Ալան Հովհաննես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալան Հովհաննես
Ալան Հովհաննես.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Ալան Հարությունի Չաքմաքչյան
Նաև հայտնի է որպես Ալան Հովհաննես
Ծնվել է մարտի 81911
Բոստոնի Սոմերվիլ արվարձան (Մասաչուսեթս, ԱՄՆ)
Երկիր ԱՄՆ
Մահացել է հունիսի 21, 2000(2000-06-21) (տարիքը 89)
Սիեթլ,ԱՄՆ
Ժանրեր Դասական երաժշտություն
Մասնագիտություն Կոմպոզիտոր
Գործիքներ Դաշնամուր, Երգեհոն

Ալան Հովհաննես (իսկական անունը՝ Ալան Հարությունի Չաքմաքչյան, մարտ 8, 1911հունիս 21, 2000), ամերիկահայ կոմպոզիտոր: Նրա երաժշտությունը հասանելի է ունկնդրի համար ու օժտված է խորհրդավորությամբ և ինքնահայեցողականությամբ‌[փա՞ստ]: Համարվում է 20-րդ դարի ամենաբեղուն կոմպոզիտորներից մեկը, նրա պաշտոնական կատալոգում ընդգրկված է 67 համարակալված սիմֆոնիաներ (պահպանված ձեռագրերում սիմֆոնիաների թիվը անցնում է 70-ից) և 434 համարակալած գործ:

«Հովհաննեսը երաժշտություն գրող մեքենա է... Դրանք վերջին 30 տարում երաժշտական ավանդույթներով ստեղծված լավագույն գործերից են ողջ աշխարհում», – գրել է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Անդրե Կոստելյանեցը: Մամուլը Հովհաննեսի երաժշտությանը հետևյալ գնահատականներն է տվել.«Երաժշտություն՝ բացառիկ տաղանդավոր, ինքնատիպ, զորեղ ու առնական», «Հովհաննեսը փնտրում է մեղեդու ազատագրումը», «Ի՜նչ ուրախալի թեթևացում է լսել ժամանակակից մի երգահանի, որ ասելիք ունի և գեղեցիկ է արտահայտում այդ ասելիքը»: Ամերիկայում նրան անվանում են «կոմպոզիտոր, որ առաջ է կանգնած մյուսներից», Ճապոնիայում և Հնդկաստանում՝ «որոնող հայ», Անգլիայում՝ «խաղաղ ամերիկացի»[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1911 թվականի, մարտի 8-ին, Բոստոնի Սոմերվիլ արվարձանում (Մասաչուսեթս, ԱՄՆ): Հայրը՝ Հարություն Չաքմաքչյանը՝ Ադանայից էր, Բոստոնում էր հաստատվել երկարատև դեգերումներից հետո: Նա բազմաթիվ գրքերի, նաև՝ հայ-անգլերեն առաջին բառարաններից մեկի հեղինակն է, Բոստոնի հայալեզու «Հայրենիք» շաբաթաթերթի երկարամյա գլխավոր խմբագիրը: Մայրը ծագումով շոտլանդացի էր:

Մանուկ Հովհաննեսի առաջին ստեղծագործությունները ծնվել են չորս տարեկանում: 14 տարեկանում, չնայած ծնողների լուրջ դիմադրությանը, գրել է առաջին օպերաները: «Ծնողներս կարծում էին, որ երաժշտություն հորինելը լուրջ զբաղմունք չէ, և եթե ինձ բռնեցնեին ստեղծագործելիս, անպայման նոտաները կխլեին ձեռքիցս: Ստիպված գրում էի գիշերները, լոգարանում կամ այլ թաքուն վայրերում, ապա ծնողներիցս թաքցնում ձեռագրերը»: Գիշերներն ստեղծագործելու սովորույթն ուղեկցում է Հովհաննեսին ողջ կյանքի ընթացքում:

Ա. Հովհաննեսը սովորել է Բոստոնի Նյու Ինգլենդ կոնսերվատորիայում, զուգընթաց ստեղծել:

Այս ամենով հանդերձ, Հովհաննեսն անվերջ ինքնաճանաչման պրպտումների մեջ էր: Ինքնահաստատվեց, երբ որպես երգեհոնահար, սկսեց ծառայել Ուոթերթաունի Հայ Առաքելական եկեղեցում: Չնայած բացառիկ տաղանդին և մեկը մյուսի ետևից շնորհվող մրցանակներին, Հովհաննեսն Ամերիկայում շարունակում է ընկալվել օտար և վտարանդի: Շատ հաճախ, հանուն հանապազօրյա հացի, նվագել է ռեստորաններում ու հյուրանոցներում, նվագակցել երաժիշտների ու երգիչների: Բոստոնում հանդիպած միստիկ նկարիչ, ազգությամբ հույն Հերմոն դի Ջիովաննին, որին հետագայում նա համարում է իր «հոգևոր ուսուցիչը», խորհուրդ է տալիս Հովհաննեսին՝ փնտրել ու գտնել իր հայկական հարազատ հոգևոր ժառանգությունը և ողջ կյանքում հավատարիմ մնալ նրան: Ցավոք, ներշնչված այդ գաղափարներով, մի օր նա այրում է մինչ այդ գրած իր 100-ավոր ստեղծագործությունները, այդ թվում՝ 2 օպերաներ, 7 սիմֆոնիաներ: Միայն 50 տարի անց, մեկնաբանելով իր խելացնոր արարքը, Հովհաննեսը ժպիտով «արդարանում» է. «Պարզապես ես Բոստոնից տեղափոխվում էի Նյու Յորքի ավելի փոքր բնակարան և պետք է ձերբազատվեի որոշ ավելորդ բեռից»:

1940-ականներին Հովհաննեսի կյանքում սկսվում է հայկական շրջանը: Հիմնում է նվագախումբ, ղեկավարում այն, նվագում իր հայկական ստեղծագործությունները: 1950- ական թթ. նա ԱՄՆ-ում արդեն մեծ հռչակ ուներ որպես կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար, և հանրահայտ երաժիշտների կողմից պարբերաբար ստանում էր մեծաքանակ պատվերներ: Նրան շնորհվում են ակադեմիական բարձր տիտղոսներ և տարբեր հեղինակավոր հաստատությունների կողմից՝ Պատվավոր դոկտորի կոչումներ:

1960-70 թթ. վերածվում են Ալան Հովհաննեսի ստեղծագործությունների ձայնագրությունների և տարածման փառահեղ հաղթարշավի: Նա հռչակվում է Ամերիկայի ամենաշատ ձայնագրված կոմպոզիտոր: 1977 թթ. երաժշտական նվաճումների համար Գրականության և արվեստի ամերիկյան ակադեմիան նրան ընտրում է պատվավոր անդամ:

70-80 տարեկանում Ա. Հովհաննեսը գրել է շուրջ 80 ստեղծագործություն, այդ թվում՝ 20 սիմֆոնիա: 85 տարեկանում նա դեռ ստեղծագործում էր: Մահացել է 2000 թ. հունիսի 21-ին, ծանր հիվանդությունից:

Ալան Հովհաննեսի հուշաքարը Արլինգտոնի Ուաթերմոր զբոսայգում

Կապը Հայաստանի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալան Հովհաննեսը Հայաստան է այցելել 1965 թվականին: Ալան Հովհաննեսը հայրենիքում երկար չմնաց. ծանոթացավ գործընկերներին, նվիրեց իր ստեղծագործությունները գրականության և արվեստի թանգարանին ու հեռացավ: Նրա հայաստանյան շրջագայության մասին պետական արխիվներում քիչ բան կա: Երբ Խորհրդային Միությունը տապալվեց, և սկսվեց Արցախյան ազատամարտը, Հովհաննեսն արդեն ծեր էր ու, չնայած ցանկությանը, չէր կարող գալ նորանկախ Հայաստանի Հանրապետություն: Նա հայրենիք վերադառնալու այլ ճանապարհ գտավ. գրեց «Արցախ» սիմֆոնիան՝ նվիրված Արցախյան հերոսամարտի քաջերին:

1991 թ. երբ Ամերիկահայոց արևելյան թեմի ազգային առաջնորդարանը և Ամերիկայի կոմպոզիտորների նվագախումբը համատեղ, Կարնեգի Հոլում մեծ շուքով նշում են Ալան Հովհաննեսի ծննդյան 80-ամյակը, գալա համերգին 80-ամյա Մաեստրոն ղեկավարում է իր նոր՝ «Արցախ» սիմֆոնիայի համաշխարհային պրեմիերան...

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]