Հայերը Բելգիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-բելգիական հարաբերություններ
Հայաստան և Բելգիա

Հայաստան

Բելգիա

Հայերը Բելգիայում հաստատվել են ուշ միջնադարում՝ 15-րդ դարից սկսած։ Նրանք զբաղվում էին առևտրով Բրյուգե, ինչպես նաև՝ Բրյուսել և Անտվերպեն քաղաքներում։ 19-րդ դարից հայերի թիվն այստեղ սկսել է ավելանալ՝ ի հաշիվ արհեստավորների և ուսանողության. ի դեպ՝ Գենտի համալսարանն է ավարտել նաև հայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանը, որի անունը հիշատակվում է այդ համալսարանն ավարտած նշանավոր մարդկանց ցուցակում։ Ներկայումս Բելգիայում բնակվում է 11 000 հայ։

1920 թվականից Բելգիայում սկսել են հաստատվել թուրքական ջարդերից փախած հայ գաղթականներ։ Բելգիական կառավարությունը հայերին վտարելու փորձեր է անում։ Նրանք հիմնականում զբաղվում են առևտրով, կան իրավաբաններ, բժիշկներ, ճարտարագետներ։ Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր հովվությունը, որի կենտրոնը Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին է, կազմավորվել է 1990 թվականին։ Բելգիահայ համայնքում տարբեր տարիների ստեղծվել են բարեգործական, երիտասարդական միություններ, իսկ ազգային և մշակութային ավանդույթները պահպանելու համար՝ ակումբներ, երգչախմբեր, պարախմբեր, թատերախմբեր։

1998 թվականին Բելգիայի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը։ Բրյուսելի Անրի Միշո հրապարակում կանգնեցվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար (1997)։

Բրյուսել[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուսելում հայերը հաստատվել են Առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918) հետո։ 2003 թվականին այստեղ ապրում է մոտ 4 հազար հայ։ Բրյուսելում են գտնվում Բրյուսելի Հայ գաղութային վարչությունը, Հայ ուսանողների միությունը, ՀԲԸՄ Բրյուսելի մասնաճյուղը, Հայ տունը, Հայ տիկնանց միությունը, «Արբակ Մխիթարյան» հասարակական կենտրոնը։ Գործել են Հայկական ակումբը, «Արմենիա» երգչախումբը, «Սևան» լարային քառյակը։ 1927 թվականին աբբա Ժան Նալբանդյանը բացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» որբանոցը։ 1931 թվականից Բրյոաելի համալսարանում գործել է հայագիտական ամբիոն՝ պատմաբան Նիկողայոս Ադոնցի ղեկավարությամբ։ 1936 թվականին նույն համալսարանում իր ուսումնառությունն է անցել Մեծի Տանն Կիլկիո ապագա կաթողիկոս Զարեհ Ա Փայասլյանը։ Բրյուսելի պատմության թանգարանում 1980 թվականին կազմակերպվել է «Հայկական ճարտարապետությունը 4-18-րդ դարերում» ցուցահանդեսը։

Անտվերպեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի թիվն Անտվերպենում հասնում է 1500-ի։ Այստեղ, ինչպես Բրյուսելում, հայերի ձեռքին էր արևելյան գորգերի վաճառքը, այսօր էլ տեղի հայերի մի մասը զբաղվում է առևտրով։ 1919 թվականին Անտվերպենում գործել է Հայաստանի Հանրապետության (1918-1920) հյուպատոսությունը։ Համայնքի ազգային կյանքը կազմակերպել են Հայ կանանց միությունը, Հայ երիաասարդաց միությունը մշակութային կազմակերպությունները։

Ներկայումս Անտվերպենի հայերի գլխավոր հավաքատեղին 1990 թվականին բացված Հայ տունն է (տնօրեն՝ Տարոն Կարապետյան)։ Այստեղ կազմակերպվում են դասախոսություններ, հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրումներ, մշակութային և բարեգործական միջոցառումներ։ Հայ տունն ունի բասկետբոլի խումբ։ Ազգապահպան ծրագրերի իրականացմանը նպաստում են տեղի հայ մեծահարուստները։ Աչքի է ընկնում հատկապես ազգային բարերար Հ. Արսլանյանը, որն ունի ադամանդի վաճառատուն Անտվերպենում և մասնաճյուղեր աֆրիկյան մի շարք երկրներում. 1994 թվականից Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսն է Անտվերպենում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png