Հայերը Արգենտինայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-արգենտինական հարաբերություններ
Արգենտինա և Հայաստան

Արգենտինա

Հայաստան

Հայերը Արգենտինայում (իսպաներեն՝ Armenios en Argentina), խոշոր հայկական համայնք Արգենտինայի Հանրապետությունում:

Արգենտինահայ համայնքը սկսել է ձևավորվել դեռևս XIX դարի 80-ական թվականներին և ավելի ստվարացել հատկապես Առաջին (1914–18) և Երկրորդ (1939–45) համաշխարհային պատերազմներից հետո, երբ վտանգվեց մեր հայրենակիցների կյանքը Թուրքիայում, ապա նաև Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներում: Արգենտինայում ապաստան գտած հայերը հիմնականում այնթապցիներ, հաճնցիներ ու մարաշցիներ են. մեծ մասամբ բնակվում էին Բուենոս Այրեսում, Կորդովայում, Ռոսարիոյում, Մար դել Պլատայում: Ներկայումս Արգենտինայում բնակվում է 135 հզ. հայ: Մեծ մասը (123 հզ.) կենտրոնացած է Բուենոս Այրեսում և Կորդովայում (7 հզ): Հայկական համայնքներ կան նաև Արգենտինայի շատ քաղաքներում : Նրանք զբաղվում են արհեստներով, առևտրով, քիչ չեն մտավորականները, ուսանողները, ձեռնարկատերերը: Արգենտինայի շատ քաղաքներում կան հայկական տեղանուններով, նշանավոր հայերի անուններով փողոցներ, հրապարակներ: Բուենոս Այրեսի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստան, մեկ ուրիշը՝ Արարատ, որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի նահատակներին նվիրված հուշակոթող, Պալերմո թաղամասի Արմենիա փողոցում տեղադրված է Սարդարապատի հերոսամարտի հուշարձան-կոթողը: Կորդովայի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստանի Հանրապետության, կան նաև Արմենիա, Զորավար Անդրանիկ փողոցներ: Արգենտինահայ գաղութն ապրում է աշխույժ հասարակական կյանքով: Այստեղ գործում են բազմաթիվ հայրենակցական, մշակութային, երիտասարդական և այլ միություններ ու ընկերություններ, երգչախմբեր («Կոմիտաս», «Արաքս»), պարախմբեր («Գայանե», «Նաիրի»), «Թաթուլ Ալթունյան» նվագախումբը: Ճանաչված են հայ մշակույթի գործիչներ Լևոն Վարդապետյանը, Ժան Ալմուխյանը, Մարթա Վարդանյանը, Ալիսիա Թերզյանը, երգչուհիներ Վիկտորյա Սևանը, Էլիզ Տիգրանյանը, դաշնակահարուհի Անթառամ Ահարոնյանը, քանդակագործ Հակոբ Յարումյանը, գեղանկարիչներ Խորխե Դեմիրճյանը, Սարգիս Աշքյանը և շատ ուրիշներ: Մեծ ճանաչում ունի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը (վերջին տարիներին ապրում է ԱՄՆ-ում): Արգենտինայի Ազգային կոնգրեսի պատգամավորների զբոսաշրջության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն է հայազգի միակ պատգամավոր Ալեխանդրո Բալյանը, իսկ զինվորական ակադեմիայի հիմնադիր տնօրենը՝ հայազգի Յանոշ Ցեցը: Բուենոս Այրեսում գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Վարագա Սուրբ Խաչ, Սուրբ Պողոս-Պետրոս, Կորդովայում՝ Սուրբ Գևորգ եկեղեցիները: Արգենտինայի հայ համայնքի ձևավորմանը զուգընթաց՝ եկեղեցիներին կից ստեղծվել են մեկօրյա, ապա նաև ամենօրյա դպրոցներ: Ներկայումս գործում են 10 ամենօրյա դպրոցներ, որոնցից 6-ը՝ միջնակարգ, 3-ը՝ նախակրթարան: Այստեղ հրատարակվում են «Սարդարապատ», «Նոր Սևան», «Արմենիա», «Նոր Հաճըն», «Հայ» պարբերականները, գործում են հայկական ռադիոժամեր: 2001 թ-ի դեկտեմբերին արգենտինահայ հայտնի գործարար, երկրի 33 օդանավակայանների հիմնական բաժնետեր, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանի և ՀՀ Կառավարության միջև ստորագրվել է համաձայնագիր, որով Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի օդանավակայանները 30 տարի ժամկետով կառավարման են հանձնվել Էռնեկյանի ընկերությանը: