Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՔՈԱՖ)
Տիպ Բարեգործական, Հասարակական կազմակերպություն
Հիմնադրված 2004 թվական
Հիմնադիրներ Կարո Արմեն
Տեղագրություն Հայաստան Հայաստան, Երևան
Հիմնական անձինք Կորյուն Խաչատուրյան
Ներկայացուցչություն

Նյու Յորք

Երևան
գործունեության որլորտ Գյուղական համայնքների զարգացում
Եկամուտ Մինչև 4 միլիոն ԱՄՆ դոլար
Աշխատակիցների թիվ 45 (2019)
Կարգախոս Զորակցելով սերունդներին
Կայք coafkids.org

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՔՈԱՖ) (անգլ.՝ Children of Armenia Charitable Fund (COAF)), ոչ առևտրային հասարակական կազմակերպություն, որի նպատակը Հայաստանի գյուղերում կյանքի որակի բարձրացումն է[1]: Աշխատելով հիմնականում տեղի երեխաների և երիտասարդների հետ՝ ՔՈԱՖ-ը ծրագրեր է իրագործում կրթության[2], առողջապահության[3], սոցիալական և տնտեսական զարգացման ոլորտներում[4]:

ՔՈԱՖ-ը նաև հանձն է առել բարելավելու գյուղական ավելի քան 100 ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցների, բուժկետերի, մանկապարտեզների[5], համայնքային կենտրոնների, դպրոցական ճաշարանների, ստեղծագործարանների, ճանապարհների և ոռոգման համակարգի նորոգումը։

Իր գործունեությունն սկսելով 2004 թվականին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից[6]` ՔՈԱՖ-ը հետզհետե ընդլայնել է իր աշխարհագրությունն ու այսօր աշխատում է Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերում՝ անուղղակիորեն ներազդելով 75,000 տեղացիների կյանքի վրա[7]:

2014 թ․ ՔՈԱՖ-ը նոր ռազմավարություն մշակեց․ ՍՄԱՐԹ նախաձեռնություն[8]: Վերջինս նպատակ ունի դառնալու գյուղական համայնքների զարգացման մոդել՝ ընդգծելով կրթությունն ու նորարար մոտեցումները։

Առաջին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը Լոռու մարզում է։ Այն ծառայում է 3 տարեկանից բարձր բնակիչներին և առաջարկում է կրթություն հաղորդակցության, տեխնոլոգիայի, արվեստի, գյուղատնտեսության ու ձեռներեցության[9] ոլորտներում։ ՔՈԱՖ-ը դիտարկում է ՍՄԱՐԹ կենտրոնը որպես գյուղական զարգացման և մի ամբողջ սերնդի մտածելակերպի փոփոխության օրինակելի մոդել[10]: ՔՈԱՖ-ի նպատակն է Հայաստանի ամեն մարզում մեկ ՍՄԱՐԹ կենտրոն ունենալ[11]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղերի աղքատությունը մեծագույն խնդիր է դարձել Հայաստանի համար Խորհրդային համակարգի փլուզումից հետո[12]։

Սփյուռքահայ ընկերների մի խմբի հետ դոկտոր Կարո Արմենն աջակցում էր Հայաստանին դեռ 2000 թվականից սկսած․ ներգրավված էր դպրոցների ու մանկատների ֆինանսական օժանդակության, ինչպես նաև Արցախում ականազերծման ծրագրերում[13]։ 2003 թվականին դոկտոր Արմենը կրկին Հայաստանում էր կոնկրետ առաքելությամբ․ լինելով ԱՄՆ-ում շատ հաջողակ գործարար[14]՝ նա Հայաստանին օգտակար լինելու երկարաժամկետ ծրագրեր էր մտմտում[15]։

Հայաստանում ճամփորդելիս խումբն այցելեց Հայաստանի ամենաաղքատ գյուղերից մեկը՝ Արմավիրի մարզի Քարակերտ համայնքը։ Տեղացի մի ծերունու խնդրելով մի բաժակ ջուր տալ[16]՝ Կարո Արմենն անակնկալի եկավ՝ պարզելով, որ գյուղացիները խմելու ջուրը գնում են հարևան մարզի Թալին քաղաքից[17]։ Գյուղացու հետ երկարատև զրույցը և խնդիրների վերհանումը՝ ջրի, ջեռուցման, զուգարանների և այլն, կանխորոշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործունեության վայրը։ Մեկ տարի անց արդեն հիմնադրվել էր ՔՈԱՖ-ը, և կար գործի մեկնարկի որոշակի գումար։ Առաջին քայլը Քարակերտի դպրոցի վերանորոգումն էր։[18]

Ընդամենը մեկ տարի անց ՔՈԱՖ-ի դեռ փոքրիկ թիմը հայտնաբերեց ավելի խորն ու կարևոր խնդիրներ, որոնք պետք է լուծվեին[19]․ կրթության, առողջապահության և սոցիալական խնդիրները նախանշեցին Հիմնադրամի նոր ճանապարհը[20]։ 2004 թվականին արդեն վերանորոգվել էին գյուղի մանկապարտեզը, բուժկետը և համայնքային կենտրոնը։

Քարակերտում տեղի ունեցող հիմնավոր փոփոխությունները ոգևորեցին շրջակա գյուղերին ևս ներգրավվելու ՔՈԱՖ-ի ծրագրերում[21]։ ՔՈԱՖ-ը որդեգրեց փնջային սկզբունքով աշխատելու համակարգը։ Արդեն 2006-ին այն ներկա էր Արմավիրի 18 գյուղերում[22]։

Ավանդական ծրագրերը կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական զարգացման ոլորտներում են[23]։ Դրանք ներառում են առողջ ապրելակերպ, արտադասարանային խմբակներ, հոգեբանական աջակցություն, երիտասարդներին ոգևորելու գործառույթներ, մասնագիտական վերապատրաստումներ, ուղղորդում, ենթակառուցվածքների վերանորոգում։

Ամփոփելով ՔՈԱՖ-ի 10-ամյա գործունեությունը[24]՝ հիմնադիրները որոշեցին ընդլայնել ՔՈԱՖ-ի ներկայությունը Հայաստանի գյուղերում, աջակցել գյուղացիներին նոր հմտություններ, գիտելիք և ինքնավստահություն ձեռք բերելու հարցում ու լավագույն ապագա կերտել երեխաների ու մեծահասակների համար[25]։ Ընդլայնումն սկսվեց Լոռու մարզից՝ ներգրավելով Թումանյանի շրջանի 10 գյուղեր։ 2016-ին ՔՈԱՖ-ը մուտք գործեց Շիրակի մարզի 7 և Տավուշի մարզի 6 համայնքներ[26]։

Ամառային ճամբարներ ՔՈԱՖ-ի կողմից

Արցախյան քառօրյայից հետոՔՈԱՖ-ը մարդասիրական առաքելությամբ մեկնեց Արցախ՝ իրականացնելով առաջին օգնության, հոգեբանական աջակցության և ամառային ճամբարի ծրագրեր[27]։


