Կրոնը Բրազիլիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից






Կրոնը Բրազիլիայում (2010)[1][2]      Կաթոլիկություն[Ն 1] (64.6%)     Բողոքականություն (22.2%)     Անկրոն (8.0%)     Սպիրիտիզմ (2%)     Այլ կրոն (3.2%)

Ապարեցիդի Տիրամոր ազգային տաճարի բազիլիկան մեծությամբ երկրորդն է աշխարհում՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարից հետո:[3]
Սան Պաուլոյի տաճար, ներկայացուցչական ժամանակակից տաճար, որը կառուցված է նեոգոթական ոճով։

Քրիստոնեությունը Բրազիլիայում ամենամեծ կրոնն է, իսկ կաթոլիկները ամենաշատ հետևորդներն ունեն։ Բրազիլիայի պորտուգալական գաղութացման ժամանակ ստրկացված աֆրիկացիների, տեղաբնիկների և կաթոլիկ եկեղեցու ավանդույթների միաձուլումը հանգեցրեց սինկրետիստական պրակտիկաների զարգացմանը բրազիլական կաթոլիկության համընդհանուր հովանու ներքո, որը բնութագրվում է ավանդական պորտուգալական տոնակատարություններով[4]։ Մինչև վերջերս կաթոլիկությունը գերակշռող էր։ 21-րդ դարում արագ փոփոխությունները հանգեցրել են աշխարհիկության աճին (առանց կրոնական պատկանելության), իսկ ավետարանական բողոքականությունը կազմում է բնակչության ավելի քան 22%-ը։ 2010 թվականի մարդահամարը ցույց է տալիս, որ բրազիլացիների 65%-ից քիչը իրեն համարում էին կաթոլիկ (1970 թվականի՝ 90%-ի համեմատ), իսկ կարդինալ Կլաուդիո Հումմեսը սա մեկնաբանեց այսպես․ «Մենք տագնապով հետևում ենք, թե դեռ որքան ժամանակ Բրազիլիան կմնա կաթոլիկ պետություն»[5][6]։ Չնայած երկրում կաթոլիկության ցուցանիշները անկում են ապրում, սակայն այն գերակշռող է մնում Հյուսիսարևելյան տարածաշրջանի մեծ մասում[7][8]։ Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ 2030 թվականին բողոքականների թիվը, հավանաբար, կգերազանցի կաթոլիկներին[9][10]։

1891 թվականին, երբ ստեղծվեց Բրազիլիայի առաջին հանրապետական սահմանադրությունը, Բրազիլիան դադարեց պաշտոնական կրոն ունենալ և այն ժամանակվանից մնաց աշխարհիկ, թեև կաթոլիկ եկեղեցին մնաց քաղաքականապես ազդեցիկ մինչև 1970-ական թվականները։ Բրազիլիայի սահմանադրությունն երաշխավորում է կրոնի ազատությունը և խիստ արգելում է կառավարության աջակցությամբ կրոնի հիմնումը[4]։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով[1]՝ երկրի բնակչության 64,63%-ը իրեն համարում է կաթոլիկ, 22,2%-ը՝ բողոքական, 8%-ը՝ անկրոն, և 5,2%-ը՝ այլ կրոնների հետևորդներ (հիմնականում սպիրիտիստներ կամ Կարդեկիստներ, ովքեր հետևում են Ալլան Կարդեկի, Ումբանդիստների, Կանդոմբլեի, Եհովայի վկաների, Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու վարդապետություններին, և կա բուդդիստների, հրեաների, մուսուլմանների փոքրամասնություններ)։

Բրազիլական կրոնները շատ բազմազան են և հակված են սինկրետիզմին։ Վերջին տասնամյակների ընթացքում գրանցվել է նեո-հոգեգալստական եկեղեցիների և աֆրո-բրազիլական կրոնների մեծ աճ[11], ինչը նվազեցրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու անդամների թիվը[12]։ Ումբանդիստների թիվը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել, քան պաշտոնական մարդահամարը, քանի որ նրանցից շատերը մինչ օրս շարունակում են իրենց կրոնը քողարկել «կաթոլիկ» սինկրետիզմի ներքո[13]։ Բրազիլացիների մոտ իննսուն տոկոսը վերջին մարդահամարի ժամանակ հայտարարել է ինչ-որ կրոնական պատկանելության մասին[14]։

