Հայերը Եգիպտոսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-եգիպտական հարաբերություններ

Եգիպտոս

Հայաստան

Հայերը Եգիպտոսում հատատվել են վաղուց։ Ներկայումս կազմում են 9.000 մարդ հիմնականաում Կահիրեում (4.000) և Ալեքսանդրիայում (5.000) ։ Գործում է 5 Հայ Առաքելական Եկեղեցի, 3 Հայ Կաթոլիկ եկեղեցի և 1 Հայ Ավետարանական Եկեղեցի ։ 5 եկեղեցիները պատկանում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Եգիպտոսի թեմին։

Հին ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտական հողի վրա հաստատված առաջին հայ հատվածի մասին տեղեկությունը վերաբերում է մ. թ. ա. 1-ին դարին. հռոմեական Սալլյուստոս պատմիչը, որը երկար տարիներ Եգիպտոսի կառավարիչն է եղել, հայտնում է, որ Եգիպտոսում բավականին թվով հայեր են ապրում և իշխող դիրքեր ունեն։[1]։

Եգիպտոսի պատմական Թեբե քաղաքում 3-րդ դարից մեզ է հասել Խոսրով անունով մի հայ մարդու տապանաքար հետևյալ հունարեն արձանագրությամբ. «Խոսրով, հայ տեսնելով զարմացա»։[2]։

6-րդ դարի պատմիչ Պրոկոպիոս Կեսարացու վկայություններից երևում է, որ Հուստինիանոս Ա–ի ժամանակ (527-565) հայկական զորամասեր են տեղակայված եղել Եգիպտոսում։ Տեղեկություններ կան նաև այն մասին, որ 6-7–րդ դարերում Եգիպտոսի կառավարիչներից մի քանիսը հայեր են եղել՝ Ներսես Բասենցին, Արտավան Արշակունին, Հերակլը և այլք։ Հայտնի է, որ Ներսես Բասենցին պաշտոնավարել է այնտեղ նույնիսկ «Աֆրիկայի դուքս» տիտղոսով[3]։

6-7–րդ դարերից հասած հունական և լատինական արձանագրություններից երևում է, որ քիչ չի եղել այն հայերի թիվը, որոնք ապրելով Եգիպտոսում աշխատել են օգտակար լինել այդ երկրի համար. կառուցել են ճարտարապետական հոյակապ կոթողներ՝ իրենց հիշատակը հավերժացնող հունարեն կամ լատիներեն արձանագրություններով[4]։

Արաբական խալիֆայության ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական խալիֆայության տիրապետության տարիներին Եգիպտոսի հայ գաղթավայրը փոքրացել է։ Պատմական աղբյուրներում քիչ է հանդիպում եգիպտահայ գաղթավայրի մասին հիշատակությունների և հիշվածներն էլ, մեծ մասամբ, առանձին հավատափոխ հայ պաշտոնյաներ են։ Օրինակ՝ խալիֆայության տիրապետության առաջին շրջանից հիշատակություններ կան Վարդան-էլ-Ռումի կոչվող հայի մասին, որը, որպես դրոշակակիր, ծառայելիս է եղել խալիֆայության բանակում, մասնակցել Ամր զորավարի եգիպտական արշավանքներին և աչքի ընկել քաջությամբ ու հնարամտությամբ։ Տեղեկություններ կան այն մասին, որ Եգիպտոսը խալիֆայության կողմից նվաճվելուց հետո, Երբ Ամր զորավարը հիմնել է Ֆուստատ քաղաքը, շինարարական աշխատանքներին մասնակցել է նաև Վարդան-էլ-Ռումին. նա Ֆուստատում կառուցել է տվել ծածկած մի շուկա և իր անունով էլ կոչել է «Սուք-էլ-Վարդան»։ Վարդանը կառուցել է նաև «Դար-ալ-Նահաս» անունով մի պալատ ևս[5]։ Խալիֆայության բանակում գտնվել է 500 հոգուց բաղկացած «Ռումի» կոչվող զորամաս, որը կազմված է եղել բացառապես հույներից, հայերից և ասորիներից[6]։

