Հակոբ Մելքոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Մելքոնյան
բուլղար․՝ Агоп Мелконян
Հակոբ Մելքոնյան.jpg
Ծնվել էմարտի 10, 1949(1949-03-10)[1]
ԾննդավայրԲուրգաս, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Վախճանվել էհուլիսի 23, 2006(2006-07-23)[1] (57 տարեկանում)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանԲուրգաս
Մասնագիտությունգրող, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող, թարգմանիչ և հրատարակիչ
Լեզուբուլղարերեն և հայերեն
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Ժանրերֆանտաստիկա և գիտահանրամատչելի գրականություն
ԱշխատավայրՍոֆիայի համալսարան

Հակոբ Մկրտիչի Մելքոնյան (բուլղար․՝ Агоп Мъгърдич Мелконян, 10 մարտի, 1949, Բուրգաս[2] - 24 հուլիսի, 2006, Սոֆիա), հայկական ծագմամբ բուլղարացի ֆանտաստ գրող, թարգմանիչ, գիտահանրամատչելի հրատարակությունների հեղինակ և հրատարակիչ։ Ֆանտաստիկայի բնագավառում «Գրավիտոն» ազգային մրցանակի առաջին դափնեկիր (1991 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Մելքոնյանը ծնվել է 1949 թվականի մարտի 10-ին Բուրգասում, Հայաստանից գաղթածների ընտանիքում։ Ավարտել է Բուրգասի հայկական ուսումնարանը, որից հետո Պլովդիվում սովորել է էլեկտրատեխնիկումում։ Հետագայում ստացել է երկու բարձրագույն կրթություն. 1974 թվականին ավարտել է Ճարտարագիտական համալսարանը, 1977 թվականին՝ Սոֆիայի համալսարանի լրագրության ֆակուլտետը[3]։

Հակոբ Մելքոնյանն իր բանաստեղծություններն սկսել է տպագրել 1968 թվականին[3]։ Ուսանողական տարիներին տարբեր նյութեր է կազմել պարբերական հրատարակությունների համար, գրել է պիեսներ, որոնք հետագայում բեմադրվել են Բուլղարիայի թատրոններում։ 1972 թվականից մինչև 1992 թվականը Հակոբ Մելքոնյանը եղել է «Օրբիտա» շաբաթաթերթի մշտական հեղինակ և տպագրել հոդվածներ գիտական ու տեխնիկական թեմաներով. «Օրբիտա» շաբաթաթերթում նա հրատարակել է շուրջ չորս հազար հոդված։ Հակոբ Մելքոնյանը հեղինակել է նաև չորս գիտահանրամատչելի գրքեր և տասը գիտահանրամատչելի ֆիլմերի սցենարներ[4]։

Հակոբ Մելքոնյանը Բուլղարիայի լրագրողների միության, Բուլղարացի գրողների համագործակցության և Լրագրողների միջազգային կազմակերպության անդամ է[3]։ 1972 թվականին հրատարակվել է նրա առաջին ֆանտաստիկ պատմվածքը՝ «Ամենաերկար ծիծաղը»։ 1980 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրգը՝ «Հիշողություն աշխարհի մասին» ժողովածուն, իսկ 1984 թվականին գրվել է «Անտիուտոպիան», որ գիտաֆանտաստիկ ժանրի առաջին պիեսն է Բուլղարիայում։ 1989 թվականին Հակոբ Մելքոնյանը գրել է «Մահ լվացարանում» վեպը, որ պատմում է արհեստական մարդկանց ստեղծման մասին, ովքեր ընդունակ են բազմանալու և «բուժելու» իրենց ստեղծողներին ստեղծագործական ինքնուրույն մտածողությունից։ 1990-ական թվականների սկզբին վեպը պիտի լույս տեսներ առանձին գրքով, սակայն անհայտ պատճառներով ոչնչացվել է ամբողջ տպաքանակը, բացի որոշ նմուշներից[4]։

Վիտալի Կարացուպան «Ֆանտաստիկայի արխիվում» նշում է Հակոբ Մելքոնյանի նուրբ պսիխոլոգիզմն ու փիլիսոփայական ֆանտաստիկայի անթերի ոճը[4]։ Մելքոնյանի ստեղծագործությունները թարգմանվել են 65 լեզուներով[2]։ Մելքոնյանը հայտնի է եղել նաև որպես թարգմանիչ, ով բուլղարերեն է թարգմանել անգլերեն ու ռուսերեն ֆանտաստիկ երկեր, այդ թվում՝ Էդգար Ալան Պոյի, Ֆրեդերիկ Բրաունի, Ա. և Բ. Ստուգացկիների[4], Կիր Բուլիչյովի[5] ստեղծագործությունները։

1979 թվականին Հակոբ Մելքոնյանը եղել է Վառնայի «Գեորգի Բակալով» հրատարակչության «Գրադարան „Գալակտիկա“» շարքի հիմնադիրներից մեկը՝ լինելով նրա խմբագրական կոլեգիայի անդամ մինչև 1990 թվականը։ 1990 թվականից Հակոբ Մելքոնյանը եղել է ֆանտաստիկայի «Օմեգա» ամսագրի գլխավոր խմբագիր և հրատարակիչ, իսկ 1997 թվականին հիմնադրել է ևս մեկ ֆանտաստիկայի ամսագիր՝ «Върколак» (1999 թվականից կրում է «Зона F» անվանումը)։ Հրատարակել է բուլղարական ֆանտաստիկայի մի քանի անթոլոգիաներ, 1993 թվականից եղել է «Էրատո-Արտ» հրատարակության տնօրենը, որը կենտրոնացած է դասական քնարերգության վրա[4]։

Հակոբ Մելքոնյանը եղել է Սոֆիայի համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիրներից մեկը, այդ համալսարանում դասավանդել է հայկական բանասիրություն[2]։ Թարգմանել է հայ քնարերգության նմուշներ[3]։ Ուսումնասիրել է հայ գրականություն, մասնակցել է «Հայ նկարիչները Բուլղարիայում, 1897—1997» (1997), «Հայ քնարերգություն», «5-18-րդ դարերի հայ գրականություն» և «Հայկական սրբապատկերներ» (բոլորը՝ 2001) ժողովածուները[4]։

Հակոբ Մելքոնյանը ամուսնացած էր, ուներ երկու որդի։ Մահացել է 2006 թվականին Սոֆիայում արյան քաղցկեղից։ Թաղված է Բուրգասում[4]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկը բերված է ըստ «Ֆանտաստիկայի արխիվի» տվյալների[4]

Վեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 - Մահ լվացարանում

Վիպակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 - Հիշողություն աշխարհի մասին
  • 1983 - Իմ խեղճ Բեռնանդիե
  • 1983 - Մեղավոր և անձեռնմխելի
  • 1987 - Սպանություն Նոր Բաբելոնում

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 - Հիշողություն աշխարհի մասին
  • 1983 - Մեղավոր և անձեռնմխելի
  • 1987 - Via Dolorosa
  • 1999 - Կենդանի ստվերներ
  • 2004 - Իրարանցում հոգիների համար
  • 2007 - …տարածություն, որին չի դիպել խայտառակությունը
  • 2009 - Սանդուղքով դեպի վեր՝ Աստծո մոտ

Պիես[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984 - Անտիուտոպիա

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Հակոբ Մելքոնյանը դարձել է «Գրավիտոն» ազգային մրցանակի առաջին դափնեկիրը, որը շնորհվում է ֆանտաստիկ ժանրի գրական կամ արվեստի գործերի համար[2]։ Նա «Եվրոկոն-2006» կոնգրեսում ներկայացվել է Եվրոպայի լավագույն ֆանտաստ հեղինակի մրցանակին[6]։ Հակոբ Մելքոնյանի մահվանից հետո նրա անվամբ է կոչվել Բուրգասի փողոցներից մեկը[4], իսկ 2006 թվականի սեպտեմբերին նրան հետմահու շնորհվել է Բուրգասի պատվավոր քաղաքացու կոչում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Мария Атанасова. (10 марта 2014)։ «Имена и события: Писатель-фантаст Агоп Мелконян»։ Radio Bulgaria։ Վերցված է 2016-04-05 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Агоп Мелконян. Мортилия. — Дети Ра. — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Виталий Карацупа. (2006—2012)։ «Мелконян Агоп Мъгърдич»։ Архив фантастики։ Վերցված է 2016-04-05 
  5. «Агоп Мелконян»։ Литературен свят (բուլղարերեն)։ Վերցված է 2016-04-05 
  6. «Номинации Еврокона»։ Еврокон-2006։ 13 апреля 2006։ Վերցված է 2015-04-05 
  7. «Почетни граждани на Бургас» (բուլղարերեն)։ Общински съвет Бургас։ Վերցված է 2016-04-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]