Jump to content

Համշենցիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համշենցիներ
Համշեն կանայք Ռիզեում, Թուրքիա
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Հայաստան Հայաստան
Ռուսաստան Ռուսաստան
Վրաստան Վրաստան
Թուրքիա Թուրքիա
Աբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն
Ղազախստան Ղազախստան
Ղրղզստան Ղրղզստան
Լեզու(ներ)
Հայերեն (Արևմտահայերեն-Համշենի բարբառ) Թուրքերեն
Հավատք(ներ)
Իսլամ, Հայ Առաքելական եկեղեցի

Համշենցիներ կամ համշենահայեր (թուրքերեն՝ Hemşinli), հայերի ենթախումբ, որը ծագել է VIII դարի վերջին Սև ծովի հարավ-արևելյան ափին բնակություն հաստատած հայերից։ Բնակվում են Թուրքիայի Հանրապետությունում, Հարավային Կովկասում, Ռուսաստանում (մասնավորապես Կրասնոդարի երկրամասում) և Կենտրոնական Ասիայում։

Հնագույն պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական հալածանքներից խուսափող Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790 թվականներին, Վասպուրականի Արտազ գավառից (մասամբ՝ Այրարատից), 12 հազար գաղթականներով տեղափոխվել և բնակություն են հաստատել բյուզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմում։ Բյուզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ իշխանը հիմնել է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով կոչվել է գավառակը, հայ բնակչությունը՝ համշենցիներ, համշենահայեր, համշիններ։ Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։

XV դարում հիշատակվում են Համշենի իշխան (պարոն) Առաքելը, Դավիթ Ա, Վարդը, Վեքեն, Դավիթ Բ։ Վերջինս 1489-ին պարտվել է օսմանյան թուրքերից, որից հետո Համշենի հայկական իշխանությունը դադարել է գոյություն ունենալ։ Համշենում նշանակվել է թուրք կառավարիչ, բայց գավառակի անմատչելի ձորերի հայ ձորապետները երկար ժամանակ պահպանել են ներքին ինքնավարությունը։ Գրչության կենտրոններ են եղել Սուրբ Խաչիկ հոր, Քոշտենց, Խուժկա վանքերը։ XIII դարի վերջին Համշեն է այցելել Հեթում պատմիչը, 1406-ին՝ իսպանացի դիվանագետ Կլավիխոն։
XVIII դարի վերջին - XIX դարի սկզբին ծավալվել է Համշենի հայերի բռնի իսլամացումը։ Դավանափոխ հայերին անվանել են «կեսկեսներ» (միաժամանակ գործածել են հայերը և թուրքերը)։ Ղ. Ինճիճյանը հիշատակում է Համշեն գավառակի Տափ, Քոշտենց, Եղնովիտ, Ամոգվա, Միծմուն, Ժանընտոց, Մոլևինց, Ուսկուրտա, Շնիչվա, Գուշիվա, Որդնենց, Մակրևինց, Խապագ, Վիժե Վերին, Վիժե Ներքին գյուղերը, Խալա վիճակը։ Ամբողջությամբ դավանափոխվել են Համշենի, Խալայի և Վիժեի հայերը, եղնովիտցիները պահպանել են քրիստոնեական հավատը, իսկ մյուս բնակավայրերը (կրոնական առումով) ունեին խառը բնակչություն։

Համշեն

XIX դարում գավառակ էր Լազիստանի գավառում։ Ընդգրկել է Աթինայի և Ռիզեի միջև՝ Քաջքար-Պարխար լ-գագաթների ծովահայաց լանջերի ձորերը, որոնցից նշանավոր էին Բեյուկդերեն, Ծիվարդերեն և Քսենոսդերեն։ XIX դարի 70-ական թթ. ուներ 33 գյուղ, 13.190 հայախոս բնակիչ։ Համշենին վարչականորեն կից էին հայաբնակ Ճեմիլ, Մարմանատ, Արտա բնակավայրերը և Խալայի վիճակը։ Համշենահայերը ապրում էին բնատնտեսական կյանքով, զբաղվում էին հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Մինչև դարավերջը կանգուն էին նրանց եկեղեցիները։ Սակավահողության և կրոնա-ազգայնական ճնշման հետևանքով Համշենի հայերի մի մասը XIX դարի սկզբին գաղթել է Սև ծովի առափնյա շրջանները՝ Ջանիկ, Սյուրմենե, Տրապիզոն և այլն։

Նորագույն պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո շատ համշենցիներ տեղափոխվել են Ղրիմ, Աբխազիա, Բաթում։ Դարավերջին Օրդուի և Խոփայի հայերը հաստատվել են Նիկոմեդիայում (Իզմիրում)։ Այնուհանդերձ, Համշենը մինչև XX դարի սկիզբը պահպանել է կիսանկախ վիճակը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համշենցիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 119