Ներկայումս ՔՈԱՖ-ն աշխատում է Հայաստանի 6 մարզերում՝ համապարփակ մոտեցում ցուցաբերելով տեղի 2015 թվականի հուլիսին տեղի ունեցավ տեխնոլոգիապես հագեցած կրթական ՍՄԱՐԹ կենտրոնի հիմնարկեքի արարողությունը։ Սա նորարար մոտեցում է, որը թույլ է տալիս աշխատելու միանգամից բազմաթիվ գյուղերի հետ[28]։ Քանի որ գյուղ առ գյուղ մարտավարությունը բազում ֆինանսական և ժամանակային ռեսուրսներ է պահանջում, ՔՈԱՖ-ը նորագույն հայեցակարգ է մշակել[29]։ Առաջին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը Լոռու մարզում իր դռները բացեց 2018 թվականի մայիսին[30]։ Այն առաջարկում է հաղորդակցության, արվեստի, տեխնոլոգիայի և տնտեսության անվճար դասընթացներ՝ երեխաներին և մեծահասակների համար: ՔՈԱՖ-ն իր գործունեության սկզբից ի վեր Հայաստանում ներդրել է 50 միլիոն դոլար[31]։

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՔՈԱՖ-ը որդեգրել է համայնքային աշխատանքի համապարփակ մոդել։ Ենթակառուցվածքների վերանորոգմանը զուգահեռ՝ այն իրականացնում է կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր[32]։ Նպատակն է ապահովել գյուղերի երեխաների բարեկեցիկ ապագան՝ տրամադրելով անհրաժեշտ գործիքներ ու գիտելիքներ[33]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունը ՔՈԱՖ-ի ծրագրերից ամենաընդգրկունն է։ Այն ներառում է անգլերենի ուսուցում, ուսուցիչների վերապատրաստում[34], համակարգչային գրագիտություն, արտադասարանային խմբակներ, ամառային ճամբարներ, ակտիվ քաղաքացիությանն[35] ու մասնագիտական կողմնորոշմանը[36] վերաբերող նախագծեր։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակությունը հնարավորություն է տալիս գյուղաբնակ երեխաներին սովորել անգլերեն, գործածել լեզուն և նոր գիտելիքներ ձեռք բերել տարբեր երկրների ու նրանց մշակույթների մասին[37]։ Համագործակցության արդյունքում իրականացվում է անգլերենի ուսուցման առցանց ծրագիր՝ Հայաստանի երիտասարդներին թույլ տալով ուսումնասիրել այս լեզուն[38]։

Արտադասարանային սպորտային խմբակներ

Բրիտանական խորհրդի հետ համագործակցությունն ապահովում է գյուղերում անգլերենի ուսուցիչների վերապատրաստումը, նրանց ուսուցման նոր մեթոդներ ու դասասենյակի կառավարման նոր գործիքներ է տրամադրում[39]։

Արտադասարանային խմբակները ՔՈԱՖ-ի ամենաակտիվ ծրագրերն են, որոնք ապահովում են երեխաների արտադպրոցական զբաղվածությունը արվեստի, արհեստի, սպորտի, ազգագրության, տիկնիկագործության, դիզայնի և ինքնազարգացման ոլորտներում[40]։ ՔՈԱՖ-ը նաև ամառային դպրոցներ է անցկացնում, որ երեխաներն իրենց արձակուրդները հետաքրքիր անցկացնեն, շփվեն միմյանց հետ, նոր բաներ սովորեն ու բացահայտեն[41]։

ՔՈԱՖ-ի ակտիվ քաղաքացիության ծրագրերն օգնում են գյուղի երիտասարդներին քննադատական մտածողություն ձևավորել։ Պատանիները մասնագիտական կողմնորոշման[42] հնարավորություն են ունենում, ծանոթանում են առկա ոլորտներին, այցելում են ուսումնական հաստատություններ, հանդիպում հնարավոր գործատուներին, հստակեցնում իրենց հետաքրքրություններն ու ցանկությունները։ Երեխաները նաև ֆինանսական կրթություն են ստանում՝ ծանոթանալով գումար վաստակելու, խնայելու, ծախսելու, համայնքային ծրագրեր իրականացնելու նրբություններին և երեխաների իրավունքներին․ ծրագիրը կոչվում է «Աֆլաթուն»[43]։

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության ծրագիրն ամենազանգվածայինն է, քանի որ աշխատում է ոչ միայն ՔՈԱՖ-ի շահառու համայնքներում, այլև շրջակա գյուղերում։ Ծրագիրն առողջության պահպանման չափորոշիչներ է սահմանում երեխաների ու մեծահասակների համար[44], անդրադառնում է դպրոցներում առողջ սննդին[45], առողջ ապրելակերպի ուսուցմանը[46], բուժաշխատողների վերապատրաստմանը[47], ատամների խնամքին[48] և վերարտադրողական առողջությանը։

ՔՈԱՖ-ը վերանորոգում և առողջ սնունդ է տրամադրւմ շահառու դպրոցների տարրական դասարանների ավելի քան 2000 աշակերտների։ Այս ծրագրով նա համագործակցում է նաև Պարենի համաշխարհային ծրագրի հետ[49]։

Զանգվածային անվճար բուժզննումներ մարզերում

Առողջ ապրելակերպի կրթական ծրագիրը հիմնարար գիտելիք է տալիս մարդու ընդհանուր և բերանի խոռոչի հիգիենայի, առաջին օգնության, առողջ սննդի, սպորտի, ծխելու վնասների և վատ սովորույթների մասին[50]: ՔՈԱՖ-ն անդամակցում է «Դպրոցները հանուն առողջության» եվրոպական ցանցին՝ դպրոցը դարձնելով առավել առողջ միջավայր, նոր գիտելիքներով զինելով ուսուցիչներին, աշակերտներին և նրանց ծնողներին[51]:

Ատամների խնամքը ՔՈԱՖ-ի բավականին արդյունավետ ծրագրերից է․ այն ընդգծում է բերանի խոռոչի հիգիենայի կարևորությունը դեռ վաղ մանկությունից։ Խմելու ջրի բացակայությունը ՔՈԱՖ-ի շահառու որոշ գյուղերում բերում է ատամների ոչ պատշաճ խնամքի։ Որպես լուծում՝ Հիմնադրամը ներդնում է «ատամնակայանների» հետաքրքիր մոդել[52]. տարրական դպրոցի երեխաներն ունեն հոսող ջուր, յուրաքանչյուրն ունի իր խոզանակն ու մածուկը։ Ուսուցիչների հսկողությամբ՝ նրանք օրը մեկ անգամ լվանում են ատամները։ Ատամների խնամքը ենթադրում է նաև համապատասխան կրթություն և ատամների ամենամյա ֆտորացում մանկահասակ և դպրոցական երեխաների համար։

Հիմնադրամն աշխատում է նաև մայրիկների հետ՝ ամրապնդելու առողջությունը, երիտասարդ մայրիկներին տրամադրում է վիտամիններ, երջանիկ մայրությունը խթանող միջոցառումներ է կազմակերպում, կրթում է և երեխայի դաստիարակությանն ուղղված գործիքների ծանոթացնում։ Այս հարցում ՔՈԱՖ-ին աջակցում են նաև ԱՄՆ գործընկերները՝ Ամերիկահայ բժիշկների առաքելությունը (AAHPO), որն ամեն տարի այցելում է Հայաստան և գյուղերի բնակչության անվճար բուժզննումներ իրականացնում[53]: Նման այցերը նաև բուժաշխատողների վերապատրաստում են ներառում՝ նոր մեթոդների և գործիքների փոխանցմամբ։

Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՔՈԱՖ-ի ընդլայնմանը և մարդկանց վստահության մեծացմանը զուգահեռ նոր ծրագրեր են մշակվում։ Հետզհետե պարզվում է, որ մարդիկ սոցիալական աջակցության կարիք ունեն լոգոպեդների[54], հոգեբանների, երեխայի զարգացման[55], ուսման դժվարություններ ունեցող երեխաների աջակցության ու նրանց սոցիալականացման[56] հարցերում։

ՔՈԱՖ-ի գյուղերում սոցիալական աշխատողների ինստիտուտը Հիմնադրամի աշխատանքի արդյունք է։ Մասնագետների պակասը լրացնելու համար ՔՈԱՖ-ը գտնում է մասնագետների, վերապատրաստում՝ անհատական և խմբային աջակցություն տրամադրելով գյուղացիներին, նրանց ընտանիքներին ու երեխաներին։ Սոցաշխատողները նաև հայտնաբերում են համայնքի խնդիրները, օրինակ՝ բուլինգը, ընտանեկան բռնությունը, միջանձնային հարաբերությունները, հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց սոցիալականացումը, սկսում են աշխատել նրանց հետ անձնապես, նաև՝ ամբողջ համայնքի հետ[57]:

ՔՈԱՖ-ի հոգեբանական աջակցությունն ընդգրկում է մանկապարտեզների, դպրոցների, ընտանիքների ու գյուղացիների հետ անհատական աշխատանք։ ՔՈԱՖ-ը նախ հայտնաբերում է հնարավոր մասնագետներին, վերապատրաստում նրանց, տրամադրում անհրաժեշտ գիտելիքներ և տևական ժամանակ ուղղորդում։ Որպես համայնքի մտածելակերպի դրական փոփոխության գործիք՝ ՔՈԱՖ-ը ներդնում է արվեստի թերապիան՝ հոգեբանական ներառական թատրոնը[58], որն օգնում է երեխաներին ձերբազատվել բարդույթներից, բացվել ու ինքնարտահայտվել։ Աշխատելով երեխաների հետ դեռ վաղ տարիքից՝ ՔՈԱՖ-ը համայնքներում ստեղծում է Մանկան զարգացման կենտրոններ կամ «Արևոտ անկյուններ»։ Դրանք վերանորոգված, կահավորված, անհրաժեշտ զարգացնող խաղերով ու դիդակտիկ նյութերով հագեցած սենյակներ են, որտեղ մասնագետներն աշխատում են երեխաների հետ հատուկ ինտերակտիվ մեթոդներով[59]:

Համայնքային ծառայությունն ընդգրկում է ուսման դժվարություններ ունեցող երեխաների հետ աշխատանք։ Մասնագիտական օժանդակություն է ցուցաբերվում ոչ միայն երեխաներին, այլև նրանց ծնողներին՝ հուշելով երեխայի հետ աշխատանքի արդյունավետ ձևեր։ Ծրագիրը  ներառում է տնային աշխատանքի պատրաստում, անհատական և խմբային ուսուցում, ինչպես նաև դպրոցական առաջադիմությունը բարելավելու մոտիվացիա։ Երբեմն երեխաների հետ աշխատանքը հանձն են առնում նաև լոգոպեդները, ովքեր հայտնաբերում են խնդիրը և դրա լուծման համար ներգրավում ինչպես երեխային, այնպես էլ ծնողին[60]:

Տնտեսական զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՔՈԱՖ-ն աշխատում է փոքրերի ու մեծահասակների հետ

Տնտեսական զարգացման ծրագիրը երիտասարդներին ու մեծահասակներին զորակցող գործիք է, որը թույլ է տալիս սիրել համայնքը, տեսնել առկա հնարավորությունները և ստեղծել եկամտի աղբյուներ հենց տեղում[61]: Այն մեկնարկել է որպես տեղի սկսնակ բիզնեսին աջակցող կարճաժամկետ անտոկոս վարկային ծրագիր։ Հետագայում ՔՈԱՖ-ը երիտասարդների և ֆերմերների համար կազմակերպել է գործարարությանն առնչվող վերապատրաստումներ, ինչպես նաև բիզնեսի զարգացման ամառային դպրոցներ[62]:

ՍՄԱՐԹ նախաձեռնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպատակ ունենալով աշխատել Հայաստանի բոլոր գյուղերում՝ ՔՈԱՖ-ը նոր մոտեցում է հանդես բերում․ ՍՄԱՐԹ նախաձեռնություն[63]։ Սա համայնքային զարգացման նորարարական մոդել է, որը գերժամանակակից միջավայր, գործիքներ, գիտելիք ու մոտիվացիա է ապահովում 3 տարեկանից բարձր գյուղաբնակների համար։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ մոդելը երեխաների ու նրանց ընտանիքների կյանքը բարելավելու, ռեսուրսները վերարժևորելու և առկա հնարավորությունները վերագնահատելու ուղի է[64]։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը նպատակ ունի կանխելու գյուղերից արտագաղթը դեպի մեծ քաղաքներ կամ այլ երկրներ՝ տրամադրելով սեփական համայնքում հաջողության հասնելու գործիքներ։

ՔՈԱՖ-ը համագործակցում է նաև գյուղացիների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և սկսնակ ձեռնարկությունների հետ՝ դեպի ՍՄԱՐԹ բերելով առկա լավագույն փորձը[65]։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍՄԱՐԹ նախաձեռնությունը կյանքի է կոչվում ՍՄԱՐԹ ավանի միջոցով[66]․ դա կրթական հանգույց է, որտեղ երեխաներն ու մեծահասակները նոր գիտելիք, հմտություններ, գաղափարներ են ձեռք բերում։

Առաջին ՍՄԱՐԹ ավանը Լոռու մարզում է՝ Դեբետ գյուղի հարակից տարածքում։ Այն բաղկացած է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնից և հյուրատնից։ Այժմ ՔՈԱՖ-ն աշխատում է տարածքի ընդլայնման ուղղությամբ՝ նախատեսելով հանրակացարանի, ջերմատան և մարզադաշտերի կառուցում։ ՍՄԱՐԹ ավանն ընդգրկում է 25.5 հեկտար տարածք ու ապագայում կարող է ծառայել Լոռու շուրջ 150 000 բնակիչներին։

