Հայերն Աբխազիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբխազահայեր
Flag of the Republic of Abkhazia.svg
Աբխազիայի դրոշը
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Աբխազիա Աբխազիա 45.000 - 67.000
Վրաստան Վրաստան
Ռուսաստան Ռուսաստան
Հայաստան Հայաստան
Ուկրաինա Ուկրաինա
Լեզու(ներ)
Հայերեն, աբխազերեն, ռուսերեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի

Հայերը Աբխազիայում կամ աբխազահայեր, աբխազներից հետո Աբխազիայում երկրորդ ազգային խումբը[1]։

Սև ծովի կովկասյան ափերին, մասնավորապես Աբխազիայում հայերը հաստատվել են վաղ միջնադարից։ Հետագա դարերում էլ պատմական հանգամանքների բերումով հայերի հոսքը Աբխազիա շարունակվել է։ Աբխազիայի հայերի հիմնական զանգվածը համշենցիներ են, որոնք 1879-ից ընտանիքներով, հաճախ կահ-կարասիով և նույնիսկ անասուններով գաղթել են Սև ծովի հարավ֊արևելյան ափերից՝ Տրապիզոնի, Օրդուի և Սամսոնի շրջաններից։ Հայերի գաղթը Արևմտյան Հայաստանից Աբխազիա հատկապես ուժեղացավ 1895–1896-ին և 1915-ի հայկական կոտորածների ժամանակ։ Դեռևս XIX դ. վերջերին Աբխազիայում հիմնադրվել են հայկական կենտրոններ և գյուղեր՝ Լաբրա, Արագիչ, Աթարա (հայկական), Դրանդի, Գուլրիպշ, Բոգապոստա, Մերխեուլի, Ծեբելդա, Գումիստա, Յաշարա, Պսիրցխա, Լեչկոպ, Անուխվա, Մծարա, Կոլդախվար, Ալախաձե, Պիլենկովո, Խաշուպսե և այլն։ Հայեր են բնակվում նաև Աբժակվա, Ագուձերա, Ախալշենի և այլ գյուղերում։ 1969 թ. բնակվում էր շուրջ 100000 հայ, որոնք ծովափնյա դաշտային մասերում զբաղվում են գյուղատնտեսությամբ, մշակում մերձարևադարձային պտուղներ և ծխախոտ, որ բերել և տարածել են Սև ծովի կովկասյան ափերին։ Հայերի մի մասն ապրում է քաղաքներում՝ Սուխումում, Օչամչիրայում, Գուդաութայում, Գազրայում, զբաղվում գլխավորապես արհեստներով։

Աբխազիա գաղթած համշենցի հայերը կառուցեցին եկեղեցիներ, բացեցին դպրոցներ։ Դպրոցները պահվում էին հայ համայնքների ու գյուղերի նյութական միջոցներով։ Երբ XIX դ. վերջին Աբխազիայում հայերը շատացան, Հայաստանից, ինչպես նաև հայաբնակ այլ վայրերից կամովին Աբխազիա եկան հայ ուսուցիչներ (Աննա և Գրիգոր Հովսեփյաններ և ուրիշներ), որոնք մեծ գործ կատարեցին տեղի հայ դպրոցը բարելավելու համար։ Ուսուցիչ Մուրադ Մուրադյանը մանկավարժական աշխատանքին զուգընթաց ուսումնասիրեց համշենցիների կյանքն ու կենցաղը և գրեց մի շարք հոդվածներ։ Աբխազիայի հայ դպրոցական խորհուրդը (1911) ուսուցիչ Խաչատուր Ավդալբեգյանի ղեկավարությամբ կենտրոնացրեց և գլխավորեց դպրոցական գործը, Սուխումում բացեց գրախանութ, ստեղծեց հայկական տպարան, հրատարակեց հայերեն թերթեր։ 1912–13-ին հրատարակվում էր «Լույս» գրական շաբաթաթերթը։

Խորհրդային իշխանության հաստատման համար մղված պայքարում աչքի են ընկել շատ հայեր (Գ. Աթարբեկյան, Ա. Շահգելդյան, Վ. Երեմյան, Տ. Զեյթունյան, Վ. Նիկողոսյան, Մ. Պետրոսյան և ուրիշներ)։ Կարմիր բանակի զորամասերին էական օգնություն ցույց տվեց Անուխվա, Ցեբելդա, Մցարա հայկական գյուղերի բնակչությունը։ Այդ տարիներին հրատարակվել են մենշևիկյան «Նոր կյանք» (1918), «Փարոս» (1919) թերթերը։ 1920-ին լույս է տեսել բոլշևիկյան «Կարմիր Աստղ» լրագիրը։

