ Նրանց գլխավորում էր արքա Լուին, Թիերի Էլզասեցին, Ռենո I-ը, Ամադեուս III-ը և նրա խորթ եղբայր Վիլիամ V-ը, Օվերնի կոմս Վիլիամ VII-ը և այլք, բանակի մեջ մտնում էին Լոթարինգիայի, Բրետանի, Բուրգունդիայի և Աքվիտանիայի զորքերը։ Պրովանսի զորքերը գլխավորեց Ալֆոնս Թուլուզացին և սպասեց մինչև օգոստոս և ուղևորվեց ծովային ճանապարհով։ Գերմանական Վորմս քաղաքի մոտ Լուիին միացան Նորմանդիայի և Անգլիայի խաչակիրները։

Նրանք հետևեցին Կոնրադի ուղուն, որը անցավ հիմնականում խաղաղ պայմաններում, միայն եղավ վեճ Հունգարիայի թագավոր Գեզայի հետ, երբ վերջինս իմացավ, որ Լուին թույլատրել է հունգարացի ուզուրպատորին միանալ արշավանքին։ Բյուզանդական տարածքներում ճանապարհը մռայլ էր, լոթարինգիացիները, ովքեր մնացած ֆրանսիացիներից առաջ էին ընկել վիճաբանության մեջ մտան ավելի դանդաղ շարժվող գերմանացիների հետ, ում նրանք հանդիպել էին ճանապարհին[37]։

Մինչև Լուիի և Մանուել I-ի հանդիպումը, Մանուելը ռազմական գործողություններ սկսեց Իկոնիայի սուլթանության դեմ և զինադադար կնքեց թշնամի սուլթան Մեսուդ I-ի հետ։ Սա արվել էր նրա համար, որպեսզի կենտրոնանա միայն խաչակիրներից Բյուզանդիայի պաշտպանության վրա, քանի որ սկսած առաջին արշավանքներից խաչակիրները ձեռք էին բերել բարբարոսների հեղինակություն։ Այնուամենայնիվ Մանուելը ֆրանսիակաին բանակին ավելի լավ վերաբերվեց, քան գերմանացիներին և Լուիին ճոխ հյուրընկալեցին Կոստանդնուպոլսում։ Շատ ֆրանսիացիները գտնում էին, որ Մանուելը գաղտնի պայմանավորվել է սելջուկների հետ և ծուղակ է նախապատրաստել իրենց համար և կոչ արեցին միավորվել Ռոժեր II-ի հետ և հարձակվել Կոստանդնուպոլսի վրա, սակայն նրանց կանգնեցրեց Լուին[38]։

Երբ բանակները Սավոյից, Օվերնից և Մոնֆերաթից միացան Լուիին Կոստանդնուպոլսում, ովքեր անցել էին ցամաքային ճանապարհով Իտալիայով և կրտրելով Բրինդիզիից Դուրրաս ճանապարհը, ընդհանուր բանակը նավով անցավ Բոսֆորը դեպի Փոքր Ասիա։ Հույները խանդավառվեցին գերմանացիների կողմից Կոնիայի գրավման մասին ասեկոսեները լսելով, բայց Մանուելը հրաժարվեց Լուիին տրամադրել որևէ բյուզանդացի զինվոր։ Բյուզանդիան պատերազմի մեջ էր Սիցիլայի հետ և ամբողջ բյուզանդական զորքը պետք էր Պելոպոնեսում։ Արդյունքում խաչակիրները մտան Ասիա առանց Բյուզանդիայի աջակցության, ի տարբերություն Խաչակրաց առաջին արշավանքի։ Ինչպես Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ, այնպես էլ այս արշավանքի ժամանակ ֆրանսիացիները երդվեցին կայսրությանը վերադարձնել այն հողերը, որոնք կգրավեն կայսրության տարածքում[39]։

