Եթովպիայի հոգևոր հովվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
սուրբ Գևորգ եկեղեցի, Ադիս Աբեբա

Եթովպիայի հոգևոր հովվություն[1] Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Աֆրիկայի տարածքում գտնվող կրոնական կազմակերպություններից մեկը, որը ներկայացնում է եթովպահայության հոգևոր կյանքը։ Ենթարկվում է Եգիպտոսի հայոց թեմին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին)։ Կենտրոնը՝ Ադիս Աբեբայի սուրբ Գևորգ եկեղեցի[2]։ Եթովպիայի հոգևոր հովիվն է Վարդգես ավագ սարկավագ Նալբանդյանը (1980 թվականից)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս Դեսիե քաղաքի մերձակայքում հայերը դեռևս 7-րդ դարում կառուցել են սուրբ Ստեփանոս եկեղեցին (կանգուն էր մինչև 1527 թվականը)։ 16-րդ դարում հայ հոգևորականները հիմնել են վանքեր (Դեբրա Մարիամ և այլն), կատարել թարգմանություններ (հայերենից եթովպերեն են թարգմանվել սուրբ Գրիգոր Լուսավորչի վարքը, նրան վերագրվող մի շարք ճառեր)։ Հայերն իրենց գործունեությամբ կարևոր դեր են խաղացել երկրի հասարակական-քաղաքական կյանքում։ Հայտնի է Մատթեոս անունով հոգևորական դիվանագետը, որը 1513 թվականին հատուկ առաքելությամբ ուղարկվել է Պորտուգալիա։

Հայոց ցեղասպանությունից հետո Եթովպիայում հաստատվել են հայ գաղթականների խմբեր։ 1923 թվականին Ադիս Աբեբայում կառուցվել է մատուռ-աղոթատեղի, 1934 թվականից գործում է սուրբ Գևորգ եկեղեցին։ Սկիզբ է առել հայկական տպագրությունը («Նոր ծաղիկ» (1932) և «Փյունիկ» (1958-62) պարբերականներ), հիմնադրվել են հայկական մշակութային միություններ, երաժշտական և թատերական խմբեր, ազգային վարժարան։ 1927 թվականին Դիրեդավ քաղաքում կառուցվել է սուրբ Մինաս մատուռը։ Սուրբ Գևորգի բակում 2005 թվականին կանգնեցվել է հայոց ցեղասպանության հուշարձան[3]։

Եգիպտոսի հայոց թեմին է ենթարկվում նաև մեկ այլ՝ Սուդանի հոգևոր հովվությունը, որը փաստացի թափուր է դարձել՝ Սուդանում բնակվող հայերի կտրուկ նվազման պատճառով, քանի որ Սուդանում մնացել են հատուկենտ անձինք։ Նույն կարգավիճակում կարող է հայտնվել նաև Եթովպիայի հոգևոր հովվությունը, քանի որ շուրջ 3000-անոց համայնքից մնացել են մի քանի հարյուրը[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. «Հայերը Եթովպիայում». egypt.mfa.am. Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն.
  3. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. «Armenian Ethiopia». joshuaproject.net.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: