Հայերը Թուրքիայում
Թրքահայեր | |||
---|---|---|---|
Թուրքիայի դրոշը | |||
Ընդհանուր քանակ | |||
60.000-80.000 | |||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
Հայերեն (18%[1]) թուրքերեն (82%[1]) | |||
Հավատք(ներ) | |||
Իսլամ, Հայ Առաքելական եկեղեցի, Հայ կաթոլիկ եկեղեցի |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերը ժամանակակից Թուրքիայի տարածքում ապրել են շատ ավելի վաղ ժամանակներից, քան այնտեղ հաստատվել է թուրքական տարրը։ Իսկ Փոքր Ասիայում թուրքերի հաստատվելուց հետո հայերն Արևմտյան Հայաստանի տարածքում կազմակերպել են ազգային կյանքը, տնօրինել իրենց սեփական և հասարակական ունեցվածքը։ Թուրք-հայկական մշակութային և հասարակական հարաբերությունների ընթացքում տեղի են ունեցել մշակույթների զգալի ներթափանցումներ, մշակվել համակեցության որոշակի պայմաններ։ Սակայն Օսմանյան կայսրության ստեղծումից հետո Թուրքիայում արևմտահայության վիճակը խիստ ծանրացավ։ 16-17-րդ դարերի ընթացքում երկարատև պատերազմներ տեղի ունեցան Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ ԱրևմտյանՀայաստանը հաճախ դառնում էր ռազմական գործողությունների թատերաբեմ, որի հետևանքով քայքայվում էր նրա տնտեսությունը, մեծ զոհեր էր տալիս հայ խաղաղ բնակչությունը։ 18-րդ և հատկապես 19-րդ դարերում թուրքական բռնապետությունն ուժեղացրեց ճնշումը հայերի նկատմամբ, սաստկացան ազգային և կրոնական հալածանքները։ Եվ սկսվեց հայ ժողովրդի պայքարը թուրք նվաճողների դեմ, որը հատկապես նոր թափ առավ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ Արևմտյան Հայաստանում ծավալվեց ֆիդայական շարժումը։ Այս ամենի հետևանքը եղավ այն, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) տեղահանվեց ամբողջ արևմտահայությունը, 1915 թ-ին իրականացվեց 20-րդ դարի մեծագույն ոճրագործություններից մեկը՝ Մեծ եղեռնը. ոչնչացվեցին 1,5 միլիոն հայեր, փրկվածները տարագիր դարձան՝ ցրվելով աշխարհով մեկ։ Օսմանյան կայսրությանը հաջողվեց իրականացնել իր քաղաքական ծրագիրը՝ Արևմտյան Հայաստանը «մաքրել» հայերից՝ հայ ժողովրդին զրկելով իր դարավոր բնօրրանում ապրելու կենսական իրավունքից։ Եվ այսօր Թուրքիայի իշխանություններից պահանջելով ճանաչել Հայոց Մեծ եղեռնը՝ հայերս առաջին հերթին խնդիր ունենք վերականգնելու տեղահանված ու ցեղասպանված հայության ժառանգների՝ իրենց պատմական բնօրրանում ապրելու և գույքային իրավունքները։
Ներկա վիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Թուրքիայում բնակվում է մոտ 60-80 հզ. հայ[2], (համշենահայերի հետ միասին 360-380 հզ.) որից 50 հզ-ը՝ Ստամբուլում[2], որտեղ և կենտրոնացած է հայ կյանքը։ Թուրքիայում հայ հասարակական կյանքը կազմակերպել են ազգային, մշակութային, գրական միությունները, բարեգործական ընկերությունները, որոնցից նշանավոր են Համազգյաց, Մեսրոպյան, Արարատյան, Կիլիկյան, Ազգանվեր հայուհյաց ընկերությունները։ Հայկական եկեղեցիներին կից գործում են դպրոցներ։ Առաջին կանոնավոր դպրոցը հիմնվել է 1715 թ-ին Կոստանդնուպոլսում։ Ներկայումս գործում են 17 հայկական վարժարաններ, որտեղ ուսուցանվում են հայոց լեզու, կրոնի պատմություն (հայ ժողովրդի պատմության դասավանդումն արգելված է)։ Թուրքերենի, Թուրքիայի պատմության և աշխարհագրության ուսուցիչները պարտադիր թուրքեր են։
Արվեստ և մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայում ապրող հայերը մեծ ավանդ են ներդրել ոչ միայն հայ ազգային արվեստի, այլև թուրքական մշակույթի տարբեր բնագավառների զարգացման գործում։ Թուրքիայում առաջին թատրոնի հիմնադիրը Հակոբ Վարդովյանն է, օպերայի և օպերետի ստեղծողը՝ Տիգրան Չուխաջյանը, առաջին նվագախմբի ղեկավարը՝ Գրիգոր Սինանյանը։ Երկար տարիներ արքունի ճարտարապետության գլխավոր դեմքերից են եղել Պալյան ընտանիքի ներկայացուցիչները, Գ. և Կ. Օտյանները, Հ. Սերվերյանը, սուլթանների պալատական նկարիչները՝ Մանասե ընտանիքի անդամները (թուրքական արվեստում առաջին դիմանկարիչները), լուսանկարչության սկզբնավորողն էր Աբդուլլահների հայ ընտանիքը։ Քանդակագործ Երվանդ Ոսկանը համարվում է Թուրքիայում քանդակագործության արվեստի հիմնադիրը։
Թուրքիայում են ապրել և ստեղծագործել հայ գրականության բազմաթիվ նշանավոր դեմքեր՝ Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Պետրոս Դուրյանը, Միսաք Մեծարենցը, Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը և ուրիշներ. նրանցից շատերը Մեծ եղեռնի զոհ դարձան։
Թուրքիայում առաջին հայերեն պարբերականը՝ «Լրո գիրը», լույս է տեսել 1832 թ-ին։ Ներկայումս հրատարակվում են «Ժամանակ», «Մարմարա» օրաթերթերը, «Սուրբ Փրկիչ», «Լրաբեր», «Ակոս» և այլ պարբերականներ։
Թուրքիան մերժում է հայերի ցեղասպանության փաստը, սակայն արդեն այն ճանաչվել և դատապարտվել է աշխարհի բազմաթիվ պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադանալյան Մ. Լ., «Ազգանվեր հայուհյաց ընկերությունը» (Ստեղծման 100-ամյակի առթիվ).- «Պատմա-բանասիրական հանդես», 1979, № 4, էջ 255-259։
- Հայերը Թուրքիայում և հայ-թուրքական մշակութային վերաբերումներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 "Թուրքագետը հաշվել է. Թուրքիայում 10 հայ գործարար կա", 29/09/2010, Panorama.am
- ↑ 2,0 2,1 “Foreign Ministry: 89,000 minorities live in Turkey”. Todayszaman. 29 September 2008 Արխիվացված 1 Մայիս 2010 Wayback Machine. (անգլ.) (չաշխատող հղում)