Հայերն ԱՄՆ-ում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայերը ԱՄՆ-ումից)
Ամերիկահայեր
Armenian Americans collage.png
Ընդհանուր քանակ

մինչև 1 500 000

Բնակեցում
Կալիֆոռնիա 900.000
Նյու Յորք 150.000
Մասաչուսեթս 130.000
Նյու Ջերսի 50.000
Միչիգան 40.000
Ֆլորիդա 40.000
Փենսիլվանիա 15.000
Իլինոյս 40.000
Ռոդ Այլենդ 10.000
Տեխաս 10.000
Լեզու(ներ)
Արևելահայերեն, արևմտահայերեն, ամերիկյան անգլերեն
Հավատք(ներ)
Քրիստոնեություն (հայ առաքելական, հայ կաթողիկե և հայ ավետարանական), անկրոն

Հայերն ԱՄՆ-ում (անգլ.՝ Armenian Americans), հայկական սփյուռքի՝ թվաքանակով երկրորդ գաղթօջախը։ Տարբեր տվյալներով՝ նրանց թիվը տատանվում է 483,366-ից (ԱՄՆ-ի 2011 թվականի մարդահամար) մինչև 1,500,000 (այդ թվում՝ հայկական ծագմամբ ամերիկացիներ)։ Ամերիկահայերի ճնշող մեծամասնությունը բնակվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա (մոտ 900 հազար) նահանգում, որը երբեմն անվանում են «Ամերիկյան Հայաստան»:

ԱՄՆ-ում հայերի հաստատման պատմությունն ընդունված է բաժանել 4 փուլի։ Առաջին փուլում՝ մինչև 20-րդ դարի սկզիբը, ԱՄՆ-ում ձևավորվել էին փոքրաթիվ հայկական համայնքներ։ Այդ ժամանակահատվածում երկրում հաստատվում էին եվրոպացի, ասիացի ու աֆրիկացի գաղթականների տարբեր խմբեր, որոնք ձևավորում էին ամերիկյան հասարակությունը։ Նախքան 20-րդ դարը հայերը փոքրաթիվ համայնքներով հաստատվել են նաև Եվրոպայի ու Ասիայի մի քանի երկրներում։ Երկրորդ փուլում՝ առաջին համաշխարհային պատերազմից ու հայոց ցեղասպանությունից հետո, այստեղ են տեղափոխվում հազարավոր հայեր՝ Արևմտյան Հայաստանից ու Թուրքիայի հայաշատ վայրերից։ Այդ ժամանակ ձևավորվում է հայկական սփյուռքը։ Երրորդ փուլն ընդգրկում է երկրորդ համաշխարհային պատերազմից մինչև Արցախյան շարժումն ընկած ժամանակահատվածը, երբ ԱՄՆ են տեղափոխվում հարյուր հազարավոր հայեր՝ հիմնականում Մերձավոր Արևելքի երկրներում (Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Իրան և այլն) տեղի ունեցած քաղաքական անկայունության պատճառով։ Չորրորդ փուլի ընթացքում (1990-ականներից մինչև մեր օրեր) ԱՄՆ են տեղափոխվում Հայաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների հազարավոր հայ քաղաքացիներ, ովքեր գաղթական էին դարձել Սպիտակի ավերիչ երկրաշարժի, Արցախյան պատերազմի, նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող տնտեսական ճգնաժամի և ԽՍՀՄ փլուզման հետևանքով։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հաստատվել են 1992 թվականին։

Ամերիկահայերը ակտիվ ներգրավվածություն ունեն պետության բոլոր մակարդակներում։ Գաղթականների առաջին ալիքը ունեցել է զգալի դժվարություններ, սակայն վերաբնակների երկրորդ, երրրոդ և չորրորդ սերունդներից սկսած՝ ԱՄՆ-ում և հայկական սփյուռքում սկսում են հանրահայտ դառնալ ամերիկահայ գործարարները, քաղաքական ու ռազմական, հասարակական ու մշակութային գործիչները, գիտնականներն ու մարզիկները։ 20-րդ դարի ընթացքում և 21-րդ դարի սկզբին այստեղ հիմնադրվել են 50-ի հասնող հայկական բարեգործական, գիտական, կրոնական, հասարակական, մարզական, մշակութային ու քաղաքական կազմակերպություններ, որոնք կարգավորում են ամերիկահայերի կյանքը և օգնում նրանց՝ ինտեգրվել ամերիկյան հասարակությանը։

Ամերիկահայ գաղութի ստվարացման՝ որպես ցեղասպանությունից փրկված հայերին ամերիկյան հասարակության մեջ առավելագույնս ինտեգրման և միաժամանակ հայապահպանման գործում մեծ դեր են խաղացել սփյուռքահայ կուսակցությունները (Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, Ռամկավար ազատական, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան) և հայ առաքելական եկեղեցին։ Նրանց ջանքերով բացվել են տարբեր կազմակերպություններ, որոնք պետության աջակցությամբ հիմնել են տասնյակ դպրոցներ ու վարժարաններ, եկեղեցիներ ու հասարակական շինություններ։ Աշխուժանում է ինչպես գիտական, այնպես էլ մշակութային ու մարզական կյանքը։ Հայաստան-սփյուռք և միջպետական հարաբերություններում իր ուրույն տեղն է գրավում ամերիկահայ մամուլը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հայկական լոբբին։

Ամերիկահայերի խոսակցական և գործնական լեզուն հիմնականում անգլերենն է, կենցաղային լեզուն՝ արևմտահայերենը, մասամբ՝ արևելահայերենը։ Ամերիկահայերի ճնշող մեծամասնությունը կրոնական տեսանկյունից հարում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Արևելյան և Արևմտյան թեմեր), կան նաև ավետարանականներ, կաթոլիկներ ու բողոքականներ։ Ամերիկահայ գաղութը եզակի է այն տեսանկյունից, որ այստեղից արտագաղթ հիմնականում չկա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկահայ գաղթօջախ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը ԱՄՆ-ում թվականներով[1]
Տարի Հայերի բնակչությունը  %±
1890
1.500
1898
14.000
833.3
1900
25.000
78.6
1914
66.000
163.8
1920
100.000
33.3
1930's
200.000
50
1945
215.000
7.5
1972
450.000
109.3
1979
550.000
22.3
1983
700.000
27.3
1986
800.000
14.3
1994[2]
1.000.000
25
2003[2]
1.250.000
20
2009[2]
1.500.000
5.8

Հայերը Հյուսիսային Ամերիկայում բնակություն են հաստատել 17-րդ դարի առաջին տասնամյակներից։ Այստեղ եկած առաջին հայի՝ պարսկահպատակ Ջոն Մարտինի անունը հիշատակվում է 1618 թվականին (զբաղվել է ծխախոտագործությամբ)։ 1653-1654 թվականներին Վիրջինիայի նահանգի կառավարչի հրավերով Թուրքիայից եկել են շերամաբույծ երկու հայ վարպետներ՝ շերմաբուծությունը զարգացնելու նպատակով։ 17-18-րդ դարերին հայերի փոքրաթիվ խմբեր Ամերիկա են գաղթել Եվրոպայից (Լեհաստանից, Հունգարիայից, Հոլանդիայից), ինչպես նաև Հնդկաստանից և վերաբնակվել Վիրջինիա, Հարավային Կարոլինա, Ջորջիա նահանգներում։ 1770-ական թվականներին հայերի թիվն ԱՄՆ-ում հասել է 70-ի։

1830-ական թվականներից սկսված հայերի նոր հոսքը հետևանք էր Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Թուրքիայի հայաբնակ այլ վայրերում ամերիկյան միսիոներների քարոզչական, կրթալուսավորչական գործունեության, որի արդյունքում բացվեցին բազմաթիվ դպրոցներ (քոլեջներ), որտեղ սովորել են հայ երեխաներ։

1834 թվականին Կոստանդնուպոլսի միսիոներական դպրոցի սան 16-ամյա Խաչատուր Ոսկանյանը սկզբնավորել է հայ, մասնավորապես պոլսեցի, երիտասարդության հոսքը ԱՄՆ-ի բարձրագույն և առաջնակարգ ուսումնական հաստատություններ՝ դառնալով առաջին հայ մտավորականը Նոր Երկրում։ 1861-1865 թվականներին, քաղաքացիական պատերազմին հաջորդած տարիներին, երբ ԱՄՆ թևակոխել է արդյունաբերական բուռն զարգացման շրջան, ի թիվս «հին աշխարհի» շատ գաղթականների, ԱՄՆ են սկսել մեկնել հայերի խմբեր (հիմնական պատճառներն էին հայ գյուղացու տնտեսական քայքայումը, ծանր հարկերը, կյանքի և գույքի ապահովությունը Օսմանյան Թուրքիայում)։ Նրանց մեծ մասը ձգտել է ժամանակավորապես աշխատելուց և որոշ գումար ձեռք բերելուց հետո վերադառնալ հայրենի բնակավայրեր։ 1870-ական թվականների վերջին Նյու Յորքում, Ուստրում, Փրովիդենսում սկսել են ձևավորվել հայկական առաջին համախմբումները։

19-րդ դարի վերջին Թուրքիայում գործել են ավելի քան 160 միսիոներներ, 40 միսիոներական գիշերօթիկներում և 7 քոլեջներում սովորել են շուրջ 2700 տղա և աղջիկ (1899-1900 թվականներին Կոստանդնուպոլսի Ռոբերտ քոլեջի աշակերտների 74%-ը հայեր և հույներ էին)։

Ամերիկահայերի ընտանիք
(Բոստոն, 1908)

Օսմանյան Թուրքիայի գրեթե բոլոր խոշոր կենտրոններում ամերիկյան ավետարանական քարոզիչների կրթալուսավորչական գործունեության (եկեղեցիների, նախնական ու բարձրագույն դպրոցների, քոլեջների և մշակութային այլ օջախների ստեղծում) ծավալման հետևանքով 19-րդ դարի 80-ական թվականներին աճել է հայ, հիմնականում ամուրի (95%) երիտասարդների արտահոսքը երկրի գրեթե բոլոր շրջաններից, գերազանցապես՝ Խարբերդից (40%)։ Եվրոպական շուկաներում արդեն իսկ իրենց գործունեությունը տարածած հայ հարուստ վաճառականները ձեռնպահ էին մնում ԱՄՆ ներթափանցելուց։ 1880-ական թվականների վերջից արդեն 1500 հայ ունեցող ԱՄՆ դարձել էր նաև քաղաքական ապաստան և գործունեության ազատ դաշտ հայ հեղափոխական կուսակցական (հնչակյան, դաշնակցական) գործիչների համար։

Ժամանակի ընթացքում ԱՄՆ մեկնած հայերը տարածվել են գրեթե բոլոր նահանգներում՝ նախապատվություն տալով հայ բնակչություն ունեցող շրջաններին (Նյու Յորք, Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Իլինոյս, Կալիֆոռնիա, Միչիգան, Փենսիլվանիա, Նյու Ջերսի, Քոնեքթիքութ, Վիսքոնսին և այլն)։ Հայաշատ քաղաքներից էին Նյու Յորքը, Ուստրը, Լիննը, Բոստոնը, Փրովիդենսը, Հարթֆորդը, Ֆիլադելֆիան, Հոբոքենը, Թրոյը, Չիկագոն, Ֆրեզնոն և այլն։ Հայերի շրջանում մշտապես նկատվել է տեղաշարժ՝ հատկապես արևելյան նահանգներից դեպի արևմտյան նահանգներ։ Դա տեղի է ունեցել որոշակի օրինաչափությամբ. սկզբում՝ 1834 թվականից, հարազատ բնակավայրեր վերադառնալու հույսով մեկնած տղամարդիկ հաստատվել են գլխավորապես երկրի արևելյան ափի ուսանողական (հիմնականում՝ Նյու Յորք քաղաք) և արդյունաբերական (հիմնականում՝ Ուստր քաղաք) շրջաններում։ Հետագայում՝ հատկապես 1880-ական թվականներին, ԱՄՆ-ում հայերի թվի ստվարացմանը, արևելյան նահանգներում աշխատատեղերի նվազեցմանը զուգընթաց, հայերն աստիճանաբար տարածվել են նաև երկրի հյուսիսարևելյան, հյուսիսային, միջին, միջինարևմտյան ու արևմտյան շրջաններում (հիմնականում՝ Կալիֆոռնիայի գյուղատնտեսական նահանգ)։ Ամերիկյան կյանքին ընտելացած հաջողակ ու գործարար հայերը պայմաններ են ստեղծել հետագա տասնամյակներին գաղթի դիմած հազարավոր հայրենակիցներին նյութական ու բարոյական աջակցություն ցույց տալու, նրանց համախմբելու և որպես համայնք կազմակերպելու համար։

առաջին հայկական՝ Սուրբ Փրկիչ եկեղեցին
Ուսթըր, 1891

1820-1898 թվականներին ԱՄՆ մեկնած հայերի թիվը մոտավոր է (4 000), քանի որ այդ ժամանակաշրջանում ԱՄՆ մուտք գործած գաղթականները գրանցվել են ոչ թե ըստ ազգային պատկանելության, այլ՝ մշտական բնակության երկրների։ Ընդ որում՝ Օսմանյան Թուրքիայից գաղթածները մինչև 1868 թվականը գրանցվել են որպես «Եվրոպական Թուրքիայից», իսկ 1869 թվականից՝ նաև «Ասիական Թուրքիայից» և «Հայաստանից» եկածներ։ 1899 թվականից գաղթականները սկսել են գրանցվել՝ ըստ իրենց ազգային պատկանելության։

1893 թվականին ԱՄՆ-ի կառավարությունը դատապարտել է թուրքական իշխանություններին, որոնց թողտվությամբ Մարզվանում կողոպտվել ու այրվել էր ամերիկյան քոլեջը, Բարձրագույն Դռնից պահանջել է հարգանքով վերաբերվել ամերիկահպատակներին։ 1894 թվականի դեկտեմբերի 3-ի Սասունի կոտորածից հետո ԱՄՆ-ի Սենատն առաջարկել է եվրոպական տերությունների հետ մասնակցել Սասունում կատարված հանցագործությունների հետաքննությանը և պահանջել է դադարեցնել հայ բնակչության հետագա հալածանքները։ 1894-1896 թվականների համիդյան կոտորածները Օսմանյան Թուրքիայում բողոքի ալիք են առաջ բերել ԱՄՆ-ում։ Ֆիզիկական բնաջնջման վտանգից խուսափող հայերի զանգվածային գաղթը մեծ չափեր է ընդունել՝ ներառելով կայսրության բոլոր հայաբնակ շրջանները։ Ամերիկյան առաջադեմ հասարակական-քաղաքական գործիչները դատապարտել են սուլթանական կառավարության հակահայկական քաղաքականությունը։ Արևմտահայությանն օգնելու համար ստեղծվել են հայ-ամերիկյան բարեգործական կազմակերպություններ։ Մեծ աշխատանք են կատարել 1895 թվականին Բոստոնում ստեղծված «Հայաստանի բարեկամների միությունը» (անդամներն էին՝ բանաստեղծուհիներ Ջուլիա Ուորդ Հաուն և Ալիս Սթոուն Բլեքուելը, լրագրողներ Սեմյուել Բարրոուն և Հենրի Բլեքուելը, գիտնականներ Հենրի Ալենը, Ուիլյամ Ուորդը և ուրիշներ), Կարմիր խաչի ազգային ընկերության նախագահ Կլարա Բարտոնը, բազմաթիվ միսիոներներ։

Ամերիկահայեր, 20-րդ դարի սկիզբ

1904 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկ) ԱՄՆ-ի կառավարությունը խնդրել է օգնել թուրքական լծի տակ հեծող արևմտահայությանը։ Հայ պատվիրակներին (եպիսկոպոսներ Հ. Սարաջյան, Ս. Այվատյան) ընդունել է ԱՄՆ-ի նախագահ Թեոդոր Ռուզվելտը: Նա հայտարարել է, որ հետաքրքրվում է Հայկական հարցով, սակայն չի կարող օգնել հաներին, քանի որ 1878 թվականի Բեռլինի դաշնագրի տակ չկա ԱՄՆ-ի ստորագրությունը։

1900 թվականին հայերի թիվը ԱՄՆ-ում շուրջ 20 000 էր։ 1904 թվականին ԱՄՆ (մասնավորապես՝ Կալիֆոռնիան) հանգրվան է դարձել նաև տնտեսական և քաղաքական հանգամանքների բերումով Ռուսական կայսրությունից գաղթած հայերի համար, որոնք Նոր Երկրի մասին տեղեկացել էին 19-րդ դարի կրոնական հալածանքների հետևանքով Կովկաս աքսորված դուխոբորներից և մոլոկաններից։ Դեպի ԱՄՆ արևելահայ պանդխտության նախակարապետները Կարսի Ղարաղալա գյուղից Մուշեղյաններն էին, որոնց շուտով հետևել է գյուղի գրեթե ողջ բնակչությունը։ 20-րդ դարի սկզբին Ռուսական կայսրությունում և մասնավորապես Կովկասում տիրող տնտեսական ու քաղաքական ճգնաժամը խթանել է արևելահայության տեղաշարժը դեպի օտար ափեր՝ ներառելով նաև Ալեքսանդրապոլի հարակից գյուղերից, Իգդիրից, Կողբից, Թիֆլիսից, Ղարաբաղից, Երևանից և այլ վայրերից մեկնած մի խումբ հայերի։ Նրանք հիմնականում բնակություն են հաստատել ԱՄՆ-ի արևմտյան ափին՝ Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում։

Հայոց Մեծ եղեռն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին առավել մեծ չափերի հասած արևելահայերի արտահոսքը (շուրջ 2500 մարդ) նվազել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918), ապա որոշ չափով նորից ավելացել Ռուսաստանում 1917 թվականին ստեղծված քաղաքական անկայուն իրավիճակի հետևանքով։ Արևելահայերի հոսքը ԱՄՆ, ի տարբերություն արևմտահայերի, մեծ չափերի չի հասել, ինչը բացատրվում է Ռուսաստանում քաղաքական ու տնտեսական համեմատաբար բարվոք վիճակով։ ԱՄՆ-ի Գաղթականական գրասենյակի տվյալներով՝ 1899-1924 թվականներին Ռուսաստանից ԱՄՆ էր մեկնել ավելի քան 3500 հայ։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը ԱՄՆ-ում բնակվել է 60 000 հայ։

Օսմանյան կայսրության մասնատումը և Հայաստանի տարածքային ընդարձակումը՝ ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գծած քարտեզի
Սևրի պայմանագիր, 1920

1908 թվականից հետո Թուրքիայի անկայուն վիճակը, Ադանայի կոտորածը (1909), Բալկանյան պատերազմները (1912-1913), ապա Մեծ եղեռնը ուժեղացրել են հայերի արտագաղթը Թուրքիայից։ Ամերիկյան մամուլը գրեթե ամեն օր տպագրել է Օսմանյան Թուրքիայում ողբերգական իրադարձությունների ականատես միսիոներների, դիվանագետների, հրաշքով փրկված հայերի պատմածները։ ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն, համոզվելով, որ հայերի կոտորածներն ու աքսորը նպատակ ունեն գլխովին ոչնչացնել հայերին, ապարդյուն փորձել է համոզել Թալեաթին և Էնվերին` դադարեցնելու հայերի բնաջնջումը: 1915 թվականի վերջին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին: Վերջինս 1920 թվականին փորձ արեց ստանձնել Հայաստանի մանդատը: Հայաստանի տնտեսությունը, բնական հարստությունները և քաղաքական իրադրությունը հանգամանորեն ուսումնասիրելու նպատակով Հայաստան է ժամանել ԱՄՆ-ի նախագահի հատուկ քննիչ հանձնաժողովը՝ գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ։ Սան Ռեմոյի կոնֆերանսում (1920) ԱՄՆ-ի կառավարությանը պաշտոնապես առաջարկվել է ընդունել Հայաստանի մանդատը։ Սևրի պայմանագրի համաձայն՝ կազմվեց Հայաստանի քարտեզը, որը Արևմտյան Հայաստանի տարածքում նախատեսում էր հայկական ինքնավարություն՝ դեպի Սև ծով ելքով: 1920 թվականի մայիսի 27-ին ԱՄՆ-ի կառավարությունը Կոնգրեսի քննությանն է ներկայացրել Հարբորդի առաքելության զեկուցագիր։ 1920 թվականի հունիսի 1-ին ԱՄՆ-ի Սենատը արտաքին և ներքին քաղաքական դրդապատճառներով մերժել է Հայաստանի մանդատն ընդունելու երկրի նախագահի առաջարկը։ ԱՄՆ-ը սահմանափակվեց Թուրքիայից փախած հայ գաղթականներին սոսկ նյութական օգնություն ցուցաբերելով, որը շարունակվեց մինչև 1930-ական թվականները: Այդպիսի բարեգործական կազմակերպություններից էր Ամերկոմը (Ամերիկյան օգնության կոմիտե), որը բազմաթիվ որբանոցներ էր պահում Հայաստանում և հարակից երկրներում: Հայաստանում այն գործել է 1919 թվականի մայիսից հետո, երբ Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագրով Ամերիկոմն իր վրա է վերցրել հայ որբերի հովանավորությունն ու դաստիարակությունը (դադարել է գործելուց 1931 թվականին)։ 1920-1924 թվականերին ԱՄՆ է գաղթել շուրջ 21 000 հայ։ Ամերիկյան գաղթականական հանձնախմբի վիճակագրական տվյալների համաձայն՝ 1925-1933 թվականերին ԱՄՆ է մուտք գործել 7286, իսկ 1925-1943 թվականներին՝ 7706 հայ։

Ամերկոմ, Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտե

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական սահմանադրությամբ վերացված գաղթի արգելքի վերականգնման պայմաններում նվազ թվով հայերի է հաջողվել արտագաղթել: Եթե միայն 1914 թվականին ԱՄՆ էր գաղթել 7785 հայ, ապա հետագա տարիներին նրանց թիվը կտրուկ նվազել է` 1915-1919 թվականներին կազմելով ընդամենը 3620 մարդ։ 1919-1920 թվականներին ԱՄՆ-ում կար շուրջ 78 000 հայ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո միջազգային ասպարեզում ստեղծված քաղաքական նոր հարաբերությունների հետևանքով ամերիկյան գաղթականական օրենքները պարբերաբար վերանայվել են. խիստ սահմանափակվել է նաև հայերի ներգաղթը։ 1924 թվականին ընդունվել է Ազգային ծագումների քվոտայի օրենքը (անգլ.՝ National Origins Quota)։ Այդ թվականին ԱՄՆ-ում բնակվող հայերի ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 120 000:

Օսմանյան Թուրքիայում հայերի պարբերական ջարդերով ու տեղահանություններով ուղեկցված քեմալական շարժման վերելքը, ինչպես նաև Անդրկովկասում Հայաստանի Հանրապետության (1918-1920) անկումը կրկին խթանել են հայերի գաղթը ԱՄՆ` 1921 թվականին, նախորդ տարիների համեմատությամբ, այն հասցնելով ամենաբարձր ցուցանիշի՝ 10212-ի (մեծ մասամբ՝ հայկական և ամերիկյան բարեգործական կազմակերպությունների, ինչպես նաև ամերիկյան քարոզիչների կողմից թուրքական հարեմներից, ոչ քրիստոնյա ընտանիքներից, ճամբարներից ու որբանոցներից հավաքագրված հայեր էին)։ Ընդ որում, եթե մինչև 1919 թվականը ԱՄՆ գաղթած հայերի շուրջ 76%-ը տղամարդիկ էին, և միայն 24%-ը՝ կանայք, ապա 1921 թվականից հետո կանայք կազմել են 52, տղամարդիկ՝ 27, երեխաները՝ 21%: Գաղթականները (հիմնականում 16-45 տարեկան) մեկնում էին ընտանիքների վերամիավորման նպատակով։

Հայերը հիմնականում կենտրոնացած էին Մասսաչուսեթսի, Կալիֆոռնիայի, Ռոդ Այլենդի, Քոնեքթիքութի նահանգներում, իսկ ամերիկյան հայաշատ քաղաքներից էին Դետրոյտը, Լոս Անջելեսը, Փրովիդենսը, Բոստոնը, Ուստրը, Ֆրեզնոն, Սան Ֆրանցիսկոն և այլն։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ԱՄՆ-ում բնակվում էր շուրջ 200 000 հայ։ Պատերազմի տարիներին ամերիկյան զինվորների հետ բոլոր ռազմաճակատներում (Փիրլ Հարբորի, Կորալյան ծովի, Միդուեյի, Հյուսիսային Աֆրիկայի, Սիցիլիայի, Իտալիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի և այլն) և զորատեսակներում (օդային, ցամաքային, ծովային) ծառայել են 18,500 ամերիկահայեր։ Պատերազմի տարիներին կամ դրա հետևանքով գեներալի կոչում են ստացել Հայկ Շեքերջյանը, Ջեք (Սիրակ) Հանիկյանը, գնդապետի՝ Սարգիս Զարդարյանը, Քիրք Բուչախը, «Կոնգրեսի պատվո շքանշանին» արժանացած 87 բանակայինների թվում էր ավագ լեյտենանտ Էռնեստ Հ. Դերվիշյանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան սերժանտ Վիկտոր Մաղաքյանը ճապոնական ընտանիքի հետ, 1944

Դեպի ԱՄՆ գաղթի նոր ալիք է սկսվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1948 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից «Տեղահանված մարդկանց մասին» օրենքի հաստատումով՝ «Հայրենազուրկ հայերի օգնության ամերիկյան ազգային կոմիտեն» (ANCHA-ԱՆՉԱ, նախագահ՝ Ջորջ Մարտիկյան) մինչև 1952 թվականը իրականացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում հայտնված 4 500 ռազմագերի-տարագրյալ հայերի փոխադրումն ու բնակեցումը ԱՄՆ-ում։ 1947 թվականին ԱՄՆ-ում կար 215 000 հայ։ 1944-1952 թվականներին ԱՄՆ է մուտք գործել 4379 հայ։ 1947-48 թվականներին, զանգվածային հայրենադարձության տարիներին, Խորհրդային Հայաստան է ներգաղթել 151 ամերիկահայ։ Խորհրդային հասարակարգում հայրենադարձների նկատմամբ քաղաքական և տնտեսական բնույթի անարդարություններն ու հետապնդումները սահմանափակել են ամերիկահայերի հետագա հայրենադարձությունը։

Հայերի հոսքը ԱՄՆ նոր թափ է ստացել 1950-ական թվականներին և որոշ ընդհատումներով շարունակվում է ցայսօր։ 1952 թվականին՝ Եգիպտոսից, 1958-1961 թվականներին՝ Սիրիայից, 1960 թվականին Խորհրդային Հայաստանից, 1960-ական թվականների կեսից՝ Թուրքիայից, Հունաստանից, 1960-ական թվականների վերջից՝ Լիբանանից, 1979 թվականին՝ Իրանից, ապա Հորդանանից և Իրաքից տեղի ունեցած արտագաղթը հետևանք էր վերոհիշյալ երկրների տնտեսական և քաղաքական անկայուն գործընթացների։ 1965 թվականին ԱՄՆ-ում բնակվում էր 300 000 հայ։ ԱՄՆ-ում ընդունված Գաղթականական օրենքով (անգլ.՝ Immigration Act) վերացվել են ներգաղթի նկատմամբ նախկինում գործող սահմանափակումները՝ խթանելով աշխարհի տարբեր կողմերից (հատկապես Մերձավոր և Միջին Արևելքից, Խորհրդային Հայաստանից) շուրջ 2 000 հայերի ամենամյա հոսքը ԱՄՆ։

1960-1970-ական թվականներին ԱՆՉԱ-ի միջոցով Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից, ինչպես նաև Հայաստանից 18500 հայ է արտագաղթել ԱՄՆ, ընդ որում՝ 512 ընտանիք տեղավորվել է Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Ժամանակի ընթացքում Կալիֆոռնիայի նահանգը և մասնավորապես Լոս Անջելեսը վերածվել են ԱՄՆ արտագաղթող հայության կենտրոնատեղիի։ Միայն 1979 թվականին Խորհրդային Հայաստանից Լոս Անջելես է գաղթել 3200 հայ (1980 թվականին տեղի հայ բնակչության աճը կազմել է 50%)։ Եթե 1970-1972 թվականներին ԱՄՆ-ում բնակվում էր շուրջ 450-500 000, ապա 1985 թվականին՝ 600-800 000 հայ։

Արցախյան շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին ԽորհրդայինՄիությունում սկսված արմատական գործընթացները, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը, 1990-94 թվականների Արցախյան ազատամարտը և նորանկախ Հայաստանի սոցիալ-տնտեսական ու քաղաքական ճգնաժամը աննախադեպ մեծ չափերի են հասցրել հայերի արտագաղթը ԱՄՆ։ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումով երկրից արտագաղթողների նկատմամբ ամերիկյան օրենքների խստացման պայմաններում իսկ շարունակվում է հայերի հոսքը ԱՄՆ՝ հիմնականում ժամանակավոր այցագրերով։

Եթե մինչև 1980-ական թվականները ԱՄՆ էին գնում հիմնականում սփյուռքահայեր, ովքեր խոսում էին արևմտահայերենով, ապա դրանից հետո ԱՄՆ տեղափոխվեցին հազարավոր արևելահայեր։ Նրանց առաջին ալիքը ԱՄՆ ուղղվեց Իրանից, որտեղ հայկական գաղութն ուներ դարերի պատմություն։ Իրանահայերի արտագաղթը նույնպես ուներ քաղաքական պատճառներ. 1979 թվականին Իրանում սկսվել էր իսլամական հեղափոխություն, իսկ մեկ տարի անց տեղի էր ունեցել Իրան-իրաքյան պատերազմը (1980-88)։ ԽՍՀՄ փլուզման հետևանքով ԱՄՆ են մեկնում Խորհրդային Ադրբեջանի, մասնավորապես՝ Բաքվի հայ բնակիչներ, որոնց համար մայրենի լեզուն ռուսերենն էր, իսկ արևելահայերենի գրեթե չէին տիրապետում։ Նրանց սերունդները ԱՄՆ-ում սկսում են սովորել արևմտահայերենը՝ որպես մայրենի լեզու։ Այլ կարգավիճակ ունեին Խորհրդային Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Վրաստանի, մասնավորապես՝ Երևանի ու Թբիլիսիի հայերը, ովքեր չեն կորցնում իրենց մայրենի արևելահայերենը։

21-րդ դարասկզբի դրությամբ հայերի բացարձակ մեծամասնությունը բնակվում է Կալիֆոռնիա, Մասաչուսեթս և Նյու Յորք նահանգներում (Լոս Անջելես, Նյու Յորք, Դեթրոյթ, Ֆրեզնո, Սան Ֆրանցիսկո, Գլենդել)։ Այլ նահանգների հայ բնակչությունը կենտրոնացած է հիմնականում խոշորագույն արդյունաբերական կենտրոններում՝ Բոստոն, Չիկագո, Ֆիլադելֆիա, Փրովիդենս և այլն։ Հայերի թիվը Լոս Անջելեսում հասնում է 600,000-ի։ Դա հայկական բնակչություն ունեցող երկրորդ քաղաքն է՝ Մոսկվայից հետո. Մոսկվահայերի թիվը հասնում է 900,000-ի։

Հայերի թիվը քաղաքներում[3]
# Քաղաք Թիվը
1 Լոս Անջելես 600.000
2 Գլենդել 165.600
3 Նյու Յորք 100.000
4 Բոստոն 60.000
5 Սան Ֆրանցիսկո 40.000
6 Նյուարկ 35.000
7 Չիկագո 10.000

Ամերիկահայերը քաղաքաբնակներ են, և իրենց զբաղմունքը կապված է հիմնականում քաղաքային արդյունաբերության հետ։ Նրանք կարող են լինել մանր ու խոշոր ձեռնարկատերեր, ծառայողներ ու սպասարկման ոլորտի աշխատողներ, առևտրականներ ու արհեստավորներ, գիտնականներ ու մշակույթի գործիչներ։ Հայերը զբաղվում են նաև ԱՄՆ-ի հասարակական-քաղաքական կյանքով. նրանք աշխատում են երկրի կառավարական շրջանակներում, Կոնգրեսում, առանձին նահանգների օրենսդիր և գործադիր մարմիններում։ Երկար ժամանակ ամենամեծ նահանգի՝ Կալիֆորնիայի նահանգապետն էր (1981-92) Ջորջ Դոքմեջյանը, որի աջակցությամբ 1985 թվականին (Հայոց Ցեղասպանության 70-ամյակի նախօրյակին) ապրիլի 24-ը նահանգում հայտարարվել է Հայոց Ցեղասպանության հիշատակի օր։ Զինվորական բարձր աստիճանի հասած ամերիկահայերից են գեներալ Հայկ Շեքերջյանը, ծովակալ Ռոբերտ Իգնատիոսյանը, ռազմածովային ուժերի քարտուղար Փոլ Ռոբերտ Իգնաշիուսը, հայրենիք տեղափոխված և ՀՀ ու ԼՂՀ ազգային հերոսի կոչում ստացած Մոնթե Մելքոնյանը։ Գիտության մեջ հայտնի դարձան տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն, բժիշկ Ջեք Գևորգյանը, փաստաբան Ջորջ Դոքմեջյանը, պատմաբան Վարդան Գրեգորյանը, բժիշկ և տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը, ակադեմիկոս ճարտարագետ Արմեն Տեր-Կյուրեղյանը։ Հայտնի գործարարներ էին Ալեք Մանուկյանը, Քըրք Քըրքորյանը, Ռիչարդ Թուֆենկյանը, Ջերարդ Գաֆեսճյանը և ուրիշներ։ Շոու բիզնեսում և սպորտում աչքի ընկան երգչուհի և դերասանուհի Շերը, թենիսիստ Անդրե Աղասին, գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, բասկետբոլիստ Մայք Դանիելյանը, երգիչ և երգահան Սերժ Թանկյանը, դերասանուհի Քիմ Քարդաշյանը։

Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո աշխարհը բաժանվեց կապիտալիստական ու սոցիալիստական ճամբարների։ Իրենց ուժը կորցրած եվրոպական գերտերությունները և իրենց ասիական ու աֆրիկյան գաղթօջախներն ընտրեցին զարգացման կապիտալիզմի ճանապարհը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությամբ, իսկ այն երկրները, որոնք պատերազմի տարիներին ազատագրվել էին ֆաշիստական Գերմանիայից ու Ճապոնիայից՝ Խորհրդային Միության օգնությամբ, զարգացան սոցիալիստական ճանապարհով։ Ավելի ուշ ձևավորվեցին Հյուսիսատլանտյան և Վարշավյան դաշնակցային կազմակերպությունները՝ որպես ռազմաքաղաքական դաշինքներ։

ԱՄՆ-ն, այդպիսով, դարձավ աշխարհի երկու գերտերություններից մեկը։ Գիտությունն ու տեխնիկան այստեղ աննախադեպ աճ արձանագրեցին։ Ամերիկահայ հասարակությունը նույնպես մասնակցություն ունեցավ պետության գիտատեխնիկական առաջընթացին։

Դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում հայկական առաջին դպրոցը` Վարդուկյան վարժարանը, հիմնվել է 1880-ական թվականների վերջին, Նյու Յորքում։ Առաջին ամենօրյա դպրոցը՝ Ֆերահյան երկրորդական վարժարանը, գործում է 1964 թվականից՝ Լոս Անջելեսում։ 21-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում գործում են 26 ամենօրյա և 131 մեկօրյա վարժարաններ։ ԱՄՆ-ի գրեթե բոլոր հայահոծ քաղաքներում մասնաճյուղեր ունեն համասփյուռքյան նշանակություն ունեցող միությունները (ՀԲԸՄ, ՀՄԸՄ, ՀՄՄ, ՀՕՄ, ԹՄՄ, Նոր սերունդ, Համազգային և այլն)` իրենց գեղարվեստական խմբերով, ակումբներով, դպրոցներով և այլն։

Ռոզ Փիլիպոսյան՝ Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարանի հիմնադիր

1965 թվականին Կալիֆոռնիայի Մոնթեբելլո քաղաքում բացվում է Մեսրոպյան ազգային ամենօրյա վարժարանը, որը 18 տարի անց տեղափոխվում է Պիկո Ռիվերա։ Հիմնադրվել է Սուրբ Խաչ եկեղեցու, Հայ կրթական հիմնարկության և ՀՅԴ կոմիտեի կենտրոնի նախաձեռնությամբ։ 1967 թվականին Փենսիլվանիայի Ֆիլադելֆիա քաղաքում Արուսյակ Սաջոնյան, Հռիփսիմե Չիֆթելյան, Վալենտին Ջենենյան կաթոլիկ քույրերը հիմնում են Հայ քույրերի վարժարանը։ 1969 թվականին Լոս Անջելեսում հիմնվում է Ռոզ և Ալեք Փիլիպոս ամենօրյա վարժարանը՝ ՀԱԵ Արևմտյան հայոց թեմի Հոլիվուդի հոգաբարձության նախաձեռնությամբ և Փիլիպոս ամուսինների նվիրատվությամբ։ Նույն թվականին Միչիգանի Դեթրոյթ քաղաքից ոչ հեռու՝ Սաութֆիլդում, բացվում է Ալեք Մանուկյան ամենօրյա վարժարանը՝ Ալեք և Մարի Մանուկյան հիմնարկի և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ։ 1976 թվականին Լոս Անջելեսի Կանոգա Պարկ թաղամասում բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանի, Սարգիս և Սեդա Դեմիրճյանների գլխավորությամբ հիմնադրվում է Մանուկյան-Դեմիրճյան ամենօրյա վարժարանը։ Հիմնադրվել է Սուրբ Պետրոս եկեղեցու և ՀԲԸՄ-ի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ։ Նույն տարում Գլենդելում կառուցվում է Վահան և Անուշ Շամլյան ամենօրյա վարժարանը՝ սուրբ Աստվածածին եկեղեցու նախաձեռնությամբ։ Հինգ տարի անց վարժարանը ձեռք է բերել նոր շենք։ 1977 թվականին Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում հիմնվում է Համագաղութային հայ վարժարանը՝ տեղի հայ համայնքի նյութական օժանդակությամբ։

1980 թվականին Լոս Անջելեսից ոչ հեռու՝ հայ համայնքի նախաձեռնությամբ հիմնադրվում է Սահակ-Մեսրոպ ամենօրյա վարժարանը։ 1981 թվականին Հոլիվուդ քաղաքում բացվում է Արշակ Տիգրանյան ամենօրյա վարժարանը՝ Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ և Արշակ Տիգրանյանի նվիրատվությամբ։ 1982 թվականին Լոս Անջելեսի մեկ այլ՝ Շերման Օքս թաղամասում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության, Հյուսիսային Ամերիկայի հայ ավետարանական եկեղեցիների միության նախաձեոնությամբ և հովանավորությամբ հիմնադրվում է Շառլոթ և էլիզ Մերտինյան հայ ավետարանական ամենօրյա վարժարանը։ 1986 թվականին հիմնադրվում է Արի Կիրակոս Մինասյան ամենօրյա հայկական վարժարանը՝ Կալիֆորնիայի Սանտա Անա քաղաքի Սուրբ Քառասնից մանկանց եկեղեցու հոգաբարձուների նախաձեռնությամբ։ 1988 թվականին Գլենդելում Ա. Արամունի-Քեշիշյանի նախաձեռնությամբ և տնօրինությամբ բացվում է Մաշտոց երեկոյան և շաբաթօրյա հայերեն լեզվի դպրոցը։

Բնական գիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկահայերը մեծ նվաճումներ են ունեցել բնական գիտությունների բնագավառում։ Առավելապես հայտնի են բժիշկները, ճարտարապետները, ֆիզիկոսները և մաթեմատիկոսները, որոնց մի մասն ունի պրոֆեսորի ու ակադեմիկոսի կոչում։

առաջին հայ տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը

Դեռևս 1843 թվականին քիմիկոս Քրիստափոր Տեր-Սերոբյանը ստացել է ամերիկյան դոլարի հատուկ կանաչ և սև գույները, Միհրան Ղասաբյանը Ֆիլադելֆիայում 1903 թվականին հիմնադրել է ԱՄՆ-ի առաջին ռենտգենյան լաբորատորիան, կենսաքիմիկոս Միհրան Կյուլյանը Չիկագոյի համալսարանում (1967) ստացել է ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու), պրոֆեսոր Վարազդատ Գազանճյանը գեղավիրահատության հիմնադիրներից է։ Նշանավոր գիտնականներ են ԱՄՆ-ի ակադեմիայի պատվավոր անդամ Վերջինիա Աբգարը, վիրաբույժ-գյուտարար Ջոն Նաջարյանը, հոգեբույժ Հակոբ Ակիսկալը, ռենտգենաբան Միհրան Ղասաբյանը, սրտաբան Արամ Չոբանյանը, «բժիշկ մահ» Ջեք Գևորգյանը, կենսաքիմիկոս Մանասե Սևակը և ուրիշներ։ 1994 թվականին նյույուրքաբնակ ստամբուլահայ բժիշկ և գործարար Կարո Արմենը հնդիկ պրոֆեսոր Պարմոդ Սրիվաստավայի հետ հիմնել է հակաքաղցկեղային «Անթիջենիքս» կենսատեխնոլոգիական ընկերությունը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվում է օնկոֆաժ (անգլ.՝ Oncophage) դեղանյութը՝ սկզբնական փուլի քաղցկեղ ունեցող հիվանդների համար։

Տիեզերագիտության և աստղագիտության բնագավառում հայտնի անուններ են Դոնալդ Մինասյանը, Ջոն Կիրակոսյանը, Պոլ Ալեպյանը, Երվանդ Թերզյանը: Ակնառու է Առնոլդ Նիկողոսյանի ավանդը տիեզերական բժշկագիտության զարգացման գործում։1989 թվականի մարտի 13-18-ը, որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, ամերիկյան «Դիսքավերի» տիեզերանավով առաջին անգամ թռիչք է կատարել բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բաղյանը։ Նա 337 ժամ է անցկացրել տիեզերքում։ աստղագիտության և տիեզերագնացության մասնագետ Ա. Գանտոյանը (ինքնաթիռների անօդաչու վայրէջքի սխեմայի հեղինակ)։

Ֆիզիկոս Հարրի Դաղլյանը եղել է Մանհեթենյան նախագծի մասնակից, որի նախագծած և ստեղծած ռումբերը օգտագործվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ճառագայթվել է 1945 թվականի օգոստոսի 21-ին՝ Նյու Մեքսիկոյի Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայում կրիտիկական զանգվածի գիտափորձի ժամանակ, որից 25 օր հետո՝ քսանչորս տարեկան հասակում, մահացել է։ Մաթեմատիկայի մեջ մեծ ներդրում ունեն Ջորջ Փիրանյանը (1914-2009), Փոլ Գարաբեդյանը (1927-2010)և ուրիշներ։ Ճարտարագիտության պրոֆեսոր Արմեն Տեր-Կյուրեղյանը 1998 թվականին դարձել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, իսկ 2015 թվականից՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ։

Ամերիկահայ ճարտարագետ և արդյունաբերող Ալեք Մանուկյանը 1954 թվականին հայտնագործել է ջրի՝ ժամանակակից միաբռնակ ծորակը։

Հումանիտար գիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումանիտար գիտություններով զբաղվող ամերիկահայերը առավելապես հայտնի են հայագիտության բնագավառում։ Նրանց աշխատությունները վերաբերում են հայոց պատմությանը, Հայաստանի աշխարհագրությանը, հայ գրականությանը և հայկական մամուլին։

Կովկասագետ Ռոբերտ Հյուսենը երկար տարիներ դասավանդել է Ռոուենի, Կոլումբիական, Կալիֆորնիայի ու Չիկագոյի համալսարաններում։ 2001 թվականին հրատարակել է «Հայաստանի պատմական ատլասը»[4], որը ընդգրկում է 278 քարտեզ բաշխված հինգ բաժինների՝ պատմական ներածությունով և ժամանակագրական աղյուսակով։ «Մերձավոր Արևելքի Թյուբինգենյան ատլասի» համար պատրաստել է Հայաստանի և Կովկասի քարտեզները (Wiesbaden։ Dr. Ludwig Reichert Press, 1987—1991)։ Նույն հրատարակության համար կատարել է Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի» անգլերեն թարգմանությունը[5] և գրել է այդ գրքի բնօրինակ հայկական տեքստերի վերտպված հրատարակության նախաբանը[6]։ Հայկական հարցի ու հայ դատի հարցերով զբաղվել են պատմաբաններ Լուիզ Նալբանդյանը և Մարջըրի Հուսեփյանը, Մերձավոր Արևելքի պատմության բնագավառում՝ իրանագետ Երվանդ Աբրահամյանը։

Հայ պատմաբաններից Ռիչարդ Հովհաննիսյանը, Ջորջ Բուռնությանը և Ռոնալդ Սյունին ենթարկվել են խիստ քննադատության՝ հայրենիքի պատմաբան աշխատակիցների կողմից՝ հայոց պատմությունը կեղծելու մեղադրանքով։ Ռիչարդ Հովհաննիսյանի որդին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Արցախյան շարժման տարիներին ընտանիքով հայրենադարձվել էր Հայաստան և ընդգրկվել պետական մարմիններում։ 2002 թվականին հիմնադրել է «Ժառանգություն» կուսակցությունը, իսկ 2013 թվականին առաջարկել իր թեկնածությունը՝ ՀՀ նախագահի ընտրություններում՝ պաշտոնապես ստանալով ընտրաձայների 37 %-ը։

Հայագիտության նշանավոր դեմքերից էր իրանահայ կրթության ու մշակույթի ականավոր գործիչ Վարդան Գրեգորյանը։ Նա երկար տարիներ ղեկավարել է Նյու Յորքի հանրային գրադարանը, ապա՝ Բրաունի համալսարանը, իսկ 1997 թվականից Կարնեգի հիմնադրամի նախագահն է։ Հայաստանում ու ԱՄՆ-ում արժանացել է պատվավոր կոչումների, պարգևատրվել ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալով, իսկ 2012 թվականին՝ Մխիթար Գոշի շքանշանով։

Գիտական և մշակութային կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում մեծ թիվ են կազմում համալսարաններում ու քոլեջներում ուսանող հայ երիտասարդները, որոնք կազմակերպում են հայ ուսանողների միություններ։ Դեռ 1910 թվականին Նյու Յորքում հիմնվել էր Ամերիկահայ ուսանողների միությունը, իսկ ավելի ուշ շրջանում բացվում են նոր կազմակերպություններ։ 1916 թվականին բացվում է Վարդանանց ասպետներ եղբայրական կազմակերպությունը, որից հետագայում առանձնանում է «Վարդանանց քույրեր» մասնաճյուղը։

1978 թվականին Լոս Անջելեսում հիմնվել է Հայ համալսարանականների միությունը, իսկ 1980 թվականին Վաշինգտոնում` Ամերիկայի հայ ուսանողների ակումբների ֆեդերացիան։ Կալիֆոռնիայի (Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո, Ֆրեզնո), Հարվարդի, Միչիգանի, Կոլումբիայի, Փենսիլվանիայի և այլն գործում են հայագիտական ամբիոններ և դասընթացներ։

Հայագիտական կարևոր կենտրոններից են Մասսաչուսեթսի Քեմբրիջ քաղաքում գործող Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցությունը (NAASR) և Ժամանակակից հայագիտական ուսումնասիրությունների և փաստագրման Զորյան հիմնարկությունը, Կոլումբիայի համալսարանի հայագիտության ամբիոնը, Միչիգանի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը, Հայկական ուսումնասիրությունների ընկերակցությունը (SAS) Ֆրեզնոյում և այլն։ Այստեղ հրատարակվում են բազմաթիվ հայերեն ու անգլերեն հայկական թերթեր և ամսագրեր, գործում են երգի ու պարի խմբեր։

Ամերիկահայ գաղութի կրթամշակութային կյանքը հիմնականում կազմակերպվում է Թեքեյան և Նոր սերունդ մշակութային միությունների ամերիկյան գրասենյակների միջոցով։ Նման միություններից առավել հայտնի էր դեռ 1982 թվականին Ջորջիայի Ատլանտա քաղաքում բացված Հայ անկախ մշակութային միությունը։ 1983 թվականին Լոս Անջելեսում հիմնվում է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը։ Դրա նպատակն էր ԱՄՆ-ում, Հայաստանում և այլ երկրներում բնակվող հայ ճարտարագետներին համախմբել՝ համագործակցության համար։ 1985 թվականին Կալիֆոռնիայում բացվում է Փարիզյան Երկիր և մշակույթ կազմակերպության ամերիկյան մասնաճյուղը։ 1993 թվականին դարձյալ Լոս Անջելեսում հիմնվում է Կալիֆոռնիայի հայ ատամնաբուժական միությունը։

Հասարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին ամերիկահայերի գերակշռող մասը բանվորներ էին։ Ավելի ուշ հայերը սկսել են աչքի ընկնել նաև բիզնեսի ասպարեզում։ 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում գործել են արևելյան գորգի 75 խոշոր հայկական ընկերություններ և 200-ից ավելի նորոգման արհեստանոցներ։ Հայտնի էին Կյուլպենկյան տոհմից գորգավաճառներ Պատրիկ, Գուլաբի, Հարություն եղբայրները։ Հայերը զբաղվում էին նաև հողագործությամբ (հատկապես Կալիֆոռնիայում). ունեին խաղողի, չամիչի, մրգի, գինիների արտադրության ու վաճառքի ձեռնարկություններ։ 21-րդ դարի սկզբին հայերի սոցիալական կազմը բազմազան է՝ ծառայողներ, մանր և խոշոր ձեռնարկատերեր, առևտրականներ, բանվորներ, արհեստավորներ, բժիշկներ, գիտնականներ, արվեստագետներ և այլն։ Հայ պաշտոնյաներ կան Սպիտակ տանը, ԱՄՆ Պետդեպարտամենտում, Կոնգրեսում, առանձին նահանգների օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում։

Իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում առաջին հայ առաքելական եկեղեցին՝ Ս. Փրկիչը, հիմնվել է 1891 թվականին, Ուստրում: Ներկայումս Հայաստանյայց առաքելական եկեղեցին ԱՄՆ-ում ունի շուրջ 90 եկեղեցի։ Հայ ավետարանականներն ունեն 22 ժողովարան, հայ կաթոլիկները՝ 6 եկեղեցի։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1867 թվականին ԱՄՆ գաղթած Հակոբ Առաքելյանը հիմնել է ժամանակի խոշորագույն «Փիլգրիմ փրես» տպարանը, իսկ առաջին հայ պարբերականը՝ «Արեգակը», լույս է տեսել 1888 թվականին, Ջերսի Սիթիում. ցայսօր ԱՄՆ-ում լույս է տեսել ավելի քան 300 անուն պարբերական։

ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում գործում են հայկական գրատներ, հրատարակչություններ և գրախանութներ («Ապրիլ», «Սարդարապատ», «Էրեբունի», «Մշակ», «Արարատ», «Աշոտ», «Ոսկեդար», «Պերճ», «Շիրակ», «Շարժուն գրախանութ» և այլն)։ Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Դետրոյտում, Բոստոնում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Փրովիդենսում, Ֆիլադելֆիայում, Սաութֆիլդում, Նորթվիլում և այլուր գործում են հայկական ռադիո-հեռուստատեսային ծրագրեր՝ հայերեն և անգլերեն։

Ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունների (Հայ դատի հանձնախումբ, Ամերիկայի հայկական համագումար և այլն) գործունեության կարևոր ձեռքբերումներից էր ԱՄՆ-ի Կոնգրեսի «Ազատության աջակցության ակտ» կոչվող օրենքի 907 բանաձևի ընդունումն ու նրա կենսունակության ապահովումը (այս բանաձևն արգելում էր ԱՄՆ-ի կառավարության ուղղակի օգնությունը Ադրբեջանին` Հայաստանն ու Ղարաբաղը շրջափակման ենթարկելու համար. կասեցվել է 2001 թվականի վերջին): ԱՄՆ-ի 32 նահանգներ ճանաչել են Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը։

Հասարակական-քաղաքական կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկահայ համայնքի ձևավորումից ի վեր ազգային կյանքը կազմակերպելու, հայրենակիցներին համախմբելու և օգնելու նպատակով ստեղծվել են բազմաբնույթ կազմակերպություններ։ Առաջին կազմակերպությունը՝ Հայկական միությունը, հիմնվել է 1886 թվականին, Նյու Յորքում: 19-րդ դարի 80-90-ական թվականներին հիմնվել են Կաճառ հայկականը (1888, Ուստր, Արարատյան գունդը (1890, Նյու Յորք, Հայոց գրադարանի միությունը (1892, Ֆրեզնո), Հայոց առաջադիմական ընկերությունը (1899, Ֆիլադելֆիա) և այլն։ 19-րդ դարի 90-ական թվականներին ԱՄՆ-ում սկսել են ի հայտ գալ նաև հայ քաղաքական կուսակցությունների տեղական կազմակերպությունները՝ իրենց պարբերականներով։

ԱՄՆ-ի հայերը գործուն մասնակցություն են ունեցել երկրի հասարակական-քաղաքական կյանքին։ 1906 թվականին ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում (Բոստոն, Նյու Յորք, Չելսի և այլն) կազմակերպվել են սոցիալ-դեմոկրատական խմբակներ, որոնք հայ բանվորներին ներգրավել են ամերիկյան սոցիալիստական շարժման մեջ։ 1906 թվականի հուլիսին ստեղծվել է Ամերիկահայ սոցիալիստական կազմակերպությունը, որը 1919 թվականին միացել է ԱՄՆ-ի Կոմունիստական կուսակցությանը։ Հայ սոցիալիստները 1921 թվականին Նյու Յորքում հիմնել են «Նոր հոսանք» շաբաթաթերթը և Հայկական բյուրո: 1921 թվականից նրանք հանդես են եկել Հայ բանվորական միության լեգալ կազմակերպություն անվամբ։ 1922 թվականի սկզբին Նյու Յորքում կազմվել է միացյալ հայ բանվորական կուսակցություն, որը 1923 թվականին միավորվել է հնչակյանների հետ՝ ստեղծելով ԱՄՆ-ի բանվորական կուսակցության հայկական ֆեդերացիան, որը, սակայն, շուտով պառակտվել է։ 1924 թվականի օգոստոսի 30-ին Նյու Յորքում կայացել է ԱՄՆ-ի բանվորական կուսակցության հայկական հատվածի առաջին պատգամավորական ժողովը, որն ընտրել է կենտրոնական բյուրո։ 1938 թվականին տեղի հայ կոմունիստներն անդամակցել են Ամերիկահայ առաջադիմական միությանը։

Հետպատերազմյան ժամանակաշրջանում ամերիկահայերը մասնակցել են Հայկական համաշխարհային կոնգրեսի (1947) աշխատանքներին, հայրենադարձության կազմակերպմանը, Հայաստանի հետ մշակութային կապերի ամրապնդմանը։ Հայերը կարևոր ավանդ ունեն նաև ԱՄՆ-ի գիտության, գրականության ու արվեստի զարգացման գործում։

Ամերիկահայությունը շոշափելի օգնություն է ցույց տվել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած հայրենակիցներին։ Աղետի գոտուն ցուցաբերվող բազմակողմանի օգնությունը համակարգելու և ավելի արդյունավետ դարձնելու նպատակով 1989 թվականի նոյեմբերին հիմնվել է Միացյալ հայկական ֆոյդ բարեգործական կազմակերպությունը, որը միավորում է ԱՄՆ-ում գործող յոթ խոշոր հայկական կազմակերպությունների (Ամերիկայի հայկական համագումար, Հայկական բարեգործական ընդհանուր միություն, Հայ օգնության միություն, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի էջմիածնական և անթիլիասական թեմերի առաջնորդարաններ, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն և Քըրք Քըրքորյանի «Լինսի հիմնադրամ») ջանքերը։ Հաղթահարելով շրջափակման արգելքները՝ Միացյալ հայկական ֆոնդը օդանավային կանոնավոր առաքումներով Հայաստան է հասցրել շուրջ 350 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն։ Վերջին տարիներին Հայաստանում բարեսիրական և մշակութային լայն գործունեություն է ծավալում Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամը (կենտրոնական գրասենյակը գտնվում է ԱՄՆ Մինեսոթա նահանգի Մինիապոլիս քաղաքում, մասնաճյուղ ունի նաև Երևանում

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի ամերիկահայերից են Վիլյամ Սարոյանն ու Մայքլ Առլեն Կրտսերը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի մեներգչուհիներ Լիլի Չուգասզյանն ու Լուսին Ամարան, աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը, գեղանկարիչներ Հովսեփ Փուշմանը և Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան), երգահան Ալան Հովհաննեսը, հեռուստեսային դեմքեր Քիմ, Քլոյի և Քորթնի Քարդաշյան քույրերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն և կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարվեստ և ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վիկտոր Համբարձումյան, ՀՍՀ, Հայաստանի ԳԱԱ, 1974-1987, Երևան:
  2. 2,0 2,1 2,2 Տիգրան Ղանալանյան, «Հայերն ԱՄՆ-ում» (Armenians in the USA), «Նորավանք գիտահետազոտական հիմնադրամ, Երևան, 2009
  3. M. Vartan Malcom, The Armenians in America, 1919, The Pilgrim Press, Boston, pp.71
  4. Կաղապար:Գիրք։Robert Hewsen:Armenia: A Historical Atlas
  5. «Ashkharhats’oyts'»; Wiesbaden: Dr. Ludwig Reichert Press, 1992
  6. Delmar, New York: Caravan Press, 1994