2018 թ․ մայիսի 27-ին բացված[67] Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն առաջատար տեխնոլոգիայով հագեցած, նորարարական կրթական համալիր է, որտեղ երեխաներն ուսումնասիրում են լեզուներ, համակարգչային գիտություն, ռոբոտիկա, մեդիա գրագիտություն, դիզայն, նկարչություն, պարեր, երաժշտություն, գյուղատնտեսություն և այլն։ ՍՄԱՐԹ-ում կրթությունն անվճար է, ՔՈԱՖ-ն ապահովում է նաև տրանսպորտը՝ գյուղերից ՍՄԱՐԹ երեխաների հաճախումը կազմակերպելու համար[68]։

Կենտրոնը արտադպրոցական խմբակներ է իրականացնում, և երեխաներն այստեղ հաճախում են դասերից հետո միայն։ Նրանք ոչ միայն հաճախում են կոնկրետ խմբակների, այլև պարբերաբար մասնակցում են տարատեսակ փառատոների, վարպետության դասերի, համերգների, հյուր-բանախոսների ելույթների։  

Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ճարտարապետը լիբանանահայ Փոլ Գալուստյանն է։ Իր նախագծած շենքը ներդաշնակ է շրջակա միջավայրի հետ։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը Լոռու և Տավուշի մարզերում արդեն իսկ ՍՄԱՐԹ սենյակներ[69] էին գործում։ Այս կրթական սենյակներն ունեն անհրաժեշտ ինտերնետ կապ ու արդի սարքավորումներ, որպեսզի տեղի բնակիչները կարողանան օգտվելնոր հնարավորություններից ։ Այս սենյակները յուրատեսակ կապ են համայնքների ու աշխարհի միջև։ Տավուշի մարզի այս սենյակները կոչվում են ՍՄԱՐԹ ապահով, քանի որ կարող են պետք եղած դեպքում ծառայել նաև որպես ապաստարան սահմանամերձ գյուղերի՝ Կոթիի և Այգեհովիտի բնակիչների համար։ ՍՄԱՐԹ ապահով սենյակները[70] կարող են միաժամանակ տեղավորել մինչև 200 բնակչի, ունեն ջրի, սննդի պաշարներ, էներգիայի լրացուցիչ գեներատոր, սանհանգույց և օդափոխության համակարգ։

Հիմնադիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտոր Կարո Արմենն ամերիկահայ գործարար է և գիտնական։ Ստամբուլի հայկական ընտանիքում ծնված Կարո Արմենը ճնշումների է ենթարկվել դպրոցական տարիքում, քանի որ խոսում էր 1915-ի Հայոց ցեղասպանության մասին։ 17 տարեկանում նա ստիպված էր մեկնել ԱՄՆ՝ փրկելու իր կյանքը։

ԱՄՆ-ում նրան հյուրընկալում է մի հայ ընտանիք, օգնում սովորել անգլերեն և քոլեջ հաճախել[71]։ Սկզբում Կարո Արմենն աշխատում էր որպես սուրհանդակ, գազի ծառայության աշխատակից և սպասք լվացող։ Զուգահեռ սովորում էր քիմիա։ Գիտությունների դոկտորի կոչում ստանալուց հետո նա աշխատանքի է անցնում գիտական ոլորտում։

Կարո Արմենը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

Ավելի ուշ դոկտոր Արմենն սկսում է հետաքրքրվել ֆինանսական շուկայով ու հաջողում։ Գազի գները բարձրանում էին, և Կարո Արմենը գաղափար հղացավ արդիականացնելու գազալցակայանները՝ թվային երկու ցուցիչի փոխարեն ներդնելով բազմաթվայինը։ Երբ քաղցկեղից վախճանվեց Կարո Արմենի մայրը[72], գիտնականն սկսեց քաղցկեղի բուժման մեթոդներ փնտրել։ Նա հիմնեց ու մինչ օրս ղեկավարում է «Աջենուս» կենսատեխնոլոգիական ընկերությունը։ Կարո Արմենը նաև օրգանական ֆերմա ունի Մեն նահանգում։

2000 թվականից սկսած դոկտոր Արմենն ակտիվորեն ներգրավված է Հայաստանին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու հարցում։ 2004-ին հիմնադրել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը՝ ապահովելու գյուղական համայնքների առաջընթացը։ 2002-ին Ernst & Young ընկերությունը Կարո Արմենին ճանաչեց բիոտեխնոլոգիայի ոլորտում տարվա գործարար[73]։ Հայաստանում մարդասիրական ջանքերի համար պարգևատրվել է Ellis Island Medal of Honor մրցանակով[74]։ ՀՀ նախագահի կողմից արժանացել է Մխիթար Հերացու մեդալի։ Արմավիրի մարզպետի կողմից Ոսկե մեդալ է ստացել մարզում բարեգործական աշխատանքներ իրականացնելու համար։ 2007 թվականին ՀՀ վարչապետը Կարո Արմենին պարգևատրել է Պատվո շքանշանով։

Ֆոնդհայթայթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի դեկտեմբերին Նյու Յորքում տեղի է ունենում ՔՈԱՖ-ի դրամահավաքի գալա-երեկոն։ Դա բարեգործական ընթրիք է, որտեղ ՔՈԱՖ-ի բոլոր ընկերներն ու բարերարները նշում են հիմնադրամի անցնող տարվա հաջողությունները, ծանոթանում արդյունքներին, ունկնդրում ՔՈԱՖ-ի գյուղերից ժամանած երեխաներին և նրանց անձնական պատմությունները[75]։ ՔՈԱՖ-ի գալա-երեկոն բաղկացած է ընթրիքից, համերգային հատվածից, կենդանի և լուռ աճուրդներից։

Անդրեա Մարտինն ամեն տարի վարում է ՔՈԱՖ-ի գալա երեկոն

Վերջին տարիներին ՔՈԱՖ-ը հանգանակում է ավելի քան 3.5 միլիոն դոլար՝ հաջորդ տարվա ծրագրերի իրագործման համար[76]։

Գալա-երեկոն անփոփոխ կերպով վարում է հայտնի դերասանուհի Անդրեա Մարտինը[77]։ Արվեստի գործիչ Թոնի Շաֆրազյանը երեկոյի պատվավոր նախագահն է[78]։

ՔՈԱՖ-ի համագործակցության շրջանակը լայն է՝ պետական մարմիններից (ՀՀ կառավարություն, նախարարություններ, մարզպետարաններ և այլն) ու արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններից (ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի դեսպանություններ)  մինչև միջազգային կազմակերպություններ, տեղական ընկերություններ, բանկեր[79]։



Կազմակերպության կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՔՈԱՖ-ը երկու գլխամաս ունի՝ Նյու Յորքում և Երևանում[80]։ Նյու Յորքի գրասենյակը հիմնականում աշխատում է ֆոնդհայթայթման, դոնորների հետ կապերի և ամենամյա գալա-երեկոների կազմակերպման ուղղությամբ։

