Անի Քավաֆյան
Անի Քավաֆյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1948[1] (76 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց և Interlochen արվեստի կենտրոն |
Մասնագիտություն | երաժշտության ուսուցիչ և երաժիշտ |
Աշխատավայր | Բարդ Քոլեջ |
Անի Քավաֆյան (մայիսի 10, 1948[1], Ստամբուլ, Թուրքիա), ջութակահար, Եյլի երաժշտական դպրոցի (Yale School of Music) պրոֆեսոր։
Անի Քավաֆյանը ԱՄՆ-ում առավել գնահատված ջութակահարներից է, առանձնապես՝ կամերային երաժշտության և նորագույն դասական երաժշտության բնագավառում։ Նա ելույթներ է ունեցել Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Ֆիլադելֆիայի, Քլիվլենդի նշանավոր նվագախմբերի հետ, Պիտսբուրգի, Միննեսոտայի սիմֆոնիկ նվագախմբերի, ինչպես նաև Լոս Անջելեսի և Սենթ Փոլի կամերային նվագախմբերի հետ։ Նա հաճախ է մասնակցում (ելույթներով և ուսուցանությամբ) կամերային երաժշտության փառատոներին, ինչպես՝ Chamber Music Northwest, the Virginia Arts Festival, Sarasota, Great Lakes, OK Mozart, Music from Angel Fire։ Միայն 2008 թվականին ելույթներ է ունեցել ինը փառատոներում՝ Օրեգոնից մինչև Իտալիա։
Նա հանդես է գալիս նաև որպես Սիեթլի Սիմֆոնիկ նվագախմբի (Seattle Symphony Orchestra) հրավիրված կոնցերտմայստեր։ Լինելով Լինքոլն կենտրոնի (Lincoln Center for the Performing Arts)` Կամերային երաժշտության ընկերության (Chamber Music Society) անդամ 1979 թվականից։ Անի Քավաֆյանը շրջագայում է ԱՄՆ-ում, Կանադայում, Հեռավոր Արևելքում։ 1998 թվականին “Incontri in Terra di Siena” (Իտալիա) փառատոնում իր, ալտիստ Բարբարա Վեսթֆալի (Barbara Westphal) և թավջութակահար Գուստավ Ռիվինիուսի (Gustav Rivinius) կողմից կազմված՝ "Տրիո դա Սալոյի" (Trio da Salo), ինչպես նաև "Տրիտոն հորն տրիոյի" հիմնադիր անդամ է՝ իր վաղեմի ընկերներ և գործընկերներ՝ Վիլյամ Փըրվիսի (William Purvis, գալարափող) և Միե Լիի (Mihae Lee, դաշնամուր) հետ։ Անի Քավաֆյանը հաճախ ելույթներ է ունենում կլառնետիստ Դեյվիդ Շիֆրինի (David Shifrin) և դաշնակահար Անդրե-Միշել Շուբի (Andre-Michel Schub) հետ։ Թավջութակահար Քարթըր Բրեյի (Carter Brey) հետ համատեղ նա հանդիսանում է Նյու Ջըրսիի Mostly Music երաժշտական շարքի գեղարվեստական ղեկավարը։ Անի Քավաֆյանը երեք անգամ առիթ է ունեցել լինելու Սպիտակ տան այցելուների թվում։
1983 թվականից (Քարնեգի հոլ) Անի Քավաֆյանը սկսել է ելույթներ ունենալ նաև իր կրտսեր քրոջ՝ Իդա Քավաֆյանի հետ համատեղ։ Քավաֆյան քույրերի դուետը հանդես է եկել (ինչպես մենահամերգներով, այնպես և տարբեր նվագախմբերի հետ) Միացյալ Նահանգներում` Դիթրոյթում, Կոլորադոյում, Թուսոնում, Սան Անտոնիոյում, Ցինցինատիում, ինչպես նաև ձայնագրել Մոցարտի և Սարասատեի ստեղծագործությունների իրենց համատեղ կատարումները (Nonesuch): 2008 թ. Անի և Իդա Քավաֆյանները Քարնեգի հոլում տված համերգով նշեցին իրենց` այդ դահլիճում ունեցած առաջին համատեղ ելույթի 25-ամյակը։
1980-ականներին ուսուցանել է Մանհաթընի Երաժշտական դպրոցում (Manhattan School of Music) և Մանիսի Երաժշտական քոլեջում (Mannes College of Music, ներկայիս՝ Mannes College The New School for Music), ինչպես նաև Քուինզ քոլեջում (Queens College), Սթոնի Բրուքի (State University of New York at Stony Brook) և ՄքԳիլ (McGill University,Quebec, Canada) համալսարաններում։ Ներկայումս Եյլի համալսարանի Երաժշտական դպրոցի պրոֆեսոր է։
Գործիքը՝ Ստրադիվարիուս (1736, Muir McKenzie)[2]։
Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անի Քավաֆյանը ծնվել է Թուրքիայում, հայ ընտանիքում։ Նրա հոր ծնողները 1915-1923 թվականների Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանութունյան ժամանակ պատսպարվել են Բուլղարիայում, որտեղ և ծնվել է Անիի հայրը, որն իր հերթին տեղփախվել է Թուրքիա՝ Բուլղարիայի խորհրդայնացումից հետո։ Նա ջութակահար էր և նվագում էր Ստամբուլի Պետական սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակների կազմում. այնտեղ էլ ծանոթացել է Անիի մոր հետ, որը նույն նվագախմբի նույն կազմի ջութակահար է եղել. 1955 թվականին Թուրքիայում` Կիպրոսի անկախության հետ կապված հակահունական ջարդերը (որոնք մասամբ ուղղված էին նաև հայ և հրեա բնակչության դեմ) դրդել են Քավաֆյան ընտանիքին թողնելու Թուրքիան. իրենց երկու մանկահասակ դստրերի հետ նրանք մեկնել են ԱՄՆ և բնակություն հաստատել Դիթրոյթում, որտեղ և Անին, որ սկզբնական շրջանում դաշնամուր էր սովորում, 1957 թվականից սկսել է ջութակի դասեր առնել` աշակերտելով Արա Ծերունյանին և Միշա Միշակովին (Mischa Mischakoff)։ 1966 թվականից ուսանել է Ջուլիարդում՝ Իվան Գալամյանի և Սալլի Թոմասի (Sally Thomas) մոտ։ Առաջին ելույթը Քարնեգի հոլում կայացել է 1969 թվականին, իսկ Փարիզում՝ 1973 թվականին։ Նույն թվականին շահել է Երիտասարդ կատարողների (Young Concert Artists) մրցույթը։ 1976 թվականին Էվերի Ֆիշերի մրցանակ (Avery Fisher Career Grant) է ստացել։
Երկացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև իր երկացանկն ընդգրկում է հարաճանաչ դասական երկեր (Յոհան Սեբաստիան Բախ, Վիվալդի, Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Բրամս, Մենդելսոն, Դվորժակ և այլն), սակայն Անի Քավաֆյանն առանձնակի ճանաչված է որպես քսաներորդ դարի երաժշտության կատարող և պրոպագանդիստ՝ Սամյուել Բարբեր, Բելա Բարտոկ, Ալբան Բերգ, Դմիտրի Շոստակովիչ, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Լեոնարդ Բերնսթայն, Էրիխ Քորնգոլդ (Erich Korngold), Հենրի Լազարով (Henry Lazaroff), Թոդ Մաքովեր (Tod Machover) և այլն։
Անի Քավաֆյանը քանիցս հանդես է եկել որպես հատուկ իր համար գրված ստեղծագործությունների առաջին կատարող. Հենրի Լազարով, Divertimento for Violin and String Orchestra (կատարվել է Սիեթլի սիմֆոնիկ նվագախմբի հետ); Թոդ Մաքովեր, կոնցերտ " Forever and Ever "` կոմպյուտեացված ջութակի և նվագախմբի համար (Boston Modern Orchestra Project); Միշել Էքիզյան, "Red Harvest" (Բրուքլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ)։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անի Քավաֆյանի ամուսինը լուսանկարիչ Բեռնարդ Մինդիչն է (Bernard Mindich)։ Որդին՝ Մաթյուն, խոստումնալից թավջութակահար է։
Ձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kleos Classics - Յո. Ս. Բախ, վեց սոնատաները՝ դաշնակահար Քեննեթ Քուփըրի (Kenneth Cooper) հետ (համերգային գրանցում)։
- Kleos Classics - Վ. Ա. Մոցարտ, Լ. վան Բեթհովեն, լարային տրիոներ "Տրիո դա Սալոյի" կազմում։
- ARTEK Recordings - Վ. Ա. Մոցարտ, ջութակի և դաշնամուրի սոնատաներ՝ դաշնակահար Խորխե Ֆեդերիկո Օսորիոյի հետ (Jorge Federico Osorio)։
- CMS Studio Recordings - Էդ. Էլգար, դաշնամուրային կվինտետ, Վ. Վոլթըն, դաշնամուրային կվինտետ
- Marco Polo - Ա. Բաբաջանյան, դաշնամուրային տրիո, ջութակի սոնատա, Էքսպրոմտ
- Bridge - Ջասթին դելլո Ջոյո (Justin dello Joio), դաշնամուրային տրիոյի համար և այլ
- Albany Music Distribution - Փոլ Շիարա (Paul Chihara), Սիրո երաժշտություն (Հարլեմ կվարտետ)
- Fluid Mastering - Յո. Բրամս, Լարային կվինտետ № 2, սոլ մաժոր, Կվինտետ կլառնետի և լարայինների համար, սի մինոր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ Անի Գավաֆեան - Հայկական ազգային երաժշտություն
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն
- Յեյլի համալսարանի էջ.երկու կոնցերտային էտյուդ, դաշնամուրի սոնատա, երաժշտություն Արխիվացված 2014-04-28 Wayback Machine
|