Թեև դաշնային սահմանադրությունը երաշխավորում է կրոնական հանդուրժողականությունը իր բոլոր քաղաքացիների համար, այն բացահայտորեն արգելում է Դաշնությունը կազմող բոլոր անդամներին հիմնել և ֆինանսավորել պետական դավանանքներ և եկեղեցիներ, որոնք վերահսկվում և համակարգվում են կառավարության կողմից, քանի որ մինչ այժմ Բրազիլիայի պետությունը ճանաչում է կաթոլիկ եկեղեցու «յուրահատուկ դերը» իրավական համակարգում, ինչի պատճառով օրենքը ճանաչում է Մարիամ Աստվածածնին՝ Հիսուսի մորը՝ որպես «Բրազիլիայի հովանավոր», կաթոլիկ տոները (օրինակ՝ Ապարեցիդայի Տիրամոր օրը և մեր Տիրոջ ծննդյան օրը) օրենքով ճանաչվում են որպես ազգային տոներ, կաթոլիկ կրոնն ունի բացառիկ օրենք, որը կարգավորում է նրա հարաբերությունները պետության հետ, քաղաքներն ու նահանգները կրում են կաթոլիկ սրբերի անունները, «Աստծուն փառք» արտահայտությունը առկա է ռեալի բոլոր թղթադրամների վրա, և երկրում բացառապես կաթոլիկական ուսուցումը թույլատրվում է պետական դպրոցներում։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2010 թվականի մարդահամարի[1]՝

Քրիստոնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը և Պապամոբիլը Սան Պաուլո կատարած պաշտոնական այցի ժամանակ

Կաթոլիկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապարեցիդի Տիրամոր ազգային տաճարի բազիլիկան

Բրազիլիան աշխարհում ամենամեծ թվով կաթոլիկ քրիստոնյաներն ունի[15]։ Կաթոլիկությունը Բրազիլիայի գլխավոր կրոնն է եղել 16-րդ դարի սկզբից։ Այն ներմուծվել է բնիկ բրազիլացիների շրջանում ճիզվիտ միսիոներների կողմից, ինչպես նաև պորտուգալացի առաջին վերաբնակիչների կողմից։

Գաղութատիրության ժամանակ կրոնի ազատություն չկար։ Բոլոր պորտուգալացի վերաբնակիչները և բրազիլացիները պարտադիր կերպով կապված էին կաթոլիկ հավատքի հետ և պարտավոր էին տասանորդ վճարել եկեղեցուն։ Բրազիլիայի անկախությունից հետո 1824 թվականին առաջին սահմանադրությունը սահմանեց կրոնի ազատությունը, սակայն կաթոլիկությունը պահպանվեց որպես պաշտոնական կրոն։ Կայսերական կառավարությունը աշխատավարձ էր վճարում կաթոլիկ քահանային և ազդում էր եպիսկոպոսների նշանակման վրա։ Համայնքների քաղաքական-վարչական բաժանումը ուղեկցում էր եպիսկոպոսությունների հիերարխիկ բաժանմանը «ֆրեգեզիա»-ներում (ծխերում)։ Որոշ խոչընդոտներ կային նաև կաթոլիկ եկեղեցուն պատկանող տաճարների և գերեզմանոցների կառուցման համար։ 1891 թվականին առաջին հանրապետական սահմանադրությունը բաժանեց կրոնը պետությունից և բոլոր կրոնները հավասարեցրեց օրենսգրքում, սակայն կաթոլիկ եկեղեցին մնաց շատ ազդեցիկ մինչև 1970-ականները։ Օրինակ՝ կաթոլիկ եկեղեցու խիստ հակազդեցության պատճառով Բրազիլիայում ամուսնալուծությունը թույլ չէր տրվել մինչև 1977 թվականը, նույնիսկ եթե բաժանված զույգը այլակրոն էր։

Բրազիլիայում կիրառվող կաթոլիկ հավատքը լի է ժողովրդական տոնակատարություններով, որոնք արմատավորված են դարավոր պորտուգալական ավանդույթներում, բայց նաև մեծապես ազդված են աֆրիկյան և բնիկ բրազիլացիների ավանդույթների կողմից։ Հանրաճանաչ ավանդույթները ներառում են ուխտագնացություններ դեպի Ապարեցիդայի Տիրամոր ազգային տաճար, ով Բրազիլիայի հովանավոր սուրբն է։ Անցյալ դարում բազմաթիվ եվրոպացի ներգաղթյալների ընդունած տարածքները, հատկապես իտալացիները և գերմանացիները, ունեն կաթոլիկական ավանդույթներ, որոնք ավելի մոտ են Եվրոպայում կիրառվող ավանդույթներին։

Կաթոլիկների ամենամեծ մասը կենտրոնացած է Հհյուսիսարևելյան (59%) և Հարավային (53%) տարածաշրջաններում։ Կաթոլիկների ամենափոքր մասնաբաժինը գտնվում է Կենտրոնաարևմտյան տարածաշրջանում (49%)։ Պիաուիի նահանգը ունի կաթոլիկների ամենամեծ համամասնությունը (85%), իսկ Ռիո դե Ժանեյրոյի նահանգն ունի ամենափոքրը (45.19%): Նահանգների կենտրոնների ցանկում Թերեզինան ունի երկրում կաթոլիկների ամենամեծ համամասնությունը (86,010%), որին հաջորդում են Արակաժուն, Ֆորտալեզան, Ֆլորիանապոլիսը և Ժուան Պեսոան[16][17]։

Բողոքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստծո Թագավորության համաշխարհային եկեղեցի Սան Պաուլոյում

Բրազիլիայում բողոքականությունը հիմնականում ծագել է 19-րդ դարի երկրորդ կեսին ամերիկացի միսիոներների ջանքերով։ Ավետարանական բողոքականությունը և հոգեգալստականները շատ արագ մեծացել են Բրազիլիայում 20-րդ դարի վերջից[18]։ 2010 թվականի մարդահամարը ցույց է տալիս, որ Բրազիլիայի բնակչության 22,2%-ը բողոքական է՝ մոտ 44 միլիոն մարդ։ Բրազիլիան բողոքականության բազմաթիվ տարբերակներ ունի։ Նրանցից նոր հոգեգալստականները, հին հոգեգալստականները և ավանդական բողոքականները (նրանց մեծ մասը բապտիստներ, պրեսբիտերներ և մեթոդիստներ են) հիմնականում Մինաս Ժերայսից դեպի հարավ են տեղաբաշխված։ Բրազիլիայի անգլիկան եպիսկոպոսական եկեղեցին, որը մաս է կազմում Անգլիկան միությանը, ունի մոտ 120,000 անդամ։ Նոր հոգեգալստական կենտրոններն են Լոնդրինան Պարանա նահանգում, ինչպես նաև Սան Պաուլո, Ռիո դե Ժանեյրո և Բելու Օրիզոնտի (Մինաս Ժերայսի կենտրոնը) քաղաքները, հատկապես այդ քաղաքների արվարձանները և մերձակա շրջանները։ Լյութերականները կենտրոնացած են հիմնականում Ռիո Գրանդի դու Սուլ, Սանտա Կատարինա նահանգներում և Ռիո դե Ժանեյրո ու Էսպիրիտու Սանտու նահանգների գյուղական շրջաններում։

2000 թվականի դրությամբ բողոքականների ամենամեծ մասը բնակվում է Հյուսիսային (19,8%), Կենտրոնաարևմտյան (18,9%) և Հարավարևելյան (17,5%) տարածաշրջաններում։ Նահանգների կենտրոններից Ռիո դե Ժանեյրոն ունի ոչ հոգեգալստական բողոքականների ամենամեծ բաժինը երկրում (10,07%), որին հաջորդում են Վիտորիան, Պորտո Վելյուն, Կույաբան և Մանաուսը։ Բայց Գոյանիան նահանգների կենտրոններից երկրում ամենամեծ հոգեգալստական համայնքն ունի (20,41%), որին հաջորդում են Բոա Վիստան, Պորտու Վելյուն, Բելեմը և Բելու Օրիզոնտին[19][20]։

Ուղղափառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Պաուլոյի մետրոպոլիտեն ուղղափառ տաճար

Արևելյան ուղղափառ եկեղեցին գործում է նաև Բրազիլիայում։ Ուղղափառ մետրոպոլիտեն տաճարը, որը գտնվում է Սան Պաուլոյում, Սան Պաուլոյում Անտիոքի հույն ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսության աթոռն է։ Այն բյուզանդական ճարտարապետության օրինակ է, որը կարելի է վայելել Հարավային Ամերիկայում։ Դրա կառուցումը, որը սկսվել է 1940-ականներին, ոգեշնչված է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարից և բացվել է 1954 թվականի հունվարին։ Ըստ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի՝ Բրազիլիայում կար 131 571 ուղղափառ քրիստոնյա[1]։

Եհովայի վկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին, ըստ դավանանքի, Բրազիլիան ուներ 767 449 Եհովայի վկաներ՝ 11 562 ժողովներով, և 1 վկա 256 բնակիչների հարաբերակցությամբ[21]։ Այնուամենայնիվ, 2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ մոտ 1,4 միլիոն մարդ իրենց համարել են անդամներ[1]։

Վերջին Օրերի Սրբեր (Մորմոններ)[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի ազգային մարդահամարի տվյալներով՝ 226,509 հոգի ճանաչվել են որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ[22]։ Սա շատ տարբերվում է 2012 թվականին 1 173 533[23] եկեղեցու հաղորդված անդամությունից, ինչը ոմանց մոտ կասկածի տակ է դնում ՎՕՍ եկեղեցու կողմից հաղորդված անդամության թիվը։

Եկեղեցին հայտնում է նաև 1940 ժողովների մասին[23]։ ՎՕՍ եկեղեցին այժմ ունի նաև 6 տաճարներ՝ տարածված ամբողջ երկրով մեկ՝ Կամպինասում, Կուրիտիբայում, Մանաուսում, Պորտո Ալեգրեում, Ռեսիֆեում և Սան Պաուլոյում, լրացուցիչ տաճարներ կառուցվում են Ֆորտալեզայում, Ռիո դե Ժանեյրոյում, Բելեմում, Բրազիլիայում և Սալվադորում։ .

Եկեղեցու նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը բացել է Սան Պաուլոյի Բրազիլիայի տաճարը 1978 թվականի հոկտեմբերի 30-ին։ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին նախագահ Ռասել Մ. Նելսոնը հայտարարեց, որ եկեղեցին կկառուցի երկրորդ տաճարը Սան Պաուլոյում[24]։

Ոչ քրիստոնեական կրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդդայականություն (215 000), հուդայականություն (107 000), իսլամ (35 000), սինտոիզմ, ռաստաֆարական և շատ այլ կրոններ դավանող մարդկանց փոքր բնակչություն կա։ Նրանց թվում են 21-րդ դարի ներգաղթյալներ Արևելյան Ասիայից, Մերձավոր Արևելքից կամ վերջիններիս ներգաղթյալների սերունդը։

Աֆրիկյան և բնիկ կրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ Օրիշայի տոնակատարության ընթացքում
Շանգոյի արձանիկը, Բրուքլինի թանգարան

Աֆրո-բրազիլական կրոնները սինկրետիկ կրոններ են, ինչպիսին է Կանդոմբլեն, որը ունի բազմաթիվ հետևորդներ՝ հիմնականում աֆրո-բրազիլացիներ։ Դրանք կենտրոնացած են հիմնականում հյուսիս-արևելյան խոշոր քաղաքային կենտրոններում, ինչպիսիք են Սալվադորը, Ռեսիֆին կամ Ռիո դե Ժանեյրոն Հարավարևելյան տարածաշրջանում։ Սան Պաուլո, Պորտո Ալեգրի և Ֆլորիանոպոլիս քաղաքներն ունեն մեծ թվով հետևորդներ, բայց Բրազիլիայի հարավում աֆրիկյան ազդեցության տակ գտնվող ամենատարածված դավանանքը Ալմաս Է Անգոլան է, որը նման է Ումբանդայի դավանանքին։ Ներկայումս Ֆլորիանոպոլիսում կան ավելի քան 70 «տերեյրոներ» (տաճարներ), որոնք այն վայրերն են, որտեղ ծեսերը կատարվում են։ Ի լրումն Կանդոմբլեին, որը Յորուբայի կրոններից մեկն է, կա նաև Ումբանդան, որը խառնել է սպիրիտիզմը Յորուբայի կրոնական համակարգի հետ։ Կան նաև կաթոլիկներ, բողոքականներ և այլ տեսակի քրիստոնյաներ, ովքեր կրում են երկակի հավատքի համակարգ, գնում են և՛ եկեղեցիներ, և՛ տերեյրոներ։

Կանդոմբլեն, Ումբանդան, Բատուքը և Շանգոն աֆրո-բրազիլական կրոններ են, որոնք ազդվել են տեղական պաշտամունքների կողից և բերվել են Աֆրիկայից Բրազիլիա վաճառված սևամորթ ստրուկների կողմից։ Այս սև ստրուկները կանչում էին իրենց աստվածներին երգերով ու պարերով, որոնք կոչվում էին Օրիշա, Վոդուն կամ Ինկես։ Այս պաշտամունքները հալածվել են Բրազիլիայի պատմության մեծ մասի ընթացքում, հիմնականում այն պատճառով, որ նրանք հեթանոսական կամ նույնիսկ սատանայական էին։ Այնուամենայնիվ, Բրազիլիայի հանրապետական կառավարությունը բոլորին օրինականացրեց պետության և եկեղեցու միջև անհրաժեշտ տարանջատման հիմքով 1889 թվականին։

Ընթացիկ պրակտիկայում Ումբանդայի հետևորդները հանրային վայրերում թողնում են սնունդ, մոմեր և ծաղիկներ հոգիների համար։ Կանդամբլեի տերեյրոներն նույնպես ունեն նմանատիպ պրակտիկա, և կան մի շարք փառատոներ, որոնք ամեն տարի տեղի են ունենում հատկապես հյուսիս-արևելքում, ինչպիսիք են հայտնի Իյեմանժա փառատոնը և Օքսալայի ջրերը։

Բահիայից հյուսիս կան տարբեր հավատալիքներ, ինչպիսիք են Կատիմբոն, Ժուրեման՝ մեծ տեղական էլեմենտներով։ Ամբողջ երկրում, բայց հիմնականում Ամազոնի խոնավ անտառներում կան շատ հնդկացիներ, որոնք դեռևս կիրառում են իրենց սկզբնական ավանդույթները։ Նրանց հավատալիքներից շատերը և բնական բույսերի ածանցյալների օգտագործումը ներառված են աֆրիկական, սպիրիտիստների և ժողովրդական կրոնների մեջ։

Այս կրոնները բողոքական եկեղեցիների կողմից աճող թշնամանքի են ենթարկվել՝ տաճարների վրա հարձակումներով և աստվածների արձանների այլանդակմամբ[25][26]։ Վերջին տարիներին միջոցներ են ձեռնարկվել կրոնական հակամարտությունների դեմ պայքարելու համար[25]։

Սպիրիտիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Federação Espírita Brasileira-ի նստավայրը

Սպիրիտիզմը կրոն է, որը հիմնադրվել է 19-րդ դարում ֆրանսիացի մանկավարժ Ալան Կարդեկի կողմից, որն առաջարկում է ուսումնասիրել «ոգիների բնույթը, ծագումը ու ճակատագիրը և նրանց հարաբերությունները նյութական աշխարհի հետ»[27]։ Սպիրիտիզմը հետևում է Հիսուսի բարոյական ուսմունքներին, և, հետևաբար, նրա կարգավիճակը որպես ոչ քրիստոնեական կրոն բանավեճի առարկա է նրա հետևորդների և հիմնական քրիստոնյաների միջև։ Եթե համարվի ոչ քրիստոնեական, սպիրիտիզմը կլինի Բրազիլիայի ամենամեծ ոչ քրիստոնեական կրոնը։ Եթե այն դիտարկվի որպես քրիստոնեական կրոն, ապա դա կլինի երրորդ ամենամեծ դավանանքը հռոմեական կաթոլիկությունից և բողոքականությունից։ Այն ուսումնասիրում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կյանքը մահից հետո, վերամարմնավորումը, հոգիները, բարոյական ուսմունքները և շատ ավելին։

Բուդդայականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդդայականությունը, հավանաբար, ամենամեծն է բոլոր փոքրամասնությունների կրոններից՝ մոտ 215 000 հետևորդներով։ Սա հիմնականում պայմանավորված է ճապոնացիների բրազիլական մեծ համայնքով։ Ճապոնացիների բրազիլական համայնքի մոտ մեկ հինգերորդը բուդդիզմի հետևորդներ են։ Բուդդայականությունը Բրազիլիա է ներմուծվել քսաներորդ դարի սկզբին, ճապոնացի ներգաղթյալների կողմից, թեև այժմ ճապոնացի բրազիլացիների 60%-ն քրիստոնյա է միսիոներական գործունեության և խառնամուսնությունների շնորհիվ։ Այնուամենայնիվ, Բրազիլիայի ճապոնացիների մշակույթը ունի զգալի բուդդայական ազդեցություն։

Հուդայականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կահալ Զուր Իսրայել սինագոգը (հիմնադրվել է 1636 թվականին) Ռեսիֆիում առաջին հրեական ժողովարանն էր Ամերիկա մայրցամաքում
Սինագոգ Սան Պաուլոյում

Առաջին հրեաները Բրազիլիա ժամանեցին որպես cristãos-novos (նոր քրիստոնյաներ) կամ կոնվերսոներ։ Այսպես անվանում էին այն հրեաներին կամ մուսուլմաններին, ովքեր ընդունել են կաթոլիկություն, որոնցից շատերը բռնի կերպով։ Ըստ ինկվիզիցիայի զեկույցների՝ գաղութատիրության ժամանակ Բրազիլիայում ապրող շատ նոր քրիստոնյաներ դատապարտվել են հրեական սովորույթները գաղտնի պահելու համար[28]։

1630 թվականին հոլանդացիները գրավեցին Բրազիլիայի հյուսիս-արևելյան հատվածները և թույլատրեցին ցանկացած կրոնի բացահայտ դավանանքը։ Շատ հրեաներ եկան Նիդեռլանդներից՝ ապրելու Բրազիլիայում՝ հոլանդացիների գերակշռող տարածքում։ Նրանց մեծ մասը 1497 թվականին Պորտուգալիայից վտարված Պորտուգալիայի հրեաների ժառանգներն էին։ 1636 թվականին Հոլանդական Բրազիլիայի մայրաքաղաք Ռեսիֆիում կառուցվել է Կահալ Զուր Իսրայել սինագոգը՝ Ամերիկա մայրցամաքի առաջին սինագոգը[28]։ Սկզբնական շինությունը պահպանվել է մինչ օրս[29], սակայն հրեաները ստիպված եղան լքել Բրազիլիան, երբ պորտուգալա-բրազիլացիները ետ վերցրեցին տարածքը1654 թվականին[30]։

Առաջին հրեաները, ովքեր մնացին Բրազիլիայում և բացահայտորեն դավանեցին իրենց կրոնը, եկան այն ժամանակ, երբ Բրազիլիայի առաջին սահմանադրությունը 1824 թվականին՝ անկախությունից անմիջապես հետո, ընդունեց կրոնի ազատությունը։ Նրանք հիմնականում Մարոկկոյի հրեաներ էին։

Սեֆարդական հրեաների առաջին ալիքը գերազանցեց աշքենազի հրեաների ներգաղթի ավելի մեծ ալիքը, որը եկավ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, հիմնականում Ռուսաստանից, Լեհաստանից, Բելառուսից և Ուկրաինայից։ Վերջին նշանակալից խումբը եկավ՝ փախչելով նացիզմից կամ Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած ավերածություններից։

Բրազիլիան Լատինական Ամերիկայում երկրորդ ամենամեծ հրեա բնակչությունն ունի՝ 120 000 մարդ, որը կազմում է Բրազիլիայի բնակչության 0,06%-ը[31]։ 2017 թվականի դրությամբ Ռիո դե Ժանեյրոյի հրեա բնակչությունը կազմում էր 22 000 մարդ՝ 24 ակտիվ սինագոգներով, իսկ Սան Պաուլոն ունի 44 000 հրեա բնակչություն։

Մզկիթ Սան Պաուլոյում

Իսլամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Pew-ի՝ 2010 թվականին Բրազիլիայում ապրում էր 204,000 մուսուլմաններ, որը կազմում էր ընդհանուր բնակչության 0,1%-ը[32]։ Բրազիլիայի մուսուլմանական ասոցիացիաների դաշնությունը գնահատում է, որ կան մոտ 1,5 միլիոն մուսուլմաններ, իսկ մյուսները՝ մոտ 400,000-500,000։ Կան ավելի քան 150 մզկիթներ, որտեղ մուսուլմանները կատարում են իրենց ամենօրյա աղոթքները։

Իսլամը Բրազիլիայում, կարելի է ենթադրել, որ առաջին անգամ կիրառվել է Արևմտյան Աֆրիկայից բերված աֆրիկացի ստրուկների կողմից։ Գիտնականները նշում են, որ Բրազիլիան ավելի շատ ստրկացված մուսուլմաններ ընդունեց, քան Ամերիկա մայրցամաքում որևէ այլ երկիր[33]։ Ռամադանի ժամանակ՝ 1835 թվականի հունվարին, Սալվադոր դա Բահիայից սև ստրուկների և ազատագրվածների մի փոքր խումբ, ոգեշնչված մուսուլման ուսուցիչներից, ոտքի կանգնեց կառավարության դեմ Մալեի ապստամբության ժամանակ, որը Բրազիլիայում ստրուկների ամենամեծ ապստամբությունն էր (Բահիայում այդ ժամանակ մուսուլմաններին անվանում էին մալե)։ Վախենալով օրինակի կրկնվելուց՝ Բրազիլիայի իշխանությունները սկսեցին շատ ուշադիր հետևել մուսուլմաններին, և հետագա տարիներին ինտենսիվ ջանքեր գործադրվեցին կաթոլիկ քրիստոնեություն ընդունելու և իսլամի նկատմամբ տարածված հիշողությունը և ջերմությունը ոչնչացնելու ուղղությամբ[34]։ Այնուամենայնիվ, աֆրիկյան իսլամադավան համայնքը մեկ գիշերվա ընթացքում չոչնչացվեց, և մինչև 1910 թվականը հաշվարկվում է, որ Բրազիլիայում դեռևս ապրում էր մոտ 100 000 աֆրիկացի մուսուլման[35]։

Վերջերս ոչ-արաբ քաղաքացիների դեպի իսլամ դարձի աճի միտում կա[36]։

Հինդուիզմը Բրազիլիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի հինդուների մեծ մասը էթնիկ արևելյան հնդիկներ են։ Այնուամենայնիվ, կան նորադարձներ Հարե Կրիշնայի միսիոներական ազդեցության պատճառով։

Բրազիլիայում կա 1500 հնդկական ծագում ունեցող մարդիկներ և մոտ 400 օտարերկրյա քաղաքացի հնդիկներ։

Ներգաղթի առաջին ալիքը

1960 թվականին փոքրաթիվ սինդհիներ ժամանել էին այստեղ՝ Սուրինամից և Կենտրոնական Ամերիկայից՝ Մանաուս քաղաքում որպես առևտրական խանութ հիմնելու։

Ներգաղթի երկրորդ ալիքը

Այն բաղկացած էր համալսարանի դասախոսներից, ովքեր ժամանել էին 1900-ականներին և նաև 1970-ականներին։

Այլ հնդկական ծագում ունեցող մարդիկներ գաղթել են այս երկիր աֆրիկյան տարբեր երկրներից, հիմնականում նախկին պորտուգալական գաղութներից (հատկապես Մոզամբիկից) 1970-ականներին՝ իրենց անկախությունից անմիջապես հետո։ Բրազիլիայում հնդկական ծագում ունեցողների թիվը վերջին տարիներին ավելացել է միջուկային ոլորտի գիտնականների և համակարգչային մասնագետների ժամանումով։

Բրազիլիայի հնդկական համայնքում կա մոտ 1500 հնդկական ծագում ունեցողնեչ, և միայն 400 օտարերկրյա քաղաքացի հնդիկներ, քանի որ օտարերկրյա քաղաքացիները կարող են առանց որևէ խտրականության տեղական քաղաքացիություն ձեռք բերել այս երկրում 15 տարվա բնակությունից հետո։ Բրազիլիան նաև արգելք չունի երկքաղաքացիության դեմ։ Սակայն վերջին տարիներին այն ներգաղթային վիզաներ է տրամադրում միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։

Բրազիլիայի պոզիտիվիստական եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին սևամորթ կանանց և տղամարդկանց հոգիների պատկերներ

Շատերը շփոթում են սպիրիտիզմը աֆրո-բրազիլական կրոնների հետ, ինչպիսիք են Ումբանդան, Կանդոմբլեն և այլք, որոնք ունեն գրեթե 600 000 հետևորդներ։ Բրազիլիայի հարուստ հոգևոր լանդշաֆտի ամենաանսովոր առանձնահատկություններից մեկը աղանդներն են, որոնք օգտագործում են այահաուսկա (ամազոնյան էնթեոգեն թեյ)։ Այս սինկրետիզմը, զուգորդված ռազմական բռնապետության ժամանակ տարածված գաղափարների հետ, հանգեցրել է աշխարհիկների համար եկեղեցի Ռիո դե Ժանեյրոյում՝ հիմնված փիլիսոփա Օգյուստ Կոնտի պոզիտիվիզմի սկզբունքների վրա։

Բահայի հավատք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահայի հավատքը Բրազիլիայում սկզբնավորվել է 1919 թվականին, երբ բահայիներն առաջին անգամ այցելել են այս երկիր[37] և Բրազիլիայում բահայիների առաջին տեղական հոգևոր ժողովը հիմնադրվել է 1928 թվականին։ Հետևեց աճի մի շրջան Միացյալ Նահանգներից համակարգված ռահվիրաների ժամանումով պայմանավորված, և 1961 թվականին ձևավորվեց անկախ ազգային բահայի համայնք։ 1992 թվականին Բրազիլիայում անցկացված Երկրի գագաթնաժողովի ժամանակ միջազգային և տեղական բահայի համայնքին պատասխանատվություն է տրվել կազմակերպելու մի շարք տարբեր ծրագրեր, և այդ ժամանակվանից ի վեր երկրում բահայի համայնքի ներգրավվածությունը շարունակել է բազմապատկվել։ Կրոնական տվյալների արխիվների ասոցիացիան 2010 թվականին Բրազիլիայում գնահատել է մոտ 42100 բահայի[38]։

Հավատալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին «Դատաֆոլհա»-ի կողմից անցկացված հարցման ժամանակ տարբեր հարցեր էին տալիս բրազիլացի ժողովրդի կրոնական համոզմունքների վերաբերյալ։ Այս հարցման արդյունքում 64%-ը եղել է կաթոլիկներ, 17%-ը՝ հոգեգալստական բողոքականներ, 5%-ը՝ ոչ հոգեգալստական բողոքականներ, 3%-ը՝ սպիրիտիստներ կամ ոգեհարցներ, 3%-ը՝ այլ կրոնների հետևորդներ, 7%-ը՝ ոչ կրոնավորներ կամ աթեիստներ։ 1%-ից պակասը հայտնել է, որ հետևում է աֆրո-բրազիլական կրոններին[39][40][41]։

Հավատք առ Աստված և Սատանա
  • Բրազիլացիների 97%-ը հավատում է Աստծուն. 2%-ը կասկածներ ունի, իսկ 1%-ը չի հավատում Աստծուն։
  • 75%-ը հայտնել է, որ հավատում է Սատանային, 9%-ը կասկածներ ունի, իսկ 15%-ը չի հավատում Սատանային։
  • Ոչ կրոնավորների 81%-ը հայտնել է, որ հավատում է Աստծուն։
Հիսուս Քրիստոսի մասին
  • 93%-ը հայտնել է, որ հավատում է, որ Հիսուս Քրիստոսը հարություն առավ մահից հետո, 92%-ը, որ Սուրբ Հոգին գոյություն ունի, 87%-ը՝ հրաշքների կատարմանը, 86%-ը, որ Մարիամը ծնեց Հիսուսին որպես կույս, 77%-ը, որ Հիսուսը կվերադառնա Երկիր ժամանակի վերջում, 65%-ը, որ հաղորդության հացը Հիսուսի մարմինն է, 64%-ը, որ մահից հետո որոշ մարդիկ գնում են դրախտ, 58%-ը, որ մահից հետո որոշ մարդիկ գնում են դժոխք, իսկ 60%-ը, որ մահից հետո կյանք կա։
Հավատք առ սրբեր
Կաթոլիկ քահանաների մասին
  • 51%-ը կարծում է, որ որոշ քահանաներ հարգում են կուսակրոնությունը, 31%-ը՝ մեծ մասը, 8%-ը՝ ոչ ոք, և 4%-ը՝ նրանք բոլորն են հարգում։
  • 66%-ը, որ քահանաներին պետք է թույլատրվի ամուսնանալ (59%-ը՝ կաթոլիկների և 94%-ը՝ Կանդոմբլեի հետևորդների շրջանում)։
  • Քահանաների հետ կապված սեռական բռնության սկանդալների վերաբերյալ 38%-ը կարծում է, որ բողոքների մի մասը ճիշտ է, 30%-ը՝ մեծ մասը, 21%-ը՝ բոլորը, և 4%-ը՝ ոչ մեկը։
Տարբեր կրոնների մասին
  • «Կաթոլիկները չեն դավանում իրենց կրոնը» նախադասության մասին 19%-ը հայտնել է, որ լիովին համաձայն է, իսկ 41%-ը համաձայն է, բայց ոչ ամբողջությամբ։
  • «Բողոքականներին մոլորեցնում են իրենց քահանաները» նախադասության մասին համաձայնել է 61%-ը (կարդեցիստների՝ 77%-ը, կաթոլիկների՝ 67%-ը, և բողոքականների՝ 45%-ը)։
  • «Ումբանդան սատանայական է» նախադասության մասին համաձայնել է 57%-ը (ավետարանական բողոքականների՝ 83%-ը, կաթոլիկների՝ 53%-ը, և ումբանդիստների՝ 12%-ը)։
  • «Հրեաները մտածում են միայն փողի մասին» նախադասության հետ 49%-ը համաձայնել է, իսկ 51%-ը՝ համաձայն չէ։
  • «Մուսուլմաններն արդարացնում են ահաբեկչությունը» նախադասության հետ 49%-ը համաձայնել է, իսկ 51%-ը՝ համաձայն չէ։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չի ընդգրկում Բրազիլիայի կաթոլիկ առաքելական եկեղեցուն, որը առանձնացել էր Հռոմից 1945 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 IBGE – Instituto Brasileiro de Geografia e Estatística (Brazilian Institute for Geography and Statistics). 2010 Census. Retrieved 7 August 2012.
  2. «2010 Population Census - General characteristics of population, religion and persons with disabilities (Portuguese)». ibge.gov.br (պորտուգալերեն). 2012 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  3. Facts of Basilica of Aparecida
  4. 4,0 4,1 «Brazil». Berkley Center for Religion, Peace, and World Affairs. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. Simon Romero, "A Laboratory for Revitalizing Catholicism," New York Times Feb 14, 2013
  6. «Brazil's Changing Religious Landscape». Pew Research Center. 2013 թ․ հուլիսի 18. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  7. «Nordeste e Sul são últimos 'bastiões' católicos do Brasil». G1 (website). 2013 թ․ հունիսի 29. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  8. Carneiro, Júlia Dias (2012 թ․ հունիսի 29). «Nordeste e Sul são últimos 'bastiões' católicos do Brasil». BBC Brazil. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  9. «Transição religiosa no Brasil: 1940-2032».
  10. «As evangelicals gain, Catholics on verge of losing majority in Brazil». National Catholic Reporter. 2020 թ․ փետրվարի 5.
  11. Michael Astor.
  12. Decreased the number of Արխիվացված 2012-08-03 archive.todayCatholic and African religions.
  13. Somer Wiggins.
  14. «IBOPE - Instituto Brasileiro de Opinião e Estatística» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  15. IBGE - Instituto Brasileiro de Geografia e Estatística (Brazilian Institute for Geography and Statistics). 2000 Census.
  16. Folha Online - Mundo.
  17. IBGE - Instituto Brasileiro de Geografia e Estatística (Brazilian Institute for Geography and Statistics).
  18. Patrícia Birman, and Márcia Pereira Leite.
  19. «Folha de S.Paulo. 64% dos brasileiros se declaram católicos». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  20. G1 - Globo.com.
  21. 2015 Yearbook of Jehovah's Witnesses
  22. «População residente, por situação do domicílio e sexo, segundo os grupos de religião - Brasil - 2010» (PDF). Instituto Brasileiro de Geografia e Estatística. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
  23. 23,0 23,1 «Brazil - LDS Statistics and Church Facts». The Church of Jesus Christ of Latter-day Saints. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 17-ին.
  24. 6 new temples announced by President Nelson, including another Utah location
  25. 25,0 25,1 Neo-Pentecostalism and Afro-Brazilian religions: explaining the attacks on symbols of the African religious heritage in contemporary Brazil.
  26. Dom Phillips.
  27. Moreira-Almeida, Alexander (2008).
  28. 28,0 28,1 Oreck, Alden.
  29. Synagogue in Brazilian town Recife considered oldest in the Americas.
  30. Friedman, Saul.
  31. «The Jewish Community in Brazil». Beit Hatfutsot (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  32. «Table: Muslim Population by Country». Pew Research Center's Religion & Public Life Project (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ հունվարի 27. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  33. Lovejoy, Paul E., Muslim Encounters With Slavery in Brazil, Markus Wiener Pub., 2007. 1-55876-378-3
  34. Joao Jose Reis, Slave Rebellion in Brazil: The Muslim Uprising of 1835 in Bahia, Johns Hopkins University Press, London 1993
  35. Steven Barboza, American Jihad, 1993
  36. "Bureau of Democracy, Human Rights, and Labor International Religious Freedom Report 2009" October 26, 2009, US Department of State report on Brazil
  37. Lamb, Artemus (1995 թ․ նոյեմբեր). The Beginnings of the Baháʼí Faith in Latin America:Some Remembrances, English Revised and Amplified Edition. 1405 Killarney Drive, West Linn OR, 97068, United States of America: M L VanOrman Enterprises.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  38. «QuickLists: Most Baha'i Nations (2010)». Association of Religion Data Archives. 2010. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  39. Data Folha - Opinião Pública. 64% dos brasileiros se declaram católicos Արխիվացված 2010-11-06 Wayback Machine 2007-05-05.
  40. Renascença Website.
  41. 97% dos Brasileiros Dizem Acreditar totalmente na Existência de Deus e 75% Acreditam no Diabo