Ֆրանսիացիները հանդիպեցին Կոնրադի բանակի մնացած մասին Նիկեայի մոտ, և Կոնրադը միացավ Լուիի բանակին։ Նրանք շարունակեցին Օտտո Ֆրեյզինգի ուղով, որը անցնում էր Միջերկրական ծովի ափով և հասան Եփեսոս դեկտեմբերին, որտեղ իմացան, որ թուրքերը հարձակում են նախապատրաստում իրանց վրա։ Մանուելը նույնպես ուղարկեց իր դեսպաններին, ովքեր տեղեկացրին այն ավերածությունների և թալանի մասին, որոնք իրականացրել էին խաչակիրները իրենց ճանապարհին և նա ոչ մի երաշխիք չէր տալիս, որ բյուզանդացիները կօգնեն խաչակիրներին թուրքերի հարձակման դեպքում։ Կոնրադը այս ընթացքում հիվանդացավ և վերադարձավ Կոստանդնուպոլիս։ Սակայն Լուին ոչ մի ուշադրություն չդարձրեց թուրքերի հարձակման մասին զգուշացումներին և Եփեսոսից շարունակեց արշավանքը։ Իրականում թուրքերը հարձակվեցին Եփեսոսից դուրս, սակայն ֆրանսիացիները հաղթանակ տարան[40]։ Ֆրանսիացիները նաև կարողացան դուրս գալ թուրքերի ծուղակից Մինդեր գետի մոտ։

Նրանք 1148 թվականի հունվարին հասան Լաոդիկեա, մոտավոր այն վայրը, որտեղ Օտտո Ֆրեյզինգը ջախջախվեց[41]։ Շարունակելով արշավանքը բանակի մի մասը Ամադեուսի գլխավորությամբ անջատվեց բանակից և մնացած բանակը Լուիի գլխավորությամբ ծանր պարտություն կրեց Կադմուսի ճակատամարտում։ Թուրքերը այլևս չհարձակվեցին և ֆրանսիացիները ուղևորվեցին Ադաիլա, նրանց հետապնդում էին թուրքերը, ովքեր այրում էին բոլոր բնակավայրերը և մթերքները նրանց ճանապարհին, որպեսզի կտրեին ֆրանսիացիների սննդի մատակարարումից։ Լուին այլևս չցանկացավ արշավել ցամաքային ճանապարհով և որոշեց հավաքել Ադալիայում նավատորմ և դրանով հասնել Անտիոք[34]։ Վատ եղանակային պայմանների պատճառով ոչ բոլոր նավերը կարողացան մեկնել։ Լուին և մնացած բարձրաստիճան անձիք կարողացան մեկնել իրենց նավերով, իսկ մնացած զորքը ստիված էր երկար ճանապարհ կտրել դեպի Անտիոք ոտքով։ Բանակը գրեթե ամբողջությամբ շարքից հանվեց թուրքերի կամ հիվանդությունների միջոցով[42]։

Ճանապարհ դեպի Երուսաղեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայմոնդ Պուատիեցին ընդունում է Լուի VII-ին Անտիոքում:

Լուին հասավ Անտիոք 1148 թվականի մարտի 19-ին, սակայն մրրիկի պատճառով մահացել էր Ամադեուս Սավոյացին Կիպրոսի մոտակայքում ճանապարհին։ Լուիին ընդունեց իր կնոջ հորեղբայր Ռայմոնդ Պուատիեցին։ Ռայմոնդը հուս ուներ, որ Լուին կօգներ նրան արշավել թուրքերի դեմ դեպի Հալեպ, որը Եդեսիայի դարպասն էր, սակայն Լուին նախընտրեց մեկնել Երուսաղեմ և այնտեղ պատրաստվել Խաչակրաց արշավանքի[43]։ Էլեանորի համար հաճելի էր մնալը, սակայն նրա հորեղբայրը համուզում էր նրան մնալ և տիրանալ ընտանեկան հողերին և եթե Լուին հրաժարվեր նրան օգներ, պետք բաժանվեր նրանից[44]։ Այս ընթացքում եղան ասեկոսեներ, որ Ելեանորը համաձայնվել էր Ռայմոնդի հետ, ինչը վատ անդրադարձավ նրա ամուսնական կյանքի վրա[45]։ Լուին արագորեն հեռացավ Անտիոքից Տրիպոլի` ձերբակալելով Էլեանորին։

Օտտո Ֆրեյզինգի և նրա ողջ մնացած զորքը հասավ Երուսաղեմ ապրիլի սկզբին, իսկ Կոնրադը` քիչ ժամանակ անց[46]։ Երուսաղեմի պարտրիարք Ֆուլկը ուղարկվեց, որպեսզի հրավիրի Լուիին միանալ նրանց։ Լիսաբոնում կանգնեցված նավատորմի մի մասը ժամանեց մոտավոր այս ժամանակներում, ինչպես նաև ժամանեցին պրովինցիացիները, ովքեր մեկնել էին Եվրոպայից Թուլուզի կոմս Ալֆոնսո Ջորդանի գլխավորությամբ։ Ալֆոնսոն չհասավ Երուսաղեմ, քանի որ մահացել էր ճանապարհին։ Խաչակրաց արշավանքի սկզբնական նպատակն էր Եդեսիան, սակայն Բալդուին III-ը և Տաճարականների միաբանությունը գերադասում էին արշավել Դամասկոս[43]։

Իմանալով խաչակիրների նպատակների մասին Դամասկոսի կառավարիչ Մուին ալ-Դին Ունուրը արագորեն սկսեց պատրաստվել պատերազմի՝ ամրացնելով Դամասկոսի պարիսպները, ներգետնյա ուղիներ պատրաստելով դեպի ջրային հատվածներ և հավաքագրելով նոր զինվորներ։ Անուրը նաև օգնություն խնդրեց Հալեպի և Մոսուլի Զանգիդ կառավարիչներից (չնայած նրանք հանդիսանում էին իր հակառակորդները), սակայն նրանց ուղարկած զորքերը ժամանակին չհասան և չմասնակցեցին Դամասկոսի մոտակայքում տեղի ուեցած ճակատամարտին։ Հնարավոր է, որ Զանգիները միտումնավոր ուշ ուղարկեցին զորքերը՝ հույս ունենալով, որ Դամասկոսը կընկնի մինչև նրանց ժամանումը[47]։

Աքքայի ժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայից ժամանած խաչակիրներին Երուսաղեմում ջերմ հյուրընկալեցին և հայտնեցին, որ նախապատրաստում են գումարել ժողով, որի ժամանակ կորոշվի խաչակիրների հետագա նպատակները։ Ժողովը կայացավ 1148 թվականի հունիսի 24-ին Աքքա քաղաքի մոտ։

Քննարկման որդյունքում որոշվեց գրոհել Դամասկոսի վրա, որը Երուսաղեմի նախկին դաշնակիցն էր, սակայն Զանգիդների հետ միասին ուխտադրույժ հարձակվել էր Երուսաղեմի դաշնակից Բոսրա քաղաքի վրա 1147 թվականին[48]։ Պատմաբանները մանրամասնորեն ուսումնասիրել են խաչակիրների այս որոշումը և եզակի եզրահանգման չեն եկել։ Շատ պատմաբաններ գտնում էին, որ ավելի լավ կլիներ ուշադրությունը կենտրոնացնել Զանգիդների վրա։ Իսկ օրինակ այլ պատմաբանների, ինչպիսիք են Դեյվիդ Նիկոլը, գտնում էին, որ ճիշտ որոշում էր հարձակվել Դամասկոսի վրա՝ պնդելով որ Դամասկոսը ամենաթույլ մուսուլմանական երկիրն էր հարավային Սիրիայում, և եթե խաչակիրները վերցնեին Դամասկոսը, ապա ավելի լավ դիրք կունենային հարձակվելու մյուս երկու մուսուլման երկրների վրա։ Քանի որ Անուրը ամենաթույլն էր, ապա Դամասկոսը հետագայում կգրավեր Նուր ալ-Դինը և խաչակիրների համար ավելի լավ կլիներ ավելի շուտ գրավել Դամասկոսը քան Զանգիները[49]։ Հուլիսին խաչակիրները սկսեցին արշավանքը դեպի Դամասկոս՝ Գալիլեյան ծովի երկայնքուվ Բանիասի ճանապարհով։ Համարվում էր, որ խաչակիրների զորքերը կազմում էին 50.000 զինվոր[50]։