Խալիֆայությունը նվաճելով Եգիպտոսը, կառավարել է իր կառավարիչներով, որոնք կոչվում են էմիրներ։ Այդ էմիրների մեջ հիշվում են նաև մի քանի հայեր։ Արաբական պատմիչներն առանձնապես գովեստով են խոսում եգիպտահայ Ալի-բին-Յահյա Աբուլ-Հասան-էլ-Էրմանիի մասին, որը երկու անգամ Եգիպտոսի կառավարիչ է նշանակվել՝ 841 թվականին և 849-850 թվականներին։

Եգիպտահայ գաղթավայրը համեմատաբար նպաստավոր է եղել ֆաթիմյան սուլթանների օրոք (969-1117), երբ եգիպտական ժողովուրդը թոթափելով խալիֆայության լուծը, կարողացավ անկախություն ձեռք բերել։ Ֆաթիմյան սուլթանները ընդհանրապես հանդուրժող վերաբերմունք են ցուցաբերել քրիստոնյաններին, որը նպաստել է Եգիպտոսի հայ գաղթավայրի մասնակի աշխուժացմանը։ Արաբական սկզբնաղբյուրները ուշագրավ տեղեկություններ են հաղորդում Ֆաթիմյան սուլթանության ժամանակաշրջանում վեզիրության պաշտոնի բարձրացրած մի շարք հայերի մասին։ Հայ վեզիրների գործունեությունն այնքան մեծ է եղել Եգիպտոսի պատմության մեջ, որ նրա պատմության խոշորագույն մասնագետներից մեկը՝ Գաստոն Վիթը, Եգիպտոսի պատմության այս շրջանն անվանել է «Հայկական շրջան»։ Եգիպտահայ վեզիրների մեջ եղել են վարչական մեծ կարողություններ ունեցող անձինք, որոնք կատարել են օգտակար գործեր Եգիպտոսի համար։ Եգիպտոսում իշխող դիրքի հասած հայ վեզիրներից նշանավոր է Բադր ալ-Ջամալին կամ Գամալին։ Նա վեզիրության պաշտոնում է եղել 1070-1094 թվականներին։ Նրան վեզիրության պաշտոնին էր հրավիրել ալ–Մուսթանսիրը[7]։ Ստանձնելով վեզիրության պաշտոնը, նա ամենից առաջ շպատել է վերացնել ավազակությունը և երկրում կարգ ու կանոն հաստատել։ Իր այդ նպատակն իրագործելու համար, նա դիմել է բռնությունների. անխնա ոչնչացրել է բոլոր նրանց, ովքեր փորձել են ընդդիմանալ։ Բադր ալ-Ջամալին բարյացակամ վերաբերմունք է ունեցել Եգիպտոսի հայ գաղթավայրերի նկատմամբ. մի շարք հայերի նա առաջ է քաշել պետական և զինվորական ղեկավար պաշտոնների։ Անցյալում կռիվների ընթացքում քարուքանդ եղած երկիրը վերակառուցելուց հետո Բադր ալ-Ջամալին ձեռնամուխ է լինում մի շարք բերդերի, կամուրջների, քաղաքային պարիսպների և հասարակական այլ շենքերի կառուցմանը։ Նա առանձնապես մեծ աշխատանք է կատարել Կահիրեի վերաշինության գործում։

Նրա կառուցած շինարարական գործերից է Կահիրեի պարիսպը, որի երեք դռները՝ Բաբ ալ-Ֆութա, Բաբ ալ-Զուելա և Բաբ ալ-Նասըր, կառուցված են արտակարգ վայելչությամբ և կանգուն են մինչև այսօր։ Այդ դռները կառուցել են եդեսացի երեք հայ ճարտարապետներ[8]։

Բադր ալ-Ջամալիից հետո վեզիրության պաշտոն է ստանձնել իր որդին՝ Շահնշահը, որը արաբական մատենագրության մեջ հայտնի է Աֆդալ պատվանունով։ Աֆդալը Եգիպտոսը կառավարել է բացարձակ միապետի իրավունքով 1094-1121 թվականներին։ Եգիպտական բարձր շրջաններում նա այնքան մեծ հեղինակություն է ունեցել, որ միջամտել է մահացած եգիպտական սուլթանի թափուր գահի թեկնածուն որոշելու հարցում և իր վճռական խոսքն ասել։ Նա կտրել է նաև իր սեփական դրամը։ Աֆդալը կառուցել է տվել բազմաթիվ շենքեր։ Նրա անվան հետ է կապված 1113 թվականին կառուցված Աբու ալ–Մունաջայի ջրանցքը։ Ըստ արաբ պատմիչների, Աֆդալը պատրաստել է աստղադիտարան (Մեջիտ-էր-Ռասատ

Եգիպտոսի աչքի ընկնող վեզիրներից է նաև եղել Բահրամ ալ–Էրմենին, որն արաբական պատմիչների մոտ հայտնի է Բեհրամ-էլ-Արմանի անունով։ Վահրամ Պահլավունին Ներսես Շնորհալու հորեղբայրն էր և վեզիրության պաշտոնին է հասել 1135 թվականին։ Նրա վեզիրության տարիներին եգիպտահայ գաղթավայրը բավականաչափ մեծացել և բարգավաճ վիճակում է գտնվել։ Հայ վեզիրն իր դիրքը Եգիպտոսում ամրացնելու նպատակով Կիլիկիայից և Սիրիայից բերել է տվել հայ զինվորականների և բանակի հիմնական մասը կազմել նրանցից։ Վահրամ Պահլավունին, սակայն, այնքան շատ հայեր է հավաքել իր շուրջը, որ տեղիք է տվել դժգոհության տեղացի արաբների շրջանում։

Ֆաթիմյան շրջանի մեծ անուն ստեղծած հայ վեզիրներից է եղել Թալայ իբն Ռուզիկը, որը Եգիպտոսում վեզիրության պաշտոնի մեջ է գտնվել 1154-1161 թվականներին։ Նա Եգիպտոսի վեզիրների շարքում եզակի դեմքերից է այն իմաստով, որ իր ռազմագիտական կարողությունների հետ ունեցել է նաև բանաստեղծական տաղանդ։ Կառավարել է Եգիպտոսը միահեծան իշխանությամբ, որովհետև նրա օրոք Եգիպտոսում գահակալող երկու սուլթաներն էլ մանկահասակ են եղել և հայ վեզիրը խնամակալի պաշտոն է ունեցել։

Ֆաթիմյան շրջանի վերջին վեզիրներից է եղել Ռուզիկ իբն Սալիհը (1161-1163

Այս շրջանում հայ բնակչության մեծ մասը կենտրոնացած էր Մըսր՝ ներկայիս Կահիրե քաղաքում։

Այուբյան, մամլուքների և թուրքական տիրապետության ժամանակաշրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

18-19-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային առևտրի շնորհիվ հայ համայնքներն աշխուժություն ապրեցին 18-րդ դարում։ Սակայն Եգիպտոսը, որը գտնվում էր Թուրքիայի տիրապետության ներքո, 19-րդ դար թևակոխեց թուլացած ու քայքայված։ Նույն վիճակում էին նաև հայկական գաղութները։ Շուտով ամբողջ երկրի հետ վերելքի ուղի են բռնում նաև հայ համայնքները։ Պետությունը հովանավորում էր այլազգիների տնտեսական գործունեությունը։ Սկսվում է հայերի գաղթը դեպի Եգիպտոս, մասնավորապես՝ Կահիրե և Ալեքսանդրիա։ Այդուհանդերձ, Եգիպտոսի հայազգի բնակչության քանակը փոքր էր։ 19-րդ դարի առաջին կեսին այն հասնում էր 3 հազարի, իսկ 20-րդ դարի սկզբներին՝ 15 հազարի։ Արհեստներից զատ հայերը կարևոր դեր էին կատարում արդյունաբերության մեջ։ 19-րդ դարի վերջերից Եգիպտոսում, գերազանցապես հայ և հույն մասնագետների նախաձեռնությամբ, զարգացավ ծխախոտագործությունը։ Եգիպտոսի ծխախոտի արտադրության կեսից ավելին բաժին էր ընկնում հայ ձեռնարկատերերին։ Եգիպտահայերը աչքի ընկան նաև երկրի քաղաքական կյանքում։ Մի շարք պետական բարձր պաշտոններ վարած Նուբար փաշայի անվան հետ են կապվում երկրի դատական բարեփոխումները։ Նրա որդի Պողոս Նուբարը գլխավորեց հայ ազգային պատվիրակությունը Փարիզում և եղավ «Հայ բարեգործական ընդհանուր միության» (ՀԲԸՄ) հիմնադիրը (1906 թվական)։ Կահիրեում առաջին հայկական դպրոցը հիմնվել է 1828 թվականին, իսկ Ալեքսանդրիայում՝ 1851 թվականին։ 1917 թվականին հայկական դպրոցների թիվը հասավ 11-ի, որոնցում ուսանում էր շուրջ 1600 աշակերտ։ 19-րդ դարի կեսերից սկսած այնտեղ հրատարակվում էին պարբերականներ, հիմնվում տպարաններ։

Եգիպտահայ համայնքը XX դարի առաջին կեսին[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դ. վերջին և XX դ. սկզբին հայերը մեծ դեր էին խաղում Եգիպտոսի տնտեսական կյանքում և հաջողությամբ մրցակցում էին թե’ իրենց տեղական և թե’ այլ փոքրամասնությունների ներկայացուցիչ գործընկերների հետ։ Այդ տարիներին Կահիրեի խոշորագույն շուկաներից ալ-Համզավիում գործում էին «Գևորգ Թոփալյան», «Կ. Քեչյան», «Սարգիս Մանուկյան և որդիք», «Ստեփան Իփլիկճյան» և այլ խոշոր առևտրական տներ։ XX դարի սկզբներից եգիպտահայ բուրժուազիան, ձգտելով առաջնորդող դեր կատարել հայկական հարցում, երազում էր իրարից անջատ գործող «հեղափոխական» կազմակերպությունները միավորել մեկ ընդհանուր մարմնի շուրջ։ Բուրժուական գործիչ Ա. Դարբինյանը գրել է. «Տաճկահայ ժողովուրդին ճգնաժամային դրության հանդեպ հայ հեղափոխական գործը կկարոտեր ավելի քան երբեք մեծ ճիգերու և միահամուռ գործակցության։ Անհրաժեշտ էր, ուրեմն, որ տաճկահայ դատին համար կազմված անջատ կուսակցություններն ի մի համախմբվեին և միացնեին իրենց ջանքերը։ Ուստի պետք էր անպայման առաջ բերել այդ ցանկալի միությունը»։ 1905-1906 թվականներին մի շարք եգիպտահայ բուրժուական գործիչներ հանդես եկան «հայկական ընդհանուր միություն» կազմակերպելու առաջարկով, միություն, որն ընդգրկելով «ազգին ամենեն կարող և բանիմաց տարրերը, ջանա թե’ իր ձեռքն առնել ազգային դասի ղեկավարությունը, և թե’ վերջ մը դնել անսանձ և վարկաբեկող գործունեություններու»։ 1906 թվականի ապրիլի 15-ին Պողոս Նուբարի գլխավորությամբ ստեղծվեց Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հայ առևտրականների գործունեությունը Եգիպտոսում սահմանափակվեց։ Այդ ասպարեզում հայ համայնքի դիրքերի թուլացման վրա ազդեց բրիտանական գաղութարարների կիրառած «մաքրողական» քաղաքականությունը, ինչը դրա ներկայացուցիչներին դուրս մղեց երկրի քաղաքական կյանքից։ Բացի այդ, նրանց դերի նվազմանը նպաստեցին 1915-1922 թվականների հայկական կոտորածների հետևանքով նշանավոր առևտրական հաստատությունների քայքայումը, որոնց հետ գործարքների մեջ էին գտնվում Եգիպտոսում հաստատված հայերը։ Թուրքական ջարդերից փրկված մի խումբ հայեր գաղթեցին Եգիպտոս։ 1915 թվականի սեպտեմբերի 15-17-ը ֆրանսիացիների օգնությամբ Սուետիայի հայկական վեց գյուղերից Պորտ Սաիդ տեղափոխվեցին 4200 հայեր։ Նրանց թիվն այնտեղ 1919 թվականին հասավ 6832-ի։ Եգիպտահայ գաղութը 1913 թվականին հաշվվում էր 15000, իսկ 1917 թվականին՝ պետական մարդահամարի տվյալներով ավելի քան 17000 շունչ։ Հայերի գաղթը շարունակվեց նաև հետագա տարիներին։ Թուրքական կոտորածներից փրկված գաղթականներին մեծ օժանդակություն էին ցուցաբերում Եգիպտոսում ավելի վաղ հաստատված հայերը։ 1920-ական թվականներին ցեղասպանությունից ազատված զգալի թվով գաղթականներ և որբեր ապաստան գտան Եգիպտոսում։ 1927 թվականին պետական մարդահամարի տվյալներով Եգիպտոսում կային 13.883 հայեր։ Հայերի թվաքանակն այնտեղ իր բարձրակետին հասավ 1940-ական թվականների վերջին՝ կազմելով 35-40 հազար մարդ։ Նրանք հիմնականում տեղաբաշխված էին Կահիրեում և Ալեքսանդրիայում։ Կահիրեի հայության հիմնական մասն ապրում էր Բեյն ալ-Սուրեյնում, Շուբրայում և Հելիոպոլսում։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին (1929-1933) զգալիորեն աճեց եգիպտահայ գործազուրկների թվաքանակը։ Սրա մասին է վկայում «Արև» օրաթերթում տեղ գտած մի տեղեկատվություն, ըստ որի ամեն օր տասնյակ անգործներ էին դիմում առաջնորդարան՝ իրենց գոյությունը պաշտպանելու համար օրավարձով որևէ տեղ տեղավորվելու կամ ժամանակավոր օգնություն ստանալու խնդրանքով։ Սակայն առաջնորդարանն ի վիճակի չէր օգնություն ցուցաբերել բոլորին, և մեր թշվառ ազգակիցները, թափառելով այս ու այն կողմ, իրենց հայացքն ուղղում էին օտարներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Եգիպտոսում աշխատավորական խավերի տնտեսական վիճակը համեմատաբար բարելավվեց։ Գործազուրկների թիվը զգալիորեն կրճատվեց, ինչն արդյունք էր դաշնակից զորքերի պարենավորման, հանդերձանքը և այլ կարիքները տեղում բավարարելու անհրաժեշտության։ Սակայն պատերազմից հետո՝ 1947-1949 թվականներին Եգիպտոսում կային ավելի քան 250 հազար գործազուրկներ1։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո վատթարացավ Եգիպտոսի տնտեսական իրավիճակը։ Երկիրն անմասն չմնաց համաշխարհային տնտեսական ճգնաժամից և հետպատերազմյան տնտեսական քայքայումից, որոնք ցնցեցին ողջ աշխարհը։ Այն ձեռնարկությունները, որոնք նպատակաուղղված էին բավարարելու պատերազմող երկրի կարիքները, կորցրեցին իրենց նշանակությունը և ստիպված էին ամբողջապես կամ մասնակիորեն լուծարվել։ Գործազրկությունն աննկարագրելի չափերի հասավ։ Արդյունքում հազարավոր աշխատավորներ, այդ թվում նաև հայեր հայտնվեցին փողոցում։ Եգիպտոսի տնտեսության հիմքը կազմող բամբակի արտահանումը չիրացվելու պատճառով խիստ ընկել էր11, 20 տոկոսով նվազել էր նաև համախառն ազգային եկամուտը։ Մերձավոր Արևելքում նոր թափ ստացած ազգային- ազատագրական պայքարն իր արտահայտումը գտավ նաև Եգիպտոսում։ Այնտեղ ծայր առած հակաբրիտանական դրսևորումները, որոնք ուղեկցվում էին Եգիպտոսի ոչ մուսուլման բնակչության դեմ բացասական վերաբերմունքի արտահայտություններով, կոչված էին բարձրացնելու ազգայնականության գաղափարը։ Եգիպտական իշխանությունների կողմից 1947 թվականին ընդունվեց ձեռնարկությունների մասին թիվ 132 օրենքը1, որն ուղղված էր ազգային կապիտալի ու աշխատավորության դիրքերի ամրապնդմանը։ Օրենքը սահմանում էր, որ Եգիպտոսում գրանցված բոլոր ձեռնարկությունների պաշտոնյաների 75, աշխատավորների 90 և ֆինանսական միջոցների 51 տոկոսը պետք է եգիպտական լինեն, ինչը մեծ վնաս հասցրեց փոքրամասնություններին։ Եգիպտոսում քաղաքացիության մասին օրենքը հիմնված էր Օսմանյան կայսրության օրենսդրության վրա։ 1929 թվականի փետրվարին ընդունված համար 19-րդ օրենքով սահմանվում էր, որ «Օսմանյան կայսրության այն քաղաքացիները, որոնք 1914 թվականի նոյեմբերի 5-ից մինչև ներկա օրենքի ընդունման պահը մշտապես բնակվել են Եգիպտոսում, ունեն բոլոր իրավունքները համարվելու Եգիպտոսի քաղաքացիներ»։ Պետք է նշել, որ փոքրամասնությունների ներկայացուցիչներից միայն ղպտիներն ու սիրիացիներն էին, որ այս ժամանակահատվածում ընդունել էին Եգիպտոսի հպատակություն, ուստի սահմանափակումները նրանց վրա չազդեցին, իսկ մյուսները՝ այդ թվում նաև հայերը, օտար երկրների քաղաքացիներ էին, և 1947 թվականի օրենքը հենց վերջիններիս էր վերաբերվում։ Այսպիսով՝ XX դարի առաջին կեսը եգիպտահայ համայնքը թոթափեց բավականին դժվար պայմաններում, քանի որ թե’ առաջին համաշխարհային պատերազմի և թե’ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ու երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները բացասաբար անդրադարձան ոչ միայն Եգիպտոսի հիմնական բնակչության հիմնական մասի, այլև փոքրամասնությունների՝ այդ թվում նաև եգիպտահայ համայնքի վրա, որը կորցրեց երբեմնի իր այն մեծ դերը, որ ունեցել էր Եգիպտոսի տնտեսական կյանքում։

Հայագիտական կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսում ՀՀ դեսպանության ջանքերի շնորհիվ Կահիրեի համալսարանում (ԿՀ) 2007 թվականից գործում է Հայագիտական կենտրոն, որի գործունեության մի քանի տարիների ընթացքում կազմակերպվել է չորս միջազգային համաժողով, տպագրվել են մեծաքանակ հայագիտական աշխատությունները արաբերեն լեզվով։ Կենտրոնում անցկացվում են հայոց լեզվի և պատմության դասընթացները։ Կենտրոնի գիտխորհրդում ներգրավված են երեք հայեր՝ պրոֆեսորներ Վարուժան Գազանչյանը, հնէաբան Հուրիկ Սուրուզյանը և ճարտարապետ Նաիրի Համբիկյանը։ Կենտրոնը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության, Կահիրեի և Ալեքսանդրիայի Ազգային առջնորդարանների և Կահիրեի ՀԲԸՄ մասնաճյուղի կողմից։ Առաջնորդարանի հովանավորությամբ գործում է Կարապետ Աղա Աբիկյան Տուն-Այծեմնիկ ծերանոցը, բնակվում են 14 ծերեր, հիմնադրվել է 1956 թվականին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Գ. Աբրահամյան, Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հատոր Ա, Երևան, Հայպետհրատ, 1964, էջ 126-145։
  2. Հ. Խ. Թոփուզյան, Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն(1805-1952 թթ.), Երևան, 1978, էջ 108,123, 241։
  3. Ա. Դարբինյան, Հայ ազատագրական շարժման օրերեն, Փարիզ, 1947։
  4. «Եգիպտահայ տարեցույց», 1924, էջ 162-163։
  5. Է. մելքոնյան, Հայկական բարեգործական ընդհանուր միության պատմություն, Երևան, 2005, էջ 22։
  6. Անդր. Հովհաննիսյան, Եգիպտոսի ազգային և կրոնական փոքրամասնությունները (1907-1967 թթ), Երևան, 2002, էջ 38, 104։
  7. Mohammed Rifaat Al_Emam, “The Armenians in Egypt, 1896-1961”, p. 151, 178.
  8. Հ. Թոփուզյան, էջ։ Հմմտ. Մ. Թաշճյան, Հայահամար Եգիպտոսի և Սուդանի, Կահիրե, 1939։
  9. Նույն տեղում, էջ 237-238։ Այս թվաքանակի մասին համակարծիք են Richard G. Hovhannisian, “The Ebb and Flow օf the Armenian Minority in the Arab Middle East” The Middle East Journal, Vol 28, 1974, No 1, և Ա. Ալպոյաճյան, էջ 293։
  10. «Արև», 5 սեպտեմբերի,11 դեկտեմբերի 1931։
  11. Б. Г. Сейранян, Египет в борьбе за независимость 1945-1952, М., 1970, стр. 66.
  12. Thomas Philipp, The Copts and Other Minorities in the Development of the Egyptian Nation-State, տե’ս Shimon Shamir, Egypt from Monarchy to Republic։ A Reassessment of Revolution and Change, San Francisco, Oxford, 1995, p. 146.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Solluste, Jugurtha. 18-րդ գլուխ (համեմատել Ալպոյաճյանի «Եգիպտոսի նահանգը և հայերը», էջ 4). 
  2. Հ. Մանանդյան. Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հատոր II. էջ էջ 58. 
  3. Ա. Ալպոյաճյան. Եգիպտոսի նահանգը և հայերը. էջ էջ 6-7. 
  4. Մ. եպ. Աղավնունի (1929). Անապատական կյանքը Եգիպտոսի մեջ. «Տաթև» տարեցույց. էջ էջ 39-50. 
  5. Գ. Մսըրլյան. Ականավոր հայերը Եգիպտոսի մեջ. էջ էջ 12. 
  6. Գ. Մսըրլյան. Ականավոր հայերը Եգիպտոսի մեջ. էջ էջ 14. 
  7. Գ. Մսըրլյան. Ականավոր հայերը Եգիպտոսի մեջ. էջ էջ 23. 
  8. Ա. Օրագյան (1948). Հայ ճարտարապետներ Եգիպտոսի մեջ. «Կյանք և գիր» տարեգիրք. էջ էջ 155.