Սպահանի հայոց թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սպահանի թեմից)
Jump to navigation Jump to search

Սպահանի թեմը մինչև 1960 թվականը կոչվել է Իրանա-Հնդկաստանի թեմ։ Առաջնորդանիստը Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքն է։ 1958 թվականին անջատվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գերակայության ներքո՝ պահելով թեմի անվանումը մինչև 1960 թվականը, ապա կոչվել է Սպահանի և Հարավային Իրանի թեմ, 1995 թվականից՝ Սպահանի թեմ։

Սուրբ Ամենափրկիչ վանք ,Նոր Ջուղա

Թեմի ներկայիս վարչական սահմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմի ներկայիս վարչական սահմանների մեջ մտնում են Սպահանը (որի մեկ շրջանն է Նոր Ջուղան), Շահինշահր նորակառույց քաղաքը, Փերիայի գավառը, Շիրազը և Խուզեստանը։ Թեմում գործում են թեմական և կրոնական խորհուրդներ, որոնք թեմակալ առաջնորդի նախագահությամբ վարում են թեմի կրոնական, ազգային, մշակութային, կրթական ու շինարարական աշխատանքները։

Սուրբ Ստեփանոս վանք (Դարաշամբ)

Թեմական խորհրդի ենթակաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմական խորհրդին անմիջականորեն ենթակա են թեմի կրթական խորհուրդը (Նոր Ջուղայի նախկին Հայոց դպրոցների հոգաբարձությունը), Մշակութային հանձնախումբը, Բարեսիրաց մարմինը, Գերեզմանատուն բարեզարդման հանձնախումբը, Սուրբ Ամենափրկիչ վանքի «Կոմիաաս» երգչախումբը և այլն։ Կրոնական խորհրդի ենթակա մարմիններն են Կտակային տեսչությունն ու Նոր Ջուղայի հայոց եկեղեցյաց վարչությունը։

1978-2002 թվականներին Սպահանի թեմի առաջնորդն է եղել Կորյուն արքեպիսկոպոս Պապյանը։ 2002 թվականից թեմի առաջնորդական տեղապահն է Շահան ծ. վարդապետ Սարգսյանը։

Նոր Ջուղայի եկեղեցիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմի տարածքում եղել է ավելի քան 100 եկեղեցի, այսօր կանգուն են 30-ը։ Նոր Ջուղայում են գտնվում Սուրբ Կատարինե մենաստանը (1623), Սուրբ Հակոբ (1607), Սուրբ Գևորգ (1611), Սուրբ Աստվածածին (1613), Սուրբ Ստեփանոս (1614), Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1621), Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (1633), Սուրբ Սարգիս (1659), Սուրբ Մինաս (1659) և այլ եկեղեցիներ։ Վերջինս ունի թանգարան։

Սուրբ Ամենափրկիչ վանքի տարածքում են որմնանկարներով հռչակված Սուրբ Աստվածածին եկեղեցին, Խաչատուր վարդապետ Կեսարացու հիմնած և ցայսօր գործող Արևելքի առաջին ապարանը (1636), Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքը հայկական մամուլի հավաքածուով հարուստ «Սուրբ Ներսես Շնորհալի» գրադարանը (շուրջ 25 հազար գիրք)։ Սուրբ Ամենափրկիչ վանքի տնօրինության ներքո է գտնվում մոտ 750 գրչագիր ունեցող ձեռագրատունը։ Նոր Ջուղայում առաջնորդարանի ենթակայությամբ գործում են մանկապարտեզ, նախակրթարան, տղաների և աղջիկների տարրական 2 առանձին դպրոցներ՝ «Արմեն» անունով, ինչպես նաև տղաների Սուրբ Կատարինյան (հիմնվել է 1858 թվականին) և աղջիկների Գևորգ Քանանյան (հիմնվել է 1899 թվականին) ուղեցույց ու միջնակարգ դպրոցները։ 1976 թվականից ցայսօր (երկու ամիսը մեկ անգամ) թեմի առաջնորդի խմբագրությամբ լույս է տեսնում առաջնորդարանի «Նոր Ջուղա» տեղեկատուն (նախ՝ որպես երկշաբաթաթերթ, հետո՝ ամսաթերթ)։

Փերիոյ հայոց հիվանդանոցի շենքը հարավային կողմից, որը կառուցվել է 1942 թվականին՝ Նամակերտ գյուղում։

Շահինշահր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահինշահր փոքր քաղաքում (Նոր Ջուղայից 30 կմ հյուսիս) առաջնորդարանի օժանդակությամբ գործում են Սրբոց Վարդանանց (տարրական) և Մասիս (ուղեցույց) դպրոցները։ Համայնքը եկեղեցի դեռևս չունի, կրոնական արարողությունները կատարում է Նոր Ջուղայից հրավիրված քահանան Սրբոց Վարդանանց դպրոցի սրահում։ Գործում է Հայ կանանց եկեղեցասիրաց միությունը։

Փերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փերիա գավառում կա 8 եկեղեցի՝ Սուրբ Ղուկաս (17-րդ դար), Սուրբ Նշան (17-րդ դար), Սուրբ Հովհաննես (1610), Սուրբ Գևորգ (1860-ական թվականներ), Սուրբ Ստեփանոս (1887), Սուրբ Եղիշե (1890), Սուրբ Աստվածածին (1892), Սուրբ Ներսես (1917)։

Շիրազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրազ քաղաքի հնագույն թաղամասերից մեկում, որը հայտնի է Բազարէ Արամանե (Հայկական շուկա) անվամբ, գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին (1662), որտեղ որպես քահանա պաշտոնավարել է հայ առաջին պարբերականի՝ «Ազդարար»-ի հիմնադիր և խմբագիր շիրազցի Հարություն Շմավոնյանը։ Համայնքի գործերը կառավարում են Շիրազի Հայոց եկեղեցական վարչությունը և Թեհրանի Հայ մարզական «Արարատ» կազմակերպության մասնաճյուղը։ Շիրազում ամենօրյա հայկական դպրոց չի եղել, տեղի Հայ կանանց եկեղեցասիրաց միության ջանքերով, տասնամյակներ շարունակ, ուրբաթօրյա հայերենագիտության դասընթացների միջոցով հայ երեխաները ստացել են հայեցի կրթություն։ 1979 թվականին առաջնորդարանի ջանքերով կառուցվել է Հայ տունը, որտեղ կազմակերպվում են եկեղեցական վարչության և համայնքի կրթական, մշակութային աշխատանքները։

Բուշեհր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուշեհր քաղաքում հայերն ունեցել են եկեղեցի (Սուրբ Գևորգ, հիմնվել է 18-րդ դար), որն իր շրջակա տապանաքարերով քաղաքի հնագիտական կարևոր վայրերից է։ Մինչև 1979 թվականը քաղաքում եղել է հայկական համայնք և եկեղեցական վարչություն։ Ներկայումս Բուշեհրում հայեր չեն բնակվում։

Խուզեստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուզեստանի նահանգի Ահվազ քաղաքում գործում են սուրբ Մեսրոպ եկեղեցին (հիմնվել է 1968 թվականին), Հայոց եկեղեցադպրոցական հոգաբարձությունը, մանկապարտեզ-նախակրթարան, տարրական «Գարուն» և ուղեցույց «Րաֆֆի» հայկական դպրոցները։ Ներկայումս (2003) Ահվազում ապրում է շուրջ 60 հայ ընտանիք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png