Jump to content

Հայերը Գերմանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանահայեր
Գերմանիայի դրոշը
Ընդհանուր քանակ

90.000-100.000

Բնակեցում
Գերմանիա Գերմանիա 80.000-100.000
Ավստրիա Ավստրիա 5.000
Շվեյցարիա Շվեյցարիա 5.000
Լեհաստան Լեհաստան 2.000
Ֆրանսիա Ֆրանսիա
Եվրոպա Եվրոպա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հայաստան Հայաստան
Բելգիա Բելգիա
Չեխիա Չեխիա
Լեզու(ներ)
Հայերեն, գերմաներեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի, Հայ Կաթոլիկ եկեղեցի

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի հետքերը Գերմանիայում գնում են մինչև վաղ քրիստոնեական ժամանակաշրջաններ։ Հայաստանում Քրիստոնեության ընդունումանը (301 թ.) հաջորդող տարիներին հայ-քրիստոնյա քարոզիչներ եկել են նաև Գերմանիայի ներկայ տարածքներ՝ քրիստոնեական կրոնը այստեղ քարոզելու և տարածելու մտադրությամբ։ Եվրոպայում և նաև Գերմանիայում ամենահայտնի հայկական ծագմամբ անձը Սուրբ Բարսեղն է կամ Վլասը՝ պատմական Փոքր Հայքի Սեբաստիա (Ներկայումս կոչվում է Սվազ և գտնվում է Թուրքիայի տարածքում) քաղաքից։ Ծնվել է 3-րդ դարի կեսերին սեբաստացի ունևոր հայ ընտանիքում։ Եղել է բժիշկ։ Հավանաբար դեռևս երիտասարդ տարիքում ընդունել է քրիստոնեություն և ապագայում դարձել Սեբաստիայի եպիսկոպոս։ Այդ ժամանակ Սեբաստիան մտնում էր Հռոմեական Կայսրության մեջ։ Նահատակվել է 316 թվականին Լիկինուս կայսեր ծավալած քրիստոնեական հալածանքների ժամանակ։ Հռոմեական զինվորների կողմից, որոնք ընդունել էին քրիստոնեությունը, նրա հարգանքը տարածվել է Եվրոպայում և նաև Գերմանիայում։ Հայտնի են անև այլ հայ քարոզիչների անուններ։ Հիշատակության է արժանի նաև Թեոֆանու կայսրուհին, ով ըստ որոշ հետազոտողների ծագում է բյուզանդական հայ ազնվական ընտանիքներից։

Գերմանիայում բնակություն հաստատած հայերի մասին պատմական վկայություններ գրեթե չկան և հստակ չէ, թե հայերը երբ են ոտք դրել այս տարածք։ կա սակայն արժեքավոր մի վկայություն Բավարիայի Պասաու քաղաքից։ 11-րդ դարում այստեղ է գործել և նաև մահացել Գրիգորիս արքեպիսկոպոսը, ով եկել է Հայաստանից։ Պասաու քաղաքի Նիդերնբուրգ վանքի վերանորոգության ժամանակ հայտնաբերվել է նրա դամբարանը։ 1982 թվականին հայկական ծեսով վերաթաղվել են նրա մասունքները նույն վանքում։

Գերմանիան առաջին պետություններից է, որ կապ է հաստատել Կիլիկյան Հայաստանի հետ. Գերմանիայի Հայնրիխ 6-րդ կայսրն է ճանաչել Լեվոնին Կիլիկիայի թագավոր և թագ շնորհել նրան։ Գերմանիայի հետ է կապված նաև հայ ազատագրական շարժման գործիչ Իսրայել Օրու գործունեությունը[1]։

Գերմանիայի համալսարանական կենտրոններում են կրթություն ստացել Կոմիտասը, Ամենայն հայոց Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը, գրողներ Լևոն Շանթը և Ավետիք Իսահակյանը, գեղանկարիչներ Վարդգես Սուրենյանցը, Հակոբ Կոջոյանը և շատ այլ հայ գիտնականներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ։

Մոտավոր տվյալներով՝ այսօր Գերմանիայում ապրում է շուրջ 55-60 հազար հայ։

Համայնքում ազգային կյանքն առավելապես աշխուժացել է 1991 թվականից հետո, երբ Գերմանիայում ստեղծվեց Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի հայոց թեմը` Քյոլն քաղաքում գտնվող առաջնորդարանով։ Առաջին և ներկայիս առաջնորդն է Գարեգին արքեպիսկոպոս Բեկջյանը։ Թեմի կամ Առաջնորդարանի հովանու ներքո գործում են 15 համայնքներ, որոնցից միայն երեքն ունեն իրենց եկեղեցիները, իսկ մնացած համայնքներն իրենց արարողությունների համար հյուրընկալվում են գերմանական եկեղեցիներում։

Գերմանահայության հասարակական-քաղաքական կյանքում մեծ ներդրում ունեն «Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը», «Գերմանա-Հայկական Ընկերակցությունը», «Հայկական Հարցերի Հաստատությունը», «Ցեղասպանության ուսումնասիրման Կենտրոնը» և այլն։ Գործում են նաև մի շարք այլ հասարակական կազմակերպություններ՝ «Հայ Գործարարների Միությունը», «Հայ Բժիշկների և Բուժաշխատողների Միությունը», «Հայ Օգնության Միությունը», «Մեսրոպ - Հայագիտական Կենտրոնը», «Տեղեկատվական և Փաստագրական Կենտրոնը», «Ցեղասպանության Ճանաչման Հանձնախումբը» և այլն։

1920 թվականից գործում է Բեռլինի Ազատ համալսարանի հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ինստիտուտի հայկական բաժինը, 1977 թվականից Մյունխենում՝ Հայկական հարցերի հաստատությունը, 1982 թվականից Ախենում՝ Հայկական ճարտարապետության հետազոտության կազմակերպությունը, 1985 թվականից Բեռլինում՝ Հայկական տեղեկատվության և փաստագրության, 1989 թվականից՝ Բոխումի համալսարանի հայկական ուսումնասիրությունների կենտրոնները։ Բեռլինի հայ համայնքն ունի իր ակումբը՝ Հայ տունը, քաղաքում կա «Հայկական» կոչվող փողոց։ Այս համայնքը մեծ օգնություն է ցույց տվել Հայաստանին՝ 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո դեղեր, բժշկական սարքեր ու սննդամթերք ուղարկելով աղետյալներին, իսկ գերմանական հայտնի «Բուրդա» ֆիրմայի մասնակցությամբ Գյումրիում կառուցվել է պոլիկլինիկա։

Հայոց ցեղասպանության հուշարձանը Շտուտգարտում

Շտուտգարտում տեղի հայերի ջանքերով քաղաքի գերեզմանատանը կանգնեցվել է հուշարձան՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, որին ամեն տարի ապրիլի 24-ին այցի են գալիս հարյուրավոր գերմանահայեր[2]։

2008 թվականից սկսած՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը։

Գերմանիայի հայ համայնքն ունի նաև որոշակի դժվարություններ։ Համայնքում առկա են հաղորդակցման խնդիրը, ինչպես նաև տարբեր երկրներից Գերմանիա եկած հայերի մշակութային տարբերությունները։

Հայերի ժամանումը Գերմանիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը Գերմանիա են ժամանել 19-րդ և հատկապես 20-րդ դարերում։

19-րդ դար կեսերից զգալի էր հայ ներգաղթողների թիվը Գերմանիայում, ովքեր հիմնականում Արևելյան Հայաստանից եկած ուսանողներ էին։ Երիտասարդների մեծամասնությունը ուսանում էր Արևելյան Գերմանիայում, նաև Բոննում և Հայդելբերգում։ Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից են 19-րդ դարի վերջում Գերմանիայում ուսանած ուսանողները։ Հայերի մյուս խումբը գերմանացի միսիոներների կողմից Գերմանիա բերված որբ երեխաներն էին, որոնց ծնողները սպանվել էին սուլթան Համիդի կողմից 1895-1896 թթ. իրականացված կոտորածների ժամանակ։

«Ցեղասպանություն 1915 - Նախաձեռնություն Գերմանիա» ցույց Բեռլինում 2015 թվականի ապրիլի 25-ին

1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո հայերի մեծ ներգաղթի հոսք Գերմանիա չեղավ, ինչը տեղի ունեցավ Ֆրանսիայում։ Սակայն Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո ցարական և կարմիր բանակներում ծառայող հայ ռազմագերիները պատերազմից հետո մնացին Գերմանիայում։ Նրանք բնակություն հաստատեցին Շտուտգարտում և նրա շրջակայքում, բայց հետագայում նրանցից շատերը արտագաղթեցին ԱՄՆ։

Գերմանիայում ապրող հայերը ըստ ծագման երկրների

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայից հայերը Գերմանիա եկել են 1960 թվականներից՝ Ստամբուլից, Անատոլիայից։ Նրանց երկրորդ կամ երրորդ սերունդներին է հաջողվել ուսում ստանալ, ինչը բախտ չի վիճակվել նրանց ծնողներին։ Թուրքիայից մշտապես հայ երիտասարդներ են ուսման նպատակով եկել Գերմանիա։

Հայաստանից մեծ հոսք է սկսվել Խորհրդային Միության փլուզումից հետո, որոնցից շատերը ուսում են ստացել և իրենց մասնագիտությամբ աշխատանք գտել։ Ներկայումս մեծ թվով ուսանողներ կան Հայաստանից։

Գերմանիայում բնակվող ՀՀ քաղաքացիների պաշտոնական վիճակագրություն (առ 31.12.2016 եթե այլ ժամկետ նշված չէ)[3]
ընդամենը, առ 31.12.2009 9999
ընդամենը, առ 31.12.2016 25170
տեղափոխվել են Գերմանիա 2016թ-ին 6640
միջին տարիքը 31.9
ծնվել են Գերմանիայում 2391
ծնվել են Գերմանիայում 2016թ 485
ամուսնացած Գերմանացու հետ 1230
Գերմանիայում բնակության միջին տևողությունը 7 տարի
Գերմանիայում 15 տարուց քիչ բնակողների թիվը 19895
Անժամկետ բնակության իրավունքով 3505
Ժամանակավոր բնակության իրավունքով 6975
Առանց բնակության իրավունքի (Aufenthaltstitel) 13310
ՀՀ քաղաքացիների թիվը ըստ Գերմանիայի շրջանների առ 31.12.2016[3]
Baden-Württemberg 725
Bayern 3350
Berlin 1255
Brandenburg 160
Bremen 250
Hamburg 955
Hessen 1455
Mecklenburg-Vorpommern 1055
Niedersachsen 1255
Nordrhein-Westfalen 7305
Rheinland-Pfalz 2470
Saarland 65
Sachsen 305
Sachsen-Anhalt 300
Schleswig-Holstein 3 745
Thüringen 525

Լիբանանյան քաղաքացիական պատերազմից հետո հայերի թիվը կտրուկ աճել է, սակայն սա անցողիկ երևույթ էր, քանի որ նրանցից շատերի համար Գերմանիան տարանցիկ երկիր էր հանդիսանում։

Իրանահայերը Գերմանիա են ներգաղթել 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո։

Գերմանիայում իրաքահայերի փոքրաթիվ խումբ մշտապես եղել է։ Սադամ Հուսեյնի անկումից հետո այս երկրում տիրող անկայուն վիճակը ստիպել է ընդհանուր առմամբ քրիստոնյաներին արտագաղթել։

Նախկին խորհրդային հանրապետություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատաբար նոր երևույթ է հետխորհրդային երկրներից, Ռուսաստանից և Ուկրաինայից հայերի արտագաղթը։

Հայեր կան նաև Հունաստանից, Բուլղարիայից, Սիրիայից, Հորդանանից և այլ երկրներից[4]։

Տարածաշրջանային տեղաբաշխումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ հայեր ապրում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության գրեթե ողջ տարածքում։

Խոշոր հայ համայնքները կամ հայկական միությունները կենտրոնացված են Քյոլնում, որտեղ և որի շրջակայքում ապրում են ամենաշատ հայերը, ինչպես նաև Բեռլինում, Մյունխենում և Համբուրգում։ Համայնքներ կամ հայկական միություններ են գործում նաև մի շարք այլ քաղաքներում, ինչպես օրինակ՝ Ֆրանկֆուրտ, Հանաու, Գյոպինգեն, Շտուտգարտ, Նյուրնբերգ, Աախեն, Հալլե, Բրաունշվայգ, Բիլեֆելդ, Մայնց, Հռենոս-Մայն-շրջան և այլն։

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի դեսպանատունը Բեռլինի Նուսբաումալե 4 հասցեում

Նստավայր՝ Բեռլին, Գերմանիա
Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Աշոտ Սմբատյան
Հասցե՝ Նուսսբաումալլեե 4, Բեռլին 14050, Գերմանիա
Աշխատանքային ժամեր՝

  • երկուշաբթի և հինգշաբթի (10։00-13։00)
  • երեքշաբթի (10։00-13։00 և 14։30-17։00)[5]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայերը Գերմանիայում(չաշխատող հղում)
  2. «Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Հայերը Գերմանիայում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  3. 3,0 3,1 publisher. «Publikation - Bevölkerung - Ausländische Bevölkerung - Fachserie 1 Reihe 2 - 2016 - Statistisches Bundesamt (Destatis)» (PDF). www.destatis.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  4. Գերմանահայ համայնքի մասին
  5. Դեսպանության տվյալներ. աշխատանքային ժամեր