Սուրբ Կարապետ եկեղեցի (Աթենք)
| Սուրբ Կարապետ եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Աթենք |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Թեմ | Հունաստանի թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 1983 |
| Ժառանգության կարգավիճակ | Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն |
| Հիմնադրված | 1983 |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Կարապետ եկեղեցի, Աթենք քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հունաստանի թեմին։ Կազմակերպում է Հունաստանի Աթենք քաղաքում բնակվող առաքելական հունահայության հոգևոր կյանքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիլիկիայի դատարկումից և Իզմիրի աղետից փրկված հայության մի հատված հաստատվել է Հունաստանում։ 1922 թվականին Աթենքի Նեոս Կոսմոս շրջանում նրանք կառուցել են Սուրբ Կարապետ փայտաշեն եկեղեցի֊դպրոց, որը 1969 թվականին քանդվել է[1]: Այն ունեցել է մեծ սրահի տեսք։ Սրահը օգտագործվել է որպես աղոթավայր, իսկ տախտակե բաժանումներով վերածվել է դասարանների։ Կիրակի օրերին, Զատկի տոնին, արևագալին և առավոտյան ժամերգություններին աշակերտներին դուրս են հանել և դպրոցը դարձել է եկեղեցի և հակառակը[2]։
Եկեղեցու խորանի աջ կողմում տեղավորված է եղել թաղային գրասենյակը և քահանայի սենյակը, որի առջև գտնվել է փայտե զանգակատունը։ Քահանայի սենյակի հարևանությամբ եղել է մանկապարտեզի դասարանների բաժանմունքներ, իսկ մանկապարտեզի ու նախակրթարանի աշակերտները խաղացել են մեծ բակում, որը անձրևի ժամանակ վերածվել է լճակի[2]։
Ազգային վարչության, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, թաղային խորհրդի և եկեղեցաշինության հանձնախմբի ջանքերի շնորհիվ, ինչպես նաև համայնքի նվիրվածության շնորհիվ, Նեոս Կոսմոս շրջանում կառուցվել է նոր Սուրբ Կարապետ եկեղեցին։ Սուրբ Կարապետ նոր Եկեղեցու հիմնադրումը սկսվել է 1981 թվականի հունվարի 2-ին, իսկ հիմնաքարի օրհնությունը կատարվել է փետրվարի 22-ին՝ Հունահայոց թեմի առաջնորդ Տ. Սահակ Ս. Արքեպիսկոպոս Այվազյանի կողմից։ Եկեղեցին կառուցվել է երկու տարվա ընթացքում և օծվել 1983 թվականի հունվարի 14-16-ը, հայ և հույն պետական, ազգային ու հոգևոր ներկայացուցիչների ներկայությամբ[2]։
Եկեղեցին կառուցվել է ժամանակակից ոճով և բոլոր հարմարություններով, այժմ ծառայում է համայնքին։ Եկեղեցու մուտքի գլխավոր դռան ձախ կողմում տեղադրված է մարմարե ցուցատախտակ, որի վրա գրված է․ ԿԱՌՈՒՑԱՒ ԵԿԵՂԵՑԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՐԲ. ՅՈՎՀԱՆՆՈՒ ԿԱՐԱՊԵԿԻ Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ Տ.Տ. ԽՈՐԷՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՒ ԱԹՈՌԱԿԻՑ ՆՈՐԻՆ Տ.Տ. ԳԱՐԵԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՒ ՅԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵԱՆ Տ. ՍԱՀԱԿ Ս. ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ, Ի ԹՈՒԻՆ ՀԱՅՈՑ ՌՆԼԲխ 1983։
Եկեղեցու ներկայիս հոգևոր հովիվն է արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Շահինյանը[2]։
Համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու կանոնների, եկեղեցու 16 սյուները օծվել են հավատացյալների կնքահայրությամբ՝ ստանալով 12 Առաքյալների և չորս Ավետարանիչների անունները[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ adminpro. ««ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ». Աղոթարան. Վերցված է 2024-11-13-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Armenian Apostolic Orthodox "St. Garabed" Church in Greece». www.sourpgarabed.gr. Վերցված է 2024-11-13-ին.

