Հայերը Բելառուսում
Բելառուս |
Հայաստան |
Հայերը Բելառուսում ստվարացել են 1990-ական թվականներին։ Բելառուսում ապրում են ավելի քան 30 հազար հայեր, որոնք հիմնականում քաղաքաբնակ են, ապրում են Մինսկում, Վիտեբսկի մարզի քաղաքներում։ 1991 թ-ից գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, որտեղ դասավանդվում են հայոց պատմություն և հայոց լեզու, ազգային պար ու երգ։ Մինսկում նաև գործում է «Հայաստան» մշակութային-կրթական ընկերությունը։ Հայերը նկատելի դեր են խաղում Բելառուսի հասարակական և մշակութային կյանքի տարբեր բնագավառներում։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ-բելառուսական առնչությունները սկզբնավորվել են XX դարի սկզբին Ռուսաստանում հեղափոխական շարժման ծավալման շրջանում։ Բելառուսում հեղափոխական պայքարի կազմակերպման գործում մեծ ավանդ ունի Ալեքսանդր Մյասնիկյանը։ Նա եղել է Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ԲԽՍՀ) Կենտգործկոմի նախագահ (1919), ապա ԲԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ և ռազմական գործերի ժողկոմ։ 1920 թվականի հուլիսին լեհական զորքերից Մինսկն ազատագրող կարմիր բանակի կազմում աչքի է ընկել Հայկ Բժշկյանի (Գայ) հեծյալ զորամիավորումը։ Երկրորդ աշխարհամարտի (1939-1945) ժամանակ շատ հայեր մարտնչել են Բրեստի ամրոցի կայազորի կազմում։ Բելառուսի ազատագրմանը մասնակցել է հայկական «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը, բազմաթիվ հայեր մարտնչել են Բելառուսի պարտիզանական ջոկատների կազմում (200 հայ ռազմիկներ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով)։ 1944 թվականին Բելառուսի ազատագրմանը մասնակցել են 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերը զորապետ Հովհաննես Բաղրամյանի հրամանատարությամբ։ 1945 թվականի ապրիլից Հովհաննես Բաղրամյանը գլխավորել է 3-րդ Բելառուսական ռազմաճակատը։
Տնտեսական, մշակութային կապեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելառուսի և Հայաստանի միջև տնտեսական և մշակութային կապերը զարգացել են խորհրդային իշխանության օրոք։ Աշխույժ է եղել համագործակցությունը գրականության, թատրոնի, երաժշտության, կերպարվեստի բնագավառներում։
Հայերեն են թարգմանվել բելառուս գրողներ Ցանկա Կուպալայի, Յակուբ Կոլասի, Մաքսիմ Տանկի, Պետրոս Բրովկայի, Իվան Շամյակինի երկերից, բելառուսերեն հայ դասականների և ժամանակակից գրողների ստեղծագործություններից։ Հայ բեմում բեմադրվել են բելառուս հեղինակներ Անդրեյ Մակայոնոկի, Միկալայ Մատուկովսկու պիեսները։ 1987 թվականին Երևանում հյուրախաղերով ելույթ է ունեցել Մինսկի Մաքսիմ Գորկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, որի կազմում էին դերասանուհիներ Բ. Մասումյանը և Օլգա Շահ-Պարոնը։ Երաժշտական կապերը սերտացել են 1970-1980-ական թթ.։ Հայկական և բելառուսական երաժշտական կոլեկտիվներ և անհատ կատարողներ հանդես են եկել փոխադարձ հյուրախաղերով։
Հայկական համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ համայնքը Բելառուսում պաշտոնապես հիմնվել է 1989 թվականին (վերագրանցվել 1991 թվականին)։ Հիմնադրման նախաձեռնողներն էին Բելառուսում հայտնի հայ մտավորականներ, խոշոր ձեռնարկատերեր։ Համայնքը ներկայացնում է «Հայաստան» կրթական-մշակութային ընկերությունը, որն անդամակցում է Բելառուսի կրոնի և ազգությունների կոմիտեին։ Կազմակերպությունն ունի ավելի քան 300 անդամ։ Համայնքի նախագահն է Գևորգ Եղիազարյանը, որը միաժամանակ Բելառուսի ազգային մշակույթների հանրապետական կենտրոնի ազգությունների խորհրդի նախագահն է։
Ըստ 1989 թվականի մարդահամարի տվյալների՝ Բելառուսում բնակվել է 5 հազար հայ, որից 2800-ը Մինսկում։ 1999 թվականի մարդահամարի տվյալներով հայերի թիվը Բելառուսում 10 հազարից ավելի էր։ 2003 թվականի ոչ պաշտոնական տվյալներով, Բելառուսում եղել է շուրջ 30 հազար հայ։ Նրանց թվի շեշտակի աճը պայմանավորված է Հայաստանից Բելառուս արտագաղթածների հոսքով։ 2009 թվականի մարդահամարի տվյալների՝ Բելառուսում բնակվել է 8512 հայ, որից. 1955-ը՝ Մինսկ քաղաքում, Մինսկի մարզում՝ 1705, Բրեստի մարզում՝ 946, Վիտեբսկի մարզում՝ 1149, Գոմելի մարզում՝ 915, Գրոդնոի մարզում՝ 905, Մոգիլևի մարզում՝ 937։ Ըստ համայնքի տվյալների, 2011 թվականի դրությամբ, ժամանակավոր բնակեցման կարգավիճակով Բելառուսում են գտնվել ևս մոտ 15 հազար հայ։ Հայերն իրենց թվով զբաղեցնում են 6-րդ տեղը բելառուսներից, ռուսներից, լեհերից, ուկրաինացիներից և հրեաներից հետո։ 1991 թվականից Մինսկում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, դասավանդվում են հայոց լեզու և պատմություն, ազգային երգ ու պար։ 1998 թվականին հիմնվել է «Էրեբունի» երգի-պարի ազգագրական համույթը (ղեկավարներ՝ Ռուզան Ավանեսյան և Ռոբերտ Գևորգյան), որը Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացվող ազգային մշակույթների փառատոնում շահել է գլխավոր մրցանակ (2000)[1]։
Բելառուսում պաշտոնապես գրանցված է չորս հայկական համայնք՝ Մինսկում, Մոգիլյովում և երկուսը Բոբրույսկում, որտեղ գործում են «Հայաստան» կրթական-մշակութային ընկերության մասնաճյուղերը։
Հայերը նկատելի դեր են խաղում Բելառուսի հասարակական և մշակութային կյանքի տարբեր բնագավառներում։ 2002 թվականին Մինսկում լույս տեսած «Բելառուսի 100 անվանի գործիչներ» տեղեկատուում հիշատակված են նաև տասը հայեր։ Բելառուսի Հանրապետության հակաօդային պաշտպանության զորքերի առաջին հրամանատարն է եղել գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովը։ Նրա որդին՝ Արմեն Սարդարովը, Բելառուսի «Բելդորստրոյ» ճանապարհաշինական վարչության գլխավոր ճարտարապետն է։ Մինսկի ստորգետնյա երկաթուղու շինարարությունն իրականացնող «Բելմետրոշին» կազմակերպության գլխավոր տնօրենն է Բորիս Սաղաթելյանը, Մինսկի «Ինտեգրալ» գործարանի փոխտնօրենն է Յուրի Բախտամյանը։ Արվեստի աշխարհում մեծ հեղինակություն է վայելում Մինսկի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալտեր Մնացականովը։
Զգալի թիվ են կազմում հանրապետական մակարդակի հայ գործարարները։ Ոսկան Չոբանյանը երեք տարի անընդմեջ (1999-2001) ճանաչվել է Բելառուսի լավագույն և բարեխիղճ ձեռնարկատեր։ Հանրապետության էստրադայի աստղերի թվում են Ստելլա Կարաօղլանովան և Իսկուհի Աբալյանը (հաղթել են Գրոդնոյի փառատոնում, դափնեկրի կոչում ստացել «Սլավյանսկի բազար» էստրադային երգի փառատոնում)։
Հայ համայնքի ջանքերով Մինսկի Ալեքսանդր Նևսկի ուղղափառ եկեղեցու բակում տեղադրվել է հայերի ցեղասպանության և 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքար, որտեղ նշվում են հայոց պատմության հիշարժան տարելիցները։
Հրատարակվում են հայկական «Միասին» թերթը և «Անիվ» ամսագիրը, գործում են www.miasin.by և www.diaspora.by հայկական կայքերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |