Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Տեսակարվեստի կենտրոն
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՎայրԵրևան
Կազմված է«Գաֆէսճեան քանդակների պարտեզ»
«Շարժասանդուղքների սրահ»
«Ինտերակտիվ ուսումնական կենտրոն»
«Թանգարանի խանութ»
«Խանջյան» սրահ
«Սասունցի Դավիթ» սրահ
«Սասունցի Դավիթ» պարտեզի սրահ
«Արծիվ» սրահ
«Արծիվ» պարտեզի սրահ
«Աստղերի հարթակ»
«Հատուկ միջոցառումների սրահ»
«Երեք սուզորդների հարթակ»
«50 ամյակի հուշարձանի հարթակ»
ՀասցեԹամանյան 10
Հիմնադրվել էնոյեմբերի 9, 2009
ՀիմնադիրՋերարդ Գաֆեսճյան
ՏնօրենՎահագն Մարաբյան
Կայքcmf.am(հայ.)
Քարտեզ
Քարտեզ

Գաֆէսճեան արվեստի կենտրոն (ԳԱԿ), ժամանակակից արվեստի կենտրոն Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն թաղամասում գտնվող Կասկադ համալիրում։ Բացվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին։ ԳԱԿ-ը հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից և ներկայացնում է Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հավաքածուն։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Ջերարդ Գաֆէսճեանի ամենախոշոր բարեգործական նախաձեռնություններից մեկն է։ Վերականգնելով Երևան քաղաքում գտնվող Կասկադ համալիրը՝ Գաֆէսճեանն այն դարձրեց ժամանակակից արվեստի կենտրոնի, որը ներկայացնում է ցուցադրություններ և բազմազան կրթական, մշակութային և համերգային ծրագրեր և միջոցառումներ բոլոր տարիքային խմբերի համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասկադը 1970-ականներին

Այս ճարտարապետական կասկադ ոճով կառուցված շինությունը, որտեղ այսօր գտնվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հայտնի է որպես Կասկադ համալիր։ Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է (1878-1936)։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները՝ քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից։ Դժբախտաբար, այս նախագիծը խոր մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։ Կասկադ ոճի թորոսյանական ընկալումն ներառում էր Թամանյանի նախնական նախագիծը, բայց նաև լի էր նոր գաղափարներով՝ մոնումենտալ արտաքին աստիճանները, ներսի երկար շարժասանդուղքներով թունելը, բակերի և բացօթյա պարտեզների բարդ ցանցը՝ զարդարված հայոց հարուստ պատմության և մշակութային ժառանգության մոտիվները կրող բազմաթիվ զարդաքանդակներով։

Կասկադ համալիրի թորոսյանական նախագծի շինարարությունը մեկնարկեց 1980-ականներին խորհրդային իշխանության օրոք, սակայն դադարեցվեց 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991 թվականին Խորհրդային Միության փլուզման հետևանքով։ Անկախության և ժողովրդավարական համակարգի անցմանը զուգահեռ՝ Հայաստանը թևակոխեց նաև տնտեսական ծայրահեղ դժվարությունների ժամանակաշրջան, և Կասկադ համալիրն ավելի քան մեկ տասնամյակ մնաց խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված անտեսված մասունք։ Ջերարդ Լ. Գաֆէսճեանը, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, 2002 թվականին նախաձեռնեց Կասկադ համալիրի վերականգնումը։ Հաջորդած 7 տարիների ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց, իսկ դրա մեծ մասը լիովին վերափոխվեց՝ վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է իր հիմնադիր, բարերար Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անունը։

Կասկադ համալիրի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աստիճանների թիվը՝ 572
  • Կասկադի հիմքից մինչև գագաթ՝ 302 մետր
  • Հիմքից մինչև վերին հարթակ՝ 450 մետր
  • Լայնությունը՝ 50 մետր
  • Չավարտված հատվածի բարձրությունը՝ 78 մետր
  • Վերին հարթակի բարձրությունը՝ 118 մետր
  • Թեքությունը՝ 15°

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հարուստ հավաքածուն։

Հավաքածուում ներկայացված են այնպիսի անվանի արվեստագետներ, ինչպես Դեյլ Չիհուլիի, Ֆեռնանդո Բոտերոյի, Ջենիֆեր Բարթլեթի, Դեյբիդ Բրոյեր-Վեյլի, Ջի Յոնգ Հոյի, Բարրի Ֆլանագանի, Ժաումե Պլենզայի, Ֆրանսուա Քսավիե Լալանի, Ջոանա Վասկոնսելոսի, Պիտեր Վոյտուկի և բազմաթիվ այլ անվանի արվեստագետների հանրահայտ ստեղծագործությունները։

Սրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խանջյան» սրահ, 250 ք. մ. մակերեսով ընդարձակ սրահում է գտնվում մեծանուն հայ նկարիչ Գրիգոր Խանջյանի մոնումենտալ որմնանկարը, որը պատկերում է հայոց պատմության կարևորագույն էջերը՝ «Հայոց այբուբենի ստեղծումը» (1992-1994), «Վարդանանց ճակատամարտը» (1995-1998) և «Հայաստանի վերածնունդը» (1998-2000)։
  • «Պարտեզի հարթակներ», շատրվաններով, ցայտաղբյուրներով և հրաշալի ծաղկաթմբերով ձևավորված հարթակներ՝ Երևանի և Արարատ լեռան համայնապատկերով։
  • «Հատուկ միջոցառումների սրահ», գտնվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ամենավերին հարթակում, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Երևան՝ Արարատ լեռան գեղատեսիլ համայնապատկերով։ Հատուկ միջացառումների սրահը համապատասխանում է դասախոսությունների, կինոփառատոների, կորպորատիվ միջոցառումների, համերգների կազմակերպման համար։
  • «Երեք սուզորդների հարթակ», Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ամենավերին հարթակն է, որտեղից բացվում է Երևանի գեղատեսիլ համայնապատկերը։ Հարթակում տեղակայված է արտացոլող ջրավազանը, որի կենտրոնում վեր է խոյանում Դեյվիս Մարտինի «Երեք սուզորդների» տպավորիչ քանդակը։ Հարթակի ինքնատիպ լուսավորությունը հատուկ գեղեցկություն է հաղորդում տարածքին մայրամուտից հետո։
  • «Աստղերի հարթակ», «Հատուկ միջոցառումների սրահի» նախասրահն է, որտեղ տեղակայված է «Սվարովսկի Բյուրեղյա պալատ» ցուցադրությունը, իր ժամանակակից արվեստի հրաշալի ստեղծագործություններով և գունեղ լուսավորությամբ։

Գաֆէսճեան քանդակների պարտեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաֆէսճեան քանդակների պարտեզն ընդգրկում է Կասկադի դիմաց գտնվող պուրակի տարածքը, որտեղ ներկայացված է աշխարհի մոնումենտալ քանդակների լավագույն հավաքածուներից մեկը։ Պարտեզի հատուկ նախագծված ընդարձակ ծառուղիները, ծաղկային ձևավորումները ստեղծում են ժամանակակից միջավայր մեծածավալ քանդակների տեղակայման համար։ Այստեղ կարելի է տեսնել հեղինակավոր արվեստագետներ Ֆեռնանդո Բոտերոյի, Ժաումե Պլենզայի և Բարրի Ֆլանագանի ստեղծագործությունները[1]։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը։ Ոգեշնչվելով իր հիմնադրի՝ Ջերարդ Գաֆեսճյանի տեսլականով, Կենտրոնն առաջարկում է բազմազան ցուցահանդեսներ, որոնք պատկանում են Ջերարդ Գաֆեսճյանի ժամանակակից արվեստի մեծածավալ հավաքածուին։ 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, ցուցադրում է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպում դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և կրթական ծրագրեր[2]։ Տարեկան ավելի քան մեկ միլիոն մարդ է այցելում կենտրոն։

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնչող արվեստ նախագծի ներկայացումը Գաֆեսճեան քանդակների պուրակում

2018 թ. հունիսի 17-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, ի թիվս Երևանի այլ թանգարանների, անցկացվեց Շնչող արվեստ (Art Alive!) նախագիծը, որի շրջանակներում ԳԱԿ Փոքր թատրոնի դերասաններն իրենց մարմնով վերակերտեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի քանդակներից մեկը՝ Ֆեռնանդո Բոտերոյի Կատուն։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համար ստեղծված այս ներկայացումը կրկնվեց մի քանի անգամ։ Այցելուները հնարավորություն ունեցան տեսնել և ընկալել Ֆ. Բոտերոյի Կատուն նոր ու ուշագրավ եղանակներով։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Թամանյան 10 հասցեում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաֆէսճեան արվեստի կենտրոն» հոդվածին։