Եթովպական ուղղափառ եկեղեցի
| Եթովպական ուղղափառ եկեղեցի | |
|---|---|
| Տեսակ | քրիստոնեական հարանվանություն և պատրիարքություն |
| Առաջնորդի նստավայր | Ադիս Աբեբա, Եթովպիա |
| Մայր եկեղեցի | Արևելյան ուղղափառ եկեղեցիներ |
| Մասնակից է | Եկեղեցիների Համաշախարհային Խորհուրդ |
| Կայք | ethiopianorthodox.org(ամհ.), ethiopianorthodox.org/english/indexenglish.html(անգլ.), ethiopianorthodox.org/french/indexfrenchdeutsch.html(ֆր.) և ethiopianorthodox.org/deutsch/indexfrenchdeutsch.html(գերմ.) |
Եթովպական ուղղափառ եկեղեցի (ամհարերեն՝ የኢትዮጵያ ኦርቶዶክስ ተዋሕዶ ቤተ ክርስቲያን[1], Yäityop'ya ortodoks täwahedo bétäkrestyan), Արևելյան հնագույն եկեղեցիներից ամենամեծը։ Նախքան եվրոպական գաղութացումը Ենթասահարաում ծագած մի քանի քրիստոնեական եկեղեցիներից մեկը[2]։
Եթովպական ուղղափառ եկեղեցին սկիզբ է առել 330 թվականին՝ Աքսումի թագավորության կողմից քրիստոնեության ընդունմամբ[3]։ Եթովպիայում եկեղեցին ունի 36-51 միլիոն հետևորդ[4][5][6]։ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հիմնադիր անդամ[7]։ Եթովպական ուղղափառ եկեղեցին հաղորդության մեջ է Արևելյան հնագույն եկեղեցիների հետ (Էրիթրեական ուղղափառ եկեղեցի, Ղպտի ուղղափառ եկեղեցի, Մալանկարա ուղղափառ ասորական եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի և Ասորական ուղղափառ եկեղեցի)։
Եթովպական ուղղափառ եկեղեցին 4-րդ դարի առաջին կեսից մինչև ինքնավորություն ստանալը՝ 1959 թվականը, եղել է Ալեքսանդրիայի Ղպտի ուղղափառ եկեղեցու վարչական մաս[8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոնեությունը Եթովպիա է մուտք գործել տակավին առաքյալների ժամանակներից: Համաձայն Գործք առաքելոցի, Փիլիպպոս առաքյալը մկրտել է եթովպացիների Կանդակա թագուհու ներքինիին (Գործք 8.26– 38)՝ դրանով նշանավորելով Եթովպական ուղղափառ եկեղեցու սկըզբնավորումը: Քրիստոնեությունը պետականորեն ճանաչվել է 318 կամ 340 թվականին՝ Ալեքսանդրիայից եկած հույն բարեպաշտ վաճառական Ֆրումենտիոսի ջանքերով: Նորահաստատ եկեղեցու հոգևոր և վարչական պետքերը հոգալու նպատակով Աթանաս Ալեքսանդրացին նրան ձեռնադրել է (որից հետո նա վերանվանվել է Աբունա Սալամա) և ուղարկել այս նոր թեմին ծառայելու: Քաղկեդոնի ժողովից (451) հետո Եթովպական ուղղափառ եկեղեցին, հավատարիմ մնալով երեք տիեզերական ժողովների դավանական որոշումներին, հարել է Ղպտի եկեղեցուն, որը ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի (տես Ալեքսանդրիա) հետևորդ էր: Բյուզանդական Հուստինիանոս կայսրի օրոք (527-565), երբ քաղկեդոնականներին հովանավորելու քաղաքականություն էր տարվում, ինչպես նաև ավելի ուշ՝ 640-ական թվականներից, երբ Եգիպտոսն ընկավ մուսուլմանական տիրապետության տակ, խզվեցին բյուզանդական եկեղեցու հետ բոլոր հարաբերությունները, և Եթովպական ուղղափառ եկեղեցին մայր՝ Ղպտի եկեղեցու հետ միասին անխաթար պահեց իր դավանական դիմագիծը:
