Արտավազդ Խաչիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտավազդ Խաչիկյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 17, 1918(1918-08-17)
ԾննդավայրԵրևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էհունիսի 26, 2000(2000-06-26) (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունխմբագիր և լրագրող

Արտավազդ Վահանի Խաչիկյան (օգոստոսի 17, 1918(1918-08-17), Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն - հունիսի 26, 2000(2000-06-26), Երևան, Հայաստան), հայ լրագրող, խմբագիր, պետական, կուսակցական գործիչ, մարզական գործի կազմակերպիչ[1]։ Մշակույթի վաստակավոր գործիչ (1968 թվական)։

Բանաստեղծ, թարգմանիչ Սուրեն Վահունու եղբայրը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտավազդ Խաչիկյանը ծնվել է 1918 թվականին, Երևանում։ Մամուլում առաջին անգամ տպագրվել է 17 տարեկանում․ 1935 թվականին Նաիրի Զարյանի խմբագրած «Գրական սերունդ» ամսագրում նա տպագրել է երկու ծաղրանկար, որոնցում ծաղրել է հավակնոտ սկսնակ մի բանաստեղծի։ 19 տարեկանում որպես գործավար, այնուհետև՝ էջկապ-թողարկիչ աշխատել է «Խորհրդային դպրոց» թերթի խմբագրությունում[1]։

Մեկ տարի անց նա դարձել է Ախտայի (Հրազդան) շրջանային թերթի բաժնի վարիչ, 1939-1940 թվականներին եղել է Սևանի շրջանային թերթի պատասխանատու քարտուղարը[1]։

1941 թվականին Խաչիկյանը նշանակվել է Ժողկոմխորհին առընթեր Ռադիոկոմիտեի գրական աշխատող, այնուհետև դարձել է «Վերջին լուրերի» խմբագրության պատասխանատու խմբագիր[1]։

1942 թվականին Խաչիկյանն անցել է կոմերիտական աշխատանքի․ երկու տարի նա աշխատել է կոմերիտմիության կենտկոմում, այնուհետև ընտրվել է կոմերիտմիության Էջմիածնի շրջկոմի առաջին քարտուղար։ Պատերազմի ավարտից հետո նա նշանակվել է «Ավանգարդ» թերթի պատասխանատու քարտուղար, այնուհետև դարձել է այդ թերթի խմբագիր[1]։

1954 թվականին Արտավազդ Խաչիկյանն ավարտել է Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Վերադառնալուց հետո ընտրվում է կոմունիստական կուսակցության Երևանի Սպանդարյանի շրջանային կոմիտեի քարտուղար։ 1956 թվականին նշանակվել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր ֆիզկուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ[1]։

1963 թվականին Արտավազդ Խաչիկյանը նշանակվել է Հայաստանի հեռագրական գործակալության (ՀՀԳ) տնօրեն, որը հետագայում անվանափոխվեց «Արմենպրես» գործակալություն։ Այնտեղ նա աշխատել է 15 տարի[1]։

Արտավազդ Խաչիկյանն ավելի քան 10 տարի եղել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առողջապահության, սոցիալական ապահովության, ֆիզկուլտուրայի և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահը։ Նա եղել է նաև Հայաստանի կոմկուսի Կենտկոմի անդամության թեկնածու։ Ավելի քան 10 տարի նա եղել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը՝ միաժամանակ լինելով նաև ԽՍՀՄ ժուռնալիստների միության քարտուղարը։ Եղել է ԽՍՀՄ-Իրան բարեկամության և մշակութային կապերի ընկերության փոխնախագահը[1]։

1978 թվականին Արտավազդ Խաչիկյանը նշանակվել է «Ինտուրիստի»՝ կառավարությանն առընթեր արտասահմանյան տուրիզմի գործակալության վարչության պետ։ 1981 թվականին անցել է կենսաթոշակի, սակայն շարունակել է աշխատել Հեռուստառադիոպետկոմի բաժնի վարիչ։ 1990 թվականին հիմնադրել է «Հույս» հրատարակչությունն ու «Կին և տղամարդ» բուժլուսավորչական շաբաթաթերթը[1]։

Վախճանվել է 2000 թվականին, Երևանում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս են տեսել Խաչիկյանի «Բարեկամական հանդիպումեր» (1960 թվական), «Երևանի հոբելյանը։ Քաղաքի 2750-ամյակի հոբելյանական տարեգրություն» (1972 թվական), «Թումանյան-100։ Հոբելյանական տարեգրություն» (համահեղինակ, 1972 թվական), «Երկաթե վարագույրի երկու կողմերում» (2000 թվական) հրապարակախոսական հոդվածների, հուշերի, ուղեգրությունների ժողովածուները։

Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտավազդ Խաչիկյանը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն», «Պատվո նշան» երկու շքանշաններով, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրերով։ 1968 թվականին նրան շնորհվել է նոր սահմանված «Հայկական ԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Արտավազդ Խաչիկյան. նվիրյալ քաղաքացին ու բազմահմուտ գործիչը». armenpress.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։