Տնօրենների խորհուրդը Նյու Յորքում է։ Այն գլխավորում է ՔՈԱՖ-ի հիմնադիր, դոկտոր Կարո Արմենը, իսկ խորհրդի կազմում են Մայքլ Արամը, Փիթեր Բալաքյանը, Խալիլ Բարաժը, Գրեգորի Էկիզյանը, Լերրի Ֆայնբերգը, Դիրոն Ջեբեջյանը, Ջոան Լյուրինգը, Շաքե Նահապետյանը, Վահե Նահապետյանը, Դեբի Օհանյանը, Մերի Փենդերգասթը, Ալիս Սարայդարյանը, Ջոն Սարայդարյանը։ Պատվավոր խորհուրդը նախագահում է արվեստագետ Թոնի Շաֆրազյանը, իսկ Խորհրդում են հագուստի մոդելավորող և դիզայներ Պատրիսիա Ֆիլդը, «էմմի» և «Թոնի» մրցանակների դափնեկիր, դերասանուհի Անդրեա Մարտինը, արվեստի գծով միջազգային խորհրդատու Լորեն Թաշենը[81]։

Երևանյան գրասենյակը վարում է ծրագրային հիմնական աշխատանքը, իրականացնում բոլոր նախագծերը, նոր նախաձեռնություններ իրագործում, մշտադիտարկումներ անցկացնում, համայնքային զարգացման ուղիներ մշակում, կազմակերպում կառավարական մարմինների հետ աշխատանքը, գործընկերների հետ հարաբերությունները, վերապատրաստում է մասնագետներին ու ներգրավում երեխաներին, երիտասարդներին[82]։

Հայաստանյան հոգաբարձուների խորհրդի նախագահը Հայաստանի գերազանցության տեխնոլոգիական կենտրոնի հիմնադիր Ռիչարդ Բեզջյանն է։ Խորհրդի անդամներն են ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենը, Ալիս Սարայդարյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, «Դյուֆրի» ԲԲԸ Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի տարածաշրջանի կոմերցիոն տնօրեն Օվսաննա Եղոյանը, «KARDÉS» ընկերության հիմնադիր Բագրատ Բալաբանյանը[83]։

ՔՈԱՖ-ի գործադիր տնօրենն է Կորյուն Խաչատուրյանը[84]։ ՔՈԱՖ-ն ունի 45 հաստիքային աշխատող և շուրջ 200 պայմանագրային աշխատակիցներ Հայաստանի գյուղերում[85]։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվորեն սպորտով են զբաղվում գյուղում

ՔՈԱՖ-ն աշխատում է Հայաստանի 6 մարզերի 44 գյուղական համայնքներում՝ անուղղակիորեն ազդեցություն ունենալով շուրջ 75 000 բնակչի կյանքի վրա։ ՔՈԱՖ-ը համագործակցում է նաև համայնքային պատասխանատուների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ պարզելու քաղաքացիների խնդիրները, մշակելու այնպիսի ծրագրեր, որոնք միտված կլինեն հենց այդ կարիքների բավարարմանը։

2004 թվականից ի վեր ՔՈԱՖ-ը շուրջ 100 ենթակառուցվածքային բարեկարգում է իրականացրել․ հիմնանորոգել է դպրոցներ, առողջապահական կենտրոններ, գյուղական նշանակության կարևորագույն այլ հաստատություններ՝ մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ, հանրային տարածքներ տեղի երիտասարդների և ընտանիքների համար։ Բացի այդ, համայնքային համագործակցության շնորհիվ ՔՈԱՖ-ը մաքուր ջրի հարց է լուծել ավելի քան 18,000 գյուղացիների համար[86]։

Առանցքում պահելով երեխայի զարգացումը՝ ՔՈԱՖ-ն իր աշխատանքներում ընդգրկում է ընտանիքները, դպրոցները, բուժաշխատողներին և համայնքն ընդհանրապես[87]։ 2011-ից ի վեր անգլերենի ուսուցման «Աքսես» ծրագրի շրջանավարտ է 400 պատանի։ 2019-ն ծրագրին մասնակցում է 9 գյուղի 148 աշակերտ։ Արտադասարանային 50 խմբակների մասնակցում է 973 երեխա, իսկ ամառային դպրոցներին ամեն տարի ներգրավվում է շուրջ 500 երեխա։ Մասնագիտական կողմնորոշում է անցել 2121 ավագ դպրոցական՝ սկսած 2013 թվականից։ Աշակերտական խորհուրդներն աշխատում են 19 դպրոցների 307 սաների հետ։

Վերջին 4 տարում Հայաստանի բուհերի 91 ուսանողներ ամբողջական և մասնակի կրթաթոշակներ են ստացել՝ իրենց ուսումը բուհերում շարունակելու համար։ Այս ծրագիրն իրագործվում է «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի հետ համագործակցությամբ։  

ՔՈԱՖ-ի շահառու 17 դպրոց «Դպրոցները հանուն առողջության» եվրոպական ցանցի անդամ են։ 2009 թվականից ի վեր 2481 աշակերտ մասնակցել է «Առողջ ապրելակերպ» խմբակին։

Տարրական դպրոցի 2203 աշակերտ տաք սնունդ է ստանում ու լվանում ատամները ՔՈԱՖ-ի կողմից վերանորոգված ճաշարաններում և ատամնակայաններում։

2008 թվականից ի վեր 12,490 կին կրծքի և վահանաձև գեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման հետազոտություն է անցել։ Ամեն տարի ավելի քան 700 երեխա անվճար ատամնաբուժական ծառայություն է ստանում[88]։

2011 թվականից սկսած՝ ավելի քան 600 երեխա ներգրավված է եղել մանկան զարգացման կենտրոնի և մանկան զարգացման անկյունների աշխատանքներում։ 8 գյուղի 87 երեխա ընդգրկված է  «Հուզական ակումբում»։ 2012 -ից ի վեր շուրջ 150 հոգի մասնակցել է թատերական թերապիայի ծրագրին։ Միայն 2018 թվականին ավելի քան 3500 երեխա խմբային զարգացման միջոցառումների է ներգրավվել։

973 երեխա և մեծահասակ է օգտվել անհատական հոգեբանական ծառայություններից։ 704 ծնող և 348 ուսուցիչ է մասնակցել հոգեբանների վարած սեմինարներին։

Համայնքների սոցիալական աշխատողները շարունակաբար աջակցում են 270 ընտանիքների․ 104  դեպք արդեն իսկ հանգուցալուծվել է ։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագրերից օգտվում են շրջակա 13 համայնքների 739 երեխաներ և 130 մեծահասակներ։

Բարեգործական վարկանիշը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեգործական կազմակերպությունների վարկանիշներն ու գնահատականները դոնորներին կարևոր տեղեկատվություն են տրամադրում տվյալ ընկերության ֆինանսական վիճակի, ծրագրերի և գործառնությունների մասին։ Այս վարկանիշներն ինչ-որ առումով ցուցիչ են, որ հնարավորություն են տալիս նվիրատուներին տեսնելու՝ ինչպես են տնօրինվում իրենց գումարներն ու ինչ ազդեցություն են թողնում[89]:

ՔՈԱՖ-ը բարձրագույն գնահատական է ստացել՝ Guide Star-ի, Better Business Bureau-ի և Charity Navigator կազմակերրպությունների պահանջներին համապատասխան։

Արտադասարանային խմբակներ

Համաձայն Charity Navigator-ի՝ ՔՈԱՖ-ն արժանացել է  բարձրագույն 4 աստղին[90]: Այն ընկերությունը, որն ստանում է բոլոր 4-ը, համարվում է իր ոլորտի առաջատար և գերազանցում է նույն դաշտում գործող այլ ընկերությունների։ Charity Navigator-ը գնահատում է կազմակերպությունները երկու տեսանկյունից՝ ֆինանսական ողջամտություն և վստահելիություն ու թափանցիկություն։

Better Business Bureau (BBB) Wise Giving Alliance-ը մշակվել է՝ օգնելու դոնորներին մեծ նվիրատվություններ կատարելու և ավելացնելու հանրային վստահությունը բարեգործական կազմակերպությունների նկատմամբ։ Այն կազմակերպությունները, որոնք համապատասխանում են վստահության այս ստանդարտներին, դրանք հաստատող փաստաթղթեր են ներկայացնում․ ինչպե՞ս են կառավարում ընկերությունը, ինչպե՞ս են ծախսում գումարները, որքանո՞վ են հավաստի իրենց ներկայացուցչությունները, որքանո՞վ են պատրաստ հանրայնացնելու իրենց մասին տեղեկատվությունը։ ՔՈԱՖ-ն այդ կազմակերպություններից է[91]:

GuideStar-ը ոչ առևտրային ընկերությունների և հիմնադրամների մասին տեղեկատվության առաջատար աղբյուրներից է։ Մասնագետների համար առաջարկվող ծառայություններից զատ, այն նպատակ ունի ապահովելու անհատներին համապատասխան վստահությամբ, որ իրենց նվիրատվություններն օրինապաշտ կազմակերպության են ծառայում։ ՔՈԱՖ-ը նշված է այս կայքում որպես վստահելի կազմակերպություն[92]:

Հռչակավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՔՈԱՖ-ին

Բազմաթիվ հայտնի մարդիկ են սատարել ՔՈԱՖ-ին իր առաքելության իրականացման ճանապարհին[93]։ Նրանցից են

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևանի պետական համալսարան, Կարիերայի կենտրոն, (2016)։ «Ձեռնարկությունների հետ համագործակցություն» 
  2. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, (Նոյեմբերի 13, 2015)։ «ԱՄՆ դեսպանատունը և COAF-ը շարունակում են ընդլայնել անգլերենի դասընթացները Հայաստանում» 
  3. Հայաստանի ամերիկյան համալսարան, Առողջապահական ծառայության հետազոտության և զարգացման կենտրոն, (Հունիս, 2016)։ «Գյուղական դպրոցներում առողջ սննդի ապահովման ծրագիր» 
  4. «Արմենպրես» լրատվական գործակալություն, (Ապրիլի 3, 2009)։ ««Հայաստանի մանուկներ հիմնադրամն» այս տարի ևս առողջապահական, սոցիալական, տնտեսական զարգացման, կրթական ծրագրեր կիրականացնի Արմավիրի մարզի մի շարք համայնքներում» 
  5. «Ժողովուրդ» թերթ, (Նոյեմբերի 26, 2014)։ «Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը վերանորոգեցին Շենիկ համայնքի մանկապարտեզը և կառուցեցին խաղահրապարակ» 
  6. «Բրավո» ժամանցային պորտալ, (Հոկտեմբերի 15, 2010)։ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» 
  7. Լրագիր (Դեկտեմբերի 21, 2018)։ «4,1 միլիոն դոլար է հանգանակվել ՔՈԱՖ-ի գալա երեկոյին, Հայաստանի երեխաների համար» 
  8. The Armenian Weekly թերթ, (Մայիսի 17, 2018)։ «Cutting Edge COAF SMART Center Set to Transform Lori Region of Armenia» 
  9. GagRule Armenian News Portal, (Մայիսի 27, 2018)։ «Children of Armenia Fund (COAF) SMART Center opened its doors in the Lori region» 
  10. «Երկիր» շաբաթաթերթ, (Սեպտեմբերի 22, 2017)։ «20 սմարթ-կենտրոնները կարող են գյուղերի հայության փրկությունը լինել. Գարո Արմեն» 
  11. «Հետք» օնլայն, Անի Հովհաննիսյան, (Մայիսի 27, 2018)։ «Մարդկային ներուժի արտահայտումը՝ տեխնոլոգիայի միջոցով․ Լոռիում կբացվի ՍՄԱՐԹ կենտրոնը» 
  12. «ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2008-2016 թթ.»։ Հայաստանի վիճակագրական կոմիտե։ 2017 
  13. «Արարատ» ՀԸ, «Օրակարգ» հաղորդաշար, Միհրան Հակոբյան (Փետրվարի 22, 2016)։ «Հարցազրույց Կարո Արմենի հետ» 
  14. «Immigrant Entrepreneur Garo H. Armen of Agenus Inc.»։ The Immigrant Learning Center, Inc.։ Մայիսի 12, 2016 
  15. «Ամերիկայի ձայնը», Աշոտ Պողոսյան (Դեկտեմբերի 31, 2016)։ «Ամերիկահայ գիտնական եւ գործարար Կարո Արմենը» 
  16. «Ռեսպուբլիկա Արմենիա», Իրինա Աբրոյան (Մարտի 1, 2017)։ «Արմատներ ձգելով Հայաստանում» 
  17. Asparez Journalist Club Samvel Hounanyan (Մայիսի 23, 2005)։ «“I hope Karakert will not be the only one”» 
  18. «Empower a Generation – COAF SMART Center»։ COAFkids։ Ապրիլի 12, 2017 
  19. «Արարատ» ՀԸ, «Օրակարգ» հաղորդաշար, Միհրան Հակոբյան (Փետրվարի 22, 2016)։ «Հարցազրույց Կարո Արմենի հետ» 
  20. «Արմենպրես» լրատվական գործակալություն, Արմենուհի Մխոյան (Մայիսի 24, 2005)։ ««Քարակերտում իրականացվում է զարգացման ռազմավարական ծրագիր» 
  21. «Սիվիլնեթ» օնլայն ՀԸ, Roubina Margossian (Փետրվարի 23, 2016)։ «SMART Campus in Lori» 
  22. «Արմենպրես» լրատվական գործակալություն (Դեկտեմբերի 17, 2008)։ «COAF Conducts of Healthy Lifestyle in Communities of the Republic» 
  23. Business Wire, Նորություններ (Հոկտեմբերի 26, 2006)։ «Children of Armenia Fund Raises $2.3 Million for Model Cluster Project,» 
  24. «Երկիր մեդիա» ՀԸ, «Երկրի հարցը», Դավիթ Սարգսյան (Նոյեմբերի 24, 2017)։ ««Կառավարությունը և օլիգարխները պետք է գիտելիքի ապագա ապահովեն» 
  25. «Առավոտ» օրաթերթ, Գոհար Հակոբյան (Փետրվարի 22, 2017)։ ««Եթե Ամերիկայի հայերը եւ օտարները օգնում են Հայաստանին, լավ կլինի, որ Մոսկվայի հայերն էլ դա անեն»» 
  26. «Ցայգ» ՀԸ Լուսինե Պողոսյան (Փետրվարի 4, 2016)։ ««Հայաստանի մանուկներ հիմնադրամի» առաքելությունը Շիրակի մարզում» 
  27. «Արցախպրես» լրատվական գործակալություն (Օգոստոսի 11, 2016)։ «Արցախում գործող ամառային դպրոցների երեխաները մշակութային ելույթներ են ունեցել զինվորների համար» 
  28. «Իմ Երևան», Կարինե Վան (Հուլիսի 26, 2015)։ «COAF's Next 'Smart' Move in Lori» 
  29. «Սպուտնիկ Արմենիա» մեդիա հոլդինգ Գոհար Սարգսյան (Հոկտեմբերի 5, 2016)։ ««Հայաստանի ՍՄԱՐԹ կենտրոնը՝ միգրացիայի խնդրի լուծման ուղի» 
  30. «Նյուզ.am» օնլայն հարթակ, Քրիստինա Աղալարյան (Մայիսի 27, 2018)։ ««Լոռու մարզում բացվել է ՍՄԱՐԹ կրթական կենտրոնը. 5 մլն դոլարի ներդրում է արվել» 
  31. The Armenian Weekly Newspaper (Հունվարի 7, 2019)։ «COAF Annual Gala Raises Record $4 Million» 
  32. Ռադիո վան, «Գլումովո ուտրո» առավոտյան շոու, Եգոր Գլումով (Դեկտեմբերի 26, 2017)։ «Շուտով կբացվի ՍՄԱՐԹ կենտրոնը, որն արդեն կոչում են «մանուկների երջանկության էպիկենտրոն»» 
  33. «Առավոտ» օրաթերթ, Գոհար Հակոբյան (Փետրվարի 22, 2017)։ «Եթե Ամերիկայի հայերը եւ օտարները օգնում են Հայաստանին, լավ կլինի, որ Մոսկվայի հայերն էլ դա անեն» 
  34. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ (Փետրվարի 15, 2017)։ «Պետք է առաջ անցնել ու դառնալ չափանիշ» 
  35. Mirror-Spectator, Community (Սեպտեմբերի 24, 2017)։ «CYSCA Panel on Media Literacy in Armenia with 5 Visiting Armenian Specialists Hosted at NAASR» 
  36. Հանրային հեռուստաընկերություն, «Հրապարակում» հաղորդաշար, Արմենուհի Մինասյան (Ապրիլի 8, 2016)։ «ՔՈԱՖ-ն ընդլայնում է իր ծրագրերը» 
  37. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, Անի Հարությունյան (Հուլիսի 16, 2017)։ «ԱՄՆ դեսպանատունն ու ՔՈԱՖ-ը շարունակում են ընդլայնել անգլերրենի ծրագրերը» 
  38. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, (Նոյեմբերի 13, 2015)։ «ԱՄՆ դեսպանատունն ու ՔՈԱՖ-ը շարունակում են ընդլայնել անգլերրենի ծրագրերը» 
  39. Բրիտանական խորհուրդ, տեղեկագիր, (Հուլիս-օգոստոս, 2012)։ «Համագործակցություն ՔՈԱՖ-ի հետ» 
  40. «Շիրակ» ՀԸ, Մարիամ Խալաթյան (Դեկտեմբերի 12, 2016)։ «Շիրակի համայնքներում կփոխվի կյանքի որակը» 
  41. «Արցախպրես» լրատվական գործակալություն (Օգոստոսի 11, 2016)։ «Արցախում գործող ամառային դպրոցների երեխաները մշակութային ելույթներ են ունեցել զինվորների համար» 
  42. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, Թամարա Մուրադյան (Դեկտեմբերի 13, 2016)։ «Ի՞նչ դառնալ» 