Դամասկոսի պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամասկոսի պաշարում

Խաչակիրները որոշեցին հարձակվել Դամասկոսի վրա արևմուտքից, որտեղ պտղատու այգիները կհոգային սննդի խնդիրները[34]։ Նրանք հասան Դարայա հուլիսի 23-ին։ Հաջորդ օրը մուսուլմանները սկսեցին հարձակումները Դամասկոսից դուրս գտնվող այգիներում տեղակայված խաչակիրների վրա։ Մյուս խաչակիրները հետ շպրտվեցին քաղաքի պարիսպների մոտակայքից դեպի այգիներ, որտեղ նրանց արնաքամ էին անում պարտիզանական հարձակումների միջոցով[43]։

Համաձայն Վիլիամ Տիրացու, հուլիսի 27-ին խաչակիրները որոշեցին գրոհը տեղափոխել Դամասկոսի արևելյան մաս, որտեղ ավելի քիչ պաշտպանված էր քաղաքը, սակայն սննդի և ջրի պաշարները քիչ էին[34]։ Կան տեղեկություններ, որ Ունուրը խոստացել է խաչակիրներին խզել դաշնությունը Զանգիդների հետ, եթե նրանք վերադառնան տուն[43]։ Խաչակիրների շատ լորդեր հրաժարվեցին քաղաքի պաշարումից և երեք քրիստոնյա արքաներ այլ ելք չունեին և լքեցին քաղաքը[34]։ Առաջինը Կոնրադը, այնուհետև մնացած զորքը ճանապարհվեցին դեպի Երուսաղեմ, ու հետևեցին թուրք նետաձիգները և մեծ կորուստներ պատճառեցին[51]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջերկրական աշխարհը Խաչակրաց երկրորդ արշավանքից հետո 1173 թվականին:

Յուրաքանչյուր քրիստոնեական բանակ իրեն ճնշված էր զգում մյուսի կողմից[34]։ Նոր նպատակ դրվեց գրավել Աշկելոնը և Կոնրադը իր զորքին տարավ այնտեղ, սակայն օգնություն չեկավ և որոշվեց հրաժարվել քաղաքի գրավումից։ Սկսեց տիրել անվստահության մթնոլորտը, որը տևեց մի քանի սերունդ և բերեց քրիստոնյաների շարունակական պարտություններին Սրբազան երկրում։ Աշկելոնի անհաջողությունից հետո Կոնրադը վերադարձավ Կոստանդնուպոլիս որտեղ դաշնություն կնքեց Մանուելի հետ։ Լուին մնաց Երուսաղեմում մինչև 1149 թվականը և իր կնոջ՝ Ելեանորի հետ տարբեր նավերով մոկնեցին Ֆրանսիա[52]։

Բեռնար դը Կլերվոն իր պարտքը համարեց ներողություն խնդրել պապից, որի մասին գրեց իր Քննադատական գրքի երկրորդ մասում։ Այստեղ նա բացատրեց թե ինչպես խաչակիրների մեղքերը առիթ հանդիսացան նրանց պարտության։ Նոր արշավանք կազմակերպելու նրա փորձերը ձախողվեցին[53]։ Նա մահացավ 1153 թվականին[53]։

Գերմանիայում խաչակիրների արշավանքը համարվեց ֆիասկո, և շատ հոգևորականներ քարոզեցին, որ պարտությունը կարող է լինել միայն սատանայի ձեռքի գործը։ Վյուրցբուրգի պատերից մեկի վրա անհայտ հոգևորականի կողմից թողնվել է գրառում, որում նշված է, որ մի քանի տասնամյակ հետո փրկագնի միջոցով ազատվել են մի քանի գերմանացի ասպետներ մի միջին տարիքի հայից։ Խաչակիրների ուղեկցողները, որոնք գերի էին ընկել թուրքերին և վաճառվել ստրկության այդքան հաջողակ չէին։ Հայտնի 113 անձանցից 22-ը մահացել էին, 42-ը վերադարձել տուն, մնացածի ճակատագիրը անհայտ է։ Չնայած հիշողությունները Խաչակրաց արշավանքների մասին մռայլ էին, սակայն նրա մասին շատ են գրվել 12-րդ դարի վերջի գերմանական գրականության մեջ։

Խաչակրաց արշավանքի մշակութային ազդեցությունը Ֆրանսիայի վրա ավելի շատ էր, շատ տրուբադուրներում ներկայացվում էր Էլեանորի և Ռայմոնդի պայմանավորվածությունը, որը օգնում էր զարգացնել սիրո թեման։ Ի տարբերություն Կոնրադի, Լուիի կերպարը արշավանքից հետո լավացավ, քանի որ ֆրանսիացիները նրան համարեցին տառապյալ ուխտագնաց թագավոր[54]։

Բյուզանդիայի և Ֆրանսիայի հարաբերությունները արշավանքից հետո կտրուկ վատացան։ Լուին և այլ ֆրանսիացի լորդեր մեղադրում էին Մանուել I-ին թուրքերի հետ գաղտնի պայմանավորվածության կապակցությամբ և իրենց վրա Փոքր Ասիայում գործած հարձակումների մեջ։ Այս հարաբերությունները մնացին լարված մինչև 13-րդ դարը։ Բյուզանդիան այս արշավանքները համարեց դիվանագիտական հաղթանակ[55]։ Արքեպիսկոպոս Աուստատիուս Սալոնիկեցու կողմից Մանուել կայսրին ուղղված գովեստում գրված է

«Նա կարողացավ այնպես անել, որ մի թշնամին դուրս եկավ մյուսի դեմ, երկրին բերելով խաղաղություն և բարեկեցություն»[55]։

Սլավոնների դեմ խաչակրաց արշավանքի արդյունքը խառն էր։ Մինչդեռ սաքսոնները ամրապնդեցին իրենց դիրքերը Վագրիայում և Պոլաբիայում, պագանները նվաճեցին Օբիտրիտների հողերը, որոնք գտնվում էին Լուբեկի արևելքում։

Պիրենեյան թերակղզում արշավանքների որդյունքում գրավեցին Լիսաբոնը, բացի այդ եղան փոքր այլ հաղթանակներ[22]։

Արևելքում իրավիճակը քրիստոնյաների համար շատ ավելի մռայլ էր։ Սրբազան երկրում Խաչակրաց երկրորդ արշավանքը ունեցավ երկարաժամկետ ողբերգական հետևանք։ 1149 թվականին մահացավ աթաբեկ Անուրը և ամիր Աբու Սաիդ Մուջիր ալ-Դին Աբակ իբն Մուհամմադը վերջապես սկսեց կառավարել։ Դամասկոսի ռայս և ահդաթի հրամանատար Մուայադ ալ-Դավհալ Իբն ալ-Սուֆին համարեց որ խաչակիրների ջախջախման վճռական դերը իրենն է, ապստամբեց Աբակի դեմ[56]։ Դամասոսում տեղի ունեցած կռիվներից հետո վերջ դրվեց Բուրիների իշխանությանը[57]։ 1154 թվականին Դամասկոսը նվաճեց Նուր ալ-Դինը կարճատև պաշարումից հետո[56]։

Բալդվին III-ը վերջապես գրավեց Աշկալոնը 1153 թվականին, ինչի արդյունքում ընդարման մեջ մտավ Եգիպտոսի հետ։ Երուսաղեմն ի վիճակի էր զարգացնել իր առաջխաղացումը դեպի Եգիպտոս՝ կարճ ժամանակով տիրանալով Կահիրեին 1160-ական թվականներին[58]։ Այնուամենայնիվ հարաբերությունները Բյուզանդիայի հետ տարբեր էին և օգնությունը Եվրոպայից նվազել էր խաչակրաց արշավանքի անհաջողության պատճառով։ Երուսաղեմի արքա Ամալրիկ I-ը դաշնություն կնքեց բյուզանդացիների հետ և արշավեց Եգիպտոս 1169 թվականին, սակայն անհաջող։ 1171 թվականին ազգությամբ քուրդ Սալահ ալ-Դինը, ով Նուր ալ-Դինի գեներալներից մեկի զարմիկն էր, դարձավ Եգիպտոսի սուլթան` միավորելով Եգիպտոսը և Սիրիան և վերջնականապես շրջափակեց քրիստոնյաների թագավորությունը։ Մինչդեռ Բյուզանդիայի հետ դաշնությունը ավարտվեց Մանուել I-ի մահից հետո և 1187 թվականին Երուսաղեմը ընկավ Սալահ ալ-Դինի ձեռքը։ Նրա զորքերը շարունեկեցին հաղթարշավը, որպեսզի գրավեն խաչակրաց պետությունների բոլոր մայրաքաղաքները` հրահրելով Խաչակրաց երրորդ արշավանքը[59]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Riley-Smith, 2005, էջեր 50-53
  2. 2,0 2,1 Tyerman, 2006, էջեր 185-189
  3. Runciman, 1952, էջեր 227-228
  4. Ousâma ibn Mounkidh, un émir syrien au premier siècle des croisades, p.182 (in BnF)
  5. Runciman, 1952, էջեր 225-244
  6. Tyerman, 2006, էջեր 273-275
  7. Tyerman, 2006, էջ 289
  8. Tyerman, 2006, էջ 298
  9. Bunson, 1998, էջ 130
  10. 10,0 10,1 10,2 10,3 Riley-Smith, 1991, էջ 48
  11. Tyerman, 2006, էջեր 275-281
  12. Tyerman, 2006, էջեր 281-288
  13. Davies, 1996, էջ 362
  14. Herrmann, 1970, էջ 326
  15. Herrmann, 1970, էջ 328
  16. Christiansen, 1997, էջ 55
  17. Christiansen, 1997, էջ 53
  18. Christiansen, 1997, էջ 54
  19. Barraclough, 1984, էջ 263
  20. Herrmann, 1970, էջ 327
  21. 21,0 21,1 Runciman, 1952, էջ 258
  22. 22,0 22,1 Riley-Smith, 1991, էջ 126
  23. Nicolle, 2009, էջեր 28-30
  24. Nicolle, 2009, էջեր 19-21
  25. Nicolle, 2009, էջ 24
  26. Nicolle, 2009, էջեր 26-27
  27. Nicolle, 2009, էջ 17
  28. Nicolle, 2009, էջ 18
  29. Runciman, 1952, էջեր 257, 259
  30. Nicolle, 2009, էջեր 42
  31. Runciman, 1952, էջեր 259-267
  32. Nicolle, 2009, էջեր 43
  33. 33,0 33,1 Nicolle, 2009, էջեր 46
  34. 34,0 34,1 34,2 34,3 34,4 34,5 Riley-Smith, 1991, էջ 50
  35. Nicolle, 2009, էջեր 47
  36. Runciman, 1952, էջեր 267-270
  37. Runciman, 1952, էջեր 259-263
  38. Runciman, 1952, էջեր 268-269
  39. Runciman, 1952, էջ 269
  40. Runciman, 1952, էջեր 270-271
  41. Riley-Smith, 1991, էջ 51
  42. Runciman, 1952, էջեր 272-273
  43. 43,0 43,1 43,2 43,3 Brundage, 1962, էջեր 115-121
  44. Nicolle, 2009, էջ 54
  45. Nicolle, 2009, էջեր 18, 54
  46. Riley-Smith, 1991, էջեր 49-50
  47. Nicolle, 2009, էջ 55
  48. Nicolle, 2009, էջեր 54-55
  49. Nicolle, 2009, էջեր 37-38
  50. Runciman, 1952, էջեր 228-229
  51. Baldwin, Setton, էջ 510
  52. Nicolle, 2009, էջ 77
  53. 53,0 53,1 Runciman, 1952, էջեր 232-234, 277
  54. Nicolle, 2009, էջեր 81-84
  55. 55,0 55,1 Nicolle, 2009, էջ 84
  56. 56,0 56,1 Nicolle, 2009, էջեր 78
  57. Nicolle, 2009, էջեր 81
  58. Riley-Smith, 1991, էջ 56
  59. Riley-Smith, 1991, էջ 60