1498 թվականից Պորտուգալիայի և Հնդկաստանի միջև ծավալված դիվանագիտական, առևտրական հարաբերություններին զուգընթաց Կաթոլիկ եկեղեցին, հանձին նորահաստատ Հիսուսյան միաբանության, իր քարոզչական գործունեությունը տարածել է այդ ուղու վրա ընկած երկրներում, այդ թվում՝ Եթովպիայում: Սակայն կաթոլիկ Արևմուտքի՝ Եթովպական ուղղափառ եկեղեցին դավանափոխ անելու ճիգերը անհաջողության են մատնվել: 19-րդ դարում դեպի Արևելք ծավալված բողոքական շարժումը նույնպես անհաջողություն է կրել: Ինչպես Հայ առաքելական, Հույն ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիները, Եթովպական ուղղափառ եկեղեցին նույնպես որոշակի տեղ է զբաղեցնում Սուրբ երկրում (Երուսաղեմ):
Հայ-եթովպական հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
20-րդ դարի սկզբին Եթովպական ուղղափառ եկեղեցու հովվապետ Մատթեոս եպիսկոպոսի ջանքերով Երուսաղեմում ձեռք է բերվել սուրբ Կոստանդինի և սուրբ Հեղինեի տաճարը, որը պատկանում էր Հայ եկեղեցուն: Այստեղ Եթովպական ուղղափառ եկեղեցին հիմնել է վանք և հյուրատուն: Հայ եկեղեցուն դավանակից Եթովպական ուղղափառ եկեղեցու պատմության մեջ կարևոր դեր են ունեցել հայճեթովպական եկեղեցական հարաբերությունները: Դրանք սերտացել են հատկապես Քաղկեդոնի ժողովից հետո, երբ Եթովպական ուղղափառ եկեղեց Հայ, Ասորի և Ղպտի եկեղեցիների հետ միասին մերժել է այդ ժողովի որոշումները: Եթովպական ուղղափառ եկեղեցու պատմության մեջ կարևոր դեր է խաղացել ներկայիս Դեսիե քաղաքի մոտ գտնվող, եթովպական ժամանակագրություններում «Հայկական կղզի» անունով հիշատակված բնակավայրը՝ սուրբ Ստեփանոս վանքով: Այն հիմնել են 7-րդ դարի արաբական արշավանքների հետևանքով Սիրիայի, Պաղեստինի և Եգիպտոսի վրայով այստեղ գաղթած հայ վանականները: Այս վանքը մեծապես նպաստել է Եթովպական ուղղափառ եկեղեցու մատենագրության, մշակութային ավանդույթների զարգացմանը: Վանքի հայրերից Գևորգ վարդապետի (Գևորգ Հայ) գրչին է պատկանում գեեզ լեզվի և եթովպական կրոնական գրականության գոհարներից մեկը՝ «Տիրամոր փառաբանությունը» (1440):
Եթովպական ուղղափառ եկեղեցում Հայ կեղեցու հեղինակության բարձրացումը անխզելիորեն կապված է եթովպացի մեծագույն սրբերից մեկի՝ Մակաբա Էկզիեի (սուրբ Եվստաթեոս, 14-րդ դար) անվան հետ, որն իր կրթությունը ստացել է հայկական սուրբ Ստեփանոս վանքում: Եվստաթեոսի գործունեությունն այնքան սերտ է եղել Հայ եկեղեցու հետ, որ նրան հաճախ հայ են համարել ինչպես նրա կենդանության օրոք, այնպես էլ՝ հետագայում: Համաձայն վարքի, Եվստաթեոսը Հայաստան է այցելել երեք անգամ: Վերջին այցելության ժամանակ 14 տարի ապրել է Կիլիկիայում և այստեղ էլ մահացել 1358 թվականին, թաղվել է հայկական եկեղեցում: Մահվան մահճում իր աշակերտներին պատվիրել է վերադառնալ Եթովպիա և վկայել Հայ եկեղեցու առաքելականության մասին: Եվստաթեոսի վարդապետության հիման վրա Զարա Հակոբ թագավորը վերակառուցել է Եթովպական ուղղափառ եկեղեցին, ինչը հնարավորություն է տվել եթովպացի քրիստոնեությունը ձերբազատել իսլամական և հեթանոսական բարքերից: Հայ եկեղեցու բարոյական ազդեցությամբ կատարված այդ բարեփոխումների շնորհիվ եթովպացիները մեկընդմիշտ ճանաչեցին Հայ եկեղեցու առաջատարությունն Արևելյան եկեղեցիների մեջ: Այս ճանաչման հետևանքով Հայ եկեղեցու մի շարք սրբեր (սուրբ Գրիգոր Լուսավորիչ, սուրբ Հռիփսիմե, սուրբ Գայանե) և ավանդույթներ տեղ են գտել եթովպական Հայսմավուրքի մեջ:
