Jump to content

Իդա Քավաֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդա Քավաֆյան
Բնօրինակ անունարմտ. հայ.՝ Այտա Գավաֆեան
Ծնվել էհոկտեմբերի 29, 1952(1952-10-29)[1] (72 տարեկան)
Ստամբուլ, Թուրքիա
Երկիր ԱՄՆ
Մասնագիտությունջութակահարուհի
Գործիքներջութակ և ալտ
ԱշխատավայրՔերտիսի անվան երաժշտական ինստիտուտ, Bard College Conservatory of Music? և Ջուլիարդ դպրոց
ԿրթությունՋուլիարդ դպրոց, Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց և Interlochen արվեստի կենտրոն
ԱնդամակցությունTashi Quartet?
ԱմուսինSteven Tenenbom?
Պարգևներ

Իդա Քավաֆյան (հոկտեմբերի 29, 1952(1952-10-29)[1], Ստամբուլ, Թուրքիա), ջութակահար, ալտահար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդա Քավաֆյանը ճանաչված է որպես արդի ամենաբազմակողմանի դասական կատարողներից մեկը։ Նա հանդես է գալիս ինչպես մենահամերգներով, այնպես և որպես մենակատար` աշխարհի լավագույն նվագախմբերի հետ, ուսուցանում է, գործում է այլևայլ ժյուրիների կազմում, այդ թվում՝ Chamber music America-ի։ Իր ավելի քան քսանհինգ տարվա կատարողական գործունեության ընթացքում նա եղել է Նյու Մեքսիկոյի` Music from Angel Fire կամերային երաժշտության ամառային փառատոնի գեղարվեստական ղեկավարը, հանդես է եկել «Բոզար եռյակի» (Beaux Arts Trio ) կազմում (եռյակը ամերիկյան հնագույն՝ երաժշտական հանդեսներից մեկի՝ «Musical America» -ի կողմից ճանաչվել է որպես «տարվա համույթ» և ներկայացվել է Գրեմմիի)` 1992-1998 թթ., և հետագայում` ժամանակ առ ժամանակ, 1978 թվականին Քավաֆյանը թավջութակահար Ֆրեդ Շերիի (Fred Sherry), կլառնետիստ Ռիչարդ Շտոլցմանի (Richard Stolzman) և դաշնակահար Փիթըր Սերկինի հետ հիմնադրել է հայտնի «Թաշի» (TASHI) քառյակը (2008 թվականին «Թաշին», երեսնամյա դադարից հետո, մեծ հաջողությամբ հանդես եկավ Նյու Յորքում՝ Օլիվիե Մեսիանի հարյուրամյակին նվիրված համերգով), 1998-ին Իդա Քավաֆյանը հիմնել է իր «Օպուս մեկ» (Opus One) կամերային համույթը՝ դաշնակահար Ան-Մարի Մք-Դերմոթի (Anne-Marie McDermott), ալտիստ Սթիվեն Թենենբոմի (Steven Tenenbom) և թավջութակահար Փիթըր Վիլեյի (Peter Wiley) հետ; վերջերս (2011-2012) նա կազմել է մի նոր եռյակ՝ Trio Valtorna՝ դաշնակահար Ժիլ Վոնսատելի (Gilles Vonsattel) և վալտորնիստ Դեյվիդ Ջոլիի (David Jolley) հետ։ Քավաֆյանը հաճախ է ելույթ ունենում նաև Օրիոն (Orion String Quartet), Ամերիկյան (American String Quartet) և Շանհայի (Shanghai String Quartet) լարային քառյակների հետ։

1983 թվականից (Քարնեգի հոլ) Իդա Քավաֆյանը սկսել է ելույթներ ունենալ նաև իր ավագ քրոջ՝ Անի Քավաֆյանի հետ համատեղ։ Քավաֆյան քույրերի դուետը հանդես է եկել (ինչպես մենահամերգներով, այնպես և տարբեր նվագախմբերի հետ) Միացյալ Նահանգներում` Դիթրոյթում, Կոլորադոյում, Թուսոնում, Սան Անտոնիոյում, Ցինցինատիում, և ձայնագրել Մոցարտի և Սարասատեի ստեղծագործությունների իրենց կատարումները (Nonesuch): 2008 թ. Իդա և Անի Քավաֆյանները Քարնեգի հոլում տված համերգով նշեցին իրենց` այդ դահլիճում ունեցած առաջին համատեղ ելույթի 25-ամյակը։

