Jump to content

Հունաստանի հայոց թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունաստանի հայոց թեմ
Հիմնական տվյալներ
ՏեսակՀայ առաքելական եկեղեցու թեմ
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԳլխամասԱթենք, Հունաստան
Մասն էՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հունաստանի հայոց թեմ[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է առաքելական հունահայության մի մասի հոգևոր կյանքը։ Առաքելական հայության մյուս մասի հոգևոր կյանքը ներկայացնում է Հունաստանի թեմը, որը պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը։ Ժամանակին կոչվել է Հունահայոց թեմ[2]։ Առաջնորդանիստն Աթենքի սուրբ Աստվածածին եկեղեցին է։

1923 թվականին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը Հունաստանի հայոց թեմի առաջնորդ և հայրապետական պատվիրակ է նշանակել՝ Կարապետ արքեպիսկոպոս Մազլեմյանին (1923-51)։

1951 թվականին Մայր Աթոռի կարգադրությամբ Եգիպտոսի թեմի առաջնորդ՝ Մամբրե արքեպիսկոպոս Սիրունյանը (1951-53 թվականներին այցելու թեմական առաջնորդ) նշանակվել է թեմի առաջնորդ։

1956 թվականին Աթենքի հայոց ազգային վարչության հրավերով թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնը ստանձնել է Երուսաղեմի Սբ. Հակոբյանց միաբանության անդամ Տ. Իսահակ վրդ. Ղազարյանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն 1957 թվականի կոնդակով Տ. Իսահակ վրդ. Ղազարյանին նշանակել է թեմի առաջնորդ և հայրապետական պատվիրակ։ Թեմը մինչև 1958 թվականին ղեկավարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գերակայությամբ գործող ազգային վարչության և առաջնորդարանի կողմից։

1958 թվականին թեմում եղել է պառակտում և թեմի եկեղեցիներն անցել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության տակ։ Այդուհանդերձ թեմի բնակչության մեկ մասը հավատարիմ մնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, մեծ ջանքերի գնով պահպանել է նաև գոյություն ունեցող Էջմիածնական թեմը՝ դիմագրավելով բազմաթիվ դժվարություններ։ 1992 թվականին հունահայոց անթիլիսական թեմը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ին Սբ. Էջմիածնի ենթակայությանը վերադառնալու խնդրանքով, սակայն շատ արագ անհասկանալի պատճառով դիմումը ետ է կանչվել և այդ խնդիրը մինչ օրս չի լուծվել։ Այժմ Հունաստանում գործում են հայկական 2 առաջնորդարաններ՝ իրենց առաջնորդներով և եկեղեցիներով։

Աթենքում 1900 թվականին կառուցվել է հայկական մատուռ, 1933 թվականին՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (ներկայումս անթիլիասական թեմի առաջնորդանիստ եկեղեցին է): Անթիլիասի թեմին են պատկանում Աթենքում գտնվող ևս 2 եկեղեցիներ (սուրբ Հակոբ և սուրբ Կարապետ) և «Ազատամարտ» ակումբը: Սուրբ Հակոբ եկեղեցին (Կոկինիայի շրջան) կառուցվել է 1921 թվականին և կոչվել Ամենայն Սրբոց եկեղեցի: 1932 թվականին վերակառուցվել է և վերանվանվել սուրբ Հակոբ:

1922 թվականին Նեոս Կոսմոս (նաև՝ Ֆիքս) շրջանում կառուցվել է սուրբ Կարապետ փայտաշեն եկեղեցին, որը 1969 թվականին քանդվել է: 1992 թվականին նույն թաղամասում կառուցվել է սուրբ Կարապետ անունով նոր եկեղեցի: 1924 թվականին Կարեա-Կեսարիանիի շրջանում եղել է հայկ. մատուռ, որը 1937 թվականին վերակառուցվել է և կոչվել սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: 1957 թվականին եկեղեցին քանդվել է: 1970 թվականին նույն շրջանում կառուցվել է «Ազատամարտ» ակումբը, որտեղ կատարվում են եկեղեց. արարողությունները: 1903 թվականից Սալոնիկում գործում է սուրբ Աստվածածին եկեղեցին, 1932 թվականից Կավալայում՝ սուրբ Խաչը, 1927 թվականից Քսանթիում՝ սուրբ Աստվածածինը: Դիդիմոտիկոյի սուրբ Գևորգ եկեղեցին հունական մատուռ էր, որը 1735 թվականին հույները նվիրել էին հայ համայնքին:

Թրակիայի հնագույն հայկական բնակավայրերից Կոմոտինիում 1834 թվականին կառուցվել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 1886 թվականին Ալեքսանդրուպոլսում կառուցվել է սուրբ Կարապետ եկեղեցին: 1957 թվականին Հայասեր շվեյցարացիների միությունը կառուցել է Կոկինիայի հայկական ծերանոցը, որը 1985 թվականից հանձնվել է Ազգային առաջնորդարանի խնամակալությանը:

Ներկայումս Մայր աթոռ սուրբ Էջմիածնի գերակայությամբ գործող թեմական խորհրդին է պատկանում Աթենքի Պերիստերի (նախկինում՝ Արմենիկա) շրջանում 1917 թվականին կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցին: Թեմական խորհրդի հետ անմիջականորեն կապված է նաև Կրետե կղզում գտնվող սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (1636), որը պատկանում է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությանը:

1982-2010 թվականներին թեմի առաջնորդն է եղել տեր Ոսկան արքեպիոսկոպոս Գալփակյանը։ 2010 թվականից Առաջնորդական տեղապահն է տեր Խորեն վարդապետ Առաքելյանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. «Գլխավոր». www.armchurch.gr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.