  43. «Շիրակ» ՀԸ Մարիամ Խալաթյան (Մայիսի 24, 2017)։ [Դպրոցականները սեփական միջոցներով խաղահրապարակ են կառուցել «, Առողջ սնունդ Հայաստանի մարզերի երեխաներին. COAF-ը շարունակում է գործը»]։ Վերցված է https://www.youtube.com/watch?v=--0jYnaa8FA 
  44. Նյուզ.am, Բժշկական նորություններ (Մայիսի 13, 2016)։ «Ամերիկացի ատամնաբույժները Հայաստանի մարզային դպրոցներում կարիեսի կանխարգելման ծրագիր կիրականացնեն» 
  45. «Անկյուն+3» ՀԸ, Մերի Կոլոլյան (Փետրվարի 29, 2016)։ «Դպրոցական ժամանակակաից ճաշարաններ՝ Քարինջում, Թումանյանում ու Դսեղում» 
  46. Հայաստանի հանրային ռադիո, Սաթիկ Իսահակյան (Հունիսի 17, 2017)։ ««Հայաստանի Մանուկներ» հիմնադրամը փոխել է արմավիրցի դպրոցականների կենսաձևը» 
  47. «Արցախ» ՀԸ (Հունիսի 16, 2016)։ «Բուժքույրերի համար սեմինար Ստեփանակերտում» 
  48. Ամերիկայի ձայնը, Աշոտ Պողոսյան (Նոյեմբերի 25, 2016)։ «ՀԱՅԱՑՔ ԱՄԵՐԻԿԱ: Ստելլա Գրիգորյան» 
  49. Հայերն այսօր (Մայիսի 15, 2017)։ «Առողջ սնունդ Հայաստանի մարզերի երեխաներին. COAF-ը շարունակում է գործը» 
  50. Հայաստանի հանրային ռադիո, Սաթիկ Իսահակյան (Հունիսի 17, 2017)։ ««Հայաստանի Մանուկներ» հիմնադրամը փոխել է արմավիրցի դպրոցականների կենսաձևը» 
  51. «Լույս» ՀԸ, Արևիկ Սարդարյան, (Հունիսի 23, 2017)։ «Առողջ ապրելակերպի խմբակ» 
  52. «Սպուտնիկ Հայաստան», Գոհար Սարգսյան (Նոյեմբերի 11, 2016)։ «Ատամի մեկ խոզանակ բոլորի համար. որոշ համայնքներում ատամ լվանալն անլուրջ գործ է» 
  53. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, Գագիկ Անտոնյան (Հուլիսի 20, 2017)։ «Ամերիկահայ բժիշկները՝ Հայաստանի մարզերում» 
  54. «Նոյյան տապան» լրատվական գործակալություն (Հունիսի 1, 2016)։ «Արտենին այսուհետ համայնքային լոգոպեդ ունի» 
  55. Ելակետ, Սահականուշ Պողոսյան (Հունիսի 2, 2016)։ «Ոստիկան Վլադիմիրն ու դատավոր Վաղինակը. «Լավ կյանքի» հետքերով» 
  56. Երևան Նյուզ, Սահականուշ Պողոսյան (Հունիսի 1, 2016)։ «Կորսված և գտնված մանկություն» 
  57. Հանրային հեռուստաընկերություն, Վահե Խանամիրյան (Ապրիլի 24, 2017)։ ««Եթե բոլորը» թոք շոու» 
  58. «Երկիր մեդիա» ՀԸ (Հուլիսի 17, 2016)։ «Մանկական երկիր» 
  59. «Ֆորտունա» ՀԸ, Անահիտ Կարապետյան (Հուլիսի 11, 2017)։ «Արևոտ սենյակ Լոռիում» 
  60. «Լույս» ՀԸ, Արևիկ Սարդարյան (Հունիսի 23, 2017)։ «Վերապատրաստում Քարակերտի դպրոցում» 
  61. Հանրային հեռուստաընկերություն, «Հրապարակում» հաղորդաշար, Արմենուհի Մինասյան (Ապրիլի 8, 2016)։ ««Հայաստանի մանուկներ» հիմնադրամը ընդլայնում է ծրագրերը» 
  62. ««Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կայք» 
  63. Civilnet, Roubina Margossian, (July 1, 2016)։ «Smart Centers: An Investment in Armenia's Potential» 
  64. Ֆակտոր.am (April 24, 2018)։ ««Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի հիմնադիր Գարո Արմենի հարցազրույցը՝ ուղիղ» 
  65. "Երկիր մեդիա" ՀԸ, "Երկրի հարցը" թոք շոու, Դավիթ Սարգսյան (Նոյեմբերի 24, 2017)։ «Կառավարությունը և օլիգարխները պետք է գիտելիքի ապագա ապահովեն» 
  66. Հայաստանի հանրային ՀԸ, Հրաչյա Պապինյան (Մայիսի 4, 2016)։ «Լոռու երիտասարդ գյուղաբնակների համար կառուցվում է սմարթ կենտրոն» 
  67. Հայաստանի հանրային ՀԸ, "Հրապարակում" հաղորդաշար, Մանվել Քեշիշյան (Մայիսի 27, 2018)։ «Ի՞նչ կփոխի նորաբաց «Սմարթ» կենտրոնը հարակից 45 համայնքի 200 հազար բնակչի կյանքում» 
  68. 1in.am օնլայն լրատվական, Քրիստինա Աղալարյան (Մայիսի 27, 2018)։ «ՍՄԱՐԹ կենտրոնում հեռանկարները մեծ են. աշակերտները վստահ են՝ սա Նոր Հայաստանում դրսևորվելու հնարավորություն է» 
  69. 17.am օնլայն մեդիա, Մարգարիտա Ոսկանյան (Սեպտեմբերի 17, 2017)։ «ԵԿ ԱՐԵՒԱԾԱԳ» 
  70. "Շողակաթ" ՀԸ, Լուսինե Բալյան (Սոպտեմբեր, 2016)։ «ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ «ՍՄԱՐԹ» ՍԵՆՅԱԿ-ԹԱՔՍՏՈՑՆԵՐ ԵՆ ԲԱՑՎԵԼ» 
  71. Boston Business Journal, Don Seiffert (Մայիսի 10, 2016)։ «Agenus CEO Garo Armen on entrepreneurship and being an immigrant» 
  72. Արևելք.am, Անուշ Թրվանց (Սեպտեմբերի 15, 2016)։ «Կարօ Արմեն. «Ես չեմ խոր­հիր, թէ սո­վո­րա­կան ժո­ղո­վուր­դը պա­տե­րազմ կ՚ու­զէ»» 
  73. «Agenus Inc.»։ Bloomberg։ April 4, 2013 
  74. «"Listings"»։ February 25, 2012 
  75. «Արմենպրես» լրատվական գործակալություն (Դեկտեմբերի 21, 2018)։ ««Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գալա երեկոյին հանգանակվել է 4,1 միլիոն դոլար» 
  76. Թերթ.am (Դեկտեմբերի 16, 2016)։ ««Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Նյու Յորքում կայացած գալա երեկոյի ժամանակ 3 մլն դոլար է հավաքել» 
  77. ANCA (Դեկտեմբերի 9, 2016)։ «Tom Hanks, Conan O’Brien Among Celebrities Promoting COAF Gala» 
  78. Asbarez (Դեկտեմբերի 20, 2017)։ «$3.6 Million Raised for Villages In Armenia During COAF Gala» 
  79. Horizon weekly (Դեկտեմբերի 18, 2014)։ «Children of Armenia Fund Annual Gala Raises $2.4 Million for Expansion into Rural Armenia» 
  80. Mirror-Spectator (Հոկտեմբերի 4, 2018)։ «Tech Trailblazer Richard Bezjian to Chair COAF Armenia Board» 
  81. «Հոգաբարձուների խորհուրդ»։ Հայաստանի մանուկներ հիմնադրամի կայք։ 2018 
  82. «COAF infosheet-profile»։ GuideStar։ 2017 
  83. «Հոգաբարձուների խորհուրդ»։ Հայաստանի մանուկներ հիմնադրամի կայք։ 2018 
  84. Մեդիամաքս (Հունվարի 16, 2019)։ «COAF-ի նոր տնօրենը Կորյուն Խաչատուրյանն է» 
  85. «Children of Armenia Fund»։ Charity Navigator։ September 1, 2018 
  86. Azure Azure Patricia Abaroa (2016)։ «Children of Armenia Fund: Supporting Underserved Communities» 
  87. Հայաստանի հանրային ՀԸ, «Հրապարակում» հաղորդաշար, Արմենուհի Մինասյան (Ապրիլի 8, 2016)։ «ՔՈԱՖ-ն ընդլայնում է իր ծրագրերը» 
  88. «Ամերիկայի ձայն», Աշոտ Պողոսյան (Նոյեմբերի 25, 2016)։ «Հայացք Ամերիկա․ Ստելլա Գրիգորյան» 
  89. Love to know Audrey M. Jones (2018)։ «Rating Charitable Organizations» 
  90. «Children of Armenia Fund»։ Charity Navigator։ September 1, 2018 
  91. «Children of Armenia Fund, Accredited Charity»։ BBB Wise Giving Alliance։ February 2018 
  92. «CHILDREN OF ARMENIA FUND, INC.»։ Guide Star։ 2017 
  93. Asbarez (December 20, 2017)։ «$3.6 Million Raised for Villages In Armenia During COAF Gala» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]