Եղիա Չուբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եղիա Չուբար
Ծնվել էհուլիսի 18, 1898(1898-07-18)
Վախճանվել է1937
Մասնագիտությունհրապարակախոս, լրագրող, խմբագիր և սցենարիստ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Եղիա Չուբար Վիքիդարանում

Եղիա Չուբար (Եղիա Չուբարյան, ծածկանունները՝ Սպարտակ, Թոփթեցի, հուլիսի 18, 1898(1898-07-18) - 1937), հայ լրագրող, կինոսցենարիստ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թոփթիում (այժմ՝ Ռուսաստանի Ռոստովի մարզում)։ Ավարտել է Բաքվի 3-րդ գիմնազիան։ 1918 թվականին աշխատել է Թիֆլիսում և Բաքվում։ Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է և աքսորվել Քութայիս: Բանտից փախել և 1919 թվականին հասել է Երևան, որտեղ գործուն մասնակցություն է ունեցել «Սպարտակ» կազմակերպության հիմնադրմանը։ 1919 թվականին արտաքսվել է Հայաստանից։ 1920 թվականին աշխատել է Նոր Նախիջևանում, եղել է «Բանվորի կռիվ» թերթի խմբագիր։ Նույն թվին մեկնել է Բաքու և աշխատել տեղի հայերեն «Կոմունիստ» թերթում։

Հիշյալ թերթերից բացի Եղիա Չուբարը 1921 - 1936 թվականին խմբագրել է «Գրական թերթ» (Երևան), «Երևան» (Փարիզ), «Խարիբկիթ» (Դոնի Ռոստով), «Կարմիր գութան» (Երևան), «Կոմունիստ» (Երևան), «Մաճկալ» (Երևան), «Գյուղի կոմունիստ» (Երևան), «Հոկտեմբեր-Նոյեմբեր» (տարեգիրք, Երևան), «Նոր ակոս» (Երևան), «Նոր ուղի» (Երևան), «Վերելք» (Փարիզ), «Վերելք» (Երևան), «Խորհրդային Հայաստան» (Երևան) թերթերն ու ամսագրերը։

1925 - 1927 թվականներին աշխատել է Փարիզում։ 1927 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրամանով ձերբակալվում է Փարիզում և արտաքսվում Ֆրանսիայից։ Վերադառնալով Երևան, աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթում։ 1933-1936 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ լուսավորության մինիստրի առաջին տեղակալն էր, ապա արվեստի գործերի կոմիտեի նախագահը։ Եղիա Չուբարը հայ առաջին կինոսցենարիստներից է. գրել է «Մեքսիկական դիպլոմատներ» (Հայֆիլմ, 1931) և «Երկու գիշեր» կինոնկարների սցենարները։ 1937-ին դատապարտվեց ստալինյան ռեժիմի կողմից և մահապատժի ենթարկվեց[2]:

Չուբարի երկերի մատենագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քայլերգ կարմիր Հայաստան. Իմ նվերը ՀՍԽՀ կարմիր բանակին, Երևան, Պետհրատ, 1923, 11 էջ։
  • Ինչու գյուղացին պիտի հարկ տա, Երևան, Պետհրատ, 1924, 15 էջ։
  • Խորհրդային իշխանության չորս տարվա գործերից, Երևան, Պետհրատ, 1924, 24 էջ։
  • Նոյեմբերի 29, Երևան, Պետհրատ, 1925, Պետհրատ, 28 էջ։
  • Սկզբում (հուշեր), Երևան, Պետհրատ, 1926, 48 էջ։
  • Սկզբում, Երևան, Հայպետհրատ, 1957, 140 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 64 CC-BY-SA-icon-80x15.png