Սպարտակ (երիտասարդական կազմակերպություն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպարտակ (այլ կիրառումներ)
Սպարտակ | |
---|---|
Երևանի Սպարտակ կազմակերպության հավաքատեղին | |
Տեսակ | երիտասարդական կազմակերպություն |
Երկիր | Անդրկովկասյան ԴՖՀ |
Հիմնադրված | 1917 |
«Սպարտակ», կոմունիստական երիտասարդական կազմակերպություններ Անդրկովկասում, այդ թվում՝ Հայաստանում, 1917-1919 թվականներին ստեղծված և գործած երիտասարդների ընդհատակյա հեղափոխական կազմակերպությունները։ Կոչվել են Հին Հռոմի ստրուկների ապստամբության առաջնորդ Սպարտակի անունով՝ ի նշան շահագործողական կարգերի դեմ իրենց հեղափոխական ընդվզման։ Այդ կազմակերպություններից առաջինը ձևավորվել է 1917 թվականի սեպտեմբերին, Թիֆլիսի Հավլաբար թաղամասի Ձմեռային ակումբում կայացած երիտասարդական ժողովում։ 1917 թվականի նոյեմբերին նույնանուն կազմակերպություն է ստեղծվել Նաձալադևիում, ավելի ուշ նաև Վրաստանի այլ վայրերում։ 1919 թվականի ապրիլին մարքսիստ աշակերտների միության հիման վրա ստեղծվում է Երևանի «Սպարտակ» կազմակերպությունը։ 1919 թվականի մարտին ՌԿ(բ) կ Կովկասյան երկրային և Թիֆլիսի կոմիտեների նախաձեռնությամբ Թիֆլիսում կայացած «Սպարտակ» կազմակերպությունների կոնֆերանսում ՌԿԵՄ (Ռուսաստանի կոմունիստ երիտասարդների միություն) օրինակով նրանք ձևավորվում են որպես ՌԿ(բ) կ (Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան կուսակցություն) ղեկավարությամբ գործող միատարր, միասնական, կոմունիստական երիտասարդական միություններ։
Երևանի Սպարտակի գտնվելու վայրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպարտակի ընդհատակյա հերթական հանդիպումները, դասախոսություններն ու ժողովները կայանում էին Արփիկ Բադալյանի տանը՝ Զանգու գետի ափին (Խորուն-Բուլաղ կոչվող վայրում)։ Սպարտակի հավաքույթների և դասախոսությունների ընթերցման վայր էր նաև Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) № 31, որը զուգահեռաբար հանդիսանում էր նաև Կոմունիստական կուսակցության բյուրոն։ Այդտեղ գտնվում էր կազմակերպության գրադարանը, որը վարում էր Աղավնի Բուդումյանը[1]։
Մարքսիստ աշակերտների միություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի մարքսիստ աշակերտների միությունը ձևավորվել է ի հակադրություն ընդհանուր աշակերտական միությանը 1917 թ.-ի դեկտեմբերին (կոնկրետ օրը հայտնի չէ), այն բանից հետո, երբ բազմամարդ աշակերտական ժողովի ընթացքում փորձ է արվել դաշնակցական աշակերտական միություն կազմել։ Թեև զեկուցողը՝ Սահակ Թորոսյանը (Այդ ժամանակ՝ Երևանի նահանգապետ, խորհրդարանի անդամ), եզրափակիչ խոսքի մեջ հայտարարում է, որ չի ուզում աշակերտներին դաշնակացական դարձնել և, որ դեմ է աշակերտական կուսակցության կազմակերպմանը, այնուամենայնիվ, մի խումբ դաշնակցականներ հանդիպման ավարտին փորձում են կուսակցական միություն կազմել։ Հակադաշնակցական տրամադրված աշակերտները՝ Ա. Խանջյանը, Ղ. Ղուկասյանը, Ալ. Իսահակյանը, Վ. Խերանյանը (Ծովյան) և ուրիշները աղմուկ են բարձրացնում, թե չի կարելի անկուսակցականների ժողովները կուսակցական նպատակների ծառայեցնել։
Մարքսիստորեն տրամադրված աշակերտությունը ինքնակազմակերպվում է, ընտրում է իր վարչությունը՝ մարքսիստ աշակերտների միության Յերևանի կոմիտե, որի կազմի մեջ ընդգրկվում են Ղուկաս Ղուկասյանը, Աղասի Խանջյանը, Աղավնի Բուդումյանը, Վահան Ծովյանը և մեկ ուրիշը, և ընդունում է իր ծրագիր-կանոնադրությունը։ Ծրագիր կանոնադրությունը սահմանում էր, որ Միության շարքերը կարող են ընդունվել Երևանի միջնակարգ դպրոցների բարձր դասարանների աշակերտները, որոնք ընդունում են ՌՍԴԲՊ-ի ծրագիրը։
Իր Գործունեության սկզբնական շրջանում Միությունը զբաղվում էր մարքսիստական տեսության ուսումնասիրությամբ։ Նրա անդամները կարդում էին մարքսիստական աշխատություններ, հանդես էին գալիս ռեֆերատներով, որոնք քննարկվում էին բոլոր անդամների ներկայությամբ։ Միությունը ուներ իր գրադարանը և հաճախակի դասախոսություններ էր կազմակերպում, որոնց ներկա էին լինում թե´ միության անդամները, թե´ քաղաքական հայացքների մեջ դեռևս որոնումներ կատարող երիտասարդներ։ Դասախոսությունները վարում էր Արշավիր Մելիքյանը։
1917-1918 ուսումնական տարվա ընթացքում կոմիտեն ձևակերպում է յոթ կետից բաղկացած պահանջների փաթեթ և ուղարկում է քաղաքի բոլոր դպրոցների տնօրեններին՝ խնդրելով նրանց քննարկել պահանջները մանկավարժական խորհրդի նիստերին և հնարավորինս շուտ արձագանքել։ Պահանջագիրը ներառում էր՝ անցում մայրենի լեզվով դասավանդմանը, անջատել դպրոցը եկեղեցուց և վերացնել կրոնական ծեսերն ու կրոնի դասավանդումը, հանել լատիներենի պարտադիր ուսուցումը, ընդլայնել հայերենի, գրականության, պատմության դասավանդման ծավալները, հեռացնել ռեակցիոն մանկավարժներին, ապահովել աշակերտների ներկայացուցիչների մասնակցությունը մանկավարժական խորհուրդների նիստերին՝ վճռական ձայնի իրավունքով, ճանաչել աշակերտական միությունը, որպես օրինական կազմակերպություն։ Պահանջները մերժվում են և սկսվում է համաքաղաքային դասադուլ, որը հաղթական ավարտ է ունենում պահանջատեր աշակերտների համար[2]։
1918 թ. սկզբներին միությունը, դուրս գալով աշակերտական շրջանակներից, կազմակերպում է երեք հրապարակային դասախոսություն «Պատերազմը և հեղափոխությունը» թեմայի շուրջ։ Դասախոսությունները մեծ հաջողություն են ունենում, այդ օրերին դահլիճը լեփ-լեցուն էր։ Երբեմն դասախոսությունների մասին հաջողվում էր հայտարարություն տալ մամուլում.
«Մարքսիստական աշակերտ. Միություն. - Մարքսիստական աշակերտական միությունը կազմակերպում է դասախոսությունների շարք։ Հետևել ցանկացող աշակերտ-աշակերտուհիներին հրավիրում ենք հայտնել այդ մասին կոմունիստական կուսակցության բյուրոյում. Աստաֆյան № 13, ամեն որ յերեկոյան ժամը 5-ից 6-ը։ Վարչություն[3] |
Դասախոսությունները իշխանությունների վրա տհաճ տպավորություն են թողնում։ Դրանցից մեկի վերաբերյալ լրագրողական տեղեկատուի վերջում կարող ենք կարդալ, թե «պիտի ըսենք, որ նման դասախոսությունների ժամանակը չե և չպետք ե ալ թույլատրվի՝ առանց այն ել մեր պղտորած մթնոլորտը խառնել նման հեղափոխոթությունների մեջ»[4]։ Իսկ «Պատերազմ նյութի մասին «Ունկնդիր» ստորագրությամբ մեկը հայտնում է, որ «վերջում արդեն, յերբ դասախոսն սկսեց պատասխանել իր ընդդիմախոսներին, դասախոսություներ միտինգի վերածվեց, այն էլ մի միտինգի, ուր բոյլշևիկին ևս հնարավորություն ե տրվում արտահայտվելու... Ա. Մելիքյանը սիրում ե իր բոլոր հակառակորդներին հիմարության աստիճան տգետ դուրս բերել»[5]։
1919 թ.-ի մարտ ամսից Միության անդամներ Համո Վարդանյանի և Մ. Ենգիբարյանի խմբագրությամբ հրատարակվում է "Юная мысль" աշակերտական հանդեսը, որը քննադատում էր դաշնակացական հաստատությունները, հանրապետական կարգը և հատկապես՝ հանրային կրթության նախարար Գևորգ Մելիք-Ղարագյոզյանին։ Հանդեսը, չնայած մեծ հաջողությանը և բազմաթիվ ընթերցող-բաժանորդներին, լույս է տեսնում ընդամենը երեք անգամ։
Ձևավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղուկաս Ղուկասյանը, վերադառնալով Թիֆլիսում տեղի ունեցած Երիտասարդ Սոցիալիստ-ինտերնացիոնալիստական, հետագայում՝ Երիտասարդ Կոմունիստների «Սպարտակ» կազմակերպության ժողովից, մտադրվում է Մարքսիստական աշակերտական միության հիմքի վրա ստեղծել նույնատիպ կազմակերպություն։ Այդ նպատակով 1919 ապրիլին (ըստ Պ. Թորոսյանի՝ հիմնադիր ժողովը կայացել է ապրիլի 13-ի երեկոյան և ներկա են եղել 10-15 անդամ[6]) գումարվում է Մարքսիստական Աշակերտական Միության ժողով, որի ընթացքում Ղ. Ղուկասյանը զեկուցում է Թիֆլիսի կոնֆերանսի արդյունքների մասին և առաջարկում վերանվանել միությունը փոխառելով Թիֆլիսում ստեղծված միության անվանումը՝ Երիտասարդ Կոմունիտների «Սպարտակ» կազմակերպություն։ Այդիսով միությունը կստանար հստակ քաղաքական ձևակերպում, չնայած կազմում ընդգրկված այլախոհ աշակերտներին (Ամասիա Հարությունյան, Վահան Խերանյան)։
Չնայած նրան, որ Ամասիա Հարությունյանը լքեց միությունը և, որ միությունը վերանվանվեց Երիտասարդ սոցիալիստ-ինտերնացիոնալիստական Սպարտակ կազմակերպություն, պառակտում տեղի չի ունենում, ավելին՝ մենշևիկ ինտերնացիոնալիստ Վահան Խերանյանը փակ քվեարկությամբ ընտրվում է վարչության և հրատարակվելիք «Սպարտակ» օրգան թերթի խմբիի մեջ։ Անգամ թերթը անվանապես լույս է տեսնում որպես ինտերֆրակցիոն թերթ։ Սպարտակի անդամներից մեկն իր հիշողություններում հայտնում է.
«Մենշևիկները գտնում են, թե բաժանման հարցը չպետք ե դնել հայ իրականության մեջ։ Սակայն մարքսիստական միությունը դեմ գնաց նրան։ Մեր գործի գլխավոր խանգարիչը հանդսիանում էր Թադեվոս Ավդալբեկյանը, վորն աշխատում էր իր ազդեցությունն ուժեղ պահել մեզ վրա։ Նա պնդում ե, թե չպետք ե դնել բաժանման հարցը – մարքսիստական միություն եք, այդպես էլ մնացեք»[7]։ |
Օրգան թերթը
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականի մայիսի 1-ին լույս է տեսնում Հայաստանում առաջին կոմերիտական թերթը՝ «Սպարտակ»-ը, որը նվիրված էր աշխատավորության միջազգային օրվան։ Այն տարածվում է նաև Հայաստանի այլ վայրերում։ Տպագրական աշխատանքները կատարվում են Բեհբության փողոցի (այժմ՝ Բուզանդ) վրա գտնվող «Կուլտուրա» մասնավոր տպարանում։ Տպագրման թույլտվության համար անհրաժեշտ էր Ներքին գործոց մինիստրության արտոնությունը, որը պետք էր ներկայացնել տպարանատիրոջը։ Սակայն երկիտասարդները խորամանկության են դիմում՝ ցույց տալով տպարանատիրոջը գրավոր դիմում, որը միայն վերջին օրն է տարվում մինիստրություն՝ շուտափույթ մերժումից խուսափելու համար։ Տպարանատերը, հավատացած թույլտվություն ստանալու համար, համաձայնում է՝ չուզենալով կորցնել ձեռնտու պատվերը։
Թերթում տպագրվում են Արմենակ Բուդաղյանի «Կեցցե Մայիսի 1-ը», Բաքվի 26 կոմիսարներին նվիրված «Ընկածներին» հոդվածները «Բանվոր» ստորագրությամբ (ամենայն հավանականությամբ հոդվածի հեղինակը Ղուկաս Ղուկասյանն է), Միության ծրագրի նախաբանը, Շուշանիկ Կուրղինյանի «Բանվորներին» բանաստեղծությունը և այլ նյութեր։
Դաշնակցական կառավարությունը որոշում է անմիջապես փակել «Սպարտակ» թերթը, փակվում է նաև կոմունիստական «խոսք» թերթը։ Այդպիսով, «Սպարտակը» լույս է տեսնում ընդամենը մեկ անգամ։
Բեյուք-Վեդիի դեպքերը
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականի ամռանը, երբ դաշնակցական կառավարությունը ձեռնամուխ է լինում թյուրք ազգաբնակչության ջարդ անցկացնել Բեյուք-Վեդիում (այժմ՝ Վեդի), Սպարտակը ժողով է գումարում և որոշում է եղբայրասպան պատերազմը դադարացնելու կոչ անել։ Ղուկաս Ղուկասյանն առաջարկում է ռազմական գործողությունները դատապարտող թռուցիկներ տարածել քաղաքում։ Չնայած թռուցիկի խմբագրության համար ընտրվում են հենց իրենք՝ Ղ. Ղուկասյանը, Ա. Խանջյանը ու Ե. Չուբարը, այն գրվում է Ա. Մելիքյանի կողմից։
Երիտասարդները իրենց գիշերային շրջագայությունը մերթ սիրահարների, մերթ ընկերների սովորական զրուցաերթի նմանեցնելով թռուցիկները փակցնում են ամենաաչքի ընկնող վայրերում՝ անգլիական գնդապետի շտաբի շենքին, պառլամենտի շենքի պատերին, և պարետային վարչության դռներին։ Լուսաբացին մոտ, երբ դեռ զինվորները քնած էին, բաց պատուհաններից թռուցիկները նետում են նաև զորանոցներ։ Դրանք հասնում են նաև գործող ճակատը։
Բացի այդ որոշված էր, որ նույն օրը պարլամենտի նիստի ժամանակ Ղուկասը պետք է բալկոնից թռուցիկներ ցրեր պատգամավորների գլխին, սակայն ընկերները ետ են համոզում նրան՝ ասելով որ դա չափից դուրս վտանգավոր է։
Թռուցիկներից և ոչ մի օրինակ չի պահպանվել, դրա բովադակության մասին հնարավոր է պատկերացում կազմել կազմակերպության անդամների հիշողություններով)։
Երևանի պարտիական կազմակերպության անդամ Հ. Ազիզյանը այդ առիթով գրել է.
«Թռուցիկը ուղղված էր բոլոր աշխատավորներին, նրանով սպարտակյաններն իրենց բողոքն էին հայտնում կոտորածի դեմ, մերկացնում էին դաշնակների բոլոր գաղտնի գործերը։
Վերջում դիմում կար կառավարական զորքերի բոլոր զինվորներին, որոնց կոչ էին անում՝ չկռվել մեր դարավոր հարևանների դեմ, խելացնոր հանցագործության գործիք չդառնալ և սվինները իրենց բախտը որոնողների դեմ չդարձնել։ Թռուցիկները լավ էին տարածել։ Ռազմաճակատում, Բեյուք-Վեդի գյուղի մոտ, դաշնակները զինվորների մոտ իրենց համար ատելի թռուցիկներ էին գտնում և ձերբակալում կարդացողներին։ Դա հավասարազոր էր ռումբի պայթյունի»[8] |
Անմիջապես հետո ձերբակալվում են գրեթե բոլոր սպարտակյանները, նախ՝ Աղասի Խանջյանը, որի տանը հայտնաբերվում է սպարտակյանների անվան ցուցակը, այնուհետև՝ մնացած անդամները։
Ձերբակալվածների մի մասը շուտով ազատ է արձակվում, երկուսը վարչական կարգով բանտարկության են ենթարկվում, ոմանք էլ արտաքսվում են պաշտոններից[9]։
Նախընտրական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականի հունիսի 21-ին՝ պառլամենտական ընտրությունների ժամանակ, Սպարտակը հանդես է գալիս դաշնակցական իշխանությունը քննադատող կոչով, որը օգոստոսի 1-ին՝ պառլամենտի բացման օրը, թռուցիկների տեսքով տարածվում է քաղաքում։
Կոչը, դիմելով քաղաքացիներին, բանվորներին, զինվորներին և չքավոր գյուղացիներին, թվարկում է հեղափոխության նվաճումները Եվրոպական երկրներում և Ռուսաստանում, մատնանշում է պարլամենտարիզմի ձևական էությունը։ Կոչում Անդրկովկասյան Սեյմի ձևավորումը և անջատումը Ռուսաստանից անվանվում է դավաճանական արարք՝ իրագործված Դաշնակցության և Մուսաֆաթի կողմից։ Այնուհետ թվարկվում են «հակահեղափոխական քաղաքականության կործանիչ հետևանքները»՝ Շամխորի և Բաքվի դեպքերը.
Փակագծերում շեղատառերով գրված են 1929 թվականին լույս տեսած Հ. Դանիելյանի «Սպարտակը Հայաստանում» գրքում արված որոշ հետաքրքիր խմբագրական հավելումներ։ Ընդարձակ քննադատական պարբերություններում նախկին պարլամենտը, ինչպես կոչի հեղինակն է անվանում՝ «հայ բուրժուազիայի, կալվածատերերի, կղերի ու տիրացուների «ժողովրդական» կուսակցության ֆրակցիան» մեղադրվում է հայ-վրացական պատերազմը խրախուսելու, Դենիկինին «բարեկամության» և «ողջույնի» հեռագիր ուղարկելու և հեղախոխական ճանապարհով ձեռք բերված հողը գյուղացուց խլելու ու կալվածատիրոջը վերադարձնելու մեջ։ Մեղադրանքներից վերջինը վերաբերում է բանակում տիրող իրավիճակին.
Տեքստն ավարտվում է «Կոմունիստական Ինտերնացիոնալի իսկական պաշտպանի»՝ Կոմունիստական կուսակցության շարքերը խտացնելու կոչով.
Խմբվել մեր կարմիր դրոշի շուրջը, ձգվել դեպի հեղափոխությունը (ձգտել դեպի Ռուսաստան) և հեղափոխական մարքսիզմի (ու մարտական ինտերնացիոնալիզմի) ճանապարհով հաղթականորեն ընթանալ դեպի մեր լուսավոր ապագան՝ սոցիալիզմը։
Կոչը ստորագրված է «Յերիտասարդ կոմունիստների Յերեվանի «Սպարտակ» կազմակերպություն»։ Թռուցիկների տարածմանը հաջորդում են զանգվածային ձերբակալություններ, Երևանում կալանավորվում է 30 հոգի՝ այդ թվում կանայք։
Միասնական Անդրկովկասյան կազմակերպության ձևավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականի սեպտեմբերի երկրորդ կեսին Բաքվում գումարվում է Երիտասարդ կոմունիստների Սպարտակ կազմակերպության կոնֆերանս, որին մասնակցում են Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները՝ 16-18 հոգի։ Կոնֆերանսին Հայաստանից գործուղվում են Ղ. Ղուկասյանը և Ա. Խանջյանը։ Կենտրոնական հարցը Անդրկովկասյան միացյալ կազմակերպություն ստեղծելն էր։ Սպարտակ կազմակերպությունների ներկայացուցիչները միաձայն ընդունում են միասնական կենտրոնացված կազմակերպություն ունենալու անհրաժեշտությունը, այդպիսով Սպարտակը դառնում է ՌԿԵՄ (Ռուսաստանի կոմունիստ երիտասարդների միություն) մաս։ 1920 թվականի հունվարի երկրորդ կեսին անլեգալ պայմաններում Երևանում հրավիրվում է կուսակցության Հայաստանի կոնֆերանսը, որի ընթացքում Ղ. Ղուկասյանը զեկուցում է Սպարտակի գործունեության մասին։ Քննարկվում է ապստամբության և իշխանությունը գրավելու հարցը, որը, սակայն, մերժվում է պատճառաբանությամբ, որ իրադրությունը պահանջում է կենտրոնանալ կուսակցության ազդեցության և գաղափարների տարածման վրա։
Մայիսյան դեպքերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմունիստական կուսակցությունը, Սպարտակի հետ համատեղ, Երևանում և Ալեքսանդրապոլում (Այժմ՝ Գյումրի) մայիսմեկյան ցույց է կազմակերպում։ Ս. Ղազարյանն իր հիշողություններում գրում է, որ կազմակերպչական աշխատանքները տեղի էին ունենում քաղաքի հյուսիսային մասի նրբանցքներից մեկում (Քաթանսկի № 4)։ Լոզունգների և միջոցառման ծրագրի մշակմանը ակտիվորեն մասնակցում էր Ղ. Ղուկասյանը։ Աշխատանքների ավարտից հետո սպարտակյանները քաղաքի պատերին փակցնում են մայիսմեկյան կոչը (չի պահպանվել), իսկ հաջորդ օրը՝ ցույցի ժամանակ, հաջողացնում են տարածել այն հրետանային զինվորների մեջ։ Կազմակերպությունը հաջողացնում է ցուցարարների կողմը գրավել Երևանի արական գիմնազիայի փողային նվագախումբը, որը ցույցի ժամանակ կատարում էր աշխատավորների հիմնը՝ «ինտերնացիոնալը»։ Երթի մեկնակետը Թարխանյան (այժմ՝ Պուշկին) և Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցների հատման տեղն էր, որտեղից երթի մասնակիցները շարժվեցին դեպի պառլամենտի շենքը։ Այնուհետ, Ղուկաս Ղուկասյանի նախաձեռնությամբ՝ ցույցի մասնակիցներից շատերը շարունակում են երթը դեպի ներկայիս Սախարովի հրապարակ, որտեղ թուրք աշխատավորության հետ կազմակերպում են բոլշևիկյան միտինգ։
Անդամների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ղուկաս Ղուկասյան (նախագահ)
- Աղասի Խանջյան (քարտուղար)
- Արմենակ Բուդաղյան
- Պետիկ Թորոսյան
- Աղավնի Բուդումյան
- Համո Վարդանյան
- Միշա Ենգիբարյան
- Սահակ Ղազարյան
- Եղիա Չուբար
- Հրանտ Պողոսյան
- Արաքս Մուրադյան
- Ստյոպա Սողոմոնյան
- Ապրես Ղարաօղլանյան
- Գուրգեն Մելիք-Օհաջանյան
- Արփիկ Բադալյան
- Լևոն Արիսյան
- Նազիկ Ահարոնյան
- Հայկ Աղաջանյան
- Ա. Արզրումցյան
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աթայան Ռ., Սպարտակ
- Դանիելյան Հ., Սպարտակը Հայաստանում
- Կարապետյան Հ. Ն., Հայաստանի կոմերիտմիության ծնունդը, Ե., 1956
- Հայաստանի լենինյան կոմերիտմիության պատմություն, բարեփոխ. և լրց. հրտ. Ե., 1981
- Կոմերիտմիությունը որպես բոլշևիկյան պարտիայի օգնականը Սովետական իշխանության հաստատման և ամրապնդման համար մղվող պայքարում (1917-1920 թթ.), Վ. Ն. Իվանով, Ե., 1949,
- Հին բոլշևիկների հիշողությունները, գիրք 1-ին
- Հին բոլշևիկների հիշողությունները, գիրք 2-րդ
- Սկզբում։ (Հուշեր) /Յեղ. Չուբար; ՀԽՍՀ. Յերևան, 1926։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մեր պայքարի մասին», Ալեքսանդր Իսահակյան։ Հին բոլշևիկների հիշողություններ (գիրք 2-րդ), Եր., 1961
- ↑ «Մեր պայքարի մասին», Ալեքսանդր Իսահակյան։ Հին բոլշևիկների հիշողություններ (գիրք երկրորդ), Եր., 1961
- ↑ «Խոսք», № 6, 1918 թ., Երևան
- ↑ «Զինվոր», № 14, 1918 թ., Երևան
- ↑ «Զանգ» № 13, 1918 թ. Երևան
- ↑ «Ավանգարդ», № 90, 1934
- ↑ Սպարտակի 8-ամյակի առթիվ Երևանում գումարված հուշերի երեկոյի արձանագրություն
- ↑ «Ավանգարդ», № 19, 1924 թ.
- ↑ «Սոցիալիստ-հեղափոխական» № 12, 1919 թ.