Քավաֆյանը տարվել է ալտով մի ամառ՝ Մեդոմաունթի երաժշտական դպրոցում (Meadowmount School of Music, Westport, Upstate New York, հիմնվել է 1944 թվականին՝ Իվան Գալամյանի կողմից)։ Ճանաչված ալտիստ Ջոզեֆ Գինգոլդն (Josef Gingold) այն ժամանակ խրախուսել է նրան ալտ սովորելու։ Հիմա Քավաֆյանը, հետևելով ալտի իր առաջին ուսուցչին, նույնպես գտնում է, որ ջութակահարի համար կարևոր է նաև ալտ նվագելը։ Տեսնելով Քավաֆյանի սերը ալտի հանդեպ, Սթիվեն Հարթկեն (Stephen Paul Hartke) հատուկ մի ստեղծագործություն է գրել երկու ալտի, թավջութակի և դաշնամուրի համար, որը մեծ հաջողությամբ կատարվել է «Օպուս մեկ« կամերային համույթի կողմից Ֆիլադելֆիայում։ Որպես ալտիստ Իդա Քավաֆյանը շրջագայություններ է կատարել «Գվարների« լարային քառյակի (Guarneri Strig Quartet) հետ։

Լինելով «Կամերային երաժշտության ընկերության» (Chamber Music Society) մասնակից, նա մշտապես հանդես է գալիս համերգներով թե Նյու Յորքում, թե շրջագայելով։ Վերջին տարիներին աչքի ընկած ելույթներից են՝ Մայքլ Քեվին Դաֆերթիի Fire and Blood ջութակի կոնցերտի առաջին կատարումը Դիթրոյթի սիմֆոնիկի հետ՝ Նեեմե Յարվիի ղեկավարությամբ, նույն կոնցերտի կատարումները Քարնեգի հոլում՝ Ամերիկյան երգահանների նվագախմբի (American Composers' Orchestra), Մեքսիկայի ազգային սիմֆոնիկի (National Symphony of Mexico), Խաղաղօվկիանոսյան սիմֆոնիկի (Pacific Symphony) հետ, այնուհետև՝ Ինթըրլոխենի Գեղարվեստների կենտրոնում; ելույթները Միդլանդի (Միչիգան), Չաթանուգայի և Ֆլորիդայի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, ինչպես նաև երկու ելույթները լարային կվարտետի կազմում՝ բլուգրաս (bluegrass) վիրտուոզ Մարք Օ'Քոննըրի (Mark O'Connor) հետ։ Անցյալում՝ ջազի նկատմամբ Քավաֆյանի հետքրքրության արդյունք է եղել 1983-84 թթ. համատեղ համերգային շրջագայությունները Չիք Քըրիայի հետ, ինչպես նաև նրա համագործակցությունը և ձայնագրությունները շեփորահար և երգահան Ուինթըն Մարսալիսի (Wynton Marsalis) հետ։

Իդա Քավաֆյանը երկու՝ Bravo! Vail Valley Music Festival և Music from Angel Fire, հեղինակավոր երաժշտական փառատոների հիմնադիրն է։

Իդա Քավաֆյանը հանդես է գալիս դասական՝ բարոկո, ռոմանտիկ և այլ երաժշտության կատարումներով (Բախ, Վիվալդի, Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Դվորժակ, Չայկովսկի և այլն), սակայն իր երկացանկում մեծ տեղ է տալիս 20-րդ դարի հեղինակներին՝ Վոան Վիլյամս, Լեոշ Յանաչեկ, Լեոնարդ Բերնսթայն, ինչպես նաև՝ Ռութ Քրոուֆորդ Սիգերի (Ruth Crawford Seeger), Չարլզ Վուորինենի (Charles Wuorinen), Ջորջ Ցոնակիսի (George Tsontakis), Մարկ Նեյկրուգի (Marc Neikrug), Լոուել Լիբերմանի (Lowell Liebermann), Սթիվեն Հարթկեի և Տորու Տակեմիցուի (Toru Takemitsu) և այլն։ Իր կոնցերտներից մեկը Տակեմիցուն գրել է հատուկ Իդա Քավաֆյանի համար։

Չնայած ակտիվ համերգային գործունեությանը, Իդա Քավաֆյանը նաև դասավանդում է Քըրթիսի Երաժշտության ինստիոտուտում (Curtis Institute of Music), Ջուլիարդի դպրոցում (Juilliard School) և Բարդ քոլեջի Երաժշտության կոնսերվատորիայում (Bard College Conservatory of Music)։

Վաղ տարիներ և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդա Քավաֆյանը ծնվել է Թուրքիայում, հայ ընտանիքում։ Նրա հոր ծնողները 1915-1923 թվականների Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժամանակ պատսպարվել են Բուլղարիայում, որտեղ և ծնվել է Իդայի հայրը, որն իր հերթին տեղփախվել է Թուրքիա՝ Բուղարիայի խորհրդայնացումից հետո։ Նա ջութակահար էր և նվագում էր Ստամբուլի Պետական սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակների կազմում. այնտեղ էլ ծանոթացել է Իդայի մոր հետ, որը նույն նվագախմբի նույն կազմի ջութակահար էր։ 1955 թվականին Ստամբուլում` Կիպրոսի անկախության հետ կապված հակահունական ջարդերը (որոնք մասամբ ուղղված էին նաև հայ և հրեա բնակչության դեմ) դրդել են Քավաֆյան ընտանիքին թողնելու Թուրքիան. իրենց երկու մանկահասակ դստրերի հետ նրանք մեկնել են ԱՄՆ և բնակություն հաստատել Դիթրոյթում, որտեղ արդեն վեց տարեկանից Իդան սկսել է ջութակ սովորել։ Նրա ուսուցիչներն են եղել Արա Ծերունյանը, Միշա Միշակովը (Mischa Mischakoff), այնուհետև, 1969-1975 թթ` Ջուլիարդի դպրոցում (Juilliard School)` Օսկար Շումսկին և Իվան Գալամյանը։ Առաջին անգամ ճանաչում է ստացել Լիսաբոնում Ժոզե Վիանա դա Մոտայի անվան մրցույթում շահած հաղթանակի շնորհիվ։ 1978 թվականին, շահելով Երիտասարդ կատարողների (Young Concert Artists) մրցույթը, առաջին անգամ հանդես է եկել Քարնեգի հոլում (Փիթըր Սերկինի նվագակցությամբ)։

Իդա Քավաֆյանի գործիքներն են. ջութակը` Ջամբատիստա Գուադանինի (Միլան, 1751), ալտը` Moes & Moes (1987).

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդա Քալաֆյանը ամուսնացած է ալտիստ Սթիվեն Թենենբոմի հետ։ Իր ամուսնու հետ միասին նա տոհմիկ` հունգարական վիժլա շներ է վարժեցնում։ Նրանց վարժեցրած քսանյոթ վիժլաներից մի քանիսը «Վեսթմինսթեր շնաբույծների ակումբի» ամենամյա ցուցահանդեսներում (Westminster Kennel Club Dog Show) մտել են առաջին տասնյակի մեջ։ 2003 թվականին նրանք ստացել են ԱՄՆ «Համար մեկ վիժլա», իսկ 2007 թվականին շահել են Ազգային մրցույթում։ Նրանց «Օպուս մեկ» շնաբուծարանը ճանաչված է Միացյալ Նահանգներում։

Ձայնագրություններշ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Naxos Records - Մայքլ Քեվին Դաֆերթի, «Fire and Blood» Դիթրոյթի սիմֆոնիկ, Նեեմե Յարվի
  • RCA - Մոցարտի կվինտետները՝ Գվարների կվարտետի հետ, 1988
  • Omac - Մարկ Օ'Քոնըր, լարային կվարտետներ՝ №№ 2 և 3
  • Vivace - Ա.Վեբեռն, Լարային կվարտետ op.22, Իմպրովիզացիա №№1, 2, 3, Յոհաննես Բրամս; Կվինտետ սի մինոր՝ կառնետի և լարայինների համար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 SNAC — 2010.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]