Հայերը Քուվեյթում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-քուվեյթական հարաբերություններ
Քուվեյթ և Հայաստան

Քուվեյթ

Հայաստան

Հայերը Քուվեյթում հաստատվել են 1950-ական թվականներից՝ այստեղ գալով Իրաքից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Պաղեստինից ու Հորդանանից։ Համայնքը ձևավորվել է 1954թ-ից, երբ հայերի թիվն անցել է 1000-ը, ստեղծվել է առաջին համայնքային կառույցը՝ Ազգային վարչությունը։ 1956 թ-ից համայնքն անցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո և 1961 թ-ից ունի մնայուն հոգևոր հովիվ։ 1963 թ-ին կառուցվել է եկեղեցի-հանդիսասրահ։ 1982 թ-ին Էնտուզ Էլ Քուվեյթում ստեղծվել է Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմ։ 1958 թ-ից գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, 1961 թ-ից՝ Հայ ազգային վարժարանը, որն ստացել է միջնակարգ դպրոցի կարգավիճակ։ Մինչև Ծոցի պատերազմը (1991 թ.) համայնքը շարունակաբար ստվարացել է՝ հասնելով մինչև 10-12 հզ-ի։ Գործել են ֆուտբոլի խումբ, «Սեպումյան» թատերախումբը, երկսեռ երգչախմբեր և այլն։ Պատերազմի պատճառով հայերը զանգվածաբար հեռացել են Քուվեյթից։ Ներկայումս Քուվեյթում հայերի թիվը 5.000 է որոնց գերակշիռ մասն ապրում է մայրաքաղաքում։ Առավելապես արհեստավորներ են ու մանր առևտրականներ, կան նաև պետական ծառայողներ ու մտավորականներ։ Գործում են Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցին, վարժարան՝ նախակրթական, միջնակարգ և երկրորդական բաժիններով։