Հայերը Վաշինգտոնում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
EmbassyArmeniaUS.jpg

Վաշինգտոնի հայ համայնքը ձևավորվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ այստեղ են հաստատվել Արևմտյան Հայաստանից գաղթած հայեր։ Հիշատակվում է 1887 թվականին Իրանից Վաշինգտոն եկած Տիգրան Վարժապետյանի անունը, զբաղվել է արևելյան ապրանքների առք ու վաճառքով, 1890 թվականին հիմնել 《Վարժապետյան և ընկերություն》 վաճառատունը։ Վաշինգտոն եկած (1895 թվականին) հաջորդ հայը Պողոս Գասպարյանն է, որը հիմնել է Արևելյան գորգերի նորոգման ընկերություն։ Գաղութը ստվարացել է 1894-1896 թվականների համիդյան ջարդերից և Առաջին համաշխարհային պատերազմից հետո այստեղ ապաստանած հայ գաղթականների հաշվին։ 1885-1910 թվականներին Վաշինգտոնում բնակվող հայերից հայտնի էին ԱՄՆ-ի գաղտնի ծառայության թարգմանիչ Արամ-Քերամ Մինասյանը, դոկտորներ Նշան Հինդլյանը, Նազարեթ Քյուրքչյանը, Դոլմաջը, Միհրան Նագաշյանը, նավատորմի մեխանիկ Բաստեքյանը, գործարարներ Մովսես Հեքիմյանը, Ավագ-Հակոբ Փանոսյանը, Իչիլյանը։

Գաղթած հայերը և գործող կազմակերպությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Վաշինգտոնում հաստատվել են ԱՄՆ-ի այլ քաղաքներից և Միջին Արևելքի երկրներից եկած հայեր։ 1940-ական թվականներին Վաշինգտոնում կար 200 հայ ընտանիք։ Գործում էին ՀՀԴ, ՍԴՀԿ, ՀԲԸՄ (1915 թվականից), Տիկնանց օգնության ընկերությունը, Հայ Կարմիր խաչը (1931 թվականից), ՀՕՄ-ը, Վարդանանց ասպետներ կազմակերպությունը (1942 թվականից), Վարդանանց դուստրերի Տիգրանուհի օթյակը (1953 թվականից), Հայ երիտասարդաց դաշնակցության Անի մասնաճյուղը։

1960-1970-ական թվականներին վաշինգտոնահայ համայնքը համալրել են Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից, Իրանից, իսկ 1990-ական թվականներին՝ նաև Հայաստանից գաղթած հայերը։ Ներկայումս (2013) Վաշինգտոնում բնակվում է շուրջ 12 հզ. հայ։ Հիմնականում գործարարներ են, պետական, գրասենյակային ծառայողներ, մասնավոր ընկերություններում աշխատող մասնագետներ, նաև արհեստավորներ, առևտրականներ են։ Առաջին եկեղեցական ծառայությունը Վաշինգտոնում մատուցվել է 1923 թվականին՝ ավետարանական եկեղեցում։ 1963 թվականին կառուցվել և օծվել է Ս. Աստվածածին եկեղեցին։ Համայնքում գործում են նաև Սուրբ Մարիամ (էջմիածնապատկան), Սուրբ Խաչ (անթիլիասապատկան) եկեղեցիները՝ կից շաբաթօրյա դպրոցներով։ Առաջին հայկական տարրական դպրոցը բացվել է 1932 թվականին՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու աղոթասրահում։ Ներկայումս գործում է Շնորհալի դպրոցը (ունի 100 աշակերտ)։

Գործում են նաև հայ քաղաքական կուսակցությունների տեղական կազմակերպություններ, համագաղութային և բարեգործական միությունների մասնաճյուղեր, Հայ-ամերիկյան մշակութային միությունները, ՀԲԸՄ տեղեկատվական գրասենյակը, 《Արարատ》 տարեցների միությունը, Հայ եկեղեցու երիտասարդաց կազմակերպությունը, Հայ ակումբը՝ իր մարզական և ընկերային խմբերով, Բալթիմորի հայ մշակութային ընկերությունը։ Վաշինգտոնում են Ամերիկայի հայկական համագումարի կենտրոնական գրասենյակը և Հայ դատի հանձնախմբի մասնաճյուղն իր գրասենյակով։ Գործում են նաև 《Վասպուրական》 և 《Հայկական》 ժողովրդական պարախմբերը։

Հայկական ազգային ինստիտուտը Վաշինգտոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին հիմնվել է Ամերիկայի հայ ուսանողների ակումբների ֆեդերացիան։ 1996 թվականից գործում է "ANI" ("Armenian National Institute" - (Հայկական ազգային ինստիտուտ) հաստատությունը, որը զբաղվում է հայերի ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր հավաքելու, ուսումնասիրելու և օտարներին ներկայացնելու աշխատանքով։ 2000 թվականին Վաշինգտոնի կենտրոնական մասում գնվել է շենք՝ Հայոց ցեղասպանության թանգարանի համար։ Վաշինգտոնի հրապարակներից մեկում կանգնեցված է Ֆրիդ Սողոյանի Մայր երկիր (Հայաստան) հուշաքանդակը՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png