ԱՄՆ Արևմտյան հայոց թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան թեմ, կազմավորվել է 1927 թվականին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի հայրապետական կոնդակով։ Առաջնորդանիստը Լոս Անջելեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։ ԱՄՆ-ի Արևմտյան թեմի գործունեությունը տարածվում է երկրի արևմտյան նահանգների վրա՝ իր մեջ ընդգրկելով 25 ծուխ։ Առաջնորդարանը սկզբում Ֆրեզնոյում էր, 1957 թվականից՝ Լոս Անջելեսում։ Թեմի առաջին առաջնորդն էր Գարեգին եպիսկոպոս Խաչատուրյանը (1951-1961 թվականներին՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք)։ Տարբեր տարիներ ԱՄՆ-ի Արևմտյան թեմը գլխավորել են Շնորհք եպիսկոպոս Գալոատյանը (1953-1956, հետագայում՝ 1961-1990 թվականներին, Կ. Պոլսի հայոց պատրիարք), Թորգոմ եպիսկոպոս Մանուկյանը (1962-1966), Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը (1971-2003) և ուրիշներ։ Թեմի տարածքում գործող հին հայկական եկեղեցիներից են Սուրբ Պողոսը (1900 թվականից, Ֆրեզնո), Սուրբ Գրիգոր Լուսավորիչը (1910 թվականից, Ֆաուլեր), Սուրբ Աստվածածինը (1911 թվականից, Կոստա Մետս), սուրբ Սահակ-Մեսրոպը (1923 թվականից, Ֆրեզնո), Սուրբ Հովհաննեսը (1924 թվականից, Սան Ֆրանցիսկո), Սուրբ Վարդանը (1924 թվականից, Օքլենդ), Սուրբ Հակոբը (1953 թվականից Վեն Նայսի Սուրբ Պետրոս եկեղեցին, Սակրամենթո), Սուրբ Պետրոսը (1958 թվականից, Վեն Նայս), Սուրբ Անդրեասը (1964 թվականից, Քուփերթինո) և 20 այլ եկեղեցիներ տարբեր քաղաքներում։ ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդարանին կից գործում են Հայաստանյայց եկեղեցու երիտասարդական կազմակերպության, տիկնանց միության, կիրակնօրյա վարժարանների կենտրոնական իարհուրդներ՝ իրենց մասնաճյուղերով, և այլ կազմակերպություններ։ 1987 թվականին թեմը Ֆրեզնոյի շրջանում (Կալիֆոռնիա) գնել է մի մեծ ճամբար, որն ամռանը ծառայում է թեմի զանազան ծխերից ավելի քան 500 աշակերտների հայեցի դաստիարակության, իսկ ձմռանը՝ չափահասների կրոնական և կրթական դաստիարակության համար։ Ճամբարին օգնություն են ցույց տալիս ծխական և համայնքային տարբեր կազմակերպություններ։ Առաջնորդարանին կից գործում է հանձնախումբ, որը մշակում է ճամբարի գործունեության ծրագրերը։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում առաջնորդարանը բեմում ծառայելու է հրավիրել հոգևոր հովիվների՝ հատկապես Երուսաղեմից և Հայաստանից։ 1999 թվականին թեմի հոգևորականների ընդհանուր թիվը շուրջ 30 էր։ Առաջնորդարանի հովանավորությամբ գործում է Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից Ալֆրեդ և Մարգարիտ Հովսեփյան ամենօրյա հայկական վարժարանը։ Թեմը յուրաքանչյուր եկեղեցուն կից ունի հայոց լեզվի կիրակնօրյա և շաբաթօրյա դասընթացներ։ 1979 թվականից լույս է տեսնում ԱՄՆ-ի Արևմտյան թեմի «Մայր եկեղեցի» պաշտոնաթերթը՝ հայերեն և անգլերեն բաժիններով։ ԱՄՆ-ի Արևմտյան թեմը զգալի նյութական օգնություն է ցույց տվել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին և մարտնչող Արցախին։ Ստեփանավան քաղաքում թեմի օժանդակությամբ կառուցվել է վարժարան (750 աշակերտի համար)։ Քուփերթինոյի Սուրբ Անդրեաս եկեղեցին ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդն է Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը (2003 թվականից)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png