Մարդկային կատակերգություն (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարդկային կատակերգություն (այլ կիրառումներ)
Մարդկային կատակերգություն
անգլ.՝ The Human Comedy
ՀեղինակՎիլյամ Սարոյան
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԿալիֆոռնիա
ՆկարազարդողԴոն Ֆրիման
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվփետրվարի 4, 1943

Մարդկային կատակերգություն, ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 1943 թվականին հրատարակված վեպը, որը հեղինակին բնորոշ յուրահատուկ ոճով արծարծում է պատերազմի կործանիչ ազդեցության թեման։ Վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆԿալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։

1999 թ-ին վեպը թարգմանվել և հրատարակվել է ռուսերեն լեզվով[1]։

Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի նախաբանում, որը վերնագրված է «ԱՅՍ ՎԻՊԱԿԸ ԹԱԳՈԻՀԻ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ Է ԳՐՎԱԾ», հեղինակը գրում է.

Գրել եմ հնարավորին չափ պարզ, լրջության ու զվարթամտության այն շաղախով, որ հատուկ է մեր ընտանիքին և հատկապես քեզ։ Գիտեմ, վիպակում ամեն ինչ չի ասված, բայց ի՞նչ արած։ Միևնույն է, քեզ անպայման պիտի թվա, որ այնտեղ ամեն ինչ ասված է, քանի որ գրել է քո որդին և գրել ամենալավ ու բարի մտքով։

Սարոյանն այս վիպակում ներկայացնում է կյանքի գրեթե բոլոր մութ կողմերը՝ մահ, պատերազմ, այրի մնացած կանայք, չքավորություն, ալկոհոլիզմ, հուսահատություն, մենություն, սակայն իրեն հատուկ վարպետությամբ այս ամենի հետ մեկտեղ կարողանում է բացառիկ լավատեսություն փոխանցել ընթերցողին, հավատ բարու նկատմամբ։ «Մարդկային կատակերգության» ամեն տողը լցված է բարությամբ։ Իհարկե չարը կարող է հմայիչ լինել, կարող է իր թակարդը գցել շատերին, բայց բարին ևս ունակ է թովելու մարդկանց, դարձնելու այնպիսին, ինչպիսին պետք է լինեն։ Սարոյանի ընթերցողի մեջ դեպի լավը փոխվելու ակամա ձգտում է առաջանում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը գրված է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հույս ներշնչելու համար։

Հոմեր Մաքոլին 14-ամյա տղա է, որը մեծանում է անհայր ընտանիքում Կալիֆորնիայի Իթաքա քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Հոմերի ավագ եղբայրը՝ Մարկուսը, հեռացել է տնից պատերազմում կռվելու համար, և Հոմերը զգում է տան տղամարդու դերն ստանձնելու անհրաժեշտությունը։ Դրամ վաստակելու նպատակով տղան աշխատանքի է անցնում փոստային հեռագրային գրասենյակում։ Հոմերն աշխատանքի ընթացքում հասունանում է, քանի որ ստիպված է լինում բախվել իրական կյանքին։ Նա դառնում է «մահվան լուր բերող», ստիպված է լինում մահացած զինվորների ընտանիքներին հայտնել նրանց մահվան բոթը։

Միսիս Սանդովալ,- ասաց Հոմերն արագ,- ձեր որդին մեռած է։ Գուցե դա սխալ է։ Ամեն մարդ սխալվում է, միսիս Սանդովալ։ Գուցե ձեր որդին չէ։ Գուցե մի ուրիշն է։ Հեռագիրն ասում է, որ Խուան Դոմինգոն է, բայց գուցե հեռագիրը սխալ է։

Արդյունքում Հոմերը տեսնում է ցավը, վիշտը, հիասթափությունը իրենց ամենադաժան դրսևորումներով։ Այս ամենը փոխում է տղայի աշխարհայացքը, նա հասկանում է, որ չարիքը ոչ թե վերացական մի երևույթ է, այլ ավելի քան ներկա է մարդկանց կյանքում։ Չնայած սրան, Հոմերը շարունակում է իր առօրյա կյանքը՝ հաճախելով դպրոց և եկեղեցի, շփվելով ընկերների և ընտանիքի անդամների հետ։ Դաստիարակությունը և բնածին լավի և չարի զգացումները տղային ստիպում են մնալ հույսերով լի և ազնվաբարո անձնավորություն։

Նա ոչ սեր էր զգում, ոչ ատելություն, նրան համակել էր զզվանքի նման մի բան, բայց միևնույն ժամանակ մեծ կարեկցանք. կարեկցանք ոչ միայն այդ խեղճ կնոջ, այլ ամեն ինչի նկատմամբ։ Հեռավոր անցյալի մեջ նա տեսավ երիտասարդ, գեղեցիկ մի կին, որը նստել էր որդու օրորոցի մոտ։ Նա տեսավ կնոջ հայացքն՝ ուղղված այդ հրաշալի մարդկային մարմնին, որը թեև անխոս էր ու անօգնական, բայց լեցուն էր գալիք մի ողջ աշխարհով։ Նա տեսավ, թե ինչպես կինը օրորում է երեխային և երգում։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարդկային կատակերգության» գլխավոր հերոսը պատերազմն է, ավելի կոնկրետ՝ պատերազմի ստվերն ու հետևանքները։ Սարոյանը քննադատում է պատերազմը. համաշխարհային այս չարիքը ոչ մի արդարացում ունենալ չի կարող։ Այն անիմաստ է ու կործանիչ, այն միմիայն մահ է բերում իր հետ՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր։

Վիպակի սյուժետային գիծը տարվում է հիմնականում երեխաների միջոցով։ Սա է այս ստեղծագործության մեջ առկա «համատարած բարության» գլխավոր գաղտնիքը։

Հեռագրերի գրասենյակի ղեկավար պարոն Սփանգլերն, աչքի է ընկնում ոչ միայն բարեսրտությամբ, այլև իր երիտասարդ տարիքի համար արտասովոր իմաստությամբ։ Սփանգլերը հավատում է լուսավորի հաղթանակին. ժամանակն ի զորու է ցրել բոլոր ամպերը, պետք է միայն համբերությամբ լցվել ու սպասել։

Մարդիկ ամեն տեղ էլ մարդիկ են, նրանցից մի վախեցիր։
- Սփանգլերը նորեկ Հոմերին

Կերպարներից մյուսը՝ պարոն Գրոգանը, դառը իրականությանը դիմանալու միջոցը գտել է ալկոհոլի մեջ։ 68-ամյա Գրոգանը, իր իսկ խոսքերով, քաղաքի ամենահին հեռագրիչներից է, իր գործի մեծ վարպետ։ Նա չի ուզում ընդունել այն փաստը, որ մարդու ձեռքերն արդեն երկրորդական են դառնում, քանի որ մեքենաներն ավելի վստահելի ու արագ են։ «Արդեն քանի տարի է՝ ուզում են ինձ թոշակի ուղարկել, ուզում են իմ փոխարեն մեքենաներ դնել։ Բազմացնողներ և հեռագրամեքենաներ, մեքենաներ՝ մարդկանց փոխարեն։ Ի՞նչ կլինի իմ վիճակը, եթե զրկվեմ այս աշխատանքից։ Երևի մի շաբաթից կմեռնեմ»։ Այնումենայնիվ, Գրոգանը ևս սիրում է կյանքն ու գնահատում այն փոքրիկ հաճույքները, որ կարելի է զգալ պատերազմից ու աղքատությունից գորշացած քաղաքում. «Մի ուրիշ երգ էլ երգիր, փոքրիկ, որովհետև դու և ես դեռևս ողջ ենք»,- խնդրում է ծերունին Հոմերին։ Հեռագրիչը մեծ ջերմությամբ է լցված պատանու նկատմամբ. նա փորձում է ճիշտ խորհուրդներ տալ հասուն կյանք մուտք գործող տղային։

Փոքրիկ Ուլիսեսը՝ Հոմերի եղբայրը, իր մեջ ամփոփում է անմեղ երեխայի միամիտ ու հուսառատ հայացքները. նա օժտված է միայն երեխային հատուկ անկեղծ զարմանալու ու կյանքին լուսավոր աչքերով նայելու ունակությամբ։ Տիկին Մաքոլին՝ չորս երեխայի տեր այրին, զավակներին տալիս է իր ունեցած ամբողջ սերը՝ փորձելով ճիշտ ու լավ մարդիկ դաստիարակել։ Ընտանիքի մայրը երեխաներին պարբերաբար հիշեցնում է իրենց հոր մասին, խոսում նրա առավելություններից։ «Բայց քանի դեռ մենք ապրում ենք, քանի դեռ միասին ենք, քանի դեռ մեզնից թեկուզ երկուսը կան և հիշում են նրան, աշխարհում ոչ մի բան լի կարող խլել նրան մեզնից։ Մարմինը միայն կարող են խլել, բայց ոչ նրան։ Դուք ձեր հորը ավելի լավ կճանաչեք, երբ մեծանաք և ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչեք։ Նա մեռած չէ, որովհետև դուք ողջ եք։ Ժամանակը և պատահականությունը, հիվանդությունն ու հոգնությունը նրա մարմինը տարան, բայց դուք նրան արդեն, վերադարձրել եք՝ ավելի երիտասարդ և ավելի կենսունակ։ Չեմ կասկածում, որ ասածներիցս շատ բան հասկացաք, բայց գիտեմ, որ այս մեկը պիտի հիշեք՝ բարին երբեք չի մահանում։ Եթե մահանար՝ աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր չինի։ Իսկ աշխարհը լեցուն է մարդկանցով և հրաշալի կյանքով»։

Առհասարակ, այս վիպակի բոլոր հերոսներին համախմբում են մարդկային լավագույն հատկանիշները. նրանք բարի, հասարակ, բնական, աշխատասեր մարդիկ են, որոնք հավատում են սիրո ուժին՝ իր բոլոր դրսևորումներով։ Սերը կփրկի աշխարհը նույնիսկ այնպիսի դաժան երևույթից, ինչպիսին պատերազմն է։

Ակնարկումներ այլ ստեղծագործություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային կատակերգությունը ունի մի քանի ակնարկում Հոմերոսի Ոդիսևսին։ Հոմերը, լինելով Սարոյանի գլխավոր հերոսը, նաև Հոմերոսի անգլերեն ձևն է։ Հոմերի կրտսեր եղբոր անունն է՝ Ուլիսիս, որն Օդիսեյի նախատիպ՝ Ոդիսևսի հռոմեական ձևն է։ Երկու ստեղծագործության հիմնական թեման է՝ վերադարձ տուն։ Իթաքան վեպում Հոմերի և Ուլիսիսի բնաքաղաքն է, ինչպես նաև Օդիսեուսի հարազատ կղզին Օդիսեյում։ Այս վիպակը շատ առումներով նաև ինքնակենսագրական է։ Հոմերի պես Սարոյանը ևս պատանի տարիքում աշխատել է փոստում։

Ֆիլմ, ՀՏ և թատերական ադապտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի հիման վրա 1943 թվականին նկարահանվել է գեղարվեստական կինոնկար։ Գլխավոր դերերում հանդես են եկել Միկի Ռունին, Ֆրենկ Մորգանը և այլք[2]։

Սցենարը վերամշակվել է Հովարդ Էստաբրուկի կողմից, ֆիլմի ռեժիսորն էր՝ Կլարենս Բրաունը։

Ֆիլմը արժանացել է Ակադեմիայի Մրցանակի (Օսկար) Լավագույն Սցենարի համար, և առաջադրվել է նաև Գլխավոր Դերերում Լավագույն Դերասանի (Միկի Ռունի), Լավագույն Կինեմատոգրաֆիայի, Սև ու Սպիտակ, Լավագույն Ռեժիսորի և Լավագույն Կինոնկարի մրցանակների համար։

Թատերական մյուզիքլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը նաև բեմադրվել է որպես Բրոդվեյի մյուզիքլ 1984 թ. Գալտ ՄակԴերմոտի և Բիլլ Դումարեսքի կողմից։ Լինելով անշահութաբեր՝ այն հանվել է բեմից 1984 թ. Ապրիլի 15-ին՝ առաջնախաղ ներկայացումից միայն 10 օր անց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են