Պատմական, մատենագրական բազում փաստեր վկայում են Հայ և եթովպական եկեղեցիների փոխհարաբերությունների մասին: Այսպես, Եթովպիա ուղարկված հայ առաջին պատվիրակը Գրիգոր եպիսկոպոսն է՝ Երուսաղեմի հայոց պատրիարքությունից (1652): Մոտ քսան տարի անց Եթովպիա է այցելել Հովհաննես արքեպիսկոպոս Աղթամարցին (Թութունջի): 1867-1868 թվականներին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության խընդրանքով Եթովպիա է մեկնել Հայ եկեղեցու հատուկ պատվիրակությունը՝ անգլիացիների հետ գժտված Թեոդորոս II արքայի հետ բանակցություններ վարելու և անգլիացի կալանավորներին ազատ արձակելու նպատակով: Ադիս Աբեբայի նորակառույց հայկական եկեղեցին օծելու համար 1928 թվականին Եթովպիա է ուղարկվել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Արսլանյանը, որն իր ուղևորությունը գրի է առել և հրատարակել (Կոստանդնուպոլիս, 1930):
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչականորեն Ղպտի եկեղեցուն ենթակա լինելու պատճառով Եթովպական ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսապետը, որն ազգությամբ պարտադիր ղպտի պետք է լիներ, ավանդաբար ձեռնադրվել է Եգիպտոսում: Դարեր շարունակ Եթովպիայի միակ եպիսկոպոսը ղպտի մետրոպոլիտն էր: 1951 թվականին առաջին անգամ Եթովպիայի հոգևորականությունն ու աշխարհիկներն ընտրել են ծագումով եթովպացի մետրոպոլիտ: 1959 թվականին Ղպտի եկեղեցին վավերացրել է Եթովպական ուղղափառ եկեղեցու անկախությունը՝ նրա առաջնորդին բարձրացնելով պատրիարքի աստիճանի: Նույն թվին Ղպտի եկեղեցու հովվապետ Կյուրեղ VI պատրիարքը Եթովպիայի Բասիլիոս եպիսկոպոսին ձեռնադրել է Եթովպիայում՝ որպես ու պատրիարք: Եթովպական ուղղափառ եկեղեցին երկրի պաշտոնական եկեղեցին էր մինչև 1974 թվականը, երբ գահընկեց է արվել կայսրը, և հաստատվել համայնավարական վարչակարգ: Հեղափոխությունից քիչ անց եկեղեցին և պետությունը պաշտոնապես բաժանվել են, և եկեղեցապատկան շատ հողեր պետականացվել: Համայնավարական կառավարության տապալումից (1991) հետո եկեղեցին դուրս է եկել մեկուսացած վիճակից և սկսել ավելի գործուն մասնակցել երկրի կյանքին:
Հովանավորում է կարիքավորների օգնությանն ուղղված մի շարք ծրագրեր, որբանոցներ, աշխուժացնում հոգևոր-եկեղեցական գործունեությունը: Եթովպիայում եկեղեցին ունի 12 թեմ, երկրից դուրս՝ ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում և այլուր, ևս ունի թեմեր: Եթովպական ուղղափառ եկեղեցու բարձրագույն մարմինը եթովպական Սուրբ սինոդն է, որն ընտրում է պատրիարքին, իրավասու է պաշտոնանկ անել թեմերի առաջնորդներին: Եթովպական ուղղափառ եկեղեցու պատրիարքն է Աբունա Պաուլոսը (1992 թվականից, եկեղեցու անկախացումից հետո 5-րդ պատրիարքը):
Եթովպական ուղղափառ եկեղեցու կարևոր հաստատություններից է վանական կառույցը: Վանական դրությունը հիմնված է Եգիպտոսի անապատական հայրերի օրենսդրության վրա, որին ցայսօր հետամուտ են առավել նախանձախնդիր որոշ վանականներ: Վաղ միջնադարից գործում են երկու վանական միաբանություններ՝ Անտոնյան ու Եվստաթյան, որոնց միջև երբեմնի հակամարտությունն այժմ վերացել է: Անտոնյան միաբանության առաջնորդը ներկայումս Եթովպիայի վանական միաբանությունների ընդհանուր ղեկավարն է: Վանական հայրերը մեծապես նպաստել են հաբեշական քրիստոնեական մշակույթի, գրականության զարգացմանը: Նրանց ջանքերով բազմաթիվ թարգմանություններ են կատարվել ղպտերենից, հունարենից, ասորերենից սեփական գեեզերեն (բառացի՝ բերովի) լեզվի, որն ազգակից է արաբերենին: Բացի Աստվածաշնչից (որ հրատարակված է ժողովրդին մատչելի ամհարերեն) թարգմանվել են եկեղեցական, ծիսուրբ մատյաններ, այդ թվում՝ Կյուրեղ Ալեքսանդրացու Պատարագամատույցը, որով և ցարդ առաջնորդվում է Եթովպական ուղղափառ եկեղեցին:
Պաշտամունք և ծեսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթովպական ուղղափառ եկեղեցին ունի պաշտամունքային և ծիսական որոշ առանձնահատկություններ, որոնցով տարբերվում է Արևելքի մյուս եկեղեցիներից (նմանվելով բացառապես Ղպտի եկեղեցուն): Դրանք դրսևորվում են Հին կտակարանից հայտնի հրեական որոշ սովորությունների կիրառմամբ: Այսպես, Եթովպական ուղղափառ եկեղեցին սրբորեն կատարում է թլփատությունն ու մաքրության օրենքը: Հինկտակարանային հայեցողության դրոշմն է կրում նաև շաբաթ և կիրակի օրերի տոնակատարումը, ինչպես նաև սուրբ և անսուրբ կենդանիների զատորոշումը: Եթովպական ուղղափառ եկեղեցում տարվա 250 օրը պահոց օրեր են: Ծիսուրբ որոշ սովորություններ ևս վերցվել են հրեական ծիսակարգից: Ղևտացիների (հրեա հոգևորականներ) նման Եթովպական ուղղափառ եկեղեցու սպասավորները պարում են Ուխտի տապանակի առջև, ձախ ձեռքում՝ գավազան, իսկ աջում՝ բոժոժներ կրելով: ՄինչդեռԵթովպական ուղղափառ եկեղեցում թմբուկի կիրառումն ունի հեթանոսուրբ ծագում: Աստվածաշնչի հունական Յոթանասնից թարգմանության կանոնից զատ Եթովպական ուղղափառ եկեղեցին ընդունում է նաև մի շարք հրեական և քրիստոնեական պարականոն գրքեր, որպիսիք են Ենովքի գիրքը և Կուֆալեն (Հոբելյանների գիրքը):
Ճարտարապետություն և կերպարվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև Եթովպական ուղղափառ եկեղեցու ճարտարապետությունը հավատարիմ է սկզբնական բազիլիկ, քառանկյուն, խաչաձև ոճին, այնուամենայնիվ, դրան զուգահեռ մշակել է իր ուրույն ոճը՝ ութանկյուն օղակաձև: Հնագույն եկեղեցին Աքսումի Մայր տաճարն է, որը նվիրված է Սիոնի սուրբ Կույս Աստվածածնին: Տաճարի խորանում պահվում է Ուխտի տապանակը: Ենթադրվում է, որ Սաբայի (Եթովպիա) Մաքեղա թագուհու [որը ամուսնացել էր Իսրայելի թագավոր Սողոմոնի հետ (Գ Թագ. 10.1–13, Բ Մնաց. 9.1–12, Մատթ. 12.42)] ժամանակներից (մ․թ.ա. 10-րդ դար) ի վեր Ուխտի տապանակը Երուսաղեմի Սողոմոնյան տաճարից փոխադրվել է Եթովպիա (Աքսումի Մայր տաճար), որտեղ երկար ժամանակ խնամքով պահվել է՝ հետագայում բացառիկ կարևոր տեղ գրավելով եթովպացիների աստվածապաշտական, ծիսուրբ ըմբռնման մեջ:
Պատմական նշանակություն ունեն մասնավորապես Լալիբելայի ժայռափոր, զանգվածեղ, սյունազարդ, կամարակապ տաճար-եկեղեցիները: Կան 9 նման եկեղեցիներ՝ իրենց ոճով խիստ մոտիկ Եգիպտոսի հեթանոսական տաճարներին: Դրանք իրար հետ կապված են գետնուղիների միջոցով: Ի տարբերություն ղպտական վանքերի, որոնք կառուցված են Եգիպտոսի անապատներում, եթովպականները գտնվում են լեռների անմատչելի բարձունքներում (օրինակ, 7-րդ դարում կառուցված Տըպրա Տամո վանքը): Սրբանկարչությունը ներկայացնում է Աստվածաշնչի պատմությունը: Եթովպական ուղղափառ եկեղեցու պատկերագրությունն ընդունում է սուրբ Գևորգ զորավարի ու վիշապի, ինչպես նաև՝ զանազան սրբերի նկարները: Պատկերագրությունն աչքի է ընկնում զուտ ազգաին ոճով, որը հատկանշվում է դեպքի սոսկական նկարագրությամբ, հեռապատկերի բացակայությամբ և վառ գույներով:
Ուսումնական հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթովպական ուղղափառ եկեղեցու բարձրագույն ուսուրբ հաստատությունն է Եթովպական ուղղափառ աստվածաբանության ֆակուլտետը՝ Երրորդության քոլեջը, որը գործում էր որպես Ադիս Աբեբայի համալսարանի մասնաճյուղ: Երբ 1974 թվականին նոր կառավարությունը փակել է այն (վերաբացվել է 1994 թվականին), Ադիս Աբեբայում բացվել է Սուրբ Պողոսի քոլեջը: Հոգևորականներին համապատասխան կրթություն տալու նպատակով 1990-ական թվականներին հիմնվել են ևս վեց հոգևոր ուսուրբ հաստատություններ՝ «Հոգևորականության վերապատրաստման կենտրոններ»:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ethiopian Orthodox Tewahedo Church, Addis Ababa. «የኢትዮጵያ ኦርቶዶክስ ተዋሕዶ ቤተ ክርስቲያን». ZEOrthodox.org. Ethiopian Orthodox Tewahedo Church. Վերցված է 2021 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Harrower, Michael J (Winter 2019). «Beta Samati: discovery and excavation of an Aksumite town» (PDF). Antiquity. 93 (372): 1534–52. doi:10.15184/aqy.2019.84 – via Cambridge.org.
- ↑ Moore, Dale H. (1936). «Christianity in Ethiopia». Church History. 5 (3): 271–284. doi:10.2307/3160789. ISSN 0009-6407. JSTOR 3160789. S2CID 162029676.
- ↑ «Orthodox Christianity in the 21st Century». Pew Research Center's Religion & Public Life Project. 2017 թ․ նոյեմբերի 8. «Ethiopian Orthodox Tewahedo Church has an estimated 36 million adherents, nearly 14% of the world's total Orthodox population.»
- ↑ «Ethiopia: An outlier in the Orthodox Christian world». Pew Research Center.
- ↑ «Ethiopia». The World Factbook. 2023 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին. «Population 116,462,712 (2023 est.)… Ethiopian Orthodox 43.8%»
- ↑ "Ethiopian Orthodox Tewahedo Church", World Council of Churches website (accessed 2 June 2009)
- ↑ «Ethiopian Orthodox Tewahedo Church». Encyclopædia Britannica. Բրիտանիկա հանրագիտարան. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եթովպական ուղղափառ եկեղեցի» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |