Հայերը Լատվիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Saint Gregory the Illuminator church in Riga.JPG

Հայ-լատվիական հարաբերությունները սկզբնավորվել են դեռևս XIX դարի վերջին։ Լատվիերեն են թարգմանվել Րաֆֆու և Վրթանես Փափազյանի մի քանի պատմվածքներ։ Լատվիացի մեծ բանաստեղծ Յան Ռայնիսը թարգմանություններ է կատարել հայ պոեզիայից, հոդվածներ գրել Հայաստանի պատմության, նաև Մեծ եղեռնի մասին։ Ռիգայի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել են հայ ուսանողներ։ Ավելի ուշ երկու երկրների միջև զարգացել են տնտեսական ու մշակութային հարաբերություններ։

Լատվիական բալետի պատմության մեջ հատուկ տեղ ունի հայ ազնվական տոհմի ներկայացուցիչ, Լատվիական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1956) Ելենա Տանգիևա-Բիրզնիեցեն (1907-1965), Լատվիայի ազգային օպերայի պրիմա-բալերինա, ապա՝ գլխավոր բալետմայստեր։[1]

Լատվիայում կռվող ԽՍՀՄ բանակների հրամանատարը Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանն էր։ Ներկայումս Լատվիայում բնակվում է 5 հզ. հայ. նրանք հաստատված են հիմնականում Ռիգայում, նաև Լիեպայա, Յուրմալա, Ելգավա, Վենտսպիլս, Դաուգավպիլս քաղաքներում։ Մեծ մասամբ մտավորականներ են, կան գործարարներ, պետական ծառայողներ, նկարիչներ, երաժիշտներ և այլք։

1988 թ-ին հիմնադրվել է հայ ազգային մշակութային կազմակերպությունը՝ Լատվիա-հայկական ընկերությունը, որի նպատակն է համախմբել տեղի հայերին, պահպանել ազգային ավանդույթները, ներկայացնել հայ մշակույթը Լատվիայում։ 1993 թ-ին հիմնադրվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ռիգայի համայնքը, 1997 թ-ին սկսվել և 2002 թ-ին ավարտվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությունը։ 1989 թ-ից Ռիգայում գործում Է հայկական կիրակնօրյա դպրոց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]