Խորեն Տեր-Հարության
| Խորեն Տեր-Հարության | |
|---|---|
![]() ինքնանկար | |
| Ի ծնե | Խորեն Տեր-Հարության |
| Ծնվել է | ապրիլի 2, 1909[1] |
| Մահացել է | 1991[2][3][4] |
| Վախճանի վայրը | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
| Ազգություն | հայ |
| Ստեղծագործություն(ներ) | «Վերածնված Հայաստան» քանդակ և Հայոց ցեղասպանության հուշարձան |
| Մասնագիտություն | քանդակագործ |
| Գործունեությունը | քանդակագործ, գեղանկարիչ, գրաֆիկ |
| Կայք | derharootian.com |
Խորեն Տեր-Հարության (ապրիլի 2, 1909[1] - 1991[2][3][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), հայազգի աշխարհահռչակ քանդակագործ։ Արարել է ոչ միայն քանդակագործության, այլ նաև գրաֆիկայի և գեղանկարչության ասպարեզներում։ Նրա ստեղծագործության ողջ հյուսվածքի միջով անցնող առանցքային թեմաներ կան. ընտանիք, մայրություն, ոճրագործություն, եղեռն, պատերազմ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1909 թվականին Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Աշոտավան գյուղում։ 1921 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում, Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում։ Սովորել է տեղի միջնակարգ, նաև Վուսթերի արվեստի թանգարանին կից գեղարվեստի դպրոցներում։ 1930 թվականին մեկնել է Ջամայկա, և մի քանի տարի բնակվել է այնտեղ։ Արևադարձային պերճաշուք գունագեղությունը որոշիչ է դառնում Տեր-Հարությանի արվեստի ձևավորման հարցում։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորեն Տեր-Հարությանն ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ (ԱՄՆ, Ջամայկա, Անգլիա, Շոտլանդիա, Իտալիա, Ֆրանսիա), սկսած 1929 թվականից մասնակցել է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների հետ համատեղ ցուցահանդեսներին (Մայոլ, Դեսպիո, Պիկասո, Գաբո, Լիպշից), արժանացել է տասնյակ մրցանակների։ Նրա արվեստն ըստ արժանվույն գնահատվել է արվեստի քննադատների կողմից, լայն արձագանք է գտել ամերիկյան և այլ երկրների մամուլում։
Գործունեությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվեստագետն առաջին անգամ Հայաստան է այցելել 1970 թվականին, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերության հրավերով։ Տեր-Հարությանը Երևանի արվեստասեր հասարակայնությանը ներկայացել է 1971 թվականին անհատական ցուցահանդեսով, որը բացվեց Երևանի նկարչի տանը։ 1983 թվականին արվեստագետն իր գործերը տեղափոխում է Հայաստան. թվով 90 քանդակ, 160 գրաֆիկական աշխատանք, 17 գեղանկար։ Նրա անհատական ցուցահանդեսը բացվում է Հայաստանի ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղում։ Այս բոլոր գործերը նա մեծ սիրով նվիրում է ՀԱՊ-ին, իսկ 1994 թվականին Էջմիածնի մասնաճյուղում բացվում է Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը։
Խորեն Տեր-Հարությանը վախճանվել է 1991 թվականին Նյու Յորքում, դժբախտ պատահարի՝ ավտովթարի հետևանքով։


Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեր-Հարությանի ստեղծագործությունները գտնվում են տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում, մոնումենտալ աշխատանքները տեղադրված են ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում. «Փոքր Մհեր», «Գյուտարար» (Ֆիլադելֆիա), նաև Հայաստանում. «Վերածնված Հայաստան»` Երևան։ Լավագույն գործերից են «Ցեղասպանություն», «Լեդան և կարապը», «Լեռների մայրը», «Պտղաբերություն», «Ծովային թռչունը և ձուկը»։ Քանդակագործի ստեղծագործությունը շատ ինքնատիպ է և անհատական։ Այդ անհատականությունը բխում է նրա արվեստի ազգային էությունից, ինչը չի խանգարում այն բնորոշել որպես համամարդակային նշանակություն ունեցող արվեստ։ Իր շատ ձեռնարկումներում նա ուղղորդվել է համաշխարհային ժառանգության ավանդույթներով և լավագույն աշխատանքները այդ ժառանգության ժամանակակից հայացքով ընկալման արդյունքն է։ Ըմբռնելով հայ քանդակագործության ընդհանուր ոճը, փորձել է ստեղծագործել նոր ժամանակների գաղափարական համատեքստում։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեր-Հարությանի ամբողջական ցուցադրությունը կազմակերպվել է պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղում, որն այն ժամանակ զբաղեցնում էր Գևորգյան ճեմարանի շենքը։ Անկախության տարիներին ճեմարանը եկեղեցուն վերադարձնելուց հետո թանգարանը տեղավորվել է կինոթատրոնի շենք, և այսօր բոլորովին ոչ այդ նպատակի համար նախատեսված սրահում ցուցադրվում է սփյուռքահայ արվեստագետի աշխատանքների, կարելի է ասել, մեկ հինգերորդ մասը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Khoren Der Harootian, sculptures, dessins, aquarelles, pastels։ 14 avril - 5 mai, 1971:
- Հարությունյան Վ., Քարը հայերեն է խոսում, ՍԱ, 1965, համար 3.:
- Խորեն Տեր-Հարության, կատալոգ, երևան,1983։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընտանիք, մայրություն, ոճրագործություն, եղեռն, պատերազմ… Խորեն Տեր-Հարության
- «Երբ արձանն ավարտեցի, զգացի, որ վրեժս լուծված է…»
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 671)։ |
