Հայերը Բրազիլիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրազիլահայեր
Armeno-brasileiros
Ընդհանուր քանակ

100,000[1]

Բնակեցում
Սան Պաուլո և Ռիո դե Ժանեյրո
Լեզու(ներ)
պորտուգալերեն, հայերեն
Հավատք(ներ)
Քրիստոնեություն (Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, Կաթոլիկ եկեղեցի) և այլն


Հայերը Բրազիլիայում (պորտ.՝ Armênio-brasileiro), հարավամերիկյան երկրներում հայկական ամենաստրվար սփյուռքերից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլահայերի պատմությանը վերաբերող ոչ մեծաթիվ աղբյուրներից հիշատակության են արժանի 1948 թվականին ասպարեզ ելած՝ Սան Պաուլուի Հայ առաքելական եկեղեցու քահանա Եզնիկ Վարդանյանի «Բրազիլիայի հայկական համայնքը»[2] ծավալուն հայատառ աշխատությունը և դրանից քառասուն տարի անց՝ 1988 թվականին Բրազիլիայի Հայ ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Ահարոն Սափսզյանի[3] պորտուգալերեն հրատարակած «Հայաստանի պատմությունը» ուսումնասիրությունը:

Առաջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս և տարբեր այլ աղբյուրների համաձայն, հայերի մուտքը հարավամերիկյան այդ երկիր սկսվում է 19-րդ դարի 80-ական թվականներին, երբ Կ. Պոլսից և Արևմտյան Հայաստանի գավառներից առանձին հայ ընտանիքներ հաստատվում են Բրազիլիայի արևելյան շրջաններում: 1890-ական թթ. երկրորդ կեսին, սուլթանական Թուրքիայում հայերի մշտատև հալածանքների և ջարդերի հետևանքով ակտիվանում է վերջիններիս արտահոսքը, այդ թվում նաև դեպի Ամերիկյան մայրցամաք: Բրազիլիայում հայկական համայնքի ձևավորման սկիզբն ընդունված է համարել 1890-ականի վերջերը՝ Գասպարյան ընտանիքի Սան Պաուլու ժամանումով, որն իր հետ այդ քաղաք է բերում նաև հետագայում երկրի առևտրական և արտադրական բնագավառներում մեծ ազդեցություն ձեռք բերած Նազարյան և Ջեֆերյան ընտանիքներին:

Բրազիլական և հայկական շրջանակներին լայնորեն ծանոթ է Եվրոպայում ուսանած և 1880-ականի սկզբին Բրազիլիա փոխադրված անվանի ճարտարագետ Միհրան Լատիֆի անունը, որի հեղինակությամբ Ռիո դե Ժանեյրո նահանգում և հարակից շրջաններում կառավարության պատվերներով կյանքի են կոչվում շինարարական խոշոր կառույցներ, երկաթուղիներ ու մայրուղիներ: Համայնքի կազմավորումը, սակայն, որպես այդպիսին, տեղի է ունենում 1920-1926 թթ., երբ Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Թուրքիայից և Արևելքի այլ երկրներից ժամանում և բրազիլական հողում արմատներ են ձգում փախստական հայերի մեծաթիվ խմբեր: Դա 1915 թվականի Հայոց ցեղասպանություն վերապրողների աշխարհասփռման երկրորդ ալիքն էր, երբ ազգային աղետին հաջորդած տարիներին Բեյրութի, Կահիրեի, Երուսաղեմի, Հալեպի ու Դամասկոսի որբանոցներում, հիվանդանոցներում և կացարաններում ապաստան գտած հայերն սկսում են տեղաշարժվել Ատլանտյան օվկիանոսից այն կողմ, մասնավորապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Գաղթական հայերը ամերիկյան, այդ թվում՝ բրազիլական ափեր էին իջնում լիբանանյան, սիրիական, հունական, եգիպտական, թուրքական կամ էլ, մասնավորապես, նանսենյան անձնագրերով: Հարավային կիսագնդի նավահանգիստներ ժամանած գաղթական ընտանիքները կարող էին մնալ ու հիմնավորվել կամ, արդեն սեփական ուժերով, շարունակել իրենց ընթացքը դեպի հյուսիս՝ աշխատանքի և ավելի բարեկեցիկ կյանքի ակնկալիքներով: Հենց այդ գործոններով է պայմանավորված հայկական գաղթօջախների կազմավորումը Արգենտինայում, Բրազիլիայում և Ուրուգվայում:

Առաջին բնակավայրը, ուր ոտք դրեցին հայ ներգաղթողների քիչ թե շատ ստվար խմբերը, Ռիո դե Ժանեյրոն էր, որտեղ որոշ ժամանակ անց ձևավորվեց մոտ երեք հարյուր ընտանիք հաշվվող հայկական համայնք՝ իր համապատասխան կառույցներով: Բրազիլական կառավարության ցույց տված բարյացակամ ընդունելությունը և ժամանողներին տրամադրած հնարավորությունները նպաստեցին այն բանին, որ վերջիններս անարգել տեղաշարժվեն նահանգից նահանգ՝ փնտրելով հիմնավորման համար ավելի նպաստավոր բնակավայրեր:

Երկրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմության երկրորդ փուլը կարելի է համարել 1950-ական թթ. վերջը – 1960-ականի սկիզբը, երբ Լիբանանից, Սիրիայից, Թուրքիայից, Ֆրանսիայից և Եգիպտոսից ժամանեցին հայերի նոր խմբեր, որոնք շարունակեցին կենտրոնանալ Սան Պաուլու, Ռիո դե Ժանեյրո, Պորտու Ալեգրե, Ֆորտալեզա քաղաքներում, հյուսիս-արևելյան և հարավային մի քանի նահանգների քաղաքներում ու բնակավայրերում:

Համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփռվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը բնակվում կամ բնակվել են Բրազիլիայի այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Սեարան, Մատու Գրոսսուն, Մատու Գրոսսու դու Սուլը, Մինաս Ժերաիսը, Ռիո դե Ժանեյրոն, Ռիո Գրանդե դու Սուլը, Ֆեդերալ շրջանը (մայրաքաղաքի վարչական օկրուգը) և Սան Պաուլուն: Վկայություններ կան այլ նահանգներում, մինչև իսկ Ամազոնիայի շրջանում ապրող հայերի վերաբերյալ, սակայն դրանք վերը նշված համայնքային կառույցներում գրանցված չեն:

Իրականում բրազիլահայ համայնքը, որն այսօր կենտրոնացած է Սան Պաուլու, Օզասկո և Ռիո դե Ժանեյրո քաղաքներում, հայկական այն ընտանիքների միավորման արդյունքն է, որոնք իրենց կյանքը սկսել են ներքին շրջաններում և աստիճանաբար կենտրոնացել քաղաքային խոշոր բնակավայրերում: Երկրի տարբեր նահանգների այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Կամպո Գրանդեն, Պորտու Ալեգրեն, Սանտա Մարիան, Սան Ժոզե դու Ռիու Պրետուն, Անապոլիսը, Արասատուբան, Նովա Պալեստինան, Պենապոլիսը, Ուբերաբան, Գուաշուպեն, Ֆորտալեզան, Օզասկոն, Ռիո դե Ժանեյրոն ու Սան Պաուլուն, դրա օրինակներն են:

Զբաղվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ժամանած հայերի բացարձակ մեծամասնությունը, անծանոթ լինելով երկրին ու նրա բարքերին, չտիրապետելով պորտուգալերենին, զբաղվում էր մանրավաճառությամբ՝ շրջելով մեկ բնակավայրից մյուսը: Նախնական այդ փուլին հաջորդեց կայունացման ժամանակաշրջանը, երբ արդեն նյութապես ամրապնդված և երկրին հարմարված հայերն աստիճանաբար սկսեցին ընդգրկվել արտադրական՝ կոշիկի ու տեքստիլ արդյունաբերության, ինչպես նաև առևտրի ու սպասարկումների ոլորտներ, բացեցին սեփական ձեռնարկություններ ու խանութներ: Ասպարեզ եկան մեծահարուստ հայեր՝ տնտեսության տարբեր բնագավառներում:

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի բարեկեցության բարձրացումը և նյութական ամրապնդումը հասցրեցին համայնքի կազմակերպական ակտիվացմանը: Վերջինս չհապաղեց ձեռնամուխ լինել հիմնական խնդրին՝ գաղութային հաստատությունների ստեղծմանը: 1930-ական թվականների սկզբին և դրան հաջորդող մեկ-երկու տասնամյակների ընթացքում, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ, ստեղծվեցին համայնքի եկեղեցական ու կրթական հաստատությունները, մշակութային ու երիտասարդական կազմակերպությունները, հիմնական քաղաքական կուսակցությունների մասնաճյուղերը, որոնք հանդես եկան մշակութային տարբեր կազմակերպությունների անվան տակ:

Հայտնի բրազիլահայեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արասի Բալաբանյան, դերասանուհի, հեռուստասերիալների աստղ[4]
  • Պեդրո Պետրոսյան, քաղաքական գործիչ
  • Ֆիլիպ Կարտալյան, երգիչ, դերասան
  • Ստեփան Ներսիսյան, քաղաքական գործիչ
  • Անտոնիո ԿԱնդիր, պրոֆեսոր, տնտեսագետ, քաղաքագետ
  • Մարսելո ԿԻրեմիթջյան, ֆուտբոլիստ
  • Ֆաբիո Մաշերեջյան, ֆուտբոլիստ

Բրազիլիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի փետրվարի 17-ին։ 1998 թվականի մարտից Սան Պաուլոյում գործում էր ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։ Բրազիլիայի դեսպանությունը Հայաստանում գործում է 2006 թվականի օգոստոսից։ 2011 թվականին ԲԴՀ մայրաքաղաք Բրազիլիայում հիմնադրվեց ՀՀ դեսպանությունը։

Նստավայրը՝ Բրազիլիա, Բրազիլիա
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից՝ ուրբաթ, 09։00 – 18։00
Բրազիլիայի դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է Ն.Գ. պարոն Աշոտ Գալոյանը[5], հյուպատոս՝ Հակոբ Սարգսյան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png