Աբխազիայի հայերի վիճակն արմատապես փոխվեց սովետական կարգերի շնորհիվ։ Մեծացավ նրանց դերը Աբխազիայի տնտեսության մեջ։ 1934-ին Գագրայի շրջանի Ալախաձե գյուղի ծխախոտագործ Գ. Հ. Բոստանջյանը մշակեց ծխախոտ հավաքելու նոր եղանակ, որի շնորհիվ 4–7 անգամ բարձրանում էր աշխատանքի արտադրողականությունը։ Նոր եղանակը, որը ստացավ «Բոստանջյանի մեթոդ» անունը, արագորեն տարածվեց Խորհրդային Միության ծխախոտագործների շրջանում։ 1935-ի դեկտեմբերին Կրասնոդարում տեղի ունեցավ ստախանովական-բոստանջյանականների համամիութենական առաջին հավաքը։ Սուխումում ստեղծվեց հայկական թատրոն, որը հետագայում դերասաններ Շահեն և Էլզա Շահինյանների ջանքերով վերածվեց հայկական պետական թատրոնի (1928–30)։ Սուխումի հայկական ծխական դպրոցը դարձավ յոթնամյա, ապա՝ միջնակարգ։ Սուխումում գործում էր հայկական մանկավարժական ուսումնարան։ 1969-ին Աբխազիայում կար 105 հայկական դպրոց, որից 20-ը՝ միջնակարգ, 38-ը՝ ութամյա (13.500 աշակերտ)։ Ուսուցիչների մեծամասնությունը տեղացիներ են։ Ճնշող մասը բարձրագույն կրթություն է ստացել Հայաստանի բուհերում։ 1954-ին հիմնադրվեց Աբխազիայի հայ գրողների միավորումը, ստեղծվեց հայկական տպարան, կազմակերպվեցին Աբխազիայի հայկական ժողովրդական թատրոնը և հայկական երգի֊պարի անսամբլը։

1970-ին Աբխազիայում աշխատում էին սոցիալիստական աշխատանքի 27 հայ հերոսներ։ Գագրայի շրջանի «Իլյիչ» կոլտնտեսության կոլտնտեսուհի 0. Ա. Հալաջյանը ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի, Գուլրիպշի շրջանի «Ռուսթավելի» կոլտնտեսությունից Ա. Գ. Մարկոսյանը Վրացական ԽՍՀ Գերագույն Խորհրդի, իսկ 6 հոգի Աբխազական ԻԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր էին։

Համաձայն 2003 թվականի տվյալների Աբխազիայում բնակվում է ավելի քան 45 հազար մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության 20% (215 հազար մարդից)։ Հայերը բացարձակ մեծամասնություն են կազում Սուխումի շրջանում և Գագրայի ու Գուլրիփշի շրջանում թվով խոշորագույն էթնիկ խումբն են[2]։ Սակայն այդ մարդահամարի տվյալները վիճարկվում են և համաձայն հայկական ոչ կառավարական կազմակերպությունների տվլյաներին, Աբխազիայի իշխանությունները վիճակագրություններում նվազեցնում են հայերի թիվը և իրականում այն կազմում է 67 հազար մարդ[3]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդահամարի թիվ Վրացիներ Աբխազներ Ռուսներ Հայեր Հույներ Ընդամենը
1926 36,3%
(67 494)
30,1%
(55 918)
6,7%
(12 553)
13,8%
(25 677)
7,6%
(14 045)
186 004
1939 29,5%
(91 967)
18,0%
(56 197)
19,3%
(60 201)
15,9%
(49 705)
11,1%
(34 621)
311 885
1959 39,1%
(158 221)
15,1%
(61 193)
21,4%
(86 715)
15,9%
(64 425)
2,2%
(9 101)
404 738
1970 41,0%
(199 596)
15,9%
(77 276)
19,1%
(92 889)
15,4%
(74 850)
2,7%
(13 114)
486 959
1979 43,9%
(213 322)
17,1%
(83 087)
16,4%
(79 730)
15,1%
(73 350)
2,8%
(13 642)
486 082
1989 45,7%
(239 872)
17,8%
(93 267)
14,3%
(74 913)
14,6%
(76 541)
2,8%
(14 664)
525 061
2003 21,3%
(45 953)
43,8%
(94 606)
10,8%
(23 420)
20,8%
(44 870)
0,7%
(1 486)
215 972

Ըստ շրջանների[4][5][խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջան (կամ քաղաք) Հայեր % Ընդհանուր բնակչություն
Գագրայի 16,322 44.1 34,869
Գուլրիփշի (բացի Կոդորյան կիրճը) 9,375 47.5 19,918
Սուխումի շրջան 7,209 61.4 11,747
Սուխում 5,565 12.7 43,716
Գուդաութի 4,141 11.9 34,869
Օչամչիրայի 2,177 8.8 24,629
Թքվարչելի 67 0.5 14,777
Գալի 14 0.1 29,287
Աբխազիա Աբխազիա 44,870 